Գլխավոր տեղեկություն
Համար
N 85
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.02.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 1999 թվականի N 85
քաղ. Երևան

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 1999 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) ապահովել մամուլում և զանգվածային լրատվության միջոցներով 1999 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի լուսաբանումը բնակչության շրջանում.

բ) երկշաբաթյա ժամկետում, 1999 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` 1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների վերաբերյալ:

3. 1999 թվականի հունվարի 1-ից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և ծառայություններն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» N 174 որոշմամբ սահմանված պայմաններով և ծավալներով (NN 2, 3, 4 և 5 հավելվածներ):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Առողջապահական պետական նպատակային ծրագրերն ամենամյա ծրագրեր են, որոնք նպատակաուղղված են բնակչության առողջության պահպանմանը և որոնց ֆինանսավորումն արտացոլված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում:

1999 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը կազմված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին, օրենսդրական ակտերին և միջազգային պարտավորություններին համապատասխան` հաշվի առնելով բնակչության առողջության ներկա վիճակը և առողջության պահպանման խնդիրներն ու գերակայությունները, առողջապահության համակարգի ներուժը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի իրական հնարավորությունները, երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու զարգացման հեռանկարները:

1999 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի հիմնական խնդիրներն են`

բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը.

առավել տարածված և սոցիալական կախվածություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը.

անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը.

մոր և մանկան առողջության պահպանումը.

բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ապահովումը:

1999 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն են`

Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման պետական նպատակային ծրագիրը

Բնակչության առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրը

Երեխաների բժշկական օգնության պետական նպատակային ծրագիրը

Մանկաբարձագինեկոլոգիական օգնության պետական նպատակային ծրագիրը

Բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագիրը

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի պետական նպատակային ծրագիրը

Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի պետական նպատակային ծրագիրը

Բնակչության անհետաձգելի բժշկական օգնության պետական նպատակային ծրագիրը

Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագիրը

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 85 որոշմամբ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը եվ նպատակները

 

Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը պետական կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման գործում:

Վերջին տարիներին ընդլայնված բնակչության տեղաշարժերը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նպաստել են հիգիենիկ և համաճարակային վիճակի լրացուցիչ լարվածությանը, հանրապետությանը ոչ բնորոշ տարափոխիկ հիվանդությունների ներթափանցմանը: Օրինակ, մալարիայով հիվանդացությունը 1998 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է մոտավորապես 4 անգամ, արձանագրվել է խոլերայի համաճարակի բռնկում` նախորդ տասը տարում այդ հիվանդության բացակայության պայմաններում: Հանրապետությունում արձանագրվում են բազմաթիվ տարափոխիկ հիվանդություններ, սննդային և այլ բնույթի թունավորումներ:

Ելնելով վերոհիշյալից` սույն ծրագիրը նպատակ ունի երկրում ապահովելու հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը, բնակչության առողջության պահպանումը և հիվանդությունների կանխարգելումը, հասարակական առողջապահության համակարգի զարգացումը:

Ծրագրի իրականացումը ենթադրում է հետևյալ հիմնական խնդիրների լուծումը`

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության միջոցառումների իրականացման ապահովումը.

տարափոխիկ հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ ուսումնասիրությունների կազմակերպումը.

բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական կանոնակարգումը.

հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի և կանոնների համակարգի ստեղծումը.

բնակչության` հիգիենայի վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացումը:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումները

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Նախազգուշական և ընթացիկ սանիտարական հսկողության գծով`

ա) կառուցվող և վերակառուցվող օբյեկտների, բնակավայրերի հատակագծման և կառուցապատման, արդյունաբերական արտադրանքների, ներդրվող նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի և պարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների և հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծման նկատմամբ նախազգուշական հսկողության իրականացումը.

բ) գործող օբյեկտների, խմելու ջրի, ջրամատակարարման ցանցի, մթնոլորտային օդի, հողի աղտոտման աղբյուրների և ոչ բարենպաստ ֆիզիկական գործոնների, արտադրական հումքի և սննդամթերքների փորձաքննության, փակ շինությունների օդային միջավայրի և աշխատանքային գոտու օդի, մարդու վրա շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների ազդեցության ու այլնի նկատմամբ ընթացիկ սանիտարական հսկողության իրականացումը:

2. Համաճարակաբանական հսկողության գծով`

ա) զանգվածային և առավել տարածված տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը.

բ) հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման և դրանց նկատմամբ հսկողության ապահովումը:

3. Հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի և կանոնների համակարգի կատարելագործման գծով`

հանրապետական հիգիենիկ և համաճարակաբանական կանոնների և նորմերի մշակումը, վերանայումը և սահմանված կարգով հաստատումը:

4. Բնակչության հիգիենայի վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացման գծով`

բնակչության շրջանում առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչության, հիվանդությունների կանխարգելման ուսուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տարածման աշխատանքների իրականացումը:

5. Բնակչության իմունիզացիայի գծով`

ա) պոլիոմիելիտի, դիֆթերիայի, կարմրուկի, կապույտ հազի, փայտացման, տուբերկուլյոզի, էպիդեմիկ պարոտիտի և, անհրաժեշտության դեպքում, այլ հիվանդությունների դեմ պատվաստումների համալիր միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը` ապահովելով համապատասխան խմբերի հնարավոր առավելագույն ընդգրկումը և պատվաստումների ընթացքի նկատմամբ շարունակական հսկողության իրականացումը.

բ) համաճարակային անբարենպաստ պայմանների և վարակի ներբերման վտանգի առաջացման դեպքերում զանգվածային պատվաստումների արշավների անցկացման ապահովումը.

գ) պատվաստանյութերի արդյունավետ սառցային շղթայի ստեղծման միջոցառումների իրականացումը` ներառյալ պատվաստում կատարող բոլոր բուժհիմնարկներում սառնարանային սարքավորումների տեղադրումը, պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման ընթացքում ջերմային ռեժիմի հսկողության ուժեղացումը, պահանջվող պատվաստանյութերի ժամանակին մատակարարումը:

6. Համաճարակաբանական հատուկ ծրագրերի գծով`

Հաշվի առնելով հանրապետությունում ներկայումս տիրող համաճարակային պայմանները և առկա խնդիրները` բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման 1999 թվականի պետական նպատակային ծրագրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կամ 1999 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվելիք հետևյալ ծրագրերը`

Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման ծրագիր

Խոլերայի դեմ պայքարի և կանխարգելման ծրագիր

Հատուկ վտանգավոր վարակների դեմ պայքարին նպատակաուղղված կարանտինային համակարգի ստեղծման ծրագիր:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 85 որոշմամբ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը եվ նպատակը

 

Բնակչության բժշկական օգնության հետ կապված խնդիրների շուրջ 70 տոկոսն առնչվում է առողջության առաջնային պահպանման օղակին: Այդ իսկ առումով առողջության առաջնային պահպանումը և դրա իրականացման կարևորագույն օղակը` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունը, պետք է գերակայող դեր ունենա առողջապահության համակարգում:

Ծրագրի նպատակն է բնակչության բժշկական օգնության ընդհանուր ծավալում բուժկանխարգելիչ օգնության առաջնային օղակի դերի բարձրացման, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացման, բժշկական օգնություն ստանալու մատչելիության բարձրացման, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից իրականացվող բուժօգնության տեսակների և դրա տեսակարար կշռի մեծացման ապահովումը:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումները

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

ա) բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների բժշկական օգնության և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտի (տեղամասային մանկաբույժի) և ընտանեկան բժշկի կողմից.

բ) առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության գիտելիքների բարձրացման միջոցառումների կազմակերպումը տեղամասային թերապևտի (տեղամասային մանկաբույժի) և ընտանեկան բժշկի կողմից.

գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժխորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի.

դ) հիվանդությունների արդյունավետ ախտորոշման և բուժման կազմակերպման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի.

ե) նախազորակոչային տարիքի անձանց (16 և 17 տարեկան պատանիներ) զննումը ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների (թերապևտ, վիրաբույժ, նևրոպաթոլոգ, օթոլարինգոլոգ, ակնաբույժ, ստոմատոլոգ, անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետներ) մասնակցությամբ.

զ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում զորակոչային տարիքի անձանց զննման, անհրաժեշտ նեղ մասնագիտական խորհրդատվությունների և լաբորատոր-կլինիկական հետազոտությունների կազմակերպումը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկի համաձայն արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց տեղամասային թերապևտի (տեղամասային մանկաբույժի) և ընտանեկան բժշկի միջոցով անհրաժեշտ դեղորայքով ապահովումը.

ը) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բուժվող որոշակի խմբի հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բուժհիմնարկներում` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.

թ) գյուղական բնակավայրերում բուժակամանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության և սպասարկման իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի.

ժ) մինչև 15 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության ապահովումը` համաձայն երեխաների բժշկական օգնության 1999 թվականի պետական նպատակային ծրագրի.

ժա) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով համաձայն մանկաբարձագինեկոլոգիական օգնության 1999 թվականի պետական նպատակային ծրագրի.

ժբ) բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության ապահովումը համաձայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության 1999 թվականի պետական նպատակային ծրագրի.

ժգ) առողջության առաջնային պահպանման օղակի նյութատեխնիկական բազայի և կադրային ներուժի ամրապնդման ու զարգացման միջոցառումների իրականացումը` համաձայն Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով 1999 թվականին իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրի:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 85 որոշմամբ

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը եվ նպատակները

 

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պայմաններում, որպես օրենք, առաջին հերթին կարևորվում է կանանց և երեխաների առողջության պահպանման խնդիրը: Աշխարհում շաբաթական ավելի քան քառորդ միլիոն երեխա մահանում է թերսնումից և հիվանդություններից, այդ թվում` 6 հազարը` փորլուծից, 8 հազարը` կառավարելի վարակիչ հիվանդություններից և 6 հազարը` թոքաբորբից: Այդ պատճառով մոր ու մանկան կեցության և առողջության հիմնահարցերը մշտապես գտնվել են աշխարհի առաջադեմ հանրության և պետությունների ուշադրության կենտրոնում:

Հայաստանում կանանց և երեխաների առողջության պահպանման խնդիրները ևս գտնվում են պետության հովանավորության ներքո, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

Վերջին տարիներին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումն իր արտացոլումն է գտել հանրապետության ժողովրդագրական և առողջապահական ցուցանիշներում, ինչը, մասնավորապես, բնորոշվում է`

ծնելիության մոտավորապես կրկնակի, իսկ բնական աճի` եռակի անկմամբ,

մանկական մահացության ցուցանիշի անկման զգալի նվազմամբ,

առանձին հիվանդությունների գծով (հատկապես սոցիալական կախվածություն ունեցող և տարափոխիկ) հիվանդացության ցուցանիշների աճով:

Հատկապես ծանր է բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված մանկահասակ բնակչության վիճակը, որոնց բուժօգնության ապահովումն առավել գերակայող խնդիր է: Առաջնահերթ են նաև հիվանդությունների կանխարգելման, պատվաստումների իրականացման, ինչպես նաև առողջ երեխայի հսկողության խնդիրները, որոնք առավելագույնս արտահայտված են առողջության առաջնային պահպանման օղակում:

Ծրագրի նպատակը երեխաների բժշկական օգնության կազմակերպման և մատչելիության, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման ապահովումն է` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումները

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Առողջության առաջնային պահպանման գծով`

ա) տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 15 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության իրականացումը հետևյալ ծավալներով`

առողջ երեխայի հսկողություն` աճի ու զարգացման գնահատմամբ,

հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ` ներառյալ պատվաստումների իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի,

հիվանդությունների վաղ հայտնաբերում և հիվանդ երեխայի բուժօգնության` ներառյալ մինչև 8 տարեկան և հաշմանդամ երեխաների համար տնային կանչերի ապահովում,

քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների շարունակական հսկողություն,

ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանք` երեխայի խնամքի, սնման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով.

բ) նեղ մասնագետների խորհրդատվությունների, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը, ինչպես առողջ երեխայի հսկողության ընթացքում, այնպես էլ հիվանդությունների առկայության դեպքում` համաձայն գործող սխեմաների.

գ) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բուժսպասարկման ապահովումը` տարածքային պոլիկլինիկայի հսկողության և ղեկավարման ներքո.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկի համաձայն արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին անհրաժեշտ դեղորայքով ապահովումը տեղամասային մանկաբույժի և ընտանեկան բժշկի միջոցով.

ե) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բոլոր մասնագետների, այդ թվում` տեղամասային մանկաբույժի և ընտանեկան բժշկի կողմից` նաև տանը, երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական վիճակից.

զ) երեխաների (ռիսկի տարիքային խմբերում) ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման իրականացումը մասնագիտացված ստոմատոլոգիական բուժհաստատությունների կողմից, ինչպես նաև ստոմատոլոգիական բուժօգնություն` մինչև 8 տարեկան և, անկախ տարիքից, բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված երեխաներին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

2. Հիվանդանոցային բժշկական օգնության գծով`

ա) մինչև 8 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` անկախ հիվանդության ախտորոշումից և երեխայի սոցիալական վիճակից.

բ) սոցիալական կախվածություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան, ուռուցքային, վարակիչ, այդ թվում` նաև տուբերկուլյոզ) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` անկախ երեխայի տարիքից և սոցիալական վիճակից.

գ) 8-15 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի.

դ) բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` անկախ երեխայի տարիքից և հիվանդության ախտորոշումից, այդ թվում` բժշկական հատուկ ցուցումներով վերականգնողական բուժումը մանկական առողջարաններում և վերականգնողական կենտրոններում:

3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող որոշակի խմբերի երեխաների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 85 որոշմամբ

 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը եվ նպատակները

 

Վերարտադրողական առողջության պահպանման և մայրության հովանավորության հարցերը եղել և մնում են պետության մշտական հոգածության առարկան: Պետական քաղաքականության այդ ոլորտն էլ ավելի է կարևորվում երկրի սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված խնդիրների հասունացմանը զուգընթաց, որոնց համար վերջին տարիներին բնութագրական են`

ծնելիության իջեցումը և վերարտադրողական վարքագծի փոփոխությունը (ընտանիքում քիչ թվով երեխաներ ունենալու միտում),

մայրական մահացության բարձր մակարդակը (թեև այն շարունակում է նվազել, սակայն մոտավորապես 4 անգամ գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը),

մանկական մահացության միջին բարենպաստ ցուցանիշի պարագայում շուրջծննդյան (պերինատալ) մահացության աստիճանական աճը,

վերարտադրողական օրգանների նախաքաղցկեղային և չարորակ նորագոյացությունների աճը` բարձիթողի դեպքերի մեծ տեսակարար կշռով,

չբերության ցուցանիշի բարձր մակարդակը` հատկապես երկրորդային ամլության մեծ տեսակարար կշռով,

հղիության արհեստական ընդհատման բարձր ցուցանիշը,

նախածննդյան բժշկական օգնության կազմակերպման ցածր որակը:

Ծրագրի նպատակը մայրության հովանավորման, ծննդօգնության և ընտանիքի պլանավորման ծառայությունների մատչելիության ապահովումն է` ուղղված մայրական և շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների աճի կանխմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումները

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Առողջության առաջնային պահպանման գծով`

ա) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում

մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից`

հղիության և հետծննդյան շրջանի հսկողության իրականացումը,

կանանց գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը,

մանկաբարձ-գինեկոլոգի և նեղ մասնագետների կողմից հղիության ախտաբանության վաղ հայտնաբերման և բուժման ապահովումը,

բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված կանանց գինեկոլոգիական հիվանդությունների բուժման և շարունակման հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից.

բ) հղի կանանց նախածննդյան հսկողության ընթացքում անհրաժեշտ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.

գ) ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը:

2. Հիվանդանոցային բժշկական օգնության գծով`

ա) ընդհանուր և մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցներում հղի կանանց և ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը հետևյալ ծավալներով`

հղի կնոջ նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը` հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,

հղի կանանց և ծննդկանների ծննդալուծման և հետծննդյան խնամքն ու բուժումը.

բ) անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը կանանց գինեկոլոգիական հիվանդությունների առկայության դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի.

գ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցներում հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով` համաձայն գործող կարգի.

դ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցներում բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը` ըստ գործող կարգի:

 3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող հղի կանանց, ծննդկանների և գինեկոլոգիական որոշակի խմբի հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 85 որոշմամբ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը եվ նպատակը

 

Յուրաքանչյուր երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը հատկապես բացասաբար է անդրադառնում բնակչության առավել անպաշտպան խավի` երեխաների, ծերերի, հաշմանդամների առողջության պահպանման խնդիրների վրա, որն արտահայտվում է հիվանդությունների ավելացմամբ, մահացության դեպքերի աճով: Ելնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա վիճակից` պետության դերը բնակչության, առավել անապահով խավի սոցիալական պաշտպանվածության հարցերի, մասնավորապես, առողջության պահպանման խնդիրների լուծման գործում հատուկ կարևորություն է ստանում:

Ծրագրի նպատակը բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման առավելագույնս ապահովումն է: Ծրագիրը նախատեսում է կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ամենալայն ծավալ հիվանդությունների բոլոր հիմնական խմբերի գծով, առողջապահական պետական համակարգի բոլոր օղակներում:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումները

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) տեղամասային թերապևտի (տեղամասային մանկաբույժի), ընտանեկան բժշկի կողմից բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության իրականացումը, ինչպես անբուլատոր-պոլիկլինիկական, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, տնային պայմաններում.

բ) անհրաժեշտ նեղ մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության իրականացումը` բժշկական ցուցումներին համապատասխան.

գ) անհրաժեշտ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկի համաձայն արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց անհրաժեշտ դեղորայքով ապահովումը.

ե) բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց ստոմատոլոգիական բուժօգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը:

2. Հիվանդանոցային բժշկական օգնության գծով`

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցներում բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը` անկախ հիվանդության ախտորոշումից:

3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

Ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող որոշակի խմբերի հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Ց Ա Ն Կ

 

անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով խմբերի

 

1. 1-ին խմբի հաշմանդամներ

 

2. 2-րդ խմբի հաշմանդամներ

 

3. 3-րդ խմբի հաշմանդամներ

 

4. Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

 

5. Միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան)

 

6. Ծնողազուրկ երեխաներ (միակողմանի և երկկողմանի` մինչև 18 տարեկան)

 

7. Մինչև 16 տարեկան հաշմանդամներ

 

8. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքի երեխաներ

 

9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքներ

 

10. Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

 

11. Բռնադատվածներ

 

12. Բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողովներում առաջնակի քննվողներ

 

13. Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան)

____________

 

Ծանոթագրություն:  

Բացառությամբ բժշկական օգնության հետևյալ տեսակների` կոսմետոլոգիական միջամտություն, օրգանների փոխպատվաստում, արհեստական օրգանների և հյուսվածքների պատվաստում, ատամնաբուժության մեջ` թանկարժեք մետաղների և մետաղակերամիկայի օգտագործում:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 85 որոշմամբ

 

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը եվ նպատակները

 

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի լարվածությամբ, բնակչության տեղաշարժի ակտիվացմամբ, լայնամասշտաբ հակահամաճարակային միջոցառումների անցկացման դժվարություններով և մի շարք այլ անբարենպաստ գործոնների ազդեցությամբ պայմանավորված` վերջին տարիներին սրվել է վիճակը` վարակիչ որոշ հիվանդությունների տարածման առումով: Ի հայտ են եկել երկար տարիներ չարձանագրված մալարիայի, խոլերայի, դիֆթերիայի դեպքեր, աճել է սուր աղիքային հիվանդություններով, որովայնային տիֆով, պարատիֆով, վիրուսային հեպատիտով, բրուցելյոզով հիվանդների թիվը: 1998 թվականին, 1993 թվականի համեմատությամբ, սուր աղիքային վարակիչ հիվանդությունների թիվն աճել է 30 տոկոսով, այդ թվում` բակտերիալ դիզենտերիաները` շուրջ 40 տոկոսով: Վերջին տարիներին վիրուսային հեպատիտով հիվանդացության տարեկան աճը կազմում է շուրջ 10 տոկոս, իսկ սուր պարոտիտով հիվանդացության դեպքերը 1993 թվականի համեմատությամբ ավելացել են 3 անգամ:

Նկատվում է տուբերկուլյոզով հիվանդացության աճի միտում: Սկսած 1993 թվականից` հանրապետությունում տուբերկուլյոզի աճի տեմպերը տարեկան կազմում են 10-15 տոկոս: Արձանագրվում է տուբերկուլյոզի բարձիթողի ձևերի, «ընտանեկան» տուբերկուլյոզի դեպքերի ավելացում: ԱՊՀ անդամ պետություններում դիտարկվում են նաև տուբերկուլյոզի նոր` չարորակ և ագրեսիվ զարգացում ունեցող ձևեր, որոնց բուժումը դուրս է մնում հաստատված սխեմաների շրջանակներից, և որոնք միևնույն ժամանակ վարակի տարածման խիստ վտանգավոր աղբյուրներն են:

Արձանագրվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեպքերի աճի միտում: Վերջին տարիներին այդ հիվանդությունների տարեկան աճը կազմում է շուրջ 20 տոկոս և 1993 թվականի համեմատությամբ հանգեցրել է հիվանդացության մոտավորապես 2 անգամ աճի: Նկատվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների երիտասարդացում: Ավելացել է քրոնիկ և ձգձգված շրջաններով ընթացող հիվանդությունների թիվը, գրանցվում են բնածին սիֆիլիսի դեպքեր, որոնք տարիներ շարունակ բացակայում էին: Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների աճը մեծացնում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՍՊԻԴ) վարակվելու վտանգը:

Վարակիչ հիվանդությունները դասվում են սոցիալական կախվածություն ունեցող հիվանդությունների շարքը, և Հայաստանում, ինչպես աշխարհում ընդհանուր առմամբ, դրանց դեմ պայքարը պետական հոգածություն պահանջող կարևորագույն առողջապահական խնդիրներից է:

Ծրագրի նպատակներն են`

վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման, հիվանդների բուժօգնության կազմակերպման, շարունակական հսկողության, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչության ապահովումը.

տուբերկուլյոզի կանխարգելման, մահացության դեպքերի նվազեցման, հիվանդացության ցուցանիշի կայունացման համալիր բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացումը.

սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխման և նվազեցման միջոցառումների իրականացումը:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումները

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Առողջության առաջնային պահպանման գծով`

ա) ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում տեղամասային թերապևտների (տեղամասային մանկաբույժների) և ընտանեկան բժիշկների կողմից, ըստ գործող կարգի, վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների և հիվանդների բժշկական օգնության իրականացումը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում նոր նախատեսվող վարակիչ կաբինետների միջոցով`

վարակիչ հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության և շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը.

բնակչության` հիգիենայի վերաբերյալ գիտելիքների բարձրացման շարունակական աշխատանքների իրականացումը բնակչության շրջանում.

առանձին վարակիչ հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ.

գ) մեծահասակների պոլիկլինիկաներում հակատուբերկուլյոզային (ֆթիզիատրիկ) նոր նախատեսվող կաբինետների միջոցով.

տուբերկուլյոզով հիվանդների բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը.

նոր հայտնաբերված բոլոր հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը` համաձայն գործող սխեմաների.

բնակչության պատվաստումների իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված համապատասխան ծրագրի.

տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլյոզին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիների լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.

տուբերկուլյոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի ֆլյուորագրաֆիկ հետազոտությունների իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.

ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժվող հիվանդներին անհրաժեշտ հակատուբերկուլյոզային դեղորայքով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.

դ) մեծահասակների պոլիկլինիկաներում նոր նախատեսվող մաշկավեներաբանական նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով`

սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման, կանխման, կոնտակտավորների ստուգման, անհրաժեշտության դեպքում, կանխարգելիչ բուժման կազմակերպման աշխատանքների իրականացումը.

հիվանդների շարունակական հսկողության իրականացումը, մաշկավեներաբանական դիսպանսերների հետ կապի ապահովումը.

հղիների, զորակոչային տարիքի անձանց, սննդի օբյեկտների, վարսավիրանոցների, մանկական հաստատությունների աշխատողների և դեկրետային խմբերին պատկանող այլ անձանց մասնագիտացված հետազոտությունների անցկացման ապահովումը` սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (հատկապես սիֆիլիսը) վաղ հայտնաբերելու նպատակով:

2. Հիվանդանոցային օգնության գծով`

ա) ընդհանուր և մասնագիտացված վարակիչ բնույթի հիվանդանոցներում, բաժանմունքներում հիվանդներին ցույց տրվող համապատասխան բուժօգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվող հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի.

բ) նոր հայտնաբերված տուբերկուլյոզով հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը` առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, ըստ գործող սխեմաների.

գ) տուբերկուլյոզով քրոնիկ հիվանդների երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի ապահովումը.

դ) մասնագիտացված առողջարաններում տուբերկուլյոզով հիվանդների սոցիալական, բժշկական, հոգեբանական և աշխատանքային վերականգնման ապահովումը.

ե) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձանց մասնագիտացված բուժման և համապատասխան հսկողության կազմակերպումն ու ապահովումը մաշկավեներաբանական դիսպանսերներում:

3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող որոշակի խմբերի վարակիչ հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող այլ միջոցառումներ`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ` զինծառայողների ֆլյուորագրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ` ուղղիչ աշխատանքային գաղութներում, կալանավայրերում գտնվողների ֆլյուորագրաֆիկ հետազոտությունների, հայտնաբերված հիվանդների բուժման իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մասնակցությամբ դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում աշխատողների ֆլյուորագրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

դ) հասարակական կազմակերպությունների միջոցով միջոցառումների իրականացումը` ուղղված տուբերկուլյոզի դեմ պայքարի հիմնական խնդիրների լուծմանը, տուբերկուլյոզի համաճարակի կանխմանը, դրանով հիվանդացության և մահացության ցուցանիշների կայունացմանն ու իջեցմանը.

ե) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, այլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ` սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի փոխհամաձայնեցված բուժկանխարգելիչ համալիր այլ միջոցառումների իրականացումը:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը եվ նպատակները

 

Երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը, տեխնիկական առաջընթացը, քաղաքակենտրոնացումը (ուրբանիզացիա), արտաքին միջավայրի աղտոտումը, ապրելակերպի պայմանների փոփոխությունները հանգեցնում են մարդկանց ֆիզիկական և հոգեկան լրացուցիչ ծանրաբեռնվածության: Այս և այլ բացասական ռիսկի գործոններն ավելացնում են մարդու օրգանիզմի վրա սթրեսային ճնշումների ազդեցությունը և պատճառ դառնում այնպիսի հիվանդությունների թվի աճին, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, դիաբետը, հոգեկան հիվանդությունները, ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը և այլն:

Նշված հիվանդությունները ոչ միայն առողջապահական, այլ նաև սոցիալ-հիգիենիկ և տնտեսական մեծ խնդիր են հասարակության ու պետության համար: Դրանք պահանջում են երկարատև բուժում, հաշմանդամության պատճառ են դառնում, ինչի համար անհրաժեշտ է լինում գործադրել զգալի ֆինանսական և կադրային ներուժ:

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և աշխարհի երկրների մեծ մասում, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին դիտվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զգալի աճ: Դրանք այժմ երկրորդ տեղն են գրավում հիվանդացության և առաջին տեղը` մահացության պատճառների կառուցվածքում: Առաջնային հաշմանդամության կարգ ստանալու նպատակով բժշկասոցիալական փորձաքննության դիմողների մոտավորապես 25 տոկոսը սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապողներն են:

Դիտվում է նաև չարորակ նորագոյացություններով հիվանդությունների աճ: Հատկապես զգալի չափով աճել է ուշացած և բարձիթողի շրջանում հայտնաբերված հիվանդների թիվը: 1997 թվականին չարորակ նորագոյացություններով առաջին անգամ գրանցված հիվանդների ընդհանուր թվում բարձիթողի շրջանում հայտնաբերված դեպքերի տեսակարար կշիռը կազմել է 42 տոկոս` 1992 թվականի 30 տոկոսի դիմաց: Մահացության պատճառների կառուցվածքում չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը շարունակում է գրավել երկրորդ տեղը:

Անհանգստացնող է նաև դիաբետով հիվանդացության ցուցանիշը, որի տարեկան աճը կազմում է 4-5 տոկոս, իսկ դիաբետից մահացության ցուցանիշը վերջին 4 տարվա ընթացքում բարձրացել է մոտ 20 տոկոսով:

Հանրապետությունում զգալի թիվ են կազմում հոգեկան հիվանդները: Հիվանդությունների այս խմբին բաժին է ընկնում հաշմանդամության ընդհանուր թվի մոտավորապես 6 տոկոսը, ընդ որում, դեպքերի մոտավորապես երեք քառորդը գրանցվում է ծանր` առաջին և երկրորդ խմբերի, հաշմանդամություն: Վիճակն ավելի է բարդանում ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի ազդեցությունից առաջացող հոգեկան սուր խանգարումների հետևանքով: Այդ գործոնները, հատկապես ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի օգտագործման աճը, հանգեցնում են ալկոհոլամոլության, թմրամոլության, թունամոլության (տոկսիկոմանիա) տարածվածության բարձրացմանը` սոցիալ-տնտեսական և առողջապահական համապատասխան հետևանքներով:

Ծրագրի նպատակն է իրականացնել համալիր միջոցառումներ` ուղղված սոցիալական հատուկ նշանակություն ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, հիվանդների բուժմանը և շարունակական հսկողությանը:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումները

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

 

Ա. Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում տեղամասային թերապևտների (մանկաբույժների) և ընտանեկան բժիշկների կողմից, ըստ գործող կարգի, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման միջոցառումների և բժշկական օգնության իրականացումը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում սրտաբանական կաբինետների նախատեսումը` սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների մասնագիտացված բուժօգնությունը և շարունակական հսկողությունը կազմակերպելու նպատակով:

2. Անհետաձգելի բժշկական օգնության գծով`

ա) սիրտ-անոթային հիվանդություններով տառապող անձանց արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության իրականացումը` շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով.

բ) հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվող` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի.

գ) անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքի առաջատար մասնագետների ուժերով, մարզերում սիրտ-անոթային հիվանդությունների գծով բարձրորակ նեղ մասնագիտացված պլանային և անհետաձգելի բուժխորհրդատվական օգնության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի:

3. Բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և երեխաների բժշկական օգնության գծով`

ա) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և մինչև 15 տարեկան երեխաների լաբորատոր ու գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի.

բ) բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և մինչև 8 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտացված բնույթ (պրոֆիլ) ունեցող հիվանդանոցներում և բաժանմունքներում.

գ) սիրտ-անոթային հիվանդությունների գծով մասնագիտացված մանկական առողջարաններում բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված երեխաների վերականգնողական բուժման ապահովումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ցանկի համաձայն արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց դեղորայքով ապահովումը` տեղամասային թերապևտի (մանկաբույժի) և ընտանեկան բժշկի միջոցով:

4. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող սիրտ-անոթային հիվանդների որոշակի խմբերի համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Բ. Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ`

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) տեղամասային թերապևտների (մանկաբույժների), ընտանեկան բժիշկների, մանկաբարձ-գինեկոլոգների, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության այլ մասնագետների կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված բնակչության շրջանում չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառների վերաբերյալ բժշկահիգիենիկ գիտելիքների մակարդակի և զգոնության բարձրացմանն ու նորագոյացությունների վաղ հայտնաբերմանը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում ուռուցքաբանական նեղ մասնագիտական կաբինետների, դրանց կողմից չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հակաուռուցքային դիսպանսերի հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև, ըստ գործող կարգի, հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը.

գ) հակաուռուցքային դիսպանսերներում նորագոյացություններով հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

դ) անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքի առաջատար մասնագետների ուժերով, մարզերում ուռուցքաբանական նեղ մասնագիտացված բուժխորհրդատվական օգնությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի:

2. Հիվանդանոցային օգնության գծով`

չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրաբուժական, ախտանշանային, քիմիաթերապևտիկ, ճառագայթային բուժման ապահովումը մասնագիտացված հակաուռուցքային դիսպանսերում և ուռուցքաբանական գիտական կենտրոնում, իսկ անհետաձգելի դեպքերում` նաև հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքներում:

3. Դեղորայքի ապահովման գծով`

հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի, մարզերի հակաուռուցքային դիսպանսերների ուռուցքաբանական կաբինետների միջոցով չարորակ նորագոյացություններով հիվանդներին անհրաժեշտ քիմիաթերապևտիկ և ցավազրկող դեղամիջոցներով ապահովումը կենտրոնացված գումարների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

4. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

հակաուռուցքային դիսպանսերում և ուռուցքաբանական գիտական կենտրոնում ամբուլատոր կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող որոշակի խմբերի հիվանդների հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Գ. Դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) տեղամասային թերապևտների (մանկաբույժների), ընտանեկան բժիշկների կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված բնակչության շրջանում դիաբետի կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգիական մասնագիտացված կաբինետների նախատեսումը, դրանց կողմից դիաբետով հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը, հիվանդանոցների հետ կապի պահպանումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովման հարցերը.

գ) բնակչության առանձին խմբերի շրջանում դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաև շարունակական հսկողության տակ գտնվող հիվանդների օպտիմալ բուժման կազմակերպման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում համապատասխան ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

2. Հիվանդանոցային օգնության գծով`

ա) բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված դիաբետով հիվանդների համապատասխան բուժօգնության կազմակերպումը` հիվանդանոցների ընդհանուր թերապիայի և էնդոկրինոլոգիական բնույթի բաժանմունքներում.

բ) դիաբետով հիվանդների հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվող` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի:

3. Դեղորայքի ապահովման գծով`

պոլիկլինիկաների էնդոկրինոլոգիական կաբինետների միջոցով դիաբետով հիվանդներին անհրաժեշտ հակադիաբետիկ դեղամիջոցներով ապահովումը կենտրոնացված գումարների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

4. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող որոշակի խմբերի դիաբետով հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Դ. Հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ`

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) տեղամասային թերապևտների (մանկաբույժների), ընտանեկան բժիշկների կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված հոգեկան հիվանդությունների վաղ հայտնաբերմանը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում հոգենյարդաբանական նեղ մասնագիտական կաբինետների նախատեսումը, դրանց միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը, հոգեբուժական դիսպանսերների հետ կապի պահպանումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը.

գ) հոգեբուժական դիսպանսերներում և կենտրոններում հոգեկան հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը:

2. Հիվանդանոցային օղակում`

ա) հոգեկան հիվանդների հիվանդանոցային բուժման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի.

բ) հոգեկան հիվանդների հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվող` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի.

գ) հոգեկան հիվանդների հարկադիր հիվանդանոցային բուժման ապահովումը` ըստ գործող կարգի.

դ) հոգեբուժական հիվանդանոցներում և նյարդահոգեբուժական դիսպանսերներում քրոնիկ հոգեկան հիվանդների խնամքի ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված հիվանդանոցների և դիսպանսերների ցանկի.

ե) դատահոգեբուժական փորձաքննության կազմակերպման և իրականացման ապահովումը:

3. Դեղորայքի ապահովման գծով`

պոլիկլինիկաների հոգենյարդաբանական նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդներին անհրաժեշտ հոգեմետ դեղամիջոցներով ապահովումը` կենտրոնացված գումարների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

4. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող որոշակի խմբերի հոգեկան հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Ե. Թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ`

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա) տեղամասային թերապևտների (մանկաբույժների), ընտանեկան բժիշկների, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության այլ մասնագետների կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված բնակչության շրջանում թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման բացասական ազդեցությունների վերաբերյալ գիտելիքների մակարդակի և զգոնության բարձրացմանը.

բ) մեծահասակների պոլիկլինիկաներում մասնագիտացված ծառայության (կաբինետ, մասնագետ) նախատեսումը, դրա միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը, նարկոլոգիական դիսպանսերների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները.

գ) նարկոլոգիական դիսպանսերներում հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

դ) հանրապետական նարկոլոգիական դիսպանսերի մասնագետների ուժերով մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը:

2. Հիվանդանոցային օգնության գծով`

նարկոլոգիական դիսպանսերներում` թմրամոլությամբ, թունամոլությամբ, ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հիվանդանոցային բուժման ապահովումը:

3. Այլ միջոցառումների գծով`

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և այլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կիրականացնի թմրամոլության, թունամոլության և ալկոհոլամոլության դեմ պայքարի փոխհամաձայնեցված կանխարգելիչ համալիր միջոցառումներ:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 85 որոշմամբ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը եվ նպատակները

 

Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակով, սթրեսային գործոնների ավելացմամբ, կյանքի ընդհանուր ռիթմի արագացմամբ պայմանավորված տարեցտարի ավելանում է հիվանդությունների և վիճակների թիվը, որոնց դեպքում անհրաժեշտ է հիվանդներին ցույց տալ անհետաձգելի բժշկական օգնություն: Դրանք են սիրտ-անոթային համակարգի, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումները (սրտամկանի սուր ինֆարկտ, ինսուլտ), վիրաբուժական միջամտություն և վերակենդանացման միջոցառումներ պահանջող սուր վիճակները և այլն: Նշված դեպքերի շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում վնասվածքները, որոնք ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմում են 15 տոկոս, իսկ մահացության ցուցանիշը մահվան պատճառների կառուցվածքում գրավում է երրորդ տեղը: Ընդ որում, վնասվածքներից մահանում են երիտասարդ տարիքի աշխատունակ անձինք, որոնց մահացության ցուցանիշը մահացության պատճառների կառուցվածքում հասնում է 60 տոկոսի և զբաղեցնում առաջին տեղը: Առաջնային հաշմանդամության կառուցվածքում վնասվածքները զբաղեցնում են երկրորդ տեղը` սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից հետո, իսկ ընդհանուր հաշմանդամության կառուցվածքում կազմում են 20 տոկոս:

Անհետաձգելի վիճակներն առանձնանում են մարդու ախտաբանական այլ վիճակներից, քանի որ դրանք մեծ մասամբ ի հայտ են գալիս անսպասելի և, որպես կանոն, հանգեցնում են ծանր հետևանքների, հաշմանդամության, զգալի դեպքերում` նաև մահվան: Այդ խնդիրները ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալական հիմնահարցեր են, և դրանց լուծման հետ կապված բոլոր հոգսերը պետությունը վերցնում է իր վրա:

Ծրագրի նպատակն է` բժշկական բոլոր օղակներում բնակչության էտապային (մինչբժշկական, բժշկական, մասնագիտացված) բուժօգնության ապահովումը:

Անհետաձգելի վիճակների առաջնային կանխարգելման և բժշկական օգնության բոլոր միջոցառումները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, բնակչության բոլոր խավերի համար` անկախ տարիքից և սոցիալական պատկանելիությունից:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումները

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Առողջության առաջնային պահպանման գծով`

ա) բնակչության` բժշկահիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով` ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում, բոլոր մասնագետների կողմից բնակչության շրջանում դաստիարակչական, լուսավորչական աշխատանքների իրականացումը` ուղղված ինչպես առաջնային (միջոցառումներ վնասվածքներից, թունավորումներից և այլ անհետաձգելի վիճակներից խուսափելու համար), այնպես էլ երկրորդային կանխարգելմանը (առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով).

բ) բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում, անկախ սեփականության ձևից, անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջնային բժշկական օգնության ապահովումը.

գ) բոլոր պոլիկլինիկաներում վիրաբուժական, վնասվածքաբանական, սրտաբանական և այլ համապատասխան մասնագիտացված օգնության ապահովումը.

դ) համապատասխան որակյալ մասնագիտացված բուժօգնության ապահովումը` հատուկ ամբուլատոր ծառայության օղակում` վնասվածքաբանական կետերում:

2. Շտապ բժշկական օգնության գծով`

ա) հանրապետության ամբողջ տարածքում անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով` նեղ մասնագիտացված, ընդհանուր բժշկական (գծային), ֆելդշերական բրիգադների միջոցով.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքի առաջատար մասնագետների ուժերով, Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության շտապ անհետաձգելի արտագնա խորհրդատվությունների և հիվանդների անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը տեղերում:

3. Հիվանդանոցային օգնության գծով`

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի տարաբնույթ բոլոր հիվանդանոցներում (բաժանմունքներում) անհետաձգելի վիճակների համապատասխան բուժօգնության ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվող հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ցանկի:

4. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բուժօգնություն ստացող որոշակի խմբերի հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 85 որոշմամբ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1997 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ընկերակցության միջև ստորագրվեց զարգացման վարկի համաձայնագիր` Հայաստանի Հանրապետության ֆինանսավորման մեխանիզմների և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրի վերաբերյալ: Նշված համաձայնագիրը 1998 թվականի մարտի 2-ին վավերացրեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Ծրագիրը կաջակցի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) գծով իրականացվող բարեփոխումներին:

Ծրագրի խնդիրներն են`

առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակի, արդյունավետության ու մատչելիության բարձրացումը` ԱԱՊ իրականացնողներին` ընտանեկան բժշկության հիմունքներով կրթման և վերակրթման, նրանց պրակտիկ գործունեության ուղեցույցների մշակման ու ներդրման, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման հիմնարկների ենթակառուցվածքային փոփոխությունների և սարքավորումներով հագեցվածության բարելավման միջոցով.

պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը, դրանց վերահսկման մեխանիզմների կատարելագործումը` ներդնելով ֆինանսական կառավարման ժամանակակից մեթոդներ, որոնք հիմնված են բուժծառայողների փաստացի կատարած աշխատանքների դիմաց վճարման նոր մոտեցումների վրա.

պետական ֆինանսական միջոցների ծախսման նպատակայնության և արդյունավետության բարձրացումը` հիմնական ծառայությունների փաթեթի մշակման միջոցով.

տեղային առողջապահական խնդիրների գերակայությունների որոշման և առողջապահական հիմնական ծառայությունների պահպանման խնդրում համայնքների ակտիվ մասնակցության ապահովումը:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք հիմնական ենթածրագրերից.

Ա. Առողջության առաջնային պահպանման իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր) կրթում և վերապատրաստում` ընտանեկան բժշկության հիմունքներով.

Բ. Առողջության առաջնային պահպանման մակարդակում ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների վերանորոգում, վերականգնում և վերազինում.

Գ. Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավում:

 

1999 թվականին ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները

 

1999 թվականին ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներն են`

Ա ենթածրագրի գծով`

ա) Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ՊԲՀ), առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) ընտանեկան բժշկության ամբիոնների և բազային բժշկական ուսումնարանի (ԲԲՈՒ) ընտանեկան բուժքույրության ամբիոնի վերանորոգումը, կահավորումը և սարքավորումներով հագեցնելը, ինչպես նաև հմտությունների զարգացման լաբորատորիաների և գրադարանների ստեղծումը և դրանք դասավանդման նյութերով հագեցնելը.

բ) նշված ամբիոնների դասախոսական կազմի պատրաստումը` սահմանված կարգով ընտրված արտասահմանյան համալսարանների ընտանեկան բժշկության ամբիոններում.

գ) ընտանեկան բժշկության ամբիոններում և բազային բժշկական ուսումնարանում բազային, հետդիպլոմային և շարունակական կրթության ծրագրերի մշակումը` արտասահմանյան խորհրդատուների աջակցությամբ.

դ) հանրապետության ԱԱՊ հաստատություններում ընտանեկան բժշկության պրակտիկ գործունեության ուղեցույցների մշակումը, տպագրությունը և դրանց տարածումը:

Նշված գործունեության արդյունքում 1999 թվականի սեպտեմբերից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առաջին բժիշկ շրջանավարտները կսկսեն ընտանեկան բժշկության ծրագրով հետդիպլոմային մասնագիտացման` կլինիկական օրդինատուրայի երկամյա դասընթացը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բազային կրթության համակարգում կսկսվի ընտանեկան բժշկության հիմունքների դասավանդումը, առողջապահության ազգային ինստիտուտում գործող բժիշկներից և բուժքույրերից ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր պատրաստելու մեկամյա դասընթացները, բազային բժշկական ուսումնարանում դասավանդման ծրագրերի համապատասխանեցումն ընտանեկան բուժքույրերի պատրաստման պահանջներին:

Բ ենթածրագրի գծով`

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում կշարունակվեն 8 ամբուլատորիայի վերանորոգման, կահավորման, բժշկական սարքավորումներով ու այլ անհրաժեշտ միջոցներով ապահովման աշխատանքները` ընտրված ծրագրի իրականացման առաջին տարվա համար: Միևնույն ժամանակ հանրապետության մյուս 9 մարզերում և Երևանում միաժամանակ կսկսվի վերակառուցման և վերազինման ենթակա` ընտանեկան բժիշկների գրասենյակների և գյուղաբժշկական ամբուլատորիաների ընտրության գործընթացը` ըստ նախապես մշակված ընտրության չափանիշների: Այդ թվում` 4 մարզերում կսկսվեն ընտրված շուրջ 30 գյուղաբժշկական ամբուլատորիայի վերանորոգման և վերազինման աշխատանքները:

1999 թվականին այս ենթածրագրով իրականացված գործունեության արդյունքում շուրջ 150 000 գյուղական բնակչություն բարեկարգված և վերազինված առողջության առաջնային պահպանման հաստատություններում կօգտվի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններից:

Գ ենթածրագրի գծով`

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ֆինանսավորման բարելավման ենթածրագիրը ներառում է 4 բաղադրիչ`

ա) պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) հիմնում.

բ) հիմնական ծառայությունների փաթեթի (ՀԾՓ) մշակման մեթոդոլոգիայի բարելավում.

գ) բժշկական օգնություն իրականացնողների վճարման մեխանիզմների բարելավում.

դ) առողջապահության ֆինանսական-տեղեկատվական համակարգի բարելավում:

Նշված բաղադրիչների գծով բոլոր կառույցներն ու աշխատանքային խմբերն արդեն ստեղծված են:

1999 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բուժհաստատությունները կֆինանսավորի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը, որի կենտրոնական և մարզային կառույցներն արդեն ձևավորված են: 1999 թվականին կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության շենքի նորոգման, կահավորման, ֆինանսական-տեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ համակարգչային և ցանցային սարքերի ձեռքբերման ու տեղադրման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության անձնակազմի մասնագիտական վերապատրաստման աշխատանքները:

Ենթածրագրի այլ բաղադրիչների շրջանակներում 1999 թվականին իրականացվելու են`

ա) պետության կողմից երաշխավորված և բնակչությանն անվճար մատուցվող բժշկական ծառայությունների ցանկի մշակում.

բ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և հիմնավորումների մշակում.

գ) բուժօգնություն իրականացնողների վճարման մեխանիզմների կանոնակարգմանն ուղղված մշակումները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան