ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
5 նոյեմբերի 2012 թվականի |
N 1-ՊՊ |
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտման համար զինծառայողները և զորահավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների շարքային կազմին և պետկազմին պատկանող անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, սակայն նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել, եթե իրավախախտումը կատարվել է զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոցներով։
Նկատի ունենալով, որ Օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված դրույթները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես պարզաբանում է.
1. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «զինծառայող» են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները,
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները և հարկադիր կատարողները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայողները, ինչպես նաև պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք։
2. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոցներ» հասկացությունն իր մեջ ներառում է հետևյալ պետական մարմինների ծառայողական տրանսպորտային միջոցները.
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն,
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն,
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն,
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն,
6) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն։
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|