Գլխավոր տեղեկություն
Համար
N 68
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (26.08.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.15/22(405)
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
26.08.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան

N 68

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով այն, որ.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը,

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն կուսակցությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել հավաքներ և հանրային միջոցառումներ, ազատորեն տեղեկություններ տարածել իր գործունեության վերաբերյալ, քարոզել իր նպատակներն ու խնդիրները, մասնակցել պետական և տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը,

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու և խոսքի ազատության իրավունք,

 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումներ է ընդունում միայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընկալմամբ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի դրույթները բացառում են այդ օրենքի դրույթների գործողությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության դրույթների կիրառման բնագավառում հարցեր չեն ծագել, այն պետք է ընկալել դրանում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը կարգավորում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացվող քարոզչության ընթացքում ծագող հարաբերությունները, իսկ այլ ժամանակահատվածում քարոզչությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան