Գլխավոր տեղեկություն
Համար
N 168
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.04.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.17/7(105)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2000 թվականի N 168
քաղ. Երևան

 

«ՏՈՒՄԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ՎՐԱ «ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ» ՀԱՅԵՐԵՆ ՆՇԱԳՐՈՒՄՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր նշագրելու մասին» N 16 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 3-ի N 493 որոշման խմբագրությամբ) սահմանված ժամկետների դրությամբ «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ուներ 6099 արկղ սահմանված կարգով դրոշմավորված, բայց չնշագրված սիգարետներ, իսկ «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը` 1998 թվականին տրամադրված վարկերի դիմաց ուներ 385 արկղ սահմանված կարգով դրոշմավորված, բայց չնշագրված սիգարետներով ապահովված գրավ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նշված քանակությամբ սիգարետների վրա «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումով ժամանակավոր պիտակների օգտագործումը:

2. Հաստատել «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սիգարետների վրա «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումով ժամանակավոր պիտակների օգտագործման կարգը (կցվում է):

3. Սահմանել, որ`

ա) 2000 թվականի օգոստոսի 1-ից արգելվում է սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված ժամանակավոր պիտակներով պիտակավորված սիգարետների իրացումը Հայաստանի Հանրապետության տարածքում.

բ) ժամանակավոր պիտակների տպագրության և պիտակավորման հետ կապված ծախսերը կատարվում են «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան ժամանակավոր պիտակների նմուշները:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` վերահսկողություն սահմանել սույն որոշման համաձայն թույլատրված ժամանակավոր պիտակների տպագրության, սիգարետների վրա սահմանված կարգով փակցնելու և դրանք իրացնելու նկատմամբ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 12-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
ապրիլի 12-ի N 168 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

«ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ԵՎ «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սիգարետների վրա «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումով ժամանակավոր պիտակների օգտագործման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սիգարետների վրա «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումով ժամանակավոր պիտակների (այսուհետև` պիտակներ) օգտագործման կարգը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշմանը համապատասխան ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված սիգարետների վրա:

3. Սույն կարգին համապատասխան պիտակները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

 

II. Պիտակավորման ենթակա սիգարետների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումը

 

4. «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն են ներկայացնում տեղեկություններ`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից պիտակավորման ենթակա սիգարետների մնացորդների գտնվելու վայրի վերաբերյալ` ըստ արտադրանքի տեսականու, քանակի և արժեքի.

բ) պիտակներ տպագրող կազմակերպության տվյալների (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը), ինչպես նաև պատվիրված և յուրաքանչյուր անգամ փաստացի ստացված պիտակների թվի վերաբերյալ:

 

III. Պիտակներին ներկայացվող պահանջները

 

5. Պիտակները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հաստատած նմուշին:

6. Պիտակների վրա պարտադիր է «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումը և պիտակների օգտագործման թույլտվություն ստացած կազմակերպության անվանումը:

7. Պիտակները պետք է նախատեսված լինեն միանգամյա օգտագործման համար, ունենան ինքնասոսնձվող շերտ, որը կբացառի պիտակները պոկելու հնարավորությունը` առանց պիտակների ամբողջականությունը վնասելու:

 

IV. Պիտակների հաշվառումը ԵՎ օգտագործումը

 

8. Պիտակները սահմանված կարգով հաշվառվում են դրանք արտադրող և պիտակների օգտագործման թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից: Վերջիններս դրանց գծով վարում են առանձնացված հաշվառում խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Պիտակները փակցվում են սիգարետների յուրաքանչյուր տուփի` պոլիէթիլենային թաղանթի բացման համար նախատեսված գծերի վրա:

10. Սույն կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սիգարետները պիտակավորվում են «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության մասնագետներից կազմված հանձնաժողովների ներկայությամբ:

Նշված հանձնաժողովները յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում կազմում են ակտ տվյալ օրվա ընթացքում պիտակավորված սիգարետների քանակի և տեսականու, օգտագործված և վնասված պիտակների քանակի վերաբերյալ: Ակտն ստորագրում են համապատասխան հանձնաժողովների բոլոր անդամները և կազմակերպության պատասխանատու (կամ կազմակերպության կողմից սահմանված կարգով լիազորված) անձը:

Սույն կետում նշված կարգով սիգարետները պիտակավորվում են ոչ ավելի, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում:

 

V. Պիտակավորված սիգարետների իրացման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը

 

11. Սույն կարգով պիտակավորված սիգարետների իրացման վերաբերյալ «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն են ներկայացնում տեղեկություններ`

ա) յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում իրացված սիգարետների տեսականու, քանակի և արժեքի վերաբերյալ.

բ) գնորդ կազմակերպության տվյալների (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը) վերաբերյալ:

Նշված տեղեկություններին պարտադիր կցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ սահմանված կարգով իրացումը հիմնավորող հաշվարկային և վճարային փաստաթղթերի պատճենները:

Սույն կետում նշված տեղեկությունները և համապատասխան փաստաթղթերի պատճենները ներկայացվում են յուրաքանչյուր շաբաթվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, որոնք վերահասցեագրվում են համապատասխան տարածքային հարկային տեսչություններ` հետագա վերահսկումն իրականացնելու նպատակով: