ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 մարտի 2009 թ. |
N 1-Ն |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԽՈՇՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-226-Ն օրենքի 7-րդ հոդվածով՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում լրացված 1.1-րդ մասի համաձայն՝ խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները։ Խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որի նախորդ տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլիոն դրամը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 միլիոն դրամը։ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-226-Ն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վերոնշյալ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը (պաշտոնական հրապարակումը՝ 30 դեկտեմբերի 2008 թ.)։
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե օրենքով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի «ա» կետը, 86-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի մասին» թիվ 457 որոշումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-226-Ն օրենքի 7-րդ հոդվածով՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում լրացված 1.1-րդ մասով նախատեսված.
1. խոշոր կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու վերաբերյալ պահանջները տարածվում են սկսած 2009 թվականի տարեկան, ինչպես նաև դրան հաջորդող տարիների համար կազմված ֆինանսական հաշվետվությունների վրա,
2. 2009 թվականի և դրան հաջորդող յուրաքանչյուր հաշվետու տարվա արդյունքներով խոշոր համարվող կազմակերպությունները պարտավոր են այդ տարիների ֆինանսական հաշվետվությունները հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը։
Նախարար՝ | Տ. Դավթյան |