ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 մարտի 2013 թ. |
թիվ 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԱՊՊԱ ՊԱՏԱՀԱՐԻ ԳԾՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացվում են բազմաթիվ հարցումներ, որոնցով խնդրվում է պարզաբանել, թե այս կամ այն դեպքում ապահովագրական հատուցման դիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բաց թողումը կարո՞ղ է, արդյոք, հարգելի ճանաչվել և տրամադրվել ապահովագրական հատուցում:
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հասցեագրված հարցումներում բարձրացված խնդիրները,
հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրներից է ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,
նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական հատուցման դիմում ներկայացնելու գործընթացը և կանխարգելել ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցման դիմումի անհիմն մերժման դեպքերը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «զ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո` եռամսյա ժամկետում, դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ Բյուրոյին: Միևնույն ժամանակ, այդ նույն հոդվածը հնարավոր է համարում որոշ դեպքերում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսել ոչ թե պատահարի օրվանից, այլ՝ ավելի ուշ: Մասնավորապես, այդպիսի հիմքերից մեկն այն է, երբ տուժողը կամ նրա իրավահաջորդը ապահովագրական հատուցում ստանալու համար չի դիմում պատահարի հետևանքով այնպիսի իրավիճակում լինելու պատճառով, որ անհնարին է դարձրել տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից ապահովագրական ընկերությանը սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելը: Նման դեպքերում տուժողի կամ նրա իրավահաջորդի համար եռամսյա ժամկետը սկսում է գործել ապահովագրական հատուցում ստանալու համար դիմում ներկայացնելն անհնարին դարձնող հանգամանքների վերացման օրվանից սկսած:
2. Ի թիվս այլոց՝ որպես սույն պարզաբանման 1-ին կետով նախատեսված տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից ապահովագրական ընկերությանը սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելն անհնարին դարձնող հանգամանք պետք է դիտել նաև այն դեպքերը, երբ տվյալ անձի համար ապահովագրական հատուցման իրավունքի ծագումը կապված է ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո օրենքով նախատեսված որոշակի հանգամանքների ի հայտ գալու կամ չգալու հետ, կամ երբ նման իրավունք ունենալու փաստը իրավաբանորեն հստակեցվելու է ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո տվյալ կամ երրորդ անձի՝ օրենքով նախատեսված գործողության (անգործության) կամ որոշման հիման վրա:
3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ տուժող են համարվում նաև տուժողի մահվան դեպքում օրենքի համաձայն վնասների հատուցման իրավունք ունեցող անձինք:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածը ի թիվս այլոց՝ տուժողի (կերակրողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց շարքում նշում է նաև մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխային, ինչպես նաև մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձանց: Նշված անձինք փաստորեն տուժողի կարգավիճակ են ստանում և վնասների հատուցման իրավունք ձեռք բերում տուժողի մահվանից (ապահովագրական պատահարից) ավելի ուշ՝ համապատասխանաբար՝ երեխայի ծնվելու կամ անաշխատունակ ճանաչվելու օրվանից:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 78-րդ գլխի համաձայն՝ ժառանգությունը ձևակերպվում է նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագիր տալու միջոցով: Ընդ որում, ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին է տրվում ժառանգության բացման (մեր դեպքում՝ տուժողի մահվան) օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Փաստորեն մինչ այդ օրը ժառանգը չի կարող հստակ իմանալ, որ ինքը տուժողի իրավահաջորդն է և հետևաբար իրավունք ունի ստանալու տուժողին վճարման ենթակա ապահովագրական հատուցումը:
6. Ելնելով սույն պարզաբանման 1-5-րդ կետերով նախատեսված դրույթներից՝
1) Տուժողի մահվանից հետո ծնված նրա երեխայի համար որպես կերակրողին կորցրած անձ ապահովագրական հատուցում ստանալու դիմում ներկայացնելու եռամսյա ժամկետի հաշվարկը պետք է սկսել երեխայի ծնվելու օրվանից,
2) Տուժողի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո` 5 տարվա ընթացքում, անաշխատունակ դարձած անձի համար որպես կերակրողին կորցրած անձ ապահովագրական հատուցում ստանալու դիմում ներկայացնելու եռամսյա ժամկետի հաշվարկը պետք է սկսել այդ անձին անաշխատունակ ճանաչելու օրվանից,
3) Տուժողի իրավահաջորդի համար ապահովագրական հատուցում ստանալու դիմում ներկայացնելու եռամսյա ժամկետի հաշվարկը պետք է սկսել համապատասխան ժառանգության վկայագիրը ստանալու օրվանից, իսկ ժառանգության վկայագիրը ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետում համապատասխան դիմում չներկայացնելու դեպքում՝ այդ ժամկետի վերջին օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. մարտի 26 Երևան |