Գլխավոր տեղեկություն
Համար
N 608
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.08/25(58)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 1998 թվականի N 608
քաղ. Երևան

 

«ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ («ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ) ՍԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական տուրիստական կենտրոնի («Արմինտուր» պետական ձեռնարկության «Ծիծեռնակ» դուստր ձեռնարկություն) կազմից առանձնացված Սևանի մասնաճյուղի գույքային համալիրի հիման վրա ստեղծել «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

2. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ամբողջությամբ մասնավորեցնել միջազգային մրցույթով` նշված ընկերությունը վերակազմավորելով «Սևանի ծիծեռնակ» բաց բաժնետիրական ընկերության:

3. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունի:

4. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

5. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի հավանական մասնակիցների հետ.

գ) «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական տուրիստական կենտրոնի («Արմինտուր» պետական ձեռնարկության «Ծիծեռնակ» դուստր ձեռնարկություն) կազմից առանձնացված Սևանի մասնաճյուղը «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորվելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցումից հետո առաջին երեք տարվա համար.

սոցիալական երաշխիքները, այդ թվում` աշխատատեղերի թիվը.

նվազագույն աշխատավարձը:

7. Մրցույթի մասնակիցը պետք է պատրաստ լինի կատարելու իր մրցութային առաջարկում նշված պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած գործարար ծրագրի և սեփականաշնորհման պայմանագրի նախագծի: Մրցույթի մասնակցի կողմից ներկայացվող գործարար ծրագիրը և սեփականաշնորհման պայմանագրի նախագիծը, որոնք ենթակա են քննարկման մրցութային հանձնաժողովի և գնորդի կողմից, պետք է կցված լինեն մրցութային առաջարկին, որտեղ դրա մասին պետք է լինի հստակ ծանուցում:

8. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

9. Վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 2-ի N 608 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«Սեվանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի միջազգային մրցույթով մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ