Գլխավոր տեղեկություն
Համար
N 741
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 1998 թվականի N 741
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 1999-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի մեծածախ սակագները յուրաքանչյուր տարի հաստատվում են ոռոգման շրջանից առաջ մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը` ելնելով ոռոգման ջրի մատակարարման ծախսածածկման հետևյալ ցուցանիշներից` 1999 թվականին` 36, իսկ 2000 թվականին` 48 տոկոս: 2001-2005 թվականներին ոռոգման ջրի մեծածախ սակագները հաստատվում են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2004 թվականին ոռոգման ջրի մատակարարման ծախսածածկման ցուցանիշը պետք է կազմի 100 տոկոս (ոռոգման ջրի ծախսածածկման ցուցանիշները հաշվարկվել են` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սևանա լճից բաց թողնվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի համար ռեսուրսավճարի չափը 20 լումա է, իսկ մակերեսային և ստորերկրյա ջրերն անվճար են).

բ) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգի շահագործման ծախսերի և ոռոգման ջրի վարձից գոյացող հասույթի տարբերությունը` ֆինանսական ճեղքվածքը (նկատի ունենալով ոռոգման ջրի վարձի հավաքագրման ցուցանիշը), ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից, այդ թվում` նաև մատակարարների վարկերի հաշվին.

գ) 1999 թվականից սկսած, ելնելով ոռոգման ջրի մատակարարման համար պահանջվող շահագործման ծախսերի չափից, ինչպես նաև հաշվի առնելով աշխարհագրական, հողակլիմայական, հողի բնական բերրիության առանձնահատկությունները, սահմանվում են տարբերակված սակագներ.

դ) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունները և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվները ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի պահպանության, շահագործման, տեխնիկական վերազինման և մյուս տնտեսական ծախսերը կատարում են այդ ընկերությունների (կոոպերատիվների) անդամ ջրօգտագործողների փայավճարների և այլ մուտքերի հաշվին.

ե) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունները և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներն իրենց սպասարկման տարածքում գտնվող, այդ ընկերությունների (կոոպերատիվների) անդամ չհանդիսացող ջրօգտագործողներին կարող են ոռոգման ջուր մատակարարել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պարտքեր չունենալու դեպքում:

Նշված ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրային գներով.

զ) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը սույն որոշման 1-ին կետի «ա» և «ե» ենթակետերում չնշված մյուս ջրօգտագործողներին (յուրաքանչյուր տարվա համար դրանց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը) ոռոգման ջուրը մատակարարում է ծախսածածկումն ապահովող պայմանագրային գներով.

է) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների միջև պայմանագրեր կնքելիս նախատեսվում է 10 տոկոսի չափով կանխավճար: Նշված կանխավճարն ամբողջությամբ և սահմանված ժամկետում վճարած ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների նկատմամբ կիրառվում է 10 տոկոսի չափով զեղչ.

ը) մատակարարված ոռոգման ջրի դիմաց գանձումները կատարվում են ջրօգտագործողների սպառողական ընկերություններից և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներից, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի «զ» ենթակետում նշված ջրօգտագործողներից` հայկական դրամով:

2. Մինչև 1999 թվականի մարտի 1-ը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության բոլոր դուստր ընկերությունները և դրանք ընդգրկել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգում:

3. Առաջարկել`

ա) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին իրենց անդամագրված ջրօգտագործողների փայավճարները ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի պահպանության, շահագործման, տեխնիկական վերազինման և իրենց մյուս տնտեսական ծախսերի կատարման համար 1999 թվականին մատակարարվելիք մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի դիմաց (ներառյալ կորուստները) սահմանել մեկ դրամ 50 լումայից ոչ ավելի.

բ) Հայաստանի Հանրապետության` ոռոգման ջրի համեմատաբար ոչ մեծ պահանջ ունեցող և նույն ջրանցքի ոռոգման համակարգերից օգտվող համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին` միավորվել` ելնելով ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի առավել արդյունավետ շահագործման նպատակահարմարությունից.

գ) Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին` մինչև 1999 թվականի ոռոգման շրջանի սկիզբը պայմանագրային հիմունքներով ապահովել ոռոգման ներտնտեսային (ներհամայնքային) և մյուս ջրատնտեսական օբյեկտների անհատույց օգտագործման հանձնումը Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) միջնորդներ ձեռնարկել մինչև 1999 թվականի ոռոգման շրջանի սկիզբը Հայաստանի Հանրապետության` ոռոգում իրականացնող այն բոլոր համայնքներում, որոնցում դեռևս ստեղծված չեն ջրօգտագործողների սպառողական ընկերություններ և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, վերջիններիս ստեղծման համար.

բ) յուրաքանչյուր տարվա ոռոգման շրջանի սկզբին, մինչև փետրվարի 1-ը` Արարատյան հարթավայրում, մինչև փետրվարի 15-ը` նախալեռնային գոտում, մինչև մարտի 1-ը լեռնային գոտում, ապահովել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ու Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների միջև պայմանագրերի կնքումն ու միջոցներ ձեռնարկել այդ պայմանագրերում նախատեսված պարտավորությունների կատարումն ապահովելու համար.

գ) նպաստել Հայաստանի Հանրապետության` ոռոգման ջրի համեմատաբար ոչ մեծ պահանջ ունեցող և նույն ջրանցքի ոռոգման համակարգերից օգտվող համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների միավորման գործընթացին:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության համայնքներում ստեղծվող ու միավորվող ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների պետական գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) մինչև ոռոգման շրջանի սկիզբը ապահովել ոռոգման ջրի ստացման և հատկացման բոլոր կետերում ջրաչափական դիտակետերի վերանորոգումն ու նորերի կառուցումն ըստ գոտիների.

բ) միջոցներ ձեռնարկել մինչև 1999 թվականի ոռոգման շրջանի սկիզբը «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից ոռոգման համար գիշերային ժամերին օգտագործվելիք էլեկտրական էներգիայի դիմաց գիշերային սակագնի կիրառման նպատակով Համաշխարհային բանկի վարկի միջոցների հաշվին համապատասխան հաշիվներ ձեռք բերելու և տեղադրելու համար.

գ) 1999 թվականի ոռոգման շրջանում «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգում ոռոգման ջրի և էլեկտրական էներգիայի գերնորմատիվային կորուստները հայտնաբերելու նպատակով կատարել ուսումնասիրություններ և դրանց նվազեցման համար անհրաժեշտ կապիտալ ներդրումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկությունները մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության բոլոր դուստր ընկերությունների վերակազմավորման և դրանց «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգում ընդգրկելու վերաբերյալ.

ե) սույն որոշումն ուժի մտնելուց հետո 30-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետի «է» ենթակետին համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոններում.

զ) միջոցներ ձեռնարկել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող` հաշվապահական հաշվառման` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին անցումն ապահովելու համար.

է) մինչև 1998 թվականի դեկտեմբերի 20-ը` 1999 թվականի, իսկ մինչև 1999 թվականի օգոստոսի 1-ը` 2000-2005 թվականների համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ոռոգման ջրի տարբերակված սակագների և գոտիների սահմանված վերաբերյալ.

ը) մինչև 1999 թվականի ոռոգման շրջանի սկիզբը «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի հետ կնքել միջին ժամկետի պայմանագրի, որում հստակորեն կսահմանվեն վերջինիս առջև դրված խնդիրները, վարձատրության և խրախուսման (ելնելով մատակարարված ոռոգման ջրի վարձի հավաքագրման ցուցանիշից, ծրագրով նախատեսված ծավալի ոռոգման ջրի մատակարարումից, ընկերության կողմից հարկային պարտավորությունների կատարման կարգապահությունից, հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու և այլ չափանիշներից) կարգը, ինչպես նաև նշված ընկերության գործադիր տնօրենի առջև դրված խնդիրների կատարման համար պատասխանատվությունը.

թ) մինչև 1999 թվականի մարտի 1-ը վերանայել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության հաստիքային աշխատողների թիվը և կառուցվածքը` հաշվի առնելով նշված ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը.

ժ) յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ քննության առնել սույն որոշման կատարման ընթացքը և արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) մինչև 1999 թվականի մայիսի 1-ը գույքագրել և վերագնահատել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ունեցվածքը, ճշգրտել և վավերացնել նշված ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերը.

բ) մինչև 1998 թվականի դեկտեմբերի 10-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագիր Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին (1999-2005 թթ.).

գ) մինչև 1999 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության նախորդ տարիներից կուտակված պարտքերը վերաձևակերպելու վերաբերյալ` հաշվի առնելով նշված ընկերության ֆինանսական առողջացման անհրաժեշտությունը և վարկունակությունը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան