«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2000 թվականի N 121
քաղ. Երևան
«ՀԱՅՀԱՑԱՀԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 7-ի «Բնական աղետներից առավել տուժած գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին աշնանացան ցորենի սերմացուով օգնելու մասին» N 496 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 420 որոշման խմբագրությամբ) համապատասխան բյուջետային վարկի հաշվին հանրապետություն ներկրված սերմացու ցորենը «Հայհացահատիկ գործակալություն» բաց բաժնետիրական ընկերության կողմից վարկի ձևով տրամադրվել է Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) «Հայհացահատիկ գործակալություն» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել բյուջետային վարկի մասով պարտքի դիմաց պահանջի իրավունքի զիջման պայմանագիր` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարանների նկատմամբ ունեցած 169400000 դրամ վարկային, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության նկատմամբ ունեցած 117100000 դրամի վարկային պահանջի իրավունքը փոխանցվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.
բ) բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան նախարարությունների հետ` 117100000 դրամ վարկի գումարը որպես միջկառավարական վարկ վերաձևակերպելու կամ նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նախատեսված բյուջետային վարկի հաշվին մարելու համար.
գ) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխառությամբ տրամադրված սերմացու ցորենի մասով պարտքերը հաշվառել գանձապետարանում` որպես բյուջետային ապրանքային վարկ` մինչև 2000 թվականի նոյեմբերի 15-ը մարման ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 16-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |