ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հունվարի 2009 թ. |
թիվ 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն oրենքով նախատեսված դեպքերից»: Միաժամանակ նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն. «Առանց մարդու կամ նրա oրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական oգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով»:
Տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում մարդու պարտադիր համաձայնության առկայության պահանջը բժշկական միջամտություն իրականացնելիս:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիայի առկայության դեպքում, մարդու կյանքին սպառնացող ցանկացած վտանգի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ սահմանված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների առկայության դեպքում, առանց տվյալ կոնկրետ մարդու (պացիենտ) կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, անկախ այդ համաձայնությունն ստանալու անհնարինության պատճառների (օրինակ` հիվանդի անգիտակից վիճակում լինելու, կրոնական կամ այլ համոզմունքներից ելնելով բժշկական միջամտությունից հրաժարվելու), պետք է իրականացնեն անհրաժեշտ բժշկական միջամտություն(ներ): Ընդ որում, անհրաժեշտ բժշկական միջամտություն(ներ) իրականացնելու մասին որոշումը կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:
Նախարար՝ | Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|