040.0020.13.01.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2001 թվականի N 20
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը:
2. Սույն կարգով նախատեսված տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը (այսուհետև` նախարարություն) պետական համապատասխան մարմին է ներկայացնում մաքսային արժեքի մասին տեղեկատվություն ստանալու հայտ:
3. Հայտը կարող է լինել սովորական` տեղեկատվության մեկանգամյա տրամադրման համար, և պարբերական` ըստ ներկայացվող չափանիշների տեղեկատվության պարբերաբար տրամադրման համար:
4. Պարբերական հայտում նշվում են նաև տեղեկատվության տրամադրման պարբերականությունը, որը պետք է լինի առնվազն 15 օրից ոչ պակաս, և ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել 365 օրը:
5. Նախարարությունը ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով, սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից կարող է ստանալ տեղեկատվություն, որը վերաբերում է`
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հասցնելու համար կատարված (սովորաբար` կատարվող) տեղափոխման, պահեստավորման, բեռնման, բեռնաթափման և համանման այլ ծախսերին` կախված ապրանքների բնույթից, քանակից, փաթեթավորումից, տրանսպորտային միջոցի տեսակից, տեղափոխման երթուղուց կամ պահպանման վայրից, ժամանակահատվածից և համանման այլ չափանիշներից.
բ) ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման կամ արտահանման հետ կապված Հայաստանի Հանրապետությունում կամ արտասահմանում կատարված (սովորաբար` կատարվող) ապահովագրական ծախսերին` կախված սույն կետի «ա» ենթակետում նշված և համանման այլ չափանիշներից.
գ) պայմանագրի որևէ կողմից մյուսին կամ որևէ երրորդ կողմի պայմանագրի շրջանակներում ռոյալթիների և թույլտվությունների դիմաց, որպես փոխհատուցում, զեղչ կամ տոկոսի տեսքով վճարման ենթակա, կամ տրամադրվող վճարների (գումարների) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման առնչությամբ կնքվող առևտրային պայմանագրերում սովորաբար կիրառվող մեծություններին (առևտրային վարկ, ռոյալթի, ֆակտորինգ, առևտրային զեղչեր և այլն).
դ) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գործարքներում սովորաբար կիրառվող գներին` ըստ ապրանքատեսակի, քանակի, գործարքի կնքման և մատակարարման ժամկետների.
ե) փաթեթավորման աշխատանքների արժեքին` ըստ ապրանքատեսակի, փաթեթավորման տեսակի, աշխատանքները կատարող երկրի, աշխատանքների կատարման ժամանակահատվածի և համանման այլ չափանիշների.
զ) Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արտահանվող ապրանքներից արտահանման երկրում գանձվող անուղղակի հարկերի դրույքաչափերին կամ ապրանքների արտահանմամբ պայմանավորված մատակարարին վճարված անուղղակի հարկերի գումարների վերադարձին.
է) ապրանքների իրացման ժամանակ որոշակի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում սովորաբար կիրառվող կոմիսիոն վճարների և առևտրային վերադիրների մեծությանը.
ը) Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում որոշակի ժամանակահատվածում որոշակի ապրանքների իրացման գներին:
6. Նախարարությունը սույն կարգի համաձայն մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն ստանալու համար ներկայացնում է հայտ`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն` սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկատվության համար.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված տեղեկատվության համար.
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն` սույն կարգի 5-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերում նշված տեղեկատվության համար.
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն` սույն կարգի 5-րդ կետի «ը» ենթակետում նշված տեղեկատվության համար:
7. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը պետական մարմնի կողմից նախարարությանն է տրամադրվում հայտ ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, այնուհետև, եթե հայտը պարբերական է, տեղեկատվությունը թարմացվում է հայտում նշված պարբերականությամբ մինչև հայտում նշված տեղեկատվության տրամադրման ժամանակահատվածի ավարտը:
8. Հայտ ստացած պետական մարմինը հայտատուին կարող է առաջարկել փոփոխություններ մտցնել պահանջվող տեղեկատվության չափանիշներում, եթե ըստ ներկայացված չափանիշների տեղեկատվության մշակումն առկա տեղեկատվական հիմքի վրա անհնար է, որից հետո նախարարության և հայտ ստացած մարմնի միջև համաձայնեցվում են տեղեկատվության նոր չափանիշները: