Գլխավոր տեղեկություն
Համար
N 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.1998-02.09.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.24/4(37)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.09.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
30 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 1998 թվականի N 45
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առևտրի, հանրային սննդի և սպասարկումների ոլորտը կարգավորող կանոնների պահպանումը վերահսկելու, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչության օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել` Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչության կառուցվածքը և աշխատողների թիվը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության պետական տեսչություններն ստեղծվում են մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատողների ընդհանուր թվի հաշվին:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունների գործունեության վերահսկումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) ստեղծել Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային և Երևանի քաղաքային պետական տեսչություններ.

բ) յուրաքանչյուր եռամսյակ մինչև հաջորդ ամսվա 20-ը, կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն և դրանց բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունվարի 30-ի N 45 որոշմամբ

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունը (այսուհետև` առսպասպետտեսչություն) Հայաստանի Հանրապետության մարզային, Երևանում քաղաքային ենթակայության ինքնուրույն ստորաբաժանում է, որն իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում մարզում ու Երևանում գործող` «Ձեռնարկությունների ու ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) կողմից առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման ու սպառողների իրավունքների պաշտպանության նկատմամբ:

2. Առսպասպետտեսչության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Առսպասպետտեսչության պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. Առսպասպետտեսչության գործառույթները

 

4. Առսպասպետտեսչության գործառույթներն են`

ա) առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանումն ու սպառողների իրավունքների պաշտպանության վերահսկողության իրականացումը.

բ) քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու գանգատների հիման վրա մարզերում` մարզպետի, Երևանում` քաղաքապետի հանձնարարությամբ առևտրի և սպասարկումների բնագավառում ուսումնասիրությունների կատարումը.

գ) առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը մարզերում` մարզպետին, Երևանում` քաղաքապետին.

դ) առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոններով սահմանված, բայց Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների գործառույթներին վերաբերող բնագավառներում թերությունների կամ խախտումների արձանագրման դեպքում դրանց մասին համապատասխան մարմիններին տեղեկացնելը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

 

III. Առսպասպետտեսչության աշխատողների իրավական պաշտպանությունը

 

5. Առսպասպետտեսչության աշխատողների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը խոչընդոտող պաշտոնատար անձանց և քաղաքացիների ցանկացած գործողություն գանգատարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. Առսպասպետտեսչության կառուցվածքը ԵՎ աշխատանքի կազմակերպումը

 

6. Առսպասպետտեսչության իր կանոնադրական խնդիրների իրականացման ընթացքում մարզերում` մարզպետի, Երևանում` քաղաքապետի միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ:

Առսպասպետտեսչության օրինակելի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առսպասպետտեսչության կանոնադրությունը հաստատում են մարզերում` մարզպետը, Երևանում` քաղաքապետը` հիմք ընդունելով սույն օրինակելի կանոնադրությունը:

Առսպասպետտեսչությունը ղեկավարում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում են մարզերում` մարզպետը, Երևանում` քաղաքապետը` նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ:

7. Առսպասպետտեսչության պետը`

ղեկավարում է առսպասպետտեսչության գործունեությունը.

պատասխանատվություն է կրում առսպասպետտեսչության գործառույթների իրականացման համար.

սահմանում է առսպասպետտեսչության աշխատողների գործառույթները և իրավասության սահմանները.

յուրաքանչյուր եռամսյակ` մինչև հաջորդ ամսվա 15-ը, կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն և դրանց բարելավման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում մարզերում` մարզպետին, Երևանում` քաղաքապետին.

իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

8. Առսպասպետտեսչության պետի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է առսպասպետտեսչության պետի տեղակալը:

9. Առսպասպետտեսչության իրավաբանական անձ է, ունի իր անվամբ կնիք և դրոշմակնիք:

 

V. Առսպասպետտեսչության գործունեության վերահսկումը

 

10. Առսպասպետտեսչության գործունեության վերահսկումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

 

VI. Առսպասպետտեսչության գործունեության դադարեցումը

 

11. Առսպասպետտեսչության գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: