ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
(գանգատ թիվ 57129/10)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
23 մայիսի 2019թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի՝ 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Միրզոյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետեւյալ կազմով՝
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Թիմ Այքը [Tim Eicke],
Յովան Իլեւսկի [Jovan Ilievski],
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici]՝ դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2019 թվականի մարտի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Ռոբերտ Միրզոյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2010 թվականի սեպտեմբերի 22-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 57129/10) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Յ. Խաչատրյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:
3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ պետությունը չի պաշտպանել իր որդու կյանքը Հայաստանի Հանրապետության բանակում նրա պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Նա այնուհետև պնդել է, որ հնարավորություն չի ունեցել պետությունից փոխհատուցում պահանջելու որդու կորստի հետևանքով իր կրած ոչ նյութական վնասի համար:
4. 2015 թվականի սեպտեմբերի 1-ին դիմումատուի որդու կյանքը չպաշտպանելու և ոչ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջելու անհնարինության վերաբերյալ բողոքների մասին ծանուցվել է Կառավարությանը, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1954 թվականին և բնակվում է Մարմարաշեն գյուղում։
6. 2006 թվականի հունիսին դիմումատուի որդին՝ Գեղամ Սերգոյանը, զորակոչվել է հայկական բանակ:
7. 2006 թվականի նոյեմբերի 8-ին նա զինվորական ծառայության է անցել թիվ 37673 զորամասում (զորամաս), որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետությունում («ԼՂՀ»):
8. 2007 թվականի ապրիլի 9-ին Գեղամ Սերգոյանը ենթարկվել է ձախ ոտնաթաթի մատի վիրահատության:
9. Նույն օրը զորամասի բժիշկը Գեղամ Սերգոյանին ժամանակավորապես ազատել է պարտականությունների կատարումից մինչև 2007 թվականի ապրիլի 16-ը: Վիրահատության պատճառով նրան թույլատրվել է զինվորական կոշիկների փոխարեն կրել հողաթափեր:
10. 2007 թվականի ապրիլի 15-ին Գեղամ Սերգոյանն անցել է պարտականությունների կատարմանը: Այդ օրը զորամասի հերթապահը եղել է լեյտենանտ Հ.Գ.-ն:
11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի 2003 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանով Հ.Գ.-ն հինգ տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության է անցել և կրտսեր լեյտենանտի կոչումով տեղափոխվել է զորամաս:
Զորամասի հրամանատարի կողմից տրամադրված անհատական զեկույցի համաձայն՝ Հ.Գ.-ն ծառայության առաջին իսկ օրվանից եղել է թույլ ծառայող: Նա ենթարկվել է բազմաթիվ կարգապահական տույժերի, այդ թվում՝ 2004 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին համապատասխանաբար «խիստ նկատողության» և «ծառայողական ոչ լրիվ պատրաստվածության»: 2006 թվականի հուլիսին նա ստացել է ևս մեկ նկատողություն: Նրա վերադասների կողմից այնուհետև նշվել է, որ Հ.Գ.-ի կատարողականը եղել է ոչ պատշաճ, իսկ նրա մասնագիտական պատրաստվածությունը՝ ցածր մակարդակի:
12. 2007 թվականի ապրիլի 15-ին՝ երեկոյան 9:40-ին, Հ.Գ.-ն, հերթապահության սենյակում տեսնելով Գեղամ Սերգոյանին, վերջինիս նախատել է առանց թույլտվության [սենյակ] մտնելու և համազգեստ չկրելու, այդ թվում՝ զինվորական կոշիկների փոխարեն հողաթափեր կրելու համար: Թեև Գեղամ Սերգոյանն ընդունել է իր սխալը և փորձել է հեռանալ սենյակից, Հ.Գ.-ն նրան բանավոր վիրավորել է և բռնությամբ հրել դեպի պատը: Այնուհետև Հ.Գ.-ն իր ատրճանակն ուղղել է Գեղամ Սերգոյանի գլխին և կրակոց արձակել:
13. Նույն օրը Գեղամ Սերգոյանը տեղափոխվել է «ԼՂՀ»-ում գտնվող Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ (ՍԶՀ), որտեղ ենթարկվել է վիրահատության:
14. Ստեփանակերտի հոսպիտալ ընդունվելիս Գեղամ Սերգոյանի հիվանդության պատմագրում նշվել է «ողնաշարի պարանոցային հատվածի հրազենային վնասվածք՝ պարանոցային ողերի (պարանոցային երկրորդ ողի) կոտրվածքով և ստորին ծնոտի կոտրվածք՝ աջ կողմի տեղաշարժով» ախտորոշումը:
15. 2007 թվականի ապրիլի 16-ին՝ առավոտյան 10-ին, Գեղամ Սերգոյանը ենթարկվել է բժշկական հետազոտության ՍԶՀ-ի բժիշկներ Հ.Է.-ի, Ն.Կ.-ի և Ա.Գ.-ի կողմից, ովքեր համապատասխան պատմագրում նշել են, որ Գեղամ Սերգոյանն ստացել է ողնաշարի պարանոցային հատվածի հրազենային վնասվածք՝ առանցքի կոտրվածքով, և որ նա ունեցել է ստորին ծնոտի աջ կողմի կոտրվածք:
16. Նույն օրը Գեղամ Սերգոյանը բժիշկ Հ.Է.-ի կողմից տրամադրված տեղափոխման հավաստագրի համաձայն տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալ (ԿԶՀ), որը գտնվում է Երևանում: Հավաստագրում նշվել է նույն ախտորոշումը, մասնավորապես՝ ծնոտի աջ կողմի հրազենային վնասվածք և կոտրվածք:
17. Նույն օրն Ասկերանի թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում քրեական վարույթ է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ):
18. 2007 թվականի ապրիլի 17-ին Գեղամ Սերգոյանն ընդունվել է ԿԶՀ, որը գտնվում է Երևանում: Հիվանդության պատմագրում նշվել է, որ տեղափոխման ախտորոշման համաձայն՝ Գեղամ Սերգոյանն ստացել է ողնաշարի պարանոցային հատվածի հրազենային վնասվածք: Նշվել են նաև ստորին ծնոտի կոտրվածքը՝ ձախ ծնոտի ճյուղի տեղաշարժված կոտրվածքով, և պարանոցային երկրորդ ողի կոտրվածքը՝ հարցականով: ԿԶՀ-ի բժիշկների կողմից իրականացված կլինիկական ախտորոշման մեջ նշվել է պարանոցի հրազենային վնասվածք՝ ողնաշարի պարանոցային հատվածի ախտահարմամբ (պարանոցային երկրորդ ող), և երկրորդ և երրորդ ողերի հրազենային կոտրվածք՝ ողնուղեղի պարանոցային հատվածի տրավմատիկ ընդհատումով:
19. ԿԶՀ-ում գտնվելու ընթացքում Գեղամ Սերգոյանը հետազոտության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի (Դատաբժշկական գիտագործնական հանրապետական կենտրոն) դատաբժշկական փորձագետ Ա.Դ.-ի կողմից, ով իր եզրակացության մեջ, inter alia (ի թիվս այլնի), նշել է, որ գնդակը ներթափանցել է ստորին ծնոտի ձախ կեսի անկյան շրջանից և համաձայն հիվանդության պատմագրերի նկարագրությունների, վերջինս ունի ձախից աջ, առջևից հետ և վարից վեր ուղղություն:
20. 2007 թվականի ապրիլի 18-ին Հ.Գ.-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և իշխանության չարաշահման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ (Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մաս և 375-րդ հոդվածի 1-ին մաս):
21. Նույն օրը Հ.Գ.-ն հարցաքննվել է և լիովին ընդունել իր մեղքը: Նա մասնավորապես ներկայացրել է, որ 2007 թվականի ապրիլի 15-ին հերթապահելիս է եղել, երբ երեկոյան 9:40-ին տեսել է, որ իր օգնական Ջ.Գ.-ն և Գեղամ Սերգոյանը հերթապահության սենյակում միասին հեռուստացույց են դիտում: Քանի որ Գեղամը հողաթափեր էր կրում, ինքը նրան դիտողություն է արել համազգեստի խախտմամբ և առանց թույլտվության հերթապահ սենյակ մուտք գործելու համար և հայհոյել է նրան, բռնել է նրա կրծքավանդակից և հրել դեպի պատը: Գեղամ Սերգոյանը և Ջ.Գ.-ն հեռուստացույց դիտելիս ծիծաղել են, և նա կարծել է, թե նրանք իր վրա են ծիծաղում: Թեև Գեղամ Սերգոյանն ասել է, որ հեռանում է սենյակից, ինքն ավելի է զայրացել, քանի որ Գեղամ Գրիգորյանն իր հետ խոսելիս ծիծաղել է: Այդ պահին նա հանել է իր ատրճանակը, լիցքավորել է այն և, ատրճանակն ուղղելով Գեղամ Սերգոյանի դեմքի ձախ մասին, հայհոյել է նրան ու կրակել գլխի ուղղությամբ: Նա Գեղամ Սերգոյանի վրա կրակել է իրեն ամրակցված ատրճանակից:
22. 2007 թվականի մայիսի 2-ին Գեղամ Սերգոյանը հիվանդանոցում մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով:
23. Նույն օրն Ասկերանի թիվ 1 կայազորի զինվորական դատախազության քննիչը նշանակել է Գեղամ Սերգոյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է անցկացվեր Երևանում՝ Դատաբժշկական գիտագործնական հանրապետական կենտրոնի դատաբժշկական փորձագետ Ա.Լ.Դ.-ի կողմից: Փորձագետից պահանջվել է որոշել, inter alia, մահվան պատճառը, մարմնի վրա որևէ վնասվածքի առկայությունը, դրանց պատճառման ժամանակը և միջոցը և մահվան հետ հնարավոր կապը: Փորձագետին նաև խնդրել են որոշել, թե արդյոք մարմնի վրա հրազենային վնասվածքից բացի առկա է եղել որևէ այլ արտաքին վնասվածք, դրա պատճառման ժամանակը և ծանրությունը:
24. 2007 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը դիմումատուի որդու հետ պատահած դեպքի և պատասխանատու անձանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ հրաման է արձակել: Հրամանում, inter alia, նշվել է հետևյալը.
«... Ներքին քննությամբ բացահայտվել է հետևյալը.
- զորամասի հրամանատարությունը մանրամասն չի ուսումնասիրել [Հ.Գ.-ի] բարոյական կերպարը կամ նրա անձնային կամ մասնագիտական պատրաստվածությունը, պատշաճ հսկողություն չի իրականացվել օրվա կարգացուցակի պահպանության նկատմամբ,
- զորամասում օրվա կարգացուցակի համար պատասխանատու անձնակազմի կողմից տրված ցուցումները եղել են ձևական բնույթի,
- սպաների և ժամկետային զինծառայողների միջև անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրել...
Դեպքի համար պատասխանատու անձանց պատժելու նպատակով կարգադրում եմ.
1. Նշանակել [հետևյալ պատիժները].
ա. «նկատողություն» [զորամասի] հրամանատարին ... օրվա կարգացուցակի համար պատասխանատու անձնակազմի վատ վերահսկողության համար,
բ. «խիստ նկատողություն» հետևյալ անձանց.
- [զորամասի] հրամանատարի տեղակալին ... [զինվորական] ծառայությունը պատշաճ չկազմակերպելու համար,
- [զորամասի] հրամանատարի տեղակալին, որը պատասխանատու է զինանոցի համար ... ( դեպքի օրը զորամասի հերթապահ) ...
- [զորամասի] հրամանատարի տեղակալին, որը պատասխանատու է անձնակազմի հետ աշխատանքի համար ... սպաների և ժամկետային զինծառայողների միջև լարված բարոյահոգեբանական մթնոլորտի համար:
2. Զորամասերի հրամանատարներին՝
- քննարկել դեպքը ... և ձեռնարկել կոնկրետ միջոցներ՝ այդպիսի ... առաջացումը կանխելու համար»:
25. 2007 թվականի մայիսին, չպարզված օրը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դիմումատուին վճարել է 2 250 000 ՀՀ դրամ (դրամ) (տվյալ ժամանակում մոտավորապես 4 650 եվրո), այդ թվում՝ որպես Գեղամ Սերգոյանի հուղարկավորության հետ կապված ծախսերի համար փոխհատուցում և միանվագ ապահովագրական գումարի վճարում ընտանիքին:
26. 2007 թվականի մայիսի 15-ին քննիչը դիմումատուին որպես Գեղամ Սերգոյանի իրավահաջորդ ներգրավելու մասին որոշում է կայացրել:
27. 2007 թվականի հունիսի 1-ին ավարտվել է դիակի փորձաքննությունը, այդ թվում՝ դիահերձումը: Դատաբժշկական փորձագետ Ա.Լ.Դ.-ն եզրակացրել է, որ Գեղամ Սերգոյանի մահը վրա է հասել պարանոցի սուր ներթափանցող հրազենային վնասվածքից: Փորձագետը նշել է, inter alia, որ 2007 թվականի ապրիլի 17-ին Գեղամ Սերգոյանը հետազոտության է ենթարկվել դիմածնոտային վիրաբույժի կողմից, որը համակարգչային ռենտգեն տոմոգրաֆիայի և ռադիոգրաֆիայի արդյունքների հիման վրա ծնոտոսկրերի որևէ ախտաբանություն չի հայտնաբերել:
28. Գեղամ Սերգոյանի մահվան առիթով հարուցված նախաքննությունը 2007 թվականի հունիսի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը:
29. 2007 թվականի սեպտեմբերի 14-ին Հ.Գ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության և իշխանության չարաշահման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետ և 375-րդ հոդվածի 1-ին մաս):
30. 2008 թվականի փետրվարի 13-ին գործը վերջնական մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հարավային քրեական դատարան՝ ըստ էության քննության համար։ Դրանից հետո գործը տարածքային ընդդատությանը համապատասխան փոխանցվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
31. Նույն օրը զինվորական դատախազը քաղաքացիական հայց է ներկայացրել Հ.Գ.-ի դեմ՝ պահանջելով նրանից գանձել 2 789 153 դրամ (տվյալ ժամանակում մոտավորապես 6 200 եվրո): Այդ գումարը ներառում էր պետական բյուջեից կատարված ծախսերը, այդ թվում՝ պետության կողմից վճարված բժշկական ծախսերը և Գեղամ Սերգոյանի ընտանիքին հուղարկավորության հետ կապված ծախսերի և ապահովագրական նպաստի համար վճարված 2 250 000 դրամը:
32. Սյունիքի մարզային դատարանում իրականացվող վարույթի ընթացքում դիմումատուն հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության և Ֆինանսների նախարարության դեմ՝ պահանջելով 300 000 եվրոյի չափով փոխհատուցում իր միակ որդու սպանության հետևանքով կրած ոչ նյութական վնասի դիմաց, որը նրան պատճառել է խորը վիշտ և ծանր հոգեկան տառապանք. ինքը կորցրել է կյանքի բնականոն ռիթմը, և իր առողջությունը վատթարացել է: Դիմումատուն մասնավորապես հիմնվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա:
33. Մարզային դատարանում ընթացող վարույթի ընթացքում Հ.Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել:
34. Վարույթի ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում՝ Գեղամ Սերգոյանի ծառայակիցները: Մասնավորապես՝ Ջ.Գ.-ն, որն անձամբ է ականատես եղել 2007 թվականի ապրիլի 15-ի դեպքերին, վկայություն է տվել առ այն, որ ինքը տեսել է, որ Հ.Գ.-ն Գեղամ Սերգոյանին հայհոյել է և կրակել նրա դեմքին:
35. Զորամասի բազմաթիվ ծառայողներ նշել են՝ որքանով իրենք են իմացել, Գեղամ Սերգոյանը նախկինում երբեք որևէ խնդիր չի ունեցել լեյտենանտ Հ.Գ.-ի հետ:
36. 2009 թվականի սեպտեմբերի 1-ին Սյունիքի մարզային դատարանը Հ.Գ.-ին մեղավոր է ճանաչել [առաջադրված] մեղադրանքում և նրան դատապարտել է տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման։ Մարզային դատարանը մերժել է դիմումատուի քաղաքացիական հայցը՝ նշելով, որ օրենքով ոչ նյութական վնասի համար փոխհատուցման հնարավորություն նախատեսված չէ: Այն այնուհետև նշել է, որ թեև մեղադրյալը հանցագործությունը կատարել է զինվորական ծառայության մեջ գտնվելիս, հանցագործությունը կատարվել է անձնական փոխհարաբերությունների հողի վրա, և հետևաբար կրած ցանկացած վնաս պետք է փոխհատուցվի դրա համար պատասխանատվություն կրող անձի կողմից:
37. 2009 թվականի հոկտեմբերի 1-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նա պնդել է, inter alia, որ լեյտենանտ Հ.Գ.-ն հանցագործություն է կատարել իր ծառայության ընթացքում՝ 2007 թվականի ապրիլի 15-ին զորամասում հերթապահ նշանակված ժամանակ: Գեղամ Սերգոյանը սպանվել է իր զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, երբ նա, զորամասի հրամանատարի համապատասխան հրամանների համաձայն, իրականացնելիս է եղել իր պարտականությունները: Նա այնուհետև պնդել է, որ թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ ոչ նյութական վնասի համար փոխհատուցման հնարավորություն առկա չէր, այդպիսի պահանջ առկա էր Կոնվենցիայով. Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են, և ազգային օրենսդրության հետ հակասության դեպքում պետք է գերակայեն [այդ] պայմանագրերի նորմերը:
38. 2010 թվականի փետրվարի 2-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը և Մարզային դատարանի որոշումը թողել է անփոփոխ: Ինչ վերաբերում է դիումատուի քաղաքացիական հայցին, ապա Վերաքննիչ դատարանը հիմնվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի վրա և նշել է, որ տուժողի մահվան դեպքում քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված է փոխհատուցում միայն հուղարկավորության ծախսերի համար:
39. 2010 թվականի փետրվարի 26-ին դիմումատուն նյութական իրավունքի խախտման հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Դիմումատուն պնդել է նույն փաստարկները, ինչ նախկինում, և վերահաստատել է ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում պահանջելու վերաբերյալ իր դիրքորոշումն այնպես, ինչպես արտահայտված է Մարզային դատարան ներկայացված իր նախնական քաղաքացիական հայցում և Վերաքննիչ դատարան ներկայացրած իր բողոքում:
40. 2010 թվականի ապրիլի 1-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի՝ նյութական իրավունքի խախտման հիմքով ներկայացրած վճռաբեկ բողոքն անընդունելի է ճանաչել հիմքերի բացակայության պատճառով:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քրեական օրենսգիրքը (ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)
41. 34-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:
42. 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ սպանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
43. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսվում է, որ սպանությունը՝ խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
44. 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 12-ից)
45. 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:
Գ. Քաղաքացիական օրենսգիրքը (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 1-ից)
1. Քննարկվող ժամանակահատվածում գործող համապատասխան դրույթները
46. 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
47. 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները:
48. 18-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
49. 1077-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ, inter alia, զինվորական ծառայություն կատարելիս քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոններով, եթե պատասխանատվության ավելի բարձր չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
50. Համաձայն 1087-րդ հոդվածի՝ տուժողի մահվան հետ կապված վնասի համար պատասխանատու անձինք պարտավոր են հատուցել հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերն այն անձին, ով այդ ծախսերը կատարել է:
2. 2014 թվականի մայիսի 19-ի թիվ ՀՕ-21-Ն օրենքով կատարված փոփոխությունները
51. 2014 թվականի նոյեմբերի 1-ից 17-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացիական վնասի տեսակների ցանկում, որոնց հատուցումը կարող է պահանջվել քաղաքացիական վարույթի կարգով, ներառվել է ոչ նյութական վնասը: Քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է 162.1 և 1087.2 նոր հոդվածներով, որոնցով կարգավորվում է ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու կարգը։ Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը կատարված հետագա փոփոխությունները (ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ից) ոչ նյութական վնասի հատուցում կարող էր պահանջվել, եթե դատական որոշմամբ հաստատվել էր, որ անձի՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները խախտվել են, ինչպես նաև սխալ դատապարտման դեպքերում:
Դ. Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը քաղաքացի Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա` [ՀՀ] քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով
52. Սահմանադրական դատարանը Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով ոչ նյութական [բարոյական] վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:
Սահմանադրական դատարանը նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետը 2014 թվականի հոկտեմբերի 1-ն է:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
53. Դիմումատուն բողոքել է, որ պետական մարմինները չեն պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը՝ ինչպես նախատեսում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից ...»:
Ա. Ընդունելիությունը
1. Դատարանի իրավազորությունը
54. Կառավարությունը չի վիճարկել այն դեպքերի նկատմամբ Դատարանի իրավազորությունը, որոնք տեղի են ունեցել «ԼՂՀ»-ում մինչև նախնական քննությունը 2007 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն տեղափոխելը: Այնուամենայնիվ, Դատարանը համարում է, որ այն պետք է սեփական միջնորդությամբ ուսումնասիրի «ԼՂՀ»-ի տարածքում տեղի ունեցած դեպքերի նկատմամբ Դատարանի իրավազորության հարցը:
55. Պետության՝ 1-ին հոդվածով սահմանված իրավազորությունը հիմնականում տարածքային է (տե՛ս Բանկովիչը և այլք ընդդեմ Բելգիայի և այլոց (որոշում) [ՄՊ] [Banković and Others v. Belgium and Others (dec.) [GC]]), թիվ 52207/99, §§ 61 և 67, ՄԻԵԴ 2001-XII, Իլաշկուն և այլք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [ՄՊ] [Ilaşcu and Others v. Moldova and Russia [GC]], թիվ 48787/99, § 312, ՄԻԵԴ 2004-VII): Այնուամենայնիվ, Դատարանն իր նախադեպային իրավունքում ճանաչել է տարածքայնության սկզբունքից բացառություն. Պայմանավորվող պետության՝ 1-ին հոդվածով սահմանված իրավազորությունը կարող է տարածվել իր մարմինների՝ սեփական տարածքից դուրս ազդեցություն ունեցող ակտերի վրա, (տե՛ս Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի [Loizidou v. Turkey] (նախնական առարկություններ), 1995 թվականի մարտի 23, § 62, շարք Ա, թիվ 310, Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (ըստ էության), 1996 թվականի դեկտեմբերի 18, § 52, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-VI, և վերևում հիշատակված՝ Բանկովիչի և այլոց գործը, § 69): Այդպիսով, այն բոլոր դեպքերում, երբ պետությունն իր մարմինների միջոցով իրականացնում է անհատի նկատմամբ հսկողություն և իշխանություն, այդպիսով՝ իրավազորություն, այն [պետությունը] կրում է 1-ին հոդվածով սահմանված պարտավորություն՝ ապահովել այդ անհատի համար Կոնվենցիայի I բաժնում սահմանված այն իրավունքներն ու ազատությունները, որոնք վերաբերելի են այդ անհատի վիճակին (տե՛ս Ալ Սկեինին և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al-Skeini and Others v. the United Kingdom [GC]], թիվ 55721/07, § 137, ՄԻԵԴ 2011):
56. Չի վիճարկվում, որ Գեղամ Սերգոյանի մահը «ԼՂՀ»-ի տարածքում պատճառվել է Հ.Գ.-ի՝ հայկական բանակի սպայի կողմից: Դրանից հետևում է, որ սույն գործով Հայաստանի Հանրապետության և դիմումատուի մահացած որդու միջև առկա էր իրավազորության կապ՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով:
2. Դիմումատուի զոհի կարգավիճակը
57. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն այլևս չէր կարող համարվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման «զոհ» 34-րդ հոդվածի իմաստով, քանի որ իշխանություններն ընդունել էին խախտման փաստը և նրան տրամադրել հատուցում: Հետևաբար, գործն ընդունելի չէր՝ որպես ratione personae (անձանց շրջանակով պայմանավորված իրավազորության առումով) անհամատեղելի Կոնվենցիայի 34-րդ հոդվածի դրույթների հետ, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»:
58. Կառավարությունը մասնավորապես պնդել է, որ ներպետական մարմիններն ընդունել են դիմումատուի որդու կյանքի իրավունքի խախտման փաստը, քանի որ վերջինիս մահվան հանգամանքները լիովին պարզաբանվել էին լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում: Արդյունքում Հ.Գ.-ն ներպետական դատարանների կողմից դատապարտվել է և ստացել համապատասխան պատիժ: Ավելին, զորամասի հրամանատարական կազմի այն անդամները, որոնք պատասխանատու էին ճանաչվել ողբերգական միջադեպի համար, Պաշտպանության նախարարի կողմից ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Վերջապես, Կառավարությունը համարել է, որ դիմումատուին տրամադրվել է պատշաճ հատուցում, քանի որ նա իր որդու մահից հետո Պաշտպանության նախարարությունից ստացել է 2 250 000 դրամ: Կառավարության պնդմամբ՝ այս գումարը, բացի հուղարկավորության հետ կապված ծախսերի համար փոխհատուցում և միանվագ ապահովագրական վճար լինելուց, նաև նպատակաուղղված էր փոխհատուցելու ոչ նյութական վնասը, որը կրել էր ընտանիքը Գեղամ Սերգոյանի մահվան հետևանքով:
59. Դիմումատուն պնդել է, որ ինքն ունի իր բողոքները Դատարանում ներկայացնելու իրավունք: Նա պնդել է, որ պետությունը պետք է պատասխանատվության ենթարկվեր իր որդու կյանքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում չպաշտպանելու համար: Ավելին, նրան չեն տրամադրել պատշաճ հատուցում՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրեն պետության կողմից որևէ փոխհատուցում չի տրամադրվել այն հոգեկան տառապանքների և վշտի համար, որ ինքը կրել է որդու մահվան հետևանքով:
60. Դատարանի նախադեպային իրավունքի արմատացած սկզբունք է այն, որ դիմումատուն կարող է կորցնել զոհի իր կարգավիճակը, եթե [պետության կողմից] բավարարվում է երկու պայման. նախ, իշխանությունները պետք է հստակորեն կամ ըստ էության ընդունած լինեն Կոնվենցիայի խախտումը և, երկրորդ, նրանք պետք է դրա համար հատուցում տրամադրած լինեն (տե՛ս, ի թիվս բազմաթիվ այլ վճիռների, Նադան ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Nada v. Switzerland [GC]], թիվ 10593/08, § 128, ՄԻԵԴ 2012, հաջորդող հղումների հետ միասին): Կոնվենցիայի պաշտպանիչ մեխանիզմի երկրորդային բնույթը բացառում է գանգատի քննությունը միայն այն դեպքում, երբ բավարարվում են այս պայմանները (տե՛ս Սախնովսկիյն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Sakhnovskiy v. Russia [GC]], թիվ 21272/03, § 67, 2010 թվականի նոյեմբերի 2):
61. Դատարանը նկատում է, որ դիմումատուն, որպես այդպիսին, չի վիճարկում իր որդու մահվան՝ պաշտոնական քննության ընթացքում պարզված հանգամանքները: Այնուամենայնիվ, նա պնդում է, որ պետությունը չի պաշտպանել իր որդու կյանքի իրավունքն իշխանությունների հսկողության տակ նրա զինվորական ծառայության ընթացքում և, ավելին, իրեն չի տրամադրել պատշաճ դրամական փոխհատուցում այն բարոյական վնասի համար, որը նա կրել է իր որդու կորստի հետևանքով:
62. Դատարանը նշում է, որ Հ.Գ.-ն ճանաչվել է պատասխանատու Գեղամ Սերգոյանին սպանելու համար և ներպետական դատարանների կողմից դատապարտվել է (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը) այն պաշտոնական քննության ավարտից հետո, որի արդյունքները դիմումատուի կողմից չեն վիճարկվում: Այսինքն՝ Դատարան ներկայացրած իր գանգատում դիմումատուն սկզբնապես բողոքել է, որ քննությամբ պատշաճ կերպով չի ուսումնասիրվել իր որդու ստորին ծնոտին վնասվածքի առկայությունը: Այնուամենայնիվ, այս կոնկրետ բողոքը Դատարանի կողմից չի համարվել հիմնավոր և հայտարարվել է անընդունելի (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը): Դիմումատուն որևէ այլ վերապահում չի ունեցել քննության և դրանով պարզված դեպքերի ընթացքի մասով: Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ պետության՝ դիմումատուի որդու կյանքի իրավունքը ենթադրաբար չպաշտպանելու համար պատասխանատվության հարցն օբյեկտիվորեն չէր ուսումնասիրվել և չէր կարող ուսումնասիրվել Հ.Գ.-ի անհատական քրեական պատասխանատվության վերաբերյալ ընթացած ներպետական վարույթի շրջանակներում:
63. Միևնույն ժամանակ Դատարանի կողմից հաշվի է առնվում այն փաստը, որ դեպքի ներքին քննության արդյունքում զորամասի ղեկավարության անդամները դեպքի համար ենթարկվել են կարգապահական պատասխանատվության (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը): Ճիշտ է, որ Պաշտպանության նախարարության կողմից իրականացված ներքին քննության և դրա արդյունքում տվյալ հրամանատարական կազմի ծառայողների նկատմամբ նշանակված կարգապահական պատիժները, կարծես թե, դիմումատուին՝ որպես տուժողի իրավահաջորդի, չէին վերապահել այնպիսի ընթացակարգ սկսելու որևէ իրավունք, որով նա կարող էր ստանալ պետության կողմից իր որդու կյանքը չպաշտպանելու փաստի պաշտոնական ընդունում և պահանջել փոխհատուցում իր կրած բարոյական վնասի համար: Այնուամենայնիվ, Դատարանը համարում է, որ դեպքի համար պատասխանատու ճանաչված անձանց նկատմամբ կարգապահական պատիժներ նշանակելը կարող էր համարվել դիմումատուի որդու կյանքը չպաշտպանելու փաստի ընդունում պետության վերադաս զինվորական հրամանատարության կողմից և, հետևաբար, խախտման առկայության ընդունում: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ չնայած Կառավարության պնդմանը, ոչինչ առկա չէ, ինչը ցույց կտար, որ դիմումատուն ստացել է որևէ դրամական փոխհատուցում իր որդու կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար (տե՛ս ստորև՝ 81-րդ պարբերությունը): Այդ հանգամանքներում Դատարանը չի կարող ընդունել Կառավարության այն պնդումը, որ իշխանությունները հատուցում են տրամադրել խախտման դիմաց, և հետևաբար համարում է, որ սույն գործով դիմումատուի՝ զոհի կարգավիճակը կորցնելու երկրորդ պայմանը չի բավարարվել [պետության կողմից]:
64. Այս համատեքստում Դատարանը գտնում է, որ դիմումատուն դեռևս կարող է պնդել իր՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով զոհ լինելը, և հետևաբար մերժում է Կառավարության առարկությունը դիմումատուի՝ զոհի կարգավիճակը կորցնելու վերաբերյալ:
65. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
66. Դիմումատուն պնդել է, որ իշխանությունները, տեղյակ լինելով Հ.Գ.-ի բացասական բնութագրի մասին, չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ իր որդու կյանքը պաշտպանելու համար: Մասնավորապես, չնայած այն փաստին, որ Հ.Գ.-ն բազմաթիվ անգամներ նկատողություն է ստացել և համարվել ծառայողական ոչ լրիվ պատրաստվածություն ունեցող, նրան թույլատրվել է ծառայությունը շարունակել և կրել զենք, որով նա դիտավորյալ սպանել է Գեղամ Սերգոյանին:
67. Կառավարությունը պնդել է, որ չի հաստատվել, որ եղել է դիմումատուի որդու կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգ: Գործի քննությամբ պարզվել է, որ Հ.Գ.-ն երբեք որևէ վեճ չի ունեցել դիմումատուի որդու կամ որևէ այլ ծառայողի հետ, և դիմումատուի որդուն սպանելու դիտավորությունն առաջացել է արագորեն և ակնթարթորեն, և այն չէր կարող կանխատեսվել զորամասի հրամանատարության կողմից: Կառավարությունը պնդել է, որ Հ.Գ.-ն նկատողություններ է ստացել ծառայության ներքին կանոնների և օրվա կարգացուցակի խախտման համար, սակայն նրա վարքը երբեք որևէ կասկած չի առաջացրել իր հավասարակշռվածության և հոգեկան կայունության վերաբերյալ: Վերջապես, ինչպես պարզվել է օբյեկտիվ և լրիվ քննությամբ, Հ.Գ.-ի և դիմումատուի որդու միջև վեճն առաջացել է այն պատճառով, որ վերջինս խախտել է ներքին կանոնները՝ մուտք գործելով սենյակ առանց թույլտվության և զինվորական գլխարկ չկրելով: Հետևաբար, համաձայն Կառավարության պնդման, դիմումատուի որդին իրեն դրել էր այնպիսի վիճակում, որը դժբախտաբար հանգեցրել էր նրա մահվան:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
68. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությամբ պետությունը պարտավորվում է ոչ միայն զերծ մնալ կյանքից դիտավորյալ և ապօրինաբար զրկելուց, այլև ձեռնարկել պատշաճ քայլեր՝ իր տարածքում գտնվող անձանց կյանքը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, դրական պարտավորությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ իշխանությունների վրա չափից ավելի մեծ բեռ չդրվի, մասնավորապես՝ մարդկային վարքի անկանխատեսելիությունը (տե՛ս Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Keenan v. the United Kingdom], թիվ 27229/95, §§ 89-90, ՄԻԵԴ 2001-III):
69. Պարտադիր զինվորական ծառայության համատեքստում Դատարանը նախկինում վճռել է, որ ինչպես անազատության մեջ պահվող անձանց դեպքում, ժամկետային զինծառայողները նույնպես գտնվում են պետության իշխանությունների բացառիկ հսկողության ներքո, քանի որ բանակում տեղի ունեցող ցանկացած դեպքի մասին իշխանություններն ամբողջությամբ կամ մեծամասամբ տեղյակ են եղել բացառիկ կերպով, և որ իշխանությունների վրա դրված է նրանց պաշտպանելու պարտականություն (տե՛ս Բեկերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, §§ 41-42, 2009 թվականի մարտի 24, Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine], թիվ 52013/08, § 92, 2013 թվականի հունվարի 17):
70. Նույն համատեքստում Դատարանն այնուհետև վճռել է, որ պետության առաջնային պարտականությունն է ներդնել կյանքին կամ ֆիզիկական անձեռնմխելիությանը սպառնացող այն վտանգի աստիճանը հաշվի առնող կանոններ, որը կարող է առաջանալ ոչ միայն ռազմական գործողությունների և օպերացիաների բնույթի, այլև մարդկային գործոնի հետ կապված, որն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ պետությունը որոշում է սովորական քաղաքացիներին զորակոչել՝ զինվորական ծառայություն իրականացնելու համար: Այդպիսի կանոններով պետք է պահանջվի ընդունել գործնական միջոցներ, որոնք ուղղված են ժամկետային զինծառայողներին զինվորական կյանքին ներհատուկ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելուն, և պատշաճ ընթացակարգեր այն թերությունները և սխալները հայտնաբերելու համար, որոնք այդ առնչությամբ կարող են կատարվել տարբեր մակարդակներում գործող պատասխանատուների կողմից (տե՛ս վերևում հիշատակված՝ Մոսենձի գործը, § 91, Պերեվեդենցևն ընդդեմ Ռուսաստանի [Perevedentsevy v. Russia], թիվ 39583/05, § 94, 2014 թվականի ապրիլի 24): Ավելին, պետություններից պահանջվում է այն կանոնավոր զինվորների շրջանում ապահովել բարձր մասնագիտական չափանիշներ, որոնց գործողությունները և անգործությունները, մասնավորապես՝ ժամկետային զինծառայողների նկատմամբ, կարող են ներառել նրանց պատասխանատվությունը, inter alia, 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետով նախատեսված որոշակի հանգամանքներում (տե՛ս, մասնավորապես, Աբդուլլահ Յիլմազն ընդդեմ Թուրքիայի [Abdullah Yılmaz v. Turkey], թիվ 21899/02, §§ 56-57, 2008 թվականի հունիսի 17, տե՛ս նաև, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ստոյանովին ընդդեմ Բուլղարիայի [Stoyanovi v. Bulgaria], թիվ 42980/04, § 61, 2010 թվականի նոյեմբերի 9):
բ) Ընդհանուր սկզբունքների կիրառումը սույն գործով
71. Դիմումատուի որդու՝ ժամկետային զինծառայողի վրա կրակել է զինվորական, կոչումով լեյտենանտ Հ.Գ.-ն, որը Հայաստանի Հանրապետության բանակում ծառայել է պայմանագրային հիմունքներով: Ինչպես նշվել էր ավելի վաղ, դեպքը տեղի է ունեցել, երբ Հ.Գ.-ն ակտիվ հերթապահության մեջ է եղել և, ավելին, նշանակված է եղել զորամասի օրվա հերթապահ: Այս առումով սույն գործի համատեքստը տարբերվում է այն գործերի մեծամասնությունից, որոնցով Դատարանը քննել է, թե արդյոք պետությունը կատարել է կոնկրետ անձի կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգի նյութականանալը կանխելուն ուղղված օպերատիվ միջոցներ ձեռնարկելու իր դրական պարտավորությունը, թե ոչ (տե՛ս, օրինակ, Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Osman v. the United Kingdom], 1998 թվականի հոկտեմբերի 28, §§ 115-122, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VIII, Փոլ և Օդրի Էդվարդսներն ընդդեմ Միացյալ Թագավորության [Paul and Audrey Edwards v. The United Kingdom], թիվ 46477/99, § 57-64, ՄԻԵԴ 2002-II): Սույն գործով որոշվելիք հարցն այն է, թե արդյոք զինվորական իշխանությունները, հաշվի առնելով իրենց հասանելի տեղեկությունները և իրենց լիազորությունների շրջանակում, չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դիմումատուի որդու՝ իրենց պատասխանատվության տակ պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող զորակոչիկի կյանքը պաշտպանելու համար:
72. Դատարանը նշում է, որ Հ.Գ.-ն դիմումատուի որդուն սպանելու համար ենթարկվել է քրեական պատասխանատվության այն քննության հիման վրա, որի արդյունքները դիմումատուի կողմից չեն վիճարկվել (տե՛ս վերևում՝ 62-րդ պարբերությունը): Ավելին, դեպքի ներքին քննության արդյունքում, որն իրականացվել է Պաշտպանության նախարարության կողմից, զորամասի հրամանատարական կազմի ծառայողները պատասխանատու են ճանաչվել տվյալ դեպքի համար այնքանով, որքանով նրանք պատշաճ չեն գնահատել Հ.Գ.-ի անձը, բարոյական կերպարը և մասնագիտական կարողությունները (տե՛ս վերևում՝ 24-րդ և 36-րդ պարբերությունները): Ինչպես նշվել է վերևում, Դատարանը հակված է ընդունել, որ սույն գործի կոնկրետ հանգամանքներում զորամասի հրամանատարության նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ներպետական իշխանությունների կողմից կարելի է համարել որպես պետության՝ դիմումատուի որդու կյանքի իրավունքը պաշտպանելու դրական պարտավորության խախտման փաստի ընդունում և, հետևաբար, նրանց կողմից այդ փաստի ճանաչում (տե՛ս վերևում՝ 63-րդ պարբերությունը):
73. Այդ հանգամանքներում Դատարանն անհրաժեշտ չի համարում իրականացնել հիմքում ընկած փաստերի իր սեփական գնահատումը և գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
74. Դիմումատուն բողոքել է որդու կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար պետությունից հատուցման պահանջի մերժման կապակցությամբ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
75. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին հասանելի է եղել պատշաճ հատուցում: Կառավարության պնդմամբ՝ ներպետական դատարանների կողմից դիմումատուի՝ որդու կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար պետությունից հատուցման պահանջի մերժումը համահունչ է եղել տվյալ պահին գործող օրենսդրական կարգավորումներին: Ավելին, հանգուցյալի ընտանիքին 2 250 000 դրամի վճարումը, բացի հուղարկավորության հետ կապված ծախսերը ծածկելուց, ներառել էր ապահովագրական գումարը, որն զգալիորեն բարձր է եղել նմանատիպ դեպքերում ոչ նյութական վնասի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափից:
Ա. Ընդունելիությունը
76. Դատարանը նշում է, որ այս բողոքը կապված է վերևում քննված բողոքի հետ և, հետևաբար, պետք է նույն կերպ հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
77. Ինչպես Դատարանը բազմիցս նշել է, Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորվում է ներպետական մակարդակով իրավական պաշտպանության միջոցի հասանելիությունը՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների էությունն ապահովելու նպատակով՝ անկախ այն բանից, թե ինչ եղանակով են դրանք արտահայտվում ներպետական իրավական համակարգում։ Այսպիսով, 13-րդ հոդվածով պահանջվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցի տրամադրում, որը հնարավորություն կտա միջոցներ ձեռք առնելու Կոնվենցիայով սահմանված «փաստարկելի պնդման» էության առնչությամբ և տրամադրելու դատական պաշտպանության արդյունավետ միջոց, թեև Պայմանավորվող պետություններին ընձեռված է հայեցողության որոշակի շրջանակ այն բանի վերաբերյալ, թե ինչպես պետք է կատարեն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները սույն դրույթի համաձայն։ 13-րդ հոդվածով սահմանված պարտավորության շրջանակը տարբերվում է նաև՝ կախված դիմումատուի կողմից Կոնվենցիայի համաձայն ներկայացված բողոքի բնույթից։ Այդուհանդերձ, 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է «արդյունավետ» լինի ինչպես գործնականում, այնպես էլ օրենքով (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Այդինն ընդդեմ Թուրքիայի [Aydın v. Turkey], 1997 թվականի սեպտեմբերի 25, § 103, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-VI):
78. Դատարանն ավելի վաղ վճռել է, որ Կոնվենցիայի առավել հիմնարար դրույթներ հանդիսացող 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման դեպքում, խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցումը պետք է սկզբունքորեն հասանելի լինի իրավական պաշտպանության միջոցների շարքում (տե՛ս Զ-ն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Z and Others v. the United Kingdom [GC]], թիվ 29392/95, § 109, ՄԻԵԴ 2001-V, վերևում հիշատակված՝ Փոլ և Օդրի Էդվարդսների գործը, § 97, Դոլեկն ընդդեմ Թուրքիայի [Dölek v. Turkey], թիվ 39541/98, § 96, 2007 թվականի հոկտեմբերի 2, և Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի [Poghosyan and Baghdasaryan v. Armenia], թիվ 22999/06, § 46, ՄԻԵԴ 2012):
79. Դատարանը համապատասխան ներպետական մարմինների կողմից իրականացված քրեական և կարգապահական վարույթների արդյունքների [ուսումնասիրության] հիման վրա գտել է, որ պատասխանող պետությունը 2-րդ հոդվածով պատասխանատու է եղել Գեղամ Սերգոյանի կյանքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում պատշաճ կերպով չպաշտպանելու համար: Հետևաբար, դիմումատուի բողոքն այս մասով 13-րդ հոդվածի նպատակներով «փաստարկելի պնդում» է (տե՛ս վերևում հիշատակված՝ Փոլ և Օդրի Էդվարդսների գործը, § 98):
80. Դատարանը նկատում է, որ դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել պետության դեմ՝ Հ.Գ.-ի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում պահանջելով փոխհատուցում ոչ նյութական վնասի համար (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, դիմումատուին ոչ նյութական վնասի համար փոխհատուցում չի տրամադրվել, քանի որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված չէր փոխհատուցման այդ տեսակը (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը):
81. Կառավարությունը պնդել է, որ պետք է համարվի՝ հանգուցյալի ընտանիքի ստացած 2 250 000 դրամ գումարը ներառել է նաև իրենց հարազատի կորստի հետևանքով կրած բարոյական վնասի համար փոխհատուցումը: Դատարանն այնուամենայնիվ նկատում է, որ այս պնդումը չի հիմնավորվում իր ունեցած նյութերով: Մասնավորապես, Հ.Գ.-ի դեմ վերջինիս դատավարության ընթացքում զինվորական դատախազի կողմից ներկայացված քաղաքացիական հայցով հստակորեն նշվում էր, որ Գեղամ Սերգոյանի ընտանիքին վճարված 2 250 000 դրամ գումարը նախատեսված էր հուղարկավորության հետ կապված ծախսերը ծածկելու համար, ինչպես նաև ներառում էր մահվան դեպքում վճարվող ապահովագրական գումարը (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը): Մասնավորապես, այս գումարը պետք է գանձվեր Հ.Գ.-ից՝ որպես փոխհատուցում պետական միջոցներից վճարված ծախսերի համար՝ կապված Գեղամ Սերգոյանի բուժման և նրա մահվանից հետո ընտանիքին կատարված վճարումների հետ: Այս հանգամանքներում Դատարանը չի կարող ընդունել Կառավարության այն փաստարկը, որ 2 250 000 դրամ գումարը կարող էր համարվել պետության կողմից դիմումատուին ոչ նյութական վնասի համար վճարված փոխհատուցում:
82. Վերևում հիշատակված՝ Պողոսյանի և Բաղդասարյանի գործով Դատարանն արդեն իսկ գտել է, որ տվյալ պահին վատ վերաբերմունքի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջելու հնարավորության բացակայությունը հակասել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածին (տե՛ս վերևում հիշատակված՝ Պողոսյանի և Բաղդասարյանի գործը, §§ 47-48): Դատարանը համարում է, որ դիմումատուի՝ իր որդու կյանքի իրավունքի ոտնահարման հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցման համար դիմելու հնարավորությունն առավել ևս պետք է հասանելի լիներ նրան: Քանի որ տվյալ պահին օրենքի՝ այդ պահին գործող կարգավորումներով այդպիսի եղանակ նրան հասանելի չի եղել, դիմումատուն զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից: Դատարանի կարծիքով՝ որևէ մեկի՝ իր երեխայի կյանքի իրավունքը պետության կողմից չպաշտպանվելու հետևանքով կրած բարոյական վնասի համար կիրառելի հատուցում ստանալը 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի կարևոր տարր է հարազատից զրկված ծնողի համար:
83. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
84. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
85. Դիմումատուն ոչ նյութական վնասի դիմաց պահանջել է 300 000 եվրո։
86. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջը։
87. Դատարանը, արդարության սկզբունքի հիման վրա կատարելով իր գնահատումը, ողջամիտ է համարում դիմումատուին շնորհել 15 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
88. Դիմումատուն ծախսերի և ծախքերի համար հատուցում չի պահանջել։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
89. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2–րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 15 000 եվրո (տասնհինգ հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի մայիսի 23-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ |
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս Նախագահ |