Գլխավոր տեղեկություն
Համար
N 17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.01.1999-23.06.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.1999

040.0017.14.01.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 1999 թվականի N 17

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 565 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների հաշվառման և վերահսկողության մասին» N 565 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման ու վերահսկողության կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների հաշվառման և վերահսկողության մասին» N 565 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման ու վերահսկողության կարգի վերաբերյալ»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

հունվարի 14-ի N 17 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցները (այսուհետև` արտաբյուջետային միջոցներ) ներառում են տվյալ բյուջետային հիմնարկին ոչ պետական աղբյուրներից անվերադարձ, չփոխհատուցվող արտաբյուջետային վճարումները և բնաիրային ձևով կատարվող արտաբյուջետային հատկացումները, որոնք կատարում են ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք:

3. Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների (այսուհետև` հիմնարկ) արտաբյուջետային միջոցները (ոչ բնաիրային) մուտքագրվում են տվյալ հիմնարկն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի (այսուհետև` ՏԳԲ) առևտրային բանկում բացված նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների հաշվում (այսուհետև` բանկային հաշիվ):

Այն դեպքում, երբ ՏԳԲ-ն հիմնարկները չի սպասարկում առևտրային բանկի միջոցով, բանկային հաշիվը բացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

4. Բանկային հաշիվներում գոյացող միջոցները կարող է տնօրինել տվյալ հիմնարկը, եթե միջոցների տնօրինման նախահաշիվը (ըստ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման) կամ հատկացնողի և հիմնարկների միջև կնքված տվյալ գումարի տնօրինման մասին պայմանագիրը հաստատված են հիմնարկի վերադաս պետական մարմնի կողմից:

5. ՏԳԲ-ում հիմնարկների արտաբյուջետային միջոցների (ոչ բնաիրային) սպասարկումը և հաշվառումը կատարվում են յուրաքանչյուր հիմնարկի համար առանձին:

6. Հիմնարկի կողմից բանկային հաշիվներից գումարներն ստացվում են բյուջեի դրամարկղային կատարման` սահմանված ընթացակարգով, եթե ապահովված է սույն կարգի 4-րդ կետի պահանջի կատարումը:

7. Հիմնարկն իր արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ, ըստ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման, հաշվետվություն է ներկայացնում իր վերադաս պետական մարմնին և սպասարկող ՏԳԲ: Արտաբյուջետային միջոցների տնօրինման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հաստատված նախահաշվին համապատասխան, ըստ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման, իսկ արտաբյուջետային միջոցների գոյացման վերաբերյալ հաշվետվությունը, որպես պարտադիր պայման, պետք է ներառի տեղեկատվություն վճարումը կատարողի վերաբերյալ (ֆիզիկական անձանց համար անունը, ազգանունը, հայրանունը, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց համար վճարող կազմակերպության անվանումը և հարկային ծածկագիրը, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար վճարող կազմակերպության անվանումը և գրանցման վայրը):

Վերադաս պետական մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ամփոփ հաշվետվություն իր ենթակայության հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ: Ներկայացվող հաշվետվության հաճախականությունը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

Վերադաս պետական մարմինը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն է ներկայացնում հաշվետվություն իր ենթակայության հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ յուրաքանչյուր հիմնարկի համար առանձին: Ներկայացվող հաշվետվության հաճախականությունը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

8. ՏԳԲ-ները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում ամփոփ հաշվետվություն յուրաքանչյուր ՏԳԲ-Ի արտաբյուջետային հաշվում միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ: Ներկայացվող հաշվետվության հաճախականությունը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: