«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 1999 թվականի N 766
քաղ. Երևան
ՏՌԱՍԵԿԱ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՍԻՍ-Ի «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹԳԾԵՐԻ ՀԱՄԱՐ» ՄՍ-9901 ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏՌԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում ՏԱՍԻՍ-ի «Հեռահաղորդակցության ցանց կովկասյան երկաթգծերի համար» ՄՍ-9901 ծրագրի ֆինանսական հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման և հուշագրի վավերացման գործընթացը նախապատրաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ձեռնարկել միջոցներ ՏԱՍԻՍ-ի «Հեռահաղորդակցության ցանց կովկասյան երկաթգծերի համար» ՄՍ-9901 ծրագրի աշխատանքները համաֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագծում 150 մլն դրամ նախատեսելու համար:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` եռամսյա ժամկետում ապահովել «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» պետական փակ բաժնետիրական ընկերության զարգացման գործարար ծրագրի կազմումը, ներառյալ ընկերության առաջիկա երեք տարվա ֆինանսական հոսքերը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` շրջակա միջավայրի համար վտանգավոր բեռների տեղափոխման ռիսկը նվազեցնելու նպատակով եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն երկաթուղով վտանգավոր բեռների փոխադրման կարգի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետությունում ՏԱՍԻՍ-ի «Հեռահաղորդակցության ցանց կովկասյան երկաթգծերի համար» ՄՍ-9901 ծրագրի տնօրինող ճանաչել «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
5. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ` օպտիկական մալուխային համակարգի ներդրման տնտեսական և այլ բնույթի խոչընդոտները բացառելու համար:
6. Թույլատրել «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը`
ա) ՏԱՍԻՍ-ի «Հեռահաղորդակցության ցանց կովկասյան երկաթգծերի համար» ՄՍ-9901 ծրագրի ֆինանսական հուշագրով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո արդյունքում ստեղծված գույքը ձևակերպել որպես հիմնական միջոցներ` այն ուղղելով ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության հանձնել օպտիկական մալուխային գիծը կամ դրա մի մասը:
7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ` ՏԱՍԻՍ-ի «Հեռահաղորդակցության ցանց կովկասյան երկաթգծերի համար» ՄՍ-9901 ծրագրի ֆինանսական հուշագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացնելու համար:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|