Գլխավոր տեղեկություն
Համար
N 633
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.10.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.31/25(123)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2000 թվականի N 633
քաղ. Երևան

 

«ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ-1700» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների իրականացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամ:

2. Հաստատել «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

3. «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Խ. Հարությունյանին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 12-ի N 633 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամի

 

 I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) Հայաստանի Հանրապետության (այսուհետև` հիմնադիր) գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական և մշակութային նպատակներ:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամ ստեղծելու մասին» N 633 որոշմամբ:

3. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Հիմնադրամը գործում է օրինականության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

5. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Զաքիյան 10:

7. Հիմնադրամի պաշտոնական լեզուն հայերենն է:

8. Հիմնադրամի անվանումն է` «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամ:

 

II. Հիմնադրամի գործունեության նպատակը եվ առարկան

 

9. Հիմնադրամի գործունեության նպատակն է օժանդակելը`

ա) Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների կազմակերպմանը.

բ) Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ կառուցվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարական աշխատանքներին.

գ) հայ հոգևոր-մշակութային և պատմական արժեքների պահպանմանը, վերականգնմանը և հանրայնացմանը.

դ) Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը:

10. Իրականացնել մշակութային-լուսավորչական գործունեություն:

11. Իր նպատակների իրականացման համար համագործակցել օտարերկրյա քաղաքացիների և օտարերկրյա կազմակերպությունների հետ:

12. Հիմնադրամի գործունեության առարկան է`

ա) օրենքով սահմանված կարգով հրատարակչական գործունեության իրականացումը.

բ) օրենքով սահմանված կարգով վիճակախաղերի կազմակերպումը.

գ) համերգների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, մրցումների, մրցույթների, աճուրդների կազմակերպումը.

դ) սեմինարների, գիտաժողովների, համաժողովների կազմակերպումը.

ե) օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը:

 

III. Հիմնադրամի իրավունակությունը

 

13. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է դրա պետական գրանցման պահից և դադարում լուծարման ավարտի պահից:

14. Հիմնադրամն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում հիմնադրամի պետական գրանցման պահից:

15. Հիմնադրամն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:

16. Հիմնադրամն ունի սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված պարտականություններ:

Հիմնադրամն իրեն պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում է իր հայեցողությամբ: Հիմնադրամի կողմից իր այդ իրավունքների իրականացումից հրաժարվելը չի հանգեցնում այդ իրավունքների դադարմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

17. Հիմնադրամը`

ա) ունի առանձնացված գույք, որպես սեփականություն, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.

բ) կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ.

գ) դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.

դ) ունի ինքնուրույն հաշվեկշիռ.

ե) ունի կլոր կնիք, դրոշմակնիք, հաշվարկային հաշիվ բանկերում` թե' Հայաստանի Հանրապետության արժույթով, թե' արտարժույթով.

զ) կարող է ունենալ ապրանքային նշան և ֆիրմային անվանում:

18. Հիմնադրամն իրավունք ունի`

ա) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված բոլոր ձևերով ձեռք բերելու գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու դրանք ու դրանցից ստացված եկամուտը.

բ) ինքնուրույնաբար կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, ստանալու վարկեր.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:

Հիմնադրամն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

19. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

20. Հիմնադրամը քաղաքացիական իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ իրեն:

Հիմնադրամն ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

21. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:

22. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացմանը և համապատասխանում այդ նպատակներին:

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:

23. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության), ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտի չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով հիմնադրամին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը: Վնասներն են հիմնադրամի այն ծախսերը, որոնք նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ ընկերությունը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

 

IV. Հիմնադրամի եվ դրա հիմնադրի պատասխանատվությունը

 

24. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների, ինչպես պետությունը` հիմնադրամի պարտավորությունների համար:

25. Հիմնադիրը պատասխանատու չէ իր ստեղծած հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադրի պարտավորությունների համար:

26. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

27. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հաշվետվություն հրապարակել իր գույքի օգտագործման մասին:

 

V. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

 

28. Հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ):

29. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն 3 ամիսը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից, որը սահմանում է նաև նիստերի անցկացման ժամկետները:

30. Խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է նրա նախագահի կողմից, իր նախաձեռնությամբ, խորհրդի անդամների մեկ երրորդի կամ տնօրենի պահանջով: Եթե 10 օրվա ընթացքում չի բավարարվում արտահերթ նիստ հրավիրելու պահանջը, ապա նախաձեռնողները կարող են իրենք հրավիրել արտահերթ նիստ:

31. Նիստի օրակարգը բաժանվում է խորհրդի անդամներին` ոչ ուշ, քան նիստից 5 օր առաջ:

32. Խորհրդի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխությունների ու լրացումների կատարումը.

բ) խորհրդի նախագահի և տնօրենի նշանակումն ու ազատումը.

գ) հիմնադրամի տնօրենի հաշվետվության հաստատումը.

դ) հիմնադրամի միջոցների օգտագործման ուղղությունների ու կարգի սահմանումը.

ե) սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում խորհրդի անդամի ընդունումը և ազատումն անդամությունից.

զ) հիմնադրամի միջոցների տնօրինումը.

է) հիմնադրամի տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ը) հիմնադրամի գույքի օգտագործման մասին ամենամյա հաշվետվության հրապարակումը.

թ) հիմնադրամի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը, վերակազմակերպումը, լուծարումը, ինչպես նաև դրանց կանոնադրությունների հաստատումը.

ժ) հիմնադրամի պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների ընդունումը.

ժա) իր որոշումների կատարմանը, հիմնադրամի գույքի պահպանմանը, ինչպես նաև այլ գործունեության իրականացմանը հետևելը, հիմնադրամի փաստաթղթերի, այդ թվում` հաշվեկշռի ստուգումը:

33. Հիմնադրամի խորհուրդը`

ա) կարող է ցանկացած տվյալներ ու հաշվետվություն պահանջել հիմնադրամի տնօրենից և այլ աշխատողներից.

բ) իրավունք ունի քննելու և լուծելու հիմնադրամի գործունեությանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ հիմնադրամի տնօրենի իրավասությանը վերապահվածների:

34. Սույն կանոնադրության 32-րդ կետի «ա», «դ» և «ե» ենթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են խորհրդի բոլոր անդամների ձայների երկու երրորդով: Մնացած հարցերի մասին որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

35. Խորհրդի նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, բացառությամբ սույն կանոնադրության 34-րդ կետում նշված հարցերի, որոնց դեպքում խորհրդի նիստին պետք է մասնակցի խորհրդի անդամների երկու երրորդից ավելին:

36. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:

37. Խորհրդի նիստերում նրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

38. Խորհրդի նախագահը (այսուհետև` նախագահ) ընտրվում է խորհրդի նիստի կողմից` 3 տարի ժամանակով:

39. Նախագահը`

ա) հրավիրում է խորհրդի նիստեր.

բ) համակարգում է խորհրդի անդամների և հիմնադրամի տնօրենի աշխատանքները.

գ) կազմում է նիստերի արձանագրությունները.

դ) իրականացնում է խորհրդի լիազորած այլ իրավասություններ:

 

VI. Խորհրդի անդամները

 

40. Խորհրդի անդամներն են`

ա) Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալը.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեկ պատգամավոր (համաձայնությամբ)` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ.

գ) Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը (համաձայնությամբ).

դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալը.

ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի տեղակալը.

է) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը.

ը) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ.

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի մեկ ներկայացուցիչ.

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահը:

41. Իրենց ցանկությամբ խորհրդի անդամ կարող են դառնալ հիմնադրամին 20 միլիոն դրամ կամ դրան համարժեք կամ գույք հանգանակած ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձանց ներկայացուցիչները, որոնք դրա մասին նախօրոք կհայտնեն նախագահին:

42. Խորհրդի անդամն իրավունք ունի`

ա) վերահսկողություն իրականացնելու հիմնադրամի տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման նկատմամբ.

բ) հետևելու հիմնադրամի գույքի պահպանմանը, ինչպես նաև այլ գործունեության իրականացմանը, ստուգելու հիմնադրամի փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը.

գ) ցանկացած տվյալներ և հաշվետվություն պահանջելու հիմնադրամի տնօրենից և մյուս աշխատողներից.

դ) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով դրա մարմիններ ներկայացնելու առաջարկություններ.

ե) ստանալու սպառիչ տեղեկատվություն հիմնադրամի գործունեության մասին.

զ) դուրս գալու խորհրդի անդամությունից:

43. Խորհրդի անդամը պարտավոր է`

ա) հոգալ հիմնադրամի հեղինակության բարձրացման մասին.

բ) աջակցել հիմնադրամի ներդրումների համալրմանը.

գ) չխախտել խորհրդի կանոնակարգի պահանջները:

44. Խորհրդի անդամը կարող է ունենալ օրենքով, խորհրդի կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

45. Խորհրդի անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար խորհրդի որոշմամբ կարող են վարձատրվել:

46. Խորհրդի այն անդամը, որն իր գործողություններով խոչընդոտում է հիմնադրամի նպատակներին հասնելուն կամ վարկաբեկում է նրա հեղինակությունը, կարող է խորհրդի որոշմամբ հեռացվել խորհրդի անդամությունից:

Հեռացվողը քվեարկությանը մասնակցելու իրավունք չունի:

 

VII. Հիմնադրամի տնօրենը

 

47. Հիմնադրամի բարձրագույն գործադիր մարմինը դրա տնօրենն է, որը նշանակվում է խորհրդի կողմից:

48. Հիմնադրամի տնօրենն իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից, ներկայացնում դրա շահերը, տնօրինում հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային), հիմնադրամի վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ, տալիս լիազորագրեր, բանկերում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում հաստիքներ, արձակում հրամաններ, հիմնադրամի աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, իրականացնում խորհրդի կողմից սահմանված այլ լիազորություններ:

49. Անձը, որն օրենքի կամ սույն կանոնադրության ուժով հանդես է գալիս հիմնադրամի անունից, պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ հիմնադրամի:

Նա պարտավոր է խորհրդի պահանջով հատուցել իր կողմից հիմնադրամին պատճառված վնասները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

VIII. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները

 

50. Հիմնադրամն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

51. Մասնաճյուղ է համարվում հիմնադրամի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:

52. Ներկայացուցչություն է համարվում հիմնադրամի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է հիմնադրամի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:

53. Մասնաճյուղերը և ներկայացուցչություններն իրավաբանական անձինք չեն ու գործում են խորհրդի կողմից հաստատված կանոնադրությունների հիման վրա:

54. Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են հիմնադրամի տնօրենի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:

 

IX. Հիմնադրամի սեփականությունը

 

55. Հիմնադրամի գույքը հիմնադրամի սեփականությունն է:

Հիմնադրամի սեփականության իրավունքի օբյեկտներն են`

ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

բ) աշխատանքները և ծառայությունները.

գ) տեղեկատվությունը.

դ) մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).

ե) ոչ նյութական բարիքները.

զ) գույքային իրավունքները`

այդ թվում`

գրավի իրավունքը.

գույքի օգտագործման իրավունքը.

սերվիտուտները:

56. Հիմնադրամի սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել իրավաբանական անձանց: Հիմնադրամի սեփականության ներքո գտնվող գույքի քանակն ու արժեքը չեն սահմանափակվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

57. Հիմնադրամի միջոցները գոյանում են կամավոր մուծումներից:

Հիմնադրամի կազմավորմանը կարող են մասնակցել հիմնադրամի նպատակների իրականացման խնդրով շահագրգռված ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր տարեկան եկամուտներից կարող է միջոցներ հատկացնել հիմնադրամին: Հիմնադրամին հատկացումներ կարող են կատարվել նաև միանվագ նվիրատվության, ժառանգման, անանուն փոխանցումների և այլ ձևերով: Խոշոր միանվագ մուծումների դեպքում կարող են իրականացվել անվանական ծրագրեր:

Հիմնադրամի կազմավորման յուրաքանչյուր մասնակից իր մուծումների չափին համապատասխան ստանում է վկայական: Հիմնադրամի կազմավորման և միջոցների հավաքագրման գործին մեծ նպաստ բերողներին խորհրդի կողմից կարող են շնորհվել խորհրդի սահմանած պատվավոր կոչումներ:

58. Հիմնադրամն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում` կարող է իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

59. Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրամի սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

60. Հիմնադրամի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերում:

61. Հիմնադրամի, ինչպես նաև այլ անձանց կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

 

X. Հիմնադրամի վերակազմակերպումը եվ լուծարումը

 

62. Հիմնադրամի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, խորհրդի որոշմամբ կամ դատական կարգով:

 63. Հիմնադրամի լուծարումը հանգեցնում է դրա դադարմանը` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

64. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:

65. Հիմնադրամը կարող է լուծարվել`

ա) եթե հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

բ) եթե հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակների իրականացմանը և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ.

գ) հիմնադրամի կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

66. Հիմնադրամի լուծարման դեպքում դրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: