Գլխավոր տեղեկություն
Համար
N 190
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.03.1999-25.03.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2004

040.0190.30.03.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 1999 թվականի N 190
քաղ. Երևան

 

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 59 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 30-ի N 190 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Երկակի նշանակության ապրանքների ԵՎ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի

I. Ընդհանուր դրույթներ

1. Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) կոչված է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը և ապահովելու միջազգային պարտավորությունների կատարումը երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության ոլորտում:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

II. Հանձնաժողովի հիմնական խնդիրները եվ գործառույթները

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունից զանգվածային ոչնչացման զենքի ու դրա հրթիռային փոխադրման միջոցների ստեղծման համար կիրառվող երկակի նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման կարգավորումը.

բ) իրավաբանական և ֆիզիկական անձանցից յուրաքանչյուրի հայտի և աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա երկակի նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների Հայաստանի Հանրապետությունից արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրումը թույլատրելու կամ արգելելու վերաբերյալ եզրակացությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը.

գ) անհրաժեշտության դեպքում փորձաքննության կազմակերպումը և զանգվածային ոչնչացման զենքի ու դրա հրթիռային փոխադրման միջոցների և դրանց ստեղծման համար կիրառվող հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների անվանացանկում կատարվող փոփոխություններն ու լրացումները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

դ) այլ պետությունների համապատասխան մարմինների հետ համագործակցումը.

ե) հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերով միջազգային համաժողովներին մասնակցությունը.

զ) իր իրավասության սահմաններում այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

4. Հանձնաժողովը ներկայացնում է նախագծերի երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանմանն ու տարանցիկ փոխադրմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի ստեղծման վերաբերյալ:

5. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իրավասու է հանձնաժողովի աշխատանքներում ներգրավելու մասնագետների:

 

III. Հանձնաժողովի կազմը եվ գործունեության կազմակերպումը

 

6. Հանձնաժողովի կազմը (այդ թվում` հանձնաժողովի նախագահը, աշխատանքային խմբի ղեկավարը և հանձնաժողովի քարտուղարը) հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:

7. Հանձնաժողովը ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը: Աշխատանքային խմբի կազմը (այդ թվում` աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալը և քարտուղարը) նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

8. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով:

10. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում է դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

գ) ստորագրում է հանձնաժողովի եզրակացությունը, դրա գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.

դ) ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում ու միջազգային հանձնաժողովներում.

ե) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

Հանձնաժողովը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

11. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հանձնաժողովի որոշմամբ, կատարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

12. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ:

Հանձնաժողովի քարտուղարը հաշվետու է հանձնաժողովին:

 

IV. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

13. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

14. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու այլ նյութեր ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: