Գլխավոր տեղեկություն
Համար
N 28
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (07.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.24/31(444)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.11.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2012

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարար

 

__________________ Վ.  Գաբրիելյան
1 դեկտեմբերի 2012 թ .

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

_____________________ Գ. Խաչատրյան

7 նոյեմբերի 2012 թ.

N 28

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ, ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ԵՎ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 37-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված և պետական բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին:

Նշված հաշվարկի ձևը և լրացման կարգը սահմանված է ՀՀ ՊԵ նախարարի 16.04.2001թ. N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 1-ով:

2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 66-րդ հոդվածին համապատասխան հարկային գործակալը պարտավոր է տարին մեկ` հաջորդ տարվա փետրվարի 20-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմին` անցած տարում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:

Նշված հաշվարկի ձևը և լրացման կարգը սահմանված է ՀՀ ՀՏ պետի 04.03.1999թ. N 01/13 հրամանով հաստատված «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 1-ով:

3. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան գործատուները հաշվետու եռամսյակի համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ):

Նշված հաշվետվության ձևը և լրացման կարգը սահմանված է ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 30.05.2005թ. N 1-05/05-Ն հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 3ա-ով:

4. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածին, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 10-րդ մասին և 37-րդ հոդվածի 4-րդ մասին և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 3-րդ մասին և 66-րդ հոդվածին համապատասխան հարկ վճարողները (հարկային գործակալները) կարող են ներկայացնել ճշտված (ճշգրտված) հաշվարկներ` հաշվի առնելով հաշվարկների ներկայացման մասով «Հարկերի մասին» ՀՀ օրենքում նշված սահմանափակումները:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1-րդ մասին համապատասխան գործատուները նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են հարկային մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:

5. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 27-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից (հարկային գործակալներից) տվյալ օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50% չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո 1 տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` հարկի ամբողջ գումարի չափով, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` հարկային մարմին ներկայացված տվյալ հարկատեսակի հաշվարկներում (հայտարարագրերում) հարկվող օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը կամ էլ գործունեություն չիրականացնելու (հարկվող օբյեկտներ չառաջանալու) մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:

6. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից նույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50% չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` լիազորված մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում (հայտարարագրերում) սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1) Եթե հարկային գործակալը «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասին և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմին հաշվետու ժամանակաշրջանի (համապատասխանաբար` եռամսյակ, տարի) համար ներկայացված հաշվարկներում հարկվող օբյեկտը (վճարված եկամուտների գումարը) արտացոլել է տվյալ ժամանակաշրջանի ոչ համապատասխան ամսվա (ամիսների) սյունակներում, ապա`

հարկային մարմինների կողմից` վերջինիս մոտ իրականացվող ստուգման ընթացքում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում, քանի որ, ըստ էության, հարկվող օբյեկտի վերաբերյալ ամբողջական (իրական) մեծության ցուցանիշները հարկային գործակալի կողմից ներկայացվել են հարկային մարմնին.

2) եթե գործատուն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան հարկային մարմին հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակ) համար ներկայացված հաշվետվությունում հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (ԱՎՈՒՄ) արտացոլել է տվյալ ժամանակաշրջանի ոչ համապատասխան ամսվա (ամիսների) սյունակներում, ապա`

հարկային մարմինների կողմից` վերջինիս մոտ իրականացվող ստուգման ընթացքում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տուգանքը չի կիրառվում, քանի որ, ըստ էության, սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի վերաբերյալ ամբողջական (իրական) մեծության ցուցանիշները գործատուի կողմից ներկայացվել են հարկային մարմնին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան