Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար _____________ Վ. Գաբրիելյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ _____________ Գ. Խաչատրյան 11 մայիսի 2012 թ. N 16 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ կետի (մինչև 01.01.2012թ. գործող խմբագրությամբ) համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:
01.01.2012 թ-ից ուժի մեջ մտած «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով` Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում կատարված փոփոխության համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը, հարկային մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Հաշվի առնելով, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) ուժի մեջ է մտել 01.01.2012թ-ից, ապա անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցելու (վճարում կատարելու), ինչպես նաև յուրաքանչյուր տարվա արդյունքներով` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հարկային մարմին ներկայացման (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնման) փոփոխված ժամկետները վերաբերում են 2012թ. տարեկան արդյունքներով անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացմանը և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե վճարմանը:
2011թ. տարեկան անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցում (վճարում) է մինչև 01.03.2012 թ., իսկ նույն տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնում)` մինչև 01.03.2012թ.: