Գլխավոր տեղեկություն
Համար
N 234
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.1998-01.05.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.1998

040.0234.15.04.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 1998 թվականի N 234
քաղ. Երևան

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մասնավորեցման գործընթացին աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց մասնակցության կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհման գործընթացին աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց մասնակցության կարգը հաստատելու մասին» N 184 որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
 ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 15-ի N 234 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Ընկերությունների (ձեռնարկությունների) և «փոքր» օբյեկտների մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան աշխատավորական կոլեկտիվի անդամ են համարվում`

ա) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատողները.

բ) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

գ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից կենսաթոշակի անցած և այնտեղ առնվազն երկու տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

դ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող բոլոր կարգի հաշմանդամները.

ե) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն ութ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

զ) ընկերությունների (ձեռնարկությունների) կամ «փոքր» օբյեկտների մասնավորեցման պատճառով վերակազմավորվող կամ լուծարվող վերադաս մարմինների ազատված աշխատակիցները, ովքեր տվյալ մարմնում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

է) ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշման ընդունման պահից հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատված անձինք.

ը) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատած` կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ ստացող անձինք.

թ) տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան զինծառայության զորակոչված և զինծառայության մեջ գտնվող ու ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև ընտրովի պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված անձինք:

Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ կարող են ձեռք բերել աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ միայն մեկ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում:

2. Ընկերությունների (ձեռնարկությունների) կամ «փոքր» օբյեկտների մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից ընկերությունների (ձեռնարկությունների) համար 30-օրյա, իսկ «փոքր» օբյեկտների համար 15-օրյա ժամկետում սույն կարգի 1-ին կետում նշված անձինք մասնավորեցմանը մասնակցելու իրենց ցանկության մասին հայտնում են համապատասխան ընկերությանը (ձեռնարկությանը) կամ «փոքր» օբյեկտի վերադաս մարմնին` ներկայացնելով անձը հաստատող, հաշմանդամության կամ կենսաթոշակ ստանալու փաստը հավաստող փաստաթղթեր:

3. Մասնավորեցվող ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտի վերադաս մարմնում կազմակերպվում է սույն կարգի 1-ին կետում նշված անձանց հաշվառում և գրանցում: Հաշվառումն ու գրանցումը կատարվում են հատուկ մատյանում: Մատյանի ձևն ու բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը: Գրանցումից հետո եռօրյա ժամկետում տվյալ ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ստացած անձին տրվում է դրա մասին համապատասխան տեղեկանք (ձևը կցվում է):

4. Տեղեկանքում նշված` աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի հրավիրման օրվա, ժամի և վայրի փոխվելու դեպքում նախաձեռնող խումբը կամ լիազորված անձը պարտավոր է աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ստացած անձանց ընդհանուր ժողովի հրավիրման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացնել ոչ ուշ, քան ընդհանուր ժողովի հրավիրման օրվանից երեք օր առաջ: Կատարված փոփոխությունների մասին միաժամանակ տեղեկացվում է մասնավորեցվող ընկերությանը (ձեռնարկությանը) կամ «փոքր» օբյեկտի վերադաս մարմնին:

 

Ձև

_______________________
(գրանցման համարը և ամսաթիվը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է քաղաքացի _______________________________________________ - ին

(անունը, ազգանունը)

 

այն մասին, որ նա`

ա) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան համարվում է 

 

________________________________________________________________________

(ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի անվանումը)

աշխատավորական կոլեկտիվի անդամ.

բ) տեղեկացվել է ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի մասին, որը տեղի կունենա 199   թ. __________ - ի ______________ - ին, ժամը ____________ - ին

_______________________________________________________________
_______________________________________________________________
հասցեում:

  

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ)
ԿԱՄ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐԱԴԱՍ
ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
(ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ)

   
 

_________________
(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

____ _____________ 199 թ.