«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
27 փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 1998 թվականի N 121
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հունաստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրված սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով (այսուհետև` հուշագիր), ինչպես նաև հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման ու դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված 4444,4 տոննա պարենային ցորենն ամբողջությամբ հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` աճուրդային կարգով իրացնելու համար.
բ) պարենային ցորենի մեկ տոննայի համար որպես աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գին սահմանվում է 220 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` աճուրդի կայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքին համապատասխան.
գ) պարենային ցորենի աճուրդային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված կարգով.
դ) պարենային ցորենի աճուրդային վաճառքի իրականացման գործում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության մատուցված ծառայությունների դիմաց նրան է հատկացվում աճուրդով վաճառված պարենային ցորենի արժեքի 0,5 տոկոսը.
ե) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի իրացումից գոյացող միջոցները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված, ինչպես նաև պարենային ցորենի մինչաճուրդային պահպանության համար հատկացվող միջոցների, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունով բացված հատուկ հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված 4444,4 տոննա պարենային ցորենից իրացնող և վերամշակվող ձեռնարկություններին տրամադրված պարենային ցորենի արժեքն առաջին աճուրդի օրվանից հաշված 15-օրյա ժամկետում այդ աճուրդի ընթացքում ձևավորված միջին գնով մուտքագրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունով բացված հատուկ հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենը պահպանելու և դրա աճուրդային վաճառքն իրականացնելու պայմանների մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 27-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |