Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24313/10
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 06.03.2021
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.10.2020
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2021

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՐՏԱՇԵՍ ԱՆՏՈՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 24313/10)

 

Վ Ճ Ի Ռ

 

Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված • Գույքից անարգել օգտվելը • Օրենքով սահմանված • Մաքսային կանոնները խախտելու համար վարչական տույժի նշանակում • Կանոն, որն ինքնին ոչ բավարար չափով կանխատեսելի չէ • Դատական իշխանությունն ակնկալում էր կիրառելի դրույթը մեկնաբանել յուրաքանչյուր գործի հանգամանքների համաձայն • Կառավարության մեկնաբանությունը չի համապատասխանում և հակասում է Վճռաբեկ դատարանի եզրահանգումներին • Ներպետական դատարանների կողմից գործի կարևոր հանգամանքները պատշաճ կերպով չգնահատելը • Ոչ բավարար կանխատեսելի կանոնի կիրառում

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

22 հոկտեմբերի 2020թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Արտաշես Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković]՝ Նախագահ,

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],

Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],

Թիմ Այքե [Tim Eicke],

Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,

և Աբել Կամպոս [Abel Campos]՝ Բաժանմունքի քարտուղար,

hաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արտաշես Անտոնյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2010 թվականի մայիսի 3-ին Դատարան ներկայացված գանգատը,

դիմումատուի նկատմամբ նշանակված տույժի օրինականության վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատի մնացած մասն անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2020 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ներածություն

 

1. Սույն գործը վերաբերում է մաքսային կանոնների խախտման համար դիմումատուի նկատմամբ վարչական տույժ նշանակելու օրինականությանը, և դրանով բարձրացվում են Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առնչությամբ հարցեր:

 

Փաստերը

 

2. Դիմումատուն ծնվել է 1954 թվականին և ապրում է Քաջարանում։ Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ տկն Մ. Ղուլյանը և պրն Ա. Կարախանյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

5. 2005 թվականի սեպտեմբերի 20-ին ZPMK անվանմամբ մի ընկերություն (Ընկերություն), որը եղել է դիմումատուի գործատուն, Ռուսաստանի Դաշնությունում գնել է տեխնիկական սարքավորումներ:

6. 2006 թվականի հոկտեմբերի 21-ին, 24-ին և 26-ին սարքավորումները ներմուծվել են Հայաստան։

7. 2006 թվականի հոկտեմբերի 30-ին դիմումատուն, հանդես գալով Ընկերության անունից, ներմուծվող տեխնիկական սարքավորումների համար մաքսային հայտարարագիր է ներկայացրել Պետական մաքսային ծառայություն (Մաքսային ծառայություն):

8. Մաքսային ծառայության պետը, հստակ օրը հայտնի չէ, կարգադրել է իրականացնել Ընկերության կողմից 2006 թվականից ի վեր իրականացված ներմուծումների օրինականության ստուգում:

9. 2008 թվականի հուլիսի 30-ին Պետական եկամուտների կոմիտեի (Եկամուտների կոմիտե) մաքսային վերահսկողության վարչության ծառայողները ստուգումից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որով պարզվել է, որ Ընկերությունը մի շարք դեպքերում ներմուծվող ապրանքների մասով նշել է ոչ ճշգրիտ դասակարգումներ և սխալ կոդեր: Ինչ վերաբերում է 2006 թվականի հոկտեմբերի 30-ի մաքսային հայտարարագրին, ապա հայտարարության մեջ նշվել է, որ ներմուծվող սարքավորումների հայտարարագրված գինը եղել է 194 823 ԱՄՆ դոլար, մինչդեռ այդ սարքավորումների իրական գինը կազմել է 1 461 176 ԱՄՆ դոլար:

10. 2008 թվականի հոկտեմբերի 16-ին Եկամուտների կոմիտեի մաքսային վերահսկողության վարչության ծառայողներն իրենց ստուգումների արդյունքները փոխանցել են Եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` հետագա գործողություն ձեռնարկելու համար:

11. 2008 թվականի հոկտեմբերի 17-ին Եկամուտների կոմիտեի քննչական վարչության ծառայողը դիմումատուի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ կազմելով մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն, որում նշվել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 30-ին դիմումատուն, հանդես գալով Ընկերության անունից, ներմուծված սարքավորումների համար հայտարարագրել է ոչ ճշգրիտ գին: Ըստ այդմ, դիմումատուի գործողությունները համարվել են Մաքսային օրենսգրքի (ՄՕ) 203-րդ հոդվածի խախտում:

12. 2008 թվականի հոկտեմբերի 27-ին Եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետը, վկայակոչելով Մաքսային վերահսկողության վարչության ծառայողների կողմից կատարված ստուգման արդյունքները և դիմումատուի նկատմամբ հարուցված վարչական վարույթը, եկել է այն եզրահանգման, որ դիմումատուն, ներմուծվող ապրանքների համար հայտարարագրելով ոչ ճշգրիտ գին, կատարել է վարչական իրավախախտում՝ ՄՕ-ի 203-րդ հոդվածի համաձայն, և որոշել է դիմումատուի նկատմամբ նշանակել տույժ՝ ոչ ճշգրիտ հայտարարագրված սարքավորումների արժեքին համարժեք գումարի չափով, այն է` 579 506 236.48 ՀՀ դրամ:

13. 2008 թվականի դեկտեմբերի 27-ին դիմումատուն հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել 2008 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը: Դիմումատուն պնդել է, որ վիճարկվող որոշումը եղել է անօրինական, քանի որ այն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենգրքի (ՎԻՕ) 37-րդ հոդվածով սահմանված վաղեմության երկամսյա ժամկետի խախտմամբ: Նա պնդել է, որ Եկամուտների կոմիտեի կողմից 2008 թվականի հուլիսի 30-ին անցկացված ստուգմամբ արդեն իսկ պարզվել էին մաքսային կանոնների խախտման բոլոր տարրերը, և այդ խախտման համար տույժ նշանակելու վերջնաժամկետը, ըստ այդմ, լրացել էր 2008 թվականի սեպտեմբերի 30-ին: Դիմումատուն պնդում էր, որ նման հանգամանքներում ՎԻՕ-ի 247-րդ հոդվածով Եկամուտների կոմիտեին արգելվում էր իր դեմ վարույթ հարուցել, իսկ ցանկացած ընթացիկ վարույթ պետք է կարճվեր:

14. 2009 թվականի հունվարի 19-ին Եկամուտների կոմիտեն իր հերթին հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ դիմումատուի՝ պահանջելով կատարել 2008 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը և վճարել տույժը:

15. 2009 թվականի օգոստոսի 28-ին Վարչական դատարանը մերժել է դիմումատուի հայցը և բավարարել Եկամուտների կոմիտեի հայցը` գտնելով, որ դիմումատուն, որպես Ընկերության ներկայացուցիչ, խախտել է ՄՕ-ի 203-րդ հոդվածը, և պարտավորեցրել է նրան վճարել Եկամուտների կոմիտեի կողմից նշանակված տույժը, այն է՝ 579 506 236.48 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է ՎԻՕ-ի 37-րդ հոդվածով սահմանված վաղեմության երկամսյա ժամկետին, ապա Վարչական դատարանը որոշել է հետևյալը.

 

«... [Դ]ատարանը եզրակացնում է, որ մաքսային կանոնների իրավախախտումը [դիմումատուի] կողմից կատարելու փաստը հայտնաբերվել, պարզ է դարձել միայն [Եկամուտների քննչական վարչության քննիչի] կողմից 17.10.2008թ. կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության հիման վրա, որով արձանագրվել է իրավախախտումը [դիմումատուի] կողմից կատարելու փաստը: Իրավախախտումը հայտնաբերվելուց հետո, երկու ամսվա ընթացքում՝ 27.10.2008թ. նշանակվել է [դիմումատուի] նկատմամբ համապատասխան վարչական տույժը»:

 

16. 2009 թվականի սեպտեմբերի 28-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որն այդպիսի հարցերի մասով միակ բողոքարկման ատյանն էր, որտեղ նա բերել է իր նախնական հայցում բերված փաստարկներին համանման փաստարկներ:

17. 2009 թվականի նոյեմբերի 4-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

18. 2009 թվականի օգոստոսի 28-ի վճիռը կատարելու համար հարկադիր կատարողի կողմից 2011 թվականի հունիսի 27-ին կայացված որոշման համաձայն՝ դիմումատուի գործատուն 2011 թվականի հունիսից մինչև 2012 թվականի ապրիլ ամիսը նրա ամսական աշխատավարձից կատարել է պահումներ 50%-ի չափով, որոնք ընդհանուր կազմել են 2 159 000 ՀՀ դրամ:

19. 2011 թվականի հոկտեմբերի 18-ին հարկադիր կատարողը բռնագրավել և կարգադրել է գնահատել դիմումատուին պատկանող երկու բնակարանները՝ 2009 թվականի օգոստոսի 28-ի վճռի կատարումն ապահովելու համար: Բնակարանները գնահատվել են, համապատասխանաբար, 3 208 000 ՀՀ դրամ և 3 713 000 ՀՀ դրամ:

20. Հրապարակային աճուրդում, հստակ օրը հայտնի չէ, հարկադիր կատարողը բնակարանները վաճառել է համապատասխանաբար 689 527 ՀՀ դրամով և 214 334 ՀՀ դրամով:

21. 2017 թվականի հունիսի 9-ին հարկադիր կատարողը բռնագրավել և կարգադրել է գնահատել երրորդ բնակարանը, որի համասեփականատերերն են եղել դիմումատուն և նրա ընտանիքի անդամները, որում նրա բաժնեմասը կազմել է ընդհանուր գույքի մեկ հինգերորդ մասը: Տվյալ բնակարանը գնահատվել է 8 300 000 ՀՀ դրամ։

22. Հրապարակային աճուրդում, հստակ օրը հայտնի չէ, հարկադիր կատարողը բնակարանը վաճառել է 2 220 600 դրամով: Դիմումատուի բաժնեմասը, որը կազմել է 422 971 ՀՀ դրամ, օգտագործվել է վճռով նախատեսված նրա պարտքի վճարման համար, իսկ գումարի մնացած մասը տրվել է նրա ընտանիքի անդամներին։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 

I. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳԻՐՔ (1986 թվական)

 

23. 37-րդ հոդվածով սահմանվում է, որ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:

24. 247-րդ հոդվածով սահմանվում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման, եթե, inter alia, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցել են։

 

II. Մաքսային օրենսգիրք (2001-2014 թվականներ)

 

25. 203-րդ հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն` դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը՝ ոչ իրենց անվանմամբ, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

26. 207-րդ հոդվածում թվարկվում են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերը, որոնցից է նաև իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերումը։

27. 209-րդ հոդվածով նախատեսվում է, որ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով:

 

III. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴԴԵՄ ՄԵԽԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՄԿՐՏԻՉ ՅԱՂՈՒԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ (թիվ վդ/7703/05/08)

 

28. Այդ գործում երկու դիմումատուներից մեկի կողմից իրականացվող բիզնեսը Եկամուտների կոմիտեի պետի հրամանով ենթարկվել է մաքսային ստուգման, և պարզվել է, որ այդ բիզնեսի շրջանակներում մի շարք ապրանքներ ներմուծվել են ոչ ճշգրիտ դասակարգմամբ և սխալ նշված կոդերով, ինչն արձանագրվել է 2008 թվականի հոկտեմբերի 18-ին կազմված ստուգման արձանագրության մեջ: 2008 թվականի հոկտեմբերի 22-ին Եկամուտների կոմիտեի ծառայողի կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն՝ պնդելով, որ ՄՕ-ի 203-րդ հոդվածը խախտվել է: Այդ վարչական վարույթի արդյունքում 2008 թվականի նոյեմբերի 28-ին Եկամուտների կոմիտեն դիմումատուներից մեկի նկատմամբ տույժ է նշանակել այդ հոդվածը խախտելու համար: Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ, inter alia, գտել է, որ տույժը նշանակվել է ՎԻՕ-ի 37-րդ հոդվածով սահմանված վաղեմության երկամսյա ժամկետի համաձայն, քանի որ իրավախախտումը հայտնաբերվել է 2008 թվականի հոկտեմբերի 18-ին, իսկ տույժը նշանակվել է 2008 թվականի նոյեմբերի 28-ին:

 

իրավունքը

 

I. կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտումը

 

29. Դիմումատուն բողոքել է, որ վարչական տույժն իր նկատմամբ նշանակվել է ՎԻՕ-ի 37-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, և դրանով իսկ խախտվել են Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իր գույքային իրավունքները, որը շարադրված է հետևյալ կերպ.

 

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:

 

Ա. Ընդունելիությունը

 

30. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի ,աե ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

31. Դիմումատուն պնդել է, որ իր սեփականության իրավունքին միջամտությունը չի կատարվել օրենքին համապատասխան։ Մասնավորապես, ՎԻՕ-ի 37-րդ հոդվածով սահմանվում է իրավախախտումը հայտնաբերելուց հետո վաղեմության երկամսյա ժամկետ, որի ընթացքում վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ կարող է վարչական տույժ նշանակվել: Իր գործի դեպքում Եկամուտների կոմիտեի մաքսային վերահսկողության վարչությունը ստուգում է անցկացրել և արձանագրություն կազմել 2008 թվականի հուլիսի 30-ին, որով բացահայտվել են 2006 թվականի հոկտեմբերի 30-ի մաքսային հայտարարագրում պարունակվող բոլոր սխալները: Տուգանք նշանակելու մասին 2008 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը հիմնված է եղել այդ արձանագրության մեջ բացահայտված խախտումների վրա, հետևաբար արձանագրությամբ իրավախախտումն ամբողջությամբ բացահայտվել է, և ոչինչ չի խանգարել համապատասխան մարմնին անհրաժեշտության դեպքում կատարել հետագա ստուգումներ և նշանակել տույժ այդ արձանագրության կազմման օրվանից երկու ամսվա ընթացքում: Տուգանքը, սակայն, նշանակվել է միայն 2008 թվականի հոկտեմբերի 27-ին: Ի հակադրություն Կառավարության պնդումների՝ ՎԻՕ-ի 37-րդ հոդվածում չի նշվում, թե որ պահից է վարչական իրավախախտումը համարվում հայտնաբերված, քանի որ այդ հարցը կախված է յուրաքանչյուր դեպքի առանձնահատուկ հանգամանքներից, և այդ հոդվածը չի կարող պարունակել այդպիսի իրավիճակների սպառիչ ցանկ։ Կառավարությունը նաև սխալվում է՝ պնդելով, որ ցանկացած արարք նախ պետք է պաշտոնապես որակել որպես իրավախախտում՝ նախքան վաղեմության երկամսյա ժամկետի հաշվարկն սկսելը: Մասնավորապես, ՎԻՕ-ի 37-րդ հոդվածում օգտագործվել է ,հայտնաբերվածե եզրույթը, և առանցքային նշանակություն ունի իրավախախտումը հայտնաբերելու օրը, այլ ոչ թե վարչական վարույթ հարուցելու օրը: Ավելին, ցանկացած արարք որպես իրավախախտում պաշտոնապես որակվել է միայն վարչական տույժ նշանակելու որոշմամբ, որն ընդունվել է վարչական վարույթի ավարտին և ոչ թե այդպիսի վարույթ հարուցելու պահին: Վարչական մարմինն այդպիսի վարչական վարույթի արդյունքում կարող էր նաև գալ այնպիսի եզրահանգման, որ որևէ իրավախախտում չի կատարվել: Ընդհանուր առմամբ, նրա սեփականության իրավունքին միջամտությունը եղել է անօրինական և կամայական, իսկ ՎԻՕ-ի 37-րդ հոդվածով սահմանված կանոնը և համապատասխան ներպետական որոշումները չեն եղել կանխատեսելի, քանի որ նրա համար պարզ չի եղել, որ վաղեմության երկամսյա ժամկետը լրանալուց հետո նրա նկատմամբ կարող էր տույժ նշանակվել:

32. և վերջում, դիմումատուն համաձայն չէր Կառավարության հետ, որ Պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Մեխակ Մարտիրոսյանի և Մկրտիչ Յաղուբյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կիրառելի չէր նրա գործի նկատմամբ: Այդ որոշման մեջ Վճռաբեկ դատարանը մեկնաբանել և կիրառել էր նրա գործի նկատմամբ կիրառելի իրավական նորմը, այն է` ՎԻՕ-ի 37-րդ հոդվածը, և որոշել, որ վարույթի սկզբնակետն է համարվում իրավախախտման հայտնաբերման օրը: Երկու գործերը նույնական են, քանի որ երկուսում էլ արձանագրվել են մաքսային կանոնների խախտում: Այնուամենայնիվ, այդ գործում իրավախախտումը հայտնաբերված է համարվել այն օրը, երբ մարմինները հայտնաբերել են խախտումն առաջին անգամ, այսինքն՝ երբ նրանք կազմել են մաքսային ստուգման արձանագրությունը: Հետևաբար իրավախախտման հայտնաբերման օրը եղել է այն օրը, երբ իրավախախտումն առաջին անգամ արձանագրվել է մարմինների կողմից` անկախ փաստաթղթի տեսակից, որն իր պարագայում եղել է 2008 թվականի հուլիսի 30-ի արձանագրությունը: Կառավարության դիրքորոշումն այն մասին, որ այդ արձանագրությունը եղել է միայն տեղեկատվական փաստաթուղթ և հետևաբար չէր կարող համարվել իրավախախտումը հայտնաբերելու օրը, հակասում է Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշմանը:

33. Կառավարությունը պնդել է, որ ՎԻՕ-ի 37-րդ հոդվածը, ընթերցվելով ՄՕ-ի համապատասխան դրույթների հետ համատեղ, սահմանում է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն կազմելու պահը, և համապատասխան վարչական վարույթը սկսվում է այն օրը, երբ որոշակի իրավախախտում համարվում է ,հայտնաբերվածե այդ հոդվածի իմաստով: Դա արդեն ընդունված պրակտիկա է, որը կիրառվել է Եկամուտների կոմիտեի կողմից մաքսային կանոնների խախտումների հետ կապված գործերով: Ավելին, այդ հոդվածով սահմանված վաղեմության երկամսյա ժամկետի հաշվարկն սկսելու համար ցանկացած գործողություն նախ պետք է որակել որպես իրավախախտում: Այսպիսով, 2008 թվականի հուլիսի 30-ի իրենց արձանագրութան մեջ հարկային տեսուչների կողմից հայտնաբերվել են մի շարք սխալներ, բայց ոչ բոլորն են համարվել իրավախախտում` ներպետական իրավունքի համաձայն: Խնդրո առարկա եզրահանգումները զուտ այն ծառայողների կարծիքն էին, որոնք ստուգում էին անցկացրել, և որոնք լիազորված չէին այդ արարքներին իրավական գնահատական տալ: Դա հնարավոր է դարձել միայն հետագա մանրակրկիտ ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո: Ի վերջո, մաքսային կանոնների խախտում է համարվել միայն ներմուծված սարքավորումների արժեքի ոչ ճշգրիտ հայտարարագրումը: Հետևաբար 2008 թվականի հուլիսի 30-ի արձանագրությունը եղել է միայն տեղեկատվական թերթ և չէր կարող համարվել որպես դիմումատուի կողմից կատարված իրավախախտումը հայտնաբերելու օր` ՎԻՕ-ի 37-րդ հոդվածի իմաստով: Ներպետական դատարաններն են զբաղվում ներպետական իրավունքի մեկնաբանման վերաբերյալ ցանկացած կասկած վերացնելու հարցով, և սույն գործով Վարչական դատարանը նման եզրակացության է եկել՝ պնդելով, որ ՎԻՕ-ի 37-րդ հոդվածով սահմանված վաղեմության երկամսյա ժամկետն սկսել է հաշվարկվել այն պահից, երբ համապատասխան պաշտոնատար անձի կողմից կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը: Այսպիսով, դիմումատուի սեփականության իրավունքին միջամտությունը եղել է օրինական:

34. Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ ինչ վերաբերում է Պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Մեխակ Մարտիրոսյանի և Մկրտիչ Յաղուբյանի գործին, ապա այդ գործով իր կայացրած որոշման մեջ Վճռաբեկ դատարանը չի տրամադրել ՎԻՕ-ի 37-րդ հոդվածի, այդ թվում՝ այդ հոդվածում սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման եղանակի վերաբերյալ որևէ հեղինակավոր մեկնաբանություն: Միայն այն փաստը, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՎԻՕ-ի 37-րդ հոդվածի իմաստով իրավախախտման հայտնաբերման օր է համարվել մաքսային զննության օրը, որևէ ազդեցություն չի ունեցել դիմումատուի գործի վրա և չի հակասել դիմումատուի գործով համապատասխան վաղեմության ժամկետի հաշվարկման վրա, քանի որ երկու գործերը եղել են տարբեր այն պատճառով, որ դրանք վերաբերել են մաքսային հսկողության երկու տարբեր տեսակի ընթացակարգերի:

 

2. Դատարանի գնահատականը

 

35. Դատարանը նշում է, որ կողմերի միջև վիճելի չէ, որ դիմումատուի նկատմամբ տույժ նշանակելու մասին 2008 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը համարվել է միջամտություն Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված՝ նրա գույքից անարգել օգտվելու իրավունքին: Դատարանն այլ որոշում կայացնելու պատճառ չունի՝ նշելով, որ այդ որոշման արդյունքում դիմումատուն զրկվել է իր սեփականությունից, այդ թվում ՝ անշարժ և շարժական գույքից:

36. Դատարանն այնուհետև նշում է, որ քննարկվող միջոցը վերաբերում է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերության շրջանակներին, որը Պայմանավորվող պետություններին թույլ է տալիս վերահսկել գույքի օգտագործումը՝ ապահովելով տույժերի վճարում: Այնուամենայնիվ, այդ դրույթը պետք է մեկնաբանվի առաջին պարբերության առաջին նախադասությամբ սահմանված ընդհանուր սկզբունքի լույսի ներքո (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Պերդիգաոն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Perdigչo v. Portugal [GC]], թիվ 24768/06, « 57, 2010 թվականի նոյեմբերի 16, Ունսպեդ Պակետ Սերվիսի Սան. Վե ՏիՉ. Ա.Ս.-ն ընդդեմ Բուլղարիայի [Նnsped Paket Servisi SaN. Ve TiC. A.Ş. v. Bulgaria], թիվ 3503/08, « 36, 2015 թվականի հոկտեմբերի 13, և Գիրլյանն ընդդեմ Ռուսաստանի [Gyrlyan v. Russia], թիվ 35943/15, « 21, 2018 թվականի հոկտեմբերի 9)։

37. Դատարանը կրկին նշում է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելուն պետական մարմնի կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական: Ներպետական իրավունքում իրավական հիմքի առկայությունն ինքնին բավարար չէ օրինականության սկզբունքը բավարարելու համար, որը, դրանից բացի, ենթադրում է, որ ներպետական իրավունքի կիրառելի դրույթները բավականաչափ մատչելի, ճշգրիտ և կանխատեսելի են իրենց կիրառման մեջ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ցենտրո Եվրոպա 7 Ս.ր.լ.-ն և Դի Ստեֆանոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Centro Europa 7 S.r.l. and Di Stefano v. Italy [GC]], թիվ 38433/09, « 187, ՄԻԵԴ 2012, և Վիստինսը և Պերեպյոլկինսն ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Vistiņš and Perepjolkins v. Latvia [GC]], թիվ 71243/01, « 96, 2012 թվականի հոկտեմբերի 25):

38. Մասնավորապես նորմը ,կանխատեսելի էե, երբ այն նախատեսում է պետական մարմինների կողմից կամայական միջամտություններից պաշտպանության միջոց: Հետևաբար գույքից անարգել օգտվելուն ցանկացած միջամտություն պետք է ուղեկցվի ընթացակարգային երաշխիքներով, որոնք տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին կտան իր գործը պատասխանատու մարմիններին ներկայացնելու ողջամիտ հնարավորություն` այդ դրույթով երաշխավորված իրավունքներին միջամտելու միջոցներն արդյունավետորեն վիճարկելու նպատակով: Պարզելու համար, թե արդյոք այդ պայմանը բավարարվել է, թե՝ ոչ, պետք է համապարփակ հայացք նետել կիրառելի դատական և վարչական ընթացակարգերի վրա (տե՛ս Լեկիչն ընդդեմ Սլովենիայի [ՄՊ] [Lekić v. Slovenia [GC]], թիվ 36480/07, « 95, 2018 թվականի դեկտեմբերի 11):

39. Դատարանն իր նախադեպային իրավունքում նաև ընդունել է, որ, որքան էլ իրավական դրույթը հստակ կազմված լինի, իրավունքի ցանկացած համակարգում կա դատական մեկնաբանության անխուսափելի տարր: Միշտ կասկածելի կետերը պարզաբանելու և փոփոխվող հանգամանքներին հարմարվելու անհրաժեշտություն կլինի: Կրկին, չնայած որոշակիությունը խիստ ցանկալի է, այն կարող է իր հերթին առաջացնել չափազանց կոշտություն, իսկ օրենքը պետք է ի վիճակի լինի համընթաց ընթանալ փոփոխվող հանգամանքների հետ: Ըստ այդմ, շատ օրենքներ անխուսափելիորեն շարադրվում են այնպիսի եզրույթներով, որոնք ավելի կամ պակաս չափով անորոշ են, և որոնց մեկնաբանությունն ու կիրառումը պրակտիկայի հարցեր են: Դատարաններին վերապահված վճիռ կայացնելու դերն էլ հենց մեկնաբանության մեջ մնացած կասկածները վերացնելն է (տե՛ս ՕԱՕ Նեֆտինայա կոմպանյա Յուկոսն ընդդեմ Ռուսաստանի [OAO Neftyanaya Kompaniya Yukos v. Russia], թիվ 14902/04, « 568, 2011 թվականի սեպտեմբերի 20):

40. Սույն գործով կողմերը համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե արդյոք մաքսային կանոնները խախտելու համար դիմումատուի նկատմամբ նշանակված տույժը գանձվել է ՎԻՕ-ի 37-րդ հոդվածով սահմանված կանոնին համապատասխան, և արդյոք այդ կանոնն ինքնին եղել է կանխատեսելի: Դատարանը նշում է, որ այդ հոդվածով թույլատրվել է մաքսային կանոնների խախտման համար տույժ նշանակել ոչ ուշ, քան տվյալ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Կառավարությունը պնդել է, որ ՎԻՕ-ի 37-րդ հոդվածի իմաստով իրավախախտման հայտնաբերման օրը մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության կազմման և վարչական վարույթի հարուցման օրն է: Այդ հոդվածը ներպետական մարմինների կողմից հետևողականորեն մեկնաբանվել և կիրառվել է այդ կերպ, այդ թվում՝ նաև դիմումատուի գործով, ուստի միջամտությունը եղել է օրինական և կանխատեսելի:

41. Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց, այդ թվում՝ ներպետական դատական պրակտիկայի որևէ օրինակ՝ ՎԻՕ-ի 37-րդ հոդվածի վերաբերյալ իր կողմից տրված մեկնաբանության օգտին: Որևէ հիմք չի ներկայացվում այն մասին, որ այդ հոդվածը ներպետական դատարանների կողմից նման ձևով երբևէ մեկնաբանվել է, և այդ դրույթի վերաբերյալ որևէ այդպիսի մեկնաբանություն չի տրվել նաև սույն գործով Վարչական դատարանի կողմից իր 2009 թվականի օգոստոսի 28-ի որոշման մեջ: Ավելին, այդ դրույթի այդպիսի մեկնաբանությունն ուղղակիորեն կհակասեր Պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Մեխակ Մարտիրոսյանի և Մկրտիչ Յաղուբյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից արված եզրահանգումներին, որում Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ մաքսային կանոնների խախտումը հայտնաբերվել է համապատասխան մաքսային ստուգման օրը, այլ ոչ թե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրության կազմման օրը (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Այդ որոշումից կարելի է ենթադրել, որ իրավախախտման հայտնաբերման օրվա գնահատումը պետք է յուրաքանչյուր դեպքում իրականացվեր ըստ տվյալ դեպքի՝ հաշվի առնելով դրա առանձնահատուկ հանգամանքները:

42. Դատարանը չի համարում, որ ՎԻՕ-ի 37-րդ հոդվածն ինքնին անկանխատեսելի է եղել այն իմաստով, որ այն բավականաչափ հստակ կազմված չի եղել: Ինչպես արդեն նշվել է վերևում, ներպետական դատարաններն են զբաղվում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այդ հոդվածում նշված վաղեմության ժամկետի սկիզբը հստակեցնելու հարցով: Դատարանի կարծիքով, այնուամենայնիվ, ներպետական դատարանը չի կարողացել այդ պարտավորությունը մանրակրկիտ և ջանասիրաբար կատարել, ինչպես պահանջվում էր դիմումատուի գործի հանգամանքներով: Հաշվի առնելով Վարչական դատարանի 2009 թվականի օգոստոսի 28-ի որոշումը՝ Դատարանը նշում է, որ իրավախախտումը հայտնաբերելու օրվա վերաբերյալ կատարված եզրահանգումը, ինչպես երևում է, չի կատարվել այդ հարցի պատշաճ գնահատման արդյունքում, մինչդեռ նման գնահատումը եղել է կարևոր՝ դիմումատուի սեփականության իրավունքին միջամտելու օրինականությունը որոշելու հարցում: Գտնելով, որ դիմումատուի գործով իրավախախտումը հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրությունը համապատասխան պաշտոնատար անձի կողմից կազմվելու օրը, Վարչական դատարանը չի ներկայացրել որևէ բացատրություն կամ պատճառաբանություն իր որոշման համար (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։ Այն ամբողջովին անտեսել է այն փաստը, որ մինչ այդ օրն իրականացվել է մաքսային ստուգում, որով պարզվել են դիմումատուի կողմից կատարված արարքի փաստական տարրերը, ներառյալ՝ այդ կապակցությամբ դիմումատուի ներկայացրած բոլոր փաստարկները՝ չնայած այն փաստին, որ, ինչպես արդեն նշվել է վերևում, մաքսային ստուգման արդյունքները նախկինում Վճռաբեկ դատարանի կողմից համարվել են մաքսային խախտման հայտնաբերման օր՝ ՎԻՕ-ի 37-րդ հոդվածի իմաստով: Կառավարությունը պնդել է, որ սույն գործով մաքսային ստուգումը տարբերվել է Վճռաբեկ դատարանի կողմից քննված գործում անցկացված ստուգումից: Այնուամենայնիվ, այդ հարցը պետք է որոշեր Վարչական դատարանը, մինչդեռ այդ հարցում նրա որոշման մեջ ոչինչ չի ասվում:

43. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական կամ պատրանքային իրավունքները, այլ այն իրավունքները, որոնք գործնական և արդյունավետ են (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սալդուզն ընդդեմ Թուրքիայի [ՄԴ] [Salduz v. Turkey [GC]], թիվ 36391/02, « 51, ՄԻԵԴ 2008)։ Դատարանի կարծիքով, որպեսզի դիմումատուն օգտվեր Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից, նրա գործի հանգամանքներով պահանջվում էր ավելի խորը և մանրակրկիտ ուսումնասիրել այն հարցը, թե երբվանից է ՎԻՕ-ի 37-րդ հոդվածում նշված վաղեմության ժամկետը սկսել հաշվարկվել՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչպես է այդ հոդվածը նախկինում կիրառվել Վճռաբեկ դատարանի կողմից: Ինչպես արդեն նշվել է վերևում, Վարչական դատարանը կատարել է միայն պատժիչ քննություն և չի անդրադարձել այդ հարցի որոշման համար կարևոր բոլոր հանգամանքներին, որոնց արդյունքում դիմումատուն իր գործի առանձնահատուկ հանգամանքների համատեքստում զրկվել է այն արդյունավետ պաշտպանությունից, որից նա պետք է օգտվեր Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն: Միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ ՎԻՕ-ի 37-րդ հոդվածի այդպիսի կիրառումը եղել է բավարար չափով կանխատեսելի այդ գործի առանձնահատուկ հանգամանքների համատեքստում:

44. Վերոնշյալ դիտարկումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ դիմումատուի գույքից անարգել օգտվելուն միջամտությունը չի եղել օրինական՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով:

45 Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

46. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

Ա. Վնասը

 

47. Դիմումատուն պահանջել է 17 380 000 ՀՀ դրամ (համարժեք է 45 306.21 եվրոյի)՝ որպես նյութական վնասի փոխհատուցում։ Այդ գումարի մեջ մտնում է այն երեք բնակարանների գնահատված արժեքը, որոնք նա կորցրել է նշանակված տույժի արդյունքում, և իր բռնագանձված աշխատավարձի չափը (տե՛ս վերևում՝ 18-րդ, 19-րդ և 21-րդ պարբերությունները): Նա նաև պահանջել է 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

48. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի նյութական պահանջները։ Նախ այն պնդել է, որ դիմումատուն իրավունք ուներ պահանջելու ոչ թե իր բնակարանների գնահատված արժեքը, այլ հրապարակային աճուրդներում դրանց փաստացի վաճառքի գինը: Բացի այդ, երրորդ բնակարանը պատկանել է դիմումատուին իր ընտանիքի անդամների հետ համատեղ սեփականության իրավունքով, և հետևաբար դիմումատուն կարող էր պահանջել միայն այդ բնակարանում իր բաժնեմասի չափը:

49. Դատարանը գտնում է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իր իրավունքներին միջամտելու արդյունքում դիմումատուն կրել է նյութական վնաս: Մասնավորապես, բռնագրավվել են նրան պատկանող երկու բնակարանները, երրորդ բնակարանում նրա ունեցած բաժնեմասը և նրա աշխատավարձի մի մասը՝ նշանակված տույժի վճարման նպատակով: Ինչ վերաբերում է առգրավված բնակարանների համար փոխհատուցման ենթակա գումարին, ապա Դատարանը համաձայն չէ Կառավարության հետ և համարում է, որ դիմումատուին պետք է տրվի փոխհատուցում իր իրական կորստի համար, ինչպես արտացոլվել է հարկադիր կատարողի որոշմամբ կատարված՝ այդ բնակարանների գնահատումներում, այլ ոչ թե այն գումարի չափով, որը համապատասխան մարմիններին հաջողվել է ստանալ հրապարակային աճուրդների միջոցով այդ բնակարանների հարկադիր վաճառքի արդյունքում: Ինչ վերաբերում է երրորդ բնակարանի վերաբերյալ Կառավարության փաստարկին, ապա Դատարանը համաձայն է, որ դիմումատուին պետք է տրվի փոխհատուցում այդ բնակարանում իր բաժնեմասին համարժեք գումարի չափով: Այսպիսով, հաշվի առնելով իր մոտ եղած բոլոր նյութերը՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 20 800 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:

50. Դատարանը նաև գտնում է, որ դիմումատուի գույքին ապօրինի միջամտության արդյունքում նա կրել է ոչ նյութական վնաս: Հետևաբար Դատարանն այս մասով դիմումատուին շնորհում է 3 000 եվրո։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

51. Դիմումատուն նաև պահանջել է 1 200 000 ՀՀ դրամ (3 128 եվրո) ներպետական դատարաններում կրած դատական ծախսերի համար՝ ներկայացնելով իր իրավաբանի հետ կնքած պայմանագրի պատճենը։

52. Կառավարությունը պնդել է, որ ծախսերի և ծախքերի մասով դիմումատուի պահանջը պետք է մերժվի՝ պատշաճ կերպով հիմնավորված չլինելու պատճառով։

53. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 2 000 եվրո՝ որպես ներպետական վարույթի շրջանակներում կրած ծախսերի ու ծախքերի փոխհատուցում։

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

54. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝

(i) նյութական վնասի դիմաց՝ 20 800 եվրո (քսան հազար ութ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

(ii) ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

(iii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

 

Աբել Կամպոս
Քարտուղար

Քսենյա Տուրկովիչ
Նախագահ