Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (13.07.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.10.03/25(202)
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
13.07.2009
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

13 հուլիսի 2009 թ.

N 1

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն.

«1. Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնը (այսուհետ` Ժամանակավոր տեղավորման կենտրոն) հատուկ հաստատություն է, որտեղ լիազոր մարմինը տեղավորում է ապաստան հայցողներին մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը»:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

1. Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն է ծառայում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի թիվ 407-Ն որոշմամբ ստեղծված «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

2. Ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորումն իրականացնում է «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից ապաստան հայցողին տրված ուղեգրի հիման վրա:

3. «Ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը» հասկացության տակ նկատի է առնվում`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի որոշումը` անձին փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին:

Որոշման մասին տեղեկանալու օրվան հաջորդող օրը ապաստան հայցողը և նրա ընտանիքի անդամները ազատում են ժամանակավոր տեղավորման կենտրոնում զբաղեցրած տարածքը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի որոշումը անձին փախստական չճանաչելու և ապաստանի տրամադրումը մերժելու մասին (այսուհետ՝ մերժման որոշում), եթե անձը մերժման որոշումը չի բողոքարկել դատական կարգով` որոշման մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

Հետևաբար` ապաստան հայցողը և նրա ընտանիքի անդամները կարող են բնակվել ժամանակավոր տեղավորման կենտրոնում մերժման որոշումը ստանալուց հետո ևս 30 օր.

3) մերժման որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վճիռը` անձի հայցը մերժելու մասին, եթե վճիռը չի բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան.

4) Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վճիռը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան բողոքարկվելու դեպքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումը` հայցը մերժելու մասին.

5) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշմամբ հայցը բավարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի որոշումը` անձին փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին:

4. Այլ պետության կողմից փախստական ճանաչված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանի մերժում ստացած անձինք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գրավոր թույլտվությամբ կարող են շարունակել բնակությունը ժամանակավոր տեղավորման կենտրոնում` մինչև Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան