Գլխավոր տեղեկություն
Համար
N 249
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.06.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.05.31/11(109)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2000 թվականի N 249

քաղ. Երևան

 

1000 ՎՈԼՏ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՈՒ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) 1000 վոլտ և բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանության կանոնները (կցվում է).

բ) մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոնները (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 18-ի N 249 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

1000 վոլտ եվ բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանության

 

1. Սույն կանոնները սահմանում են 1000 վոլտ և բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանության պահանջները` դրանց անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարելիս և այլ գործունեություն իրականացնելիս:

1000 վոլտ և բարձր լարման էլեկտրական ցանցերը (այսուհետև` էլեկտրական ցանցեր) սույն կանոններում հասկացվում են ենթակայաններ, բաշխիչ սարքվածքներ, հոսանքատարներ, էլեկտրահաղորդման օդային գծեր, էլեկտրահաղորդման ստորգետնյա և ստորջրյա մալուխային գծեր և դրանց հարակից կառույցները:

Էլեկտրական ցանցերը պահպանում են այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ են գտնվում դրանք:

2. Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են դրանք իրականացնել` պահպանելով այդ ցանցերի պահպանվածությունն ապահովող պայմանները:

3. Արգելվում է էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք կարող են խախտել էլեկտրական ցանցերի բնականոն աշխատանքը, հանգեցնել դրանց վնասմանը կամ դժբախտ պատահարների, մասնավորապես`

ա) ավտոլցակայանների և այլ վառելիքաքսուքային պահեստարանների տեղադրումը.

բ) հաղորդալարերի և հենասյուների վրա կողմնակի առարկաներ գցելը կամ դրանց մոտեցնելը, ինչպես նաև հենասյուների վրա բարձրանալը.

գ) օդապարիկներ, թռչող ապարատների մարզական մոդելներ բաց թողնելը.

դ) մարզահրապարակների, մարզադաշտերի, շուկաների, հասարակական փոխադրամիջոցների և բոլոր տեսակի մեքենաների ու մեխանիզմների կանգառների կազմակերպումը, բազմամարդ միջոցառումների անցկացումը, որոնք կապված չեն սահմանված կարգով թույլատրված աշխատանքների կատարման հետ.

ե) մալուխային գծերի անվտանգության գոտիներում աշխատանքների կատարումը հարվածող մեխանիզմներով, 5 տոննայից ավելի զանգված ունեցող ծանրությունների նետումը, այրվող, կոռոզիական և վառելիքաքսուքային նյութեր դատարկելն ու թափելը, կրակ վառելը:

4. Եթե կազմակերպությունները և ֆիզիկական անձինք էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում կատարում են պայթեցման, շինարարական և այլ այնպիսի աշխատանքներ, որոնք կարող են վնաս պատճառել էլեկտրական ցանցերին, ապա նրանք պարտավոր են աշխատանքներն սկսելուց առնվազն 10 օր առաջ էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպություններին տեղեկացնել և նրանց հետ համաձայնեցնել աշխատանքների կատարման այն պայմաններն ու կարգը, որոնք ապահովում են էլեկտրական ցանցերի պահպանվածությունը:

5. Մալուխային գծերի կոռոզիայի հնարավոր աղբյուր հանդիսացող օբյեկտների շինարարության, հիմնանորոգման և վերակառուցման նախագծային-նախահաշվային փաստաթղթերում պետք է նախատեսվեն կոռոզիան սահմանափակելու կամ մալուխային գծերը կոռոզիայի գոտուց դուրս բերելու միջոցառումներ:

Այն կազմակերպությունները, որոնց արտադրական գործունեությունն առաջացնում է մալուխային գծերի կոռոզիա, պարտավոր են իրականացնել դրանց կոռոզիան սահմանափակող միջոցառումներ` անկախ այդ գծերի պատկանելությունից:

6. Կառուցվող կամ գործող էլեկտրահաղորդման մալուխային գծերը տնօրինող կազմակերպությունները պարտավոր են իրականացնել նշված գծերը «թափառող հոսանքներից» պաշտպանելու միջոցառումներ:

7. Օդանավերի թռիչքները պետք է իրականացվեն և էլեկտրական ցանցերի վերևում ու շրջակայքում օդային տարածությունն այլ նպատակներով պետք է օգտագործվի` ելնելով Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին օրենսդրության դրույթներից:

8. Եթե էլեկտրահաղորդման գծի անվտանգության գոտին համընկնում է երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների համար հատկացված գոտու, խողովակաշարերի, կապի գծերի, այլ էլեկտրահաղորդման գծերի և օբյեկտների անվտանգության գոտիների հետ, ապա դրանց պահպանությունը, շահագործման աշխատանքները տարածքի համընկնող հատվածներում կատարելիս, իրականացվում է դրանք տնօրինող կազմակերպությունների փոխհամաձայնությամբ:

9. Այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ գտնվող տարածքում առկա են անտառային տարածքներով և անտառուղիներով անցնող էլեկտրական ցանցեր, պարտավոր են`

ա) անտառուղիները պահել հրդեհաանվտանգ վիճակում.

բ) անտառուղիներում ծառերի ու թփուտների հատման միջոցով և այլ եղանակներով ապահովել անտառուղիների լայնության համապատասխանությունն էլեկտրական ցանցերի կառուցման նախագծերով նախատեսված չափերին.

գ) սահմանված կարգով հատել անտառուղիներից դուրս աճող և հաղորդալարերի կամ հենասյուների վրա ընկնել սպառնացող ծառերը.

դ) անտառուղիներում հատել կամ էտել 4 մետրից ավելի բարձրություն ունեցող ծառերը:

10. Պետական անտառային ֆոնդի հողատարածքներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի հաղորդալարերին անմիջականորեն մոտ աճող ծառերն էտում են այդ գծերը տնօրինող կազմակերպությունները` համաձայնեցնելով անտառների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հետ: Եթե էլեկտրահաղորդման օդային գծերն անցնում են զբոսայգիների, այգիների և այլ բազմամյա տնկարկների վրայով, ապա ծառերն էտում են նշված գծերը տնօրինող կազմակերպությունները, իսկ երկուստեք համաձայնության դեպքում` այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ են գտնվում դրանք, կամ այդ այգիների և այլ բազմամյա տնկարկների սեփականատեր հանդիսացող քաղաքացիները:

11. Էլեկտրական ցանցերի հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքներ կատարելու համար տարածքներ և ուղիներ ունենալու անհրաժեշտության դեպքում` նշված ցանցերը տնօրինող կազմակերպությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210 հոդվածի, պարտավոր են այդ տարածքների սեփականատերերի հետ կնքել ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) պայմանագիր:

Գյուղատնտեսական տարածքներով անցնող էլեկտրահաղորդման գծերի նորոգման և վերակառուցման պլանային աշխատանքները կատարվում են հողօգտագործողների հետ համաձայնեցնելով և, որպես կանոն, այն ժամանակ, երբ այդ տարածքները գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված չեն, կամ հնարավոր է ապահովել այդ մշակաբույսերի պահպանվածությունը:

Էլեկտրահաղորդման գծերի վթարների կանխման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքները կարող են կատարվել տարվա ցանկացած ժամանակ` առանց հողօգտագործողների հետ համաձայնեցնելու, բայց նրանց նախօրոք տեղեկացնելով կատարվելիք աշխատանքների մասին:

Էլեկտրահաղորդման գծերը տնօրինող կազմակերպությունները նշված աշխատանքները կատարելուց հետո պարտավոր են գյուղատնտեսական տարածքները բերել դրանց նպատակային օգտագործման համար պիտանի վիճակի, ինչպես նաև հատուցել բնությանը և հողօգտագործողներին աշխատանքների կատարման ժամանակ պատճառված վնասները: Հողօգտագործողների կրած վնասները որոշվում և հատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Էլեկտրահաղորդման մալուխային գծերի նորոգման և վերակառուցման այն պլանային աշխատանքները, որոնց հետևանքով վնասվում են ճանապարհների հողային պաստառը և երեսարկը, կարող են կատարվել աշխատանքի կատարման պայմանները միայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ավտոմոբիլային տեսչության մարմինների և այդ ճանապարհները տնօրինող կազմակերպությունների, իսկ բնակավայրերի սահմաններում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Աշխատանքների կատարման պայմանները պետք է համաձայնեցվեն և սահմանված կարգով շինարարության (քանդման) թույլտվությունը պետք է ձևակերպվի աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ:

Վթարների դեպքում էլեկտրահաղորդման մալուխային գծերի` ճանապարհային հողային պաստառը և երեսարկը վնասող նորոգման աշխատանքները թույլատրվում է կատարել առանց նախնական համաձայնեցման, բայց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ավտոմոբիլային տեսչության մարմիններին և այդ ճանապարհները տնօրինող կազմակերպություններին, իսկ բնակավայրերի սահմաններում` նաև տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելուց հետո:

Նշված աշխատանքները կատարող կազմակերպությունները պարտավոր են պատրաստել շրջուղիներ և պատնեշել այդ աշխատանքների կատարման տեղերն ու տեղադրել համապատասխան ճանապարհային նշաններ, իսկ աշխատանքների ավարտից հետո` համահարթել հողը և վերականգնել ճանապարհների հողային պաստառն ու երեսարկը:

13. Էլեկտրահաղորդման գծերի փաստացի տեղադրման վերաբերյալ նյութերը պետք է հանձնվեն տեղական ինքնակառավարման և ընդերքի բնագավառում պետական կառավարման համապատասխան մարմիններին` հողօգտագործման, երկրաբանական հատկացման և լեռնահատկացման քարտեզներում գրանցելու համար:

14. Եթե հողային աշխատանքներ կատարող կազմակերպությունները հայտնաբերում են աշխատանքների կատարման տեխնիկական փաստաթղթերում չնշված մալուխ, ապա պարտավոր են անմիջապես դադարեցնել այդ աշխատանքները, ձեռնարկել մալուխի պահպանվածության ապահովման միջոցներ և դրա մասին հայտնել էլեկտրական ցանցը տնօրինող կազմակերպությանը կամ տեղական ինքնակառավարման մարմին:

15. Կազմակերպությունները և քաղաքացիները էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում պարտավոր են կատարել էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպությունների աշխատողների և սույն կանոններից բխող պահանջները` էլեկտրական ցանցերի պահպանվածության ապահովման ու դժբախտ պատահարների կանխման նպատակով: Կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում սույն կանոնների պահանջների խախտմամբ կատարվող աշխատանքների դեպքեր հայտնաբերելիս` էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպությունները պարտավոր են նրանց զգուշացնել, իսկ այդ աշխատանքները չդադարեցնելու դեպքում դիմել պետական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմիններին:

16. Սույն կանոնների պահանջները խախտող պաշտոնատար անձինք և քաղաքացիները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 18-ի N 249 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

մայրուղային խողովակաշարերի պահպանության

 

1. Սույն կանոնները սահմանում են բնական և արհեստական ածխաջրածնային գազեր ու խտուցք, հեղուկացված ածխաջրածնային գազեր տեղափոխող մայրուղային խողովակաշարերի, այդ թվում` արդյունագործական ու միջարդյունագործական խողովակաշարերի և հավաքիչների (այսուհետև` խողովակաշարեր) պահպանության պահանջները` դրանց անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարելիս ու այլ գործունեություն իրականացնելիս:

2. Սույն կանոնների պահանջները տարածվում են մայրուղային խողովակաշարերի հետևյալ բաղադրամասերի և տարրերի վրա`

ճյուղավորումներ և շրջանցումներ, փակիչ արմատուր, բնական և արհեստական խոչընդոտների անցումներ, պոմպային և ճնշակային կայանների միացման հանգույցներ, խտուցքահավաքիչներ, մեթանոլի ներանցման սարքվածքներ ունեցող խողովակաշարեր,

խողովակաշարերը քայքայումից պաշտպանող էլեկտրաքիմիական կայանքներ, տեխնոլոգիական կապի գծեր ու կառույցներ, խողովակաշարերի հեռուստամեխանիկայի միջոցներ,

էլեկտրահաղորդման գծեր և փակիչ արմատուր ու խողովակաշարերի էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքներ ունեցող էլեկտրամատակարարման ու հեռուստակառավարման սարքվածքներ,

հակահրդեհային միջոցներ, խողովակաշարերի հակաէրոզիական և պաշտպանիչ կառույցներ, խտուցքի պահման ու ապագազավորման տարողություններ, նավթի, նավթամթերքի, խտուցքների և հեղուկացված ածխաջրածինների վերգետնյա ու ստորգետնյա տարողություններ և վթարային հողաշեն բացթողման ամբարներ,

խողովակաշարերի շահագործման գծային ծառայության կառույցներ,

մշտական ճանապարհներ և ուղղաթիռային հրապարակներ, որոնք տեղակայված են խողովակաշարերի ուղեգծի երկարությամբ և դեպի դրանք ուղղված մատույցներ, ինչպես նաև խողովակաշարերի տեղի տարբերիչ նշաններ ու ազդանշաններ,

վերամղման և լցավորման գլխավոր ու միջանկյալ պոմպակայաններ, պահոցային հավաքակայաններ, գազաբաշխիչ և ճնշակային կայաններ,

ստորգետնյա գազապահեստարաններ,

լցման և դատարկման կամրջակներ (էստակադներ):

3. Խողովակաշարերի ուղեգծերը նշվում են երկաթբետոնե կամ փայտե տարբերիչ նշաններով (ցուցատախտակներով), գետնից 1,5-2 մետր բարձրության և միմյանցից տեսանելի հեռավորության վրա:

4. Խողովակաշարերը տնօրինող կազմակերպություններն այդ խողովակաշարերի հետ բոլոր տեսակի ավտոճանապարհների հատման տեղերում տեղադրում են տրանսպորտային միջոցների կանգառն արգելող համապատասխան ճանապարհային նշաններ:

5. Խողովակաշարերը տնօրինող կազմակերպություններն այդ խողովակաշարերի փաստացի տեղադրման վերաբերյալ նյութերը (հանույթները) պետք է հանձնեն տեղական ինքնակառավարման և ընդերքի բնագավառում պետական կառավարման համապատասխան մարմիններին` հողօգտագործման, երկրաբանական հատկացման և լեռնահատկացման քարտեզներում գրանցելու համար:

6. Խողովակաշարերի անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են դրանք իրականացնել` պահպանելով այդ խողովակաշարերի պահպանվածությունն ապահովող պայմանները:

7. Արգելվում է խողովակաշարերի անվտանգության գոտիներում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք կարող են խախտել խողովակաշարերի բնականոն շահագործումը կամ առաջացնել դրանց վնասվածքներ, մասնավորապես`

ա) տարբերիչ ու ազդանշանային նշանների ստուգիչ-չափիչ կետերը տեղափոխելը, ծածկելը և կոտրելը.

բ) չսպասարկվող ուժեղարար կետերի մալուխային կապերի, գծային արմատուրի հանգույցների ցանկապատերի, կաթոդային և ջրաքաշային պաշտպանության կայանների, գծային ու դիտարկման ջրհորների և այլ գծային սարքվածքների դիտանցքները, դռնակներն ու դռները բացելը, ծորակներն ու սողնակները բացելն ու փակելը, խողովակաշարերի կապի, էներգամատակարարման և հեռուստամեխանիկայի միջոցներն անջատելը կամ միացնելը.

գ) ամեն տեսակի աղբակույտեր առաջացնելը, թթուների, աղերի և հիմքերի լուծույթները թափելը.

դ) ափերն ամրացնող կառույցները, ջրի բացթողման սարքվածքները, հողաշեն և այլ կառուցվածքները (սարքվածքները) քանդելը, որոնք խողովակաշարերը պահպանում են քայքայումից, իսկ հարակից տարածքն ու շրջապատող տեղանքը խողովակաշարով տեղափոխվող նյութի վթարային ողողումից.

ե) ժամանակավոր կառույցներ, շինություններ կառուցելը և ծառատունկ կատարելը.

զ) կրակ վառելը և կրակի որևէ բաց կամ փակ աղբյուր տեղադրելը.

է) միջոցառումներ անցկացնելը` կապված այն մարդկանց կուտակումների հետ, որոնք զբաղված չեն սահմանված կարգով թույլատրված աշխատանքների կատարմամբ:

8. Խողովակաշարերը տնօրինող կազմակերպությունները խողովակաշարերի հիմնանորոգման ու վերակառուցման և դրանց վրայով անցումների կառուցման համար տարածքներ ու ուղիներ ունենալու անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210 հոդվածի, պարտավոր են այդ տարածքների սեփականատերերի հետ կնքել ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) պայմանագիր:

Ջրավազանների տարածքով անցնող խողովակաշարերի նորոգման աշխատանքների կատարումը պետք է համաձայնեցվի դրանք շահագործող և դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, բացառությամբ այն աշխատանքների, որոնք կապված են խողովակաշարերի վթարային վիճակի հետ:

9. Եթե խողովակաշարերի անվտանգության գոտին համընկնում է երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհների հատկացման գոտիների, էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների, օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանական հատկացումների, լեռնահատկացումների տարածքների և այլ օբյեկտների հետ, ապա համընկնող տարածքներում նշված օբյեկտների շահագործման աշխատանքները կատարվում են դրանք տնօրինող կողմերի փոխհամաձայնությամբ:

10. Եթե խողովակաշարերի ուղեգծերն անցնում են պետական անտառային ֆոնդի հողատարածքներով, ապա խողովակաշարերը շահագործող կազմակերպությունները պետք է անտառատնտեսության և խողովակաշարերի ուղեգծի միջև ապահովեն ռադիո- և հեռախոսային կապ:

11. Խողովակաշարի վթարի դեպքում` այն շահագործող կազմակերպությունն անմիջապես պետք է ձեռնամուխ լինի դրա վերացմանը` միաժամանակ դրա մասին տեղեկացնելով տեղական ինքնակառավարման և բնապահպանական ու տեխնիկական վերահսկողության պետական մարմիններին:

12. Խողովակաշարերը տնօրինող կազմակերպությունները պլանային կամ վթարային նորոգման-վերականգնման աշխատանքների ավարտից հետո պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցել բնությանը և հողօգտագործողներին հասցված վնասները և հողատարածքները բերել հետագա օգտագործման համար պիտանի վիճակի:

13. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, շինարարության կատարման համար հողատարածքներ հատկացնելու մասին դիմումները քննարկելիս, շինարարության օբյեկտների բնույթը և դասավորության տեղերը, եթե վերջիններս առնչվում են խողովակաշարերի անվտանգության գոտիներին, պետք է նախապես համաձայնեցնեն խողովակաշարերը տնօրինող կազմակերպությունների հետ:

14. Խողովակաշարերը տնօրինող կազմակերպությունները պարտավոր են զգուշացնել խողովակաշարերի անվտանգության գոտիներում սույն կանոնների պահանջների խախտումներով աշխատանքներ կատարող կազմակերպություններին ու քաղաքացիներին, իսկ նշված աշխատանքները չդադարեցնելու դեպքում` դիմել պետական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմիններին:

15. Սույն կանոնների պահանջները խախտող պաշտոնատար անձինք և քաղաքացիները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: