Գլխավոր տեղեկություն
Համար
N 671
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.11.1998-04.03.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.10/27(60)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.03.2004

040.0671.29.10.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 1998 թվականի N 671
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող, տնտեսական գործունեությամբ զբաղվող ոչ պետական արխիվային արտոնագրման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 29-ի N 671 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (ՀԱԱՖ) ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող, տնտեսական գործունեությամբ զբաղվող ոչ պետական արխիվների (այսուհետև` ոչ պետական արխիվներ) արտոնագրումը (լիցենզավորումը):

Ոչ պետական արխիվներին արտոնագիր տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը (այսուհետև` վարչություն):

2. Արտոնագրի գործողության ժամկետը 5 տարի է:

Արտոնագիր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

Արտոնագիրը չի կարող փոխանցվել կամ օտարվել:

Արտոնագրի գործողության ծախսերը լրանալու դեպքում ոչ պետական արխիվը սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով կարող է դիմել վարչությանը` նոր արտոնագիր ստանալու համար:

3. Արտոնագրի միասնական ձևը սահմանում է վարչությունը: Արտոնագրում պարտադիր կարգով նշվում են արտոնագրի հերթական համարը, ոչ պետական արխիվի լրիվ ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գործունեության ոլորտը, արտոնագիր տալու ամսաթիվը և գործողության ժամկետը:

 

II. Արտոնագրման համար անհրաժեշտ փաստաթղթեր

 

4. Արտոնագիր ստանալու համար վարչություն է ներկայացվում հայտ, որին կցվում են`

ա) ոչ պետական արխիվի հիմնադիր փաստաթղթերի պատճենները,

բ) տեղեկանք ոչ պետական արխիվում պահվող արխիվային ֆոնդերի ու գործերի, փաստաթղթերի պահպանության պայմանների (տարածք, ջերմախոնավային ռեժիմ, հակահրդեհային սարքավորումներ, սանիտարահիգիենիկ պայմաններ) մասին,

գ) արտոնագիր տալու համար վճարված պետական տուրքի անդորրագրի պատճենը:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվելու պահից 15-օրյա ժամկետում վարչությունը պարտավոր է ընդունել որոշում արտոնագիր տալու կամ այն մերժելու վերաբերյալ:

Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հայտ ներկայացնողին:

6. Վարչությունը կարող է մերժել արտոնագիր տալը, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին:

Արտոնագիր տալը մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

7. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

III. Արտոնագրերի հաշվառումը

 

8. Վարչությունը վարում է արտոնագրերի գրանցամատյան, որում գրառվում են`

ա) ոչ պետական արխիվի ֆիրմային անվանումը,

բ) ոչ պետական արխիվի գտնվելու վայրը,

գ) ոչ պետական արխիվի կազմակերպական-իրավական տեսակը,

դ) ոչ պետական արխիվի պետական գրանցման վկայականի համարը,

ե) արտոնագրի հերթական համարը,

զ) արտոնագիր տալու ամսաթիվը,

է) ոչ պետական արխիվի գործունեության ոլորտը:

9. Արտոնագրերի գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում և կնքում է վարչությունը:

10. Ոչ պետական արխիվի հիմնադիր փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում արխիվի ղեկավարը պարտավոր է դրա մասին մեկամսյա ժամկետում ծանուցել վարչությանը:

 

IV. Արտոնագրի գործողության կասեցումը

 

11. Վարչությունն իրավունք ունի կասեցնելու ոչ պետական արխիվին տրված արտոնագրի գործողությունը սահմանելով խախտումների վերացման ժամկետը:

Վարչությունը սահմանում է արտոնագրի գործողության կասեցման ժամկետը, որը չպետք է գերազանցի 45 օրը:

12. Արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե ոչ պետական արխիվը`

ա) չի ապահովել սույն կարգի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված պայմանները.

բ) հիմնադիր փաստաթղթերում (վկայականում) կատարված փոփոխությունների կամ լրացումների մասին սահմանված ժամկետում չի ծանուցել վարչությանը:

13. Ոչ պետական արխիվը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել խախտումները և դրա մասին տեղեկացնել վարչությանը:

14. Սահմանված ժամկետում խախտումները չվերացվելու դեպքում վարչության որոշմամբ արտոնագիրն ուժը կորցրած է ճանաչվում:

 

V. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելը

 

15. Ոչ պետական արխիվին տրված արտոնագիրը վարչության կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

ա) արտոնագրման համար վարչություն ներկայացրած փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ:

բ) խախտվել են «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան պահանջները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարել է ոչ պետական արխիվի գործունեությունը.

դ) օրացուցային մեկ տարվա ընթացքում կրկնակի կասեցվել է արտոնագրի գործողության ժամկետը:

16. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին վարչության որոշման ընդունման պահից ոչ պետական արխիվը զրկվում է տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքից:

17. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին վարչության որոշման պատճենը եռօրյա ժամկետում տրվում է ոչ պետական արխիվին:

18. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին վարչության որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

19. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ոչ պետական արխիվը նոր արտոնագիր ստանալու համար կարող է սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով դիմել արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու պահից մեկ տարի հետո:

20. Արտոնագիրը կորցնելու դեպքում ոչ պետական արխիվը դրա մասին գրավոր հայտնում է վարչությանը: Վերջինս, ոչ պետական արխիվի գրավոր դիմումի հիման վրա, 15-օրյա ժամկետում տալիս է նոր արտոնագիր` դրա վրա կատարելով «Կրկնօրինակ» նշագրումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.02.2004, N 74-Ն 04.03.2004, N 671
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան