«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2000 թվականի N 143
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 256, 257, 366, 718, 736 և 1210 հոդվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան` ՀՀ կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ըստ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նոտարական գրասենյակների գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում յուրաքանչյուր նոտարական գրասենյակի համար բացել դեպոզիտային հաշիվներ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի պահանջներին համապատասխան բացված գանձապետական հաշիվներում կուտակվող միջոցները տնօրինում են նոտարները` առանց նախահաշիվներ ներկայացնելու:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 31-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |