Գլխավոր տեղեկություն
Համար
N 540
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.15/28
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

27 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 1997 թվականի N 540

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՎՃԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով յուրաքանչյուր ընտանիքի 1997 թվականի դեկտեմբեր և 1998 թվականի հունվար, փետրվար ամիսներին 7500 դրամին համարժեք անվճար էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 1997 թվականին ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնության կարգով տրամադրված բնական գազից արտադրված էլեկտրաէներգիայից 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք մասն անվճար մատակարարել 200 հազ. սոցիալապես անապահով ընտանիքներին:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համատեղ, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հետ`

ա) մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը`

կազմել և հաստատել հանրապետության համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները.

հաստատել սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար էլեկտրաէներգիայի մատակարարման կտրոնների ձևը և դրանց տրամադրման կարգը.

բ) վերահսկողություն ապահովելու համար մինչև 1997 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն հանրապետության համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների թվի վերաբերյալ և մինչև 1997 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել նշված կտրոնների բաշխումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) նշված կտրոնների տպագրության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով «Բնակչությանը արտոնությունների դիմաց փոխհատուցումների վճարումներ» հոդվածով նախատեսված գումարների հաշվին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա.

բ) սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար էլեկտրաէներգիայի մատակարարման օգտագործված կտրոնների կենտրոնացման, հաշվառման և դրանց պահպանման կարգը որոշելու նպատակով սահմանված կարգով ստեղծել համապատասխան հանձնաժողով` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության պատասխանատու ներկայացուցիչներին:

4. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար էլեկտրաէներգիայի մատակարարման ձևակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) մարդասիրական օգնության կարգով ստացված բնական գազից արտադրված` սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների ձևակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել սույն որոշման (N 1 հավելվածի մասով) լուսաբանումը` լրատվության միջոցներով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1997 թվականի

նոյԵՄԲԵՐԻ 27-Ի N 540 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. 1997 թվականին ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնության կարգով տրամադրված բնական գազից արտադրված էլեկտրաէներգիայից 1997 թվականի դեկտեմբերին և 1998 թվականի հունվար, փետրվար ամիսներին 200 հազ. սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվելիք էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները բնակչությունը կատարում է յուրաքանչյուր ընտանիքին տրամադրված 2500 դրամին համարժեք անվճար էլեկտրաէներգիայի մատակարարման կտրոնների (այսուհետև` կտրոններ) հիման վրա` բաժանորդային գրքույկներում կատարելով համապատասխան գրանցում: Մարզային և Երևանի քաղաքային էլեկտրացանցային պետական ձեռնարկությունները փաստացի օգտագործված կտրոնները ձևակերպում են որպես վճարման միջոց:

2. Վճարումները կատարելու համար բաժանորդն իր բաժանորդային գրքույկով և իրեն տրված կտրոններով համապատասխան էլեկտրացանցային պետական ձեռնարկություն է ներկայանում յուրաքանչյուր ամիս` այդ ձեռնարկության կողմից սահմանված վճարման ժամկետում, իսկ 1998 թվականի փետրվար ամսվա և վերջնահաշվարկի համար` ոչ ուշ, քան մինչև 1998 թվականի մարտի 15-ը:

3. Ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվարկվում է գործող սակագներով: Տվյալ ամսում փաստացի ծախսված էլեկտրաէներգիայի արժեքի և կտրոնների արժեքի տարբերությունը ենթակա է բաժանորդի կողմից վճարման: Կտրոնների արժեքից պակաս կատարված էլեկտրաէներգիայի ծախսի դեպքում տվյալ ամսում կտրոնների արժեքի չօգտագործված մնացորդը դրամով չի փոխհատուցվում, այլ ձևակերպվում է որպես կանխավճար և տեղափոխվում հաջորդ ամիս կտրոնների գործողության ժամանակահատվածում:

4. Անվճար էլեկտրաէներգիայի մատակարարման կտրոններն ուժի մեջ են մինչև 1998 թվականի մարտի 15-ը:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ
հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1997 թվականի

նոյԵՄԲԵՐԻ 27-Ի N 540 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդային վճարումների ձևակերպումներն իրականացվում են հետևյալ կարգով`

ա) բաժանորդային գրքույկներում փաստացի օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսի ձևակերպման ավարտից հետո մինչև 1998 թվականի ապրիլի 10-ը մարզային և Երևանի քաղաքային էլեկտրացանցային պետական ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն են ներկայացնում ամփոփ հաշվետվություն.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը 10-օրյա ժամկետում, ամփոփելով էլեկտրացանցային պետական ձեռնարկություններից ստացված հաշվետվությունները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում առաջարկություն հաշվանցում կատարելու վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ստացված փաստացի տվյալների ամփոփ հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մեկ օրվա ընթացքում կազմակերպում է բանկային հաշվանցում (ներառյալ ավելացված արժեքի հարկը) հետևյալ սխեմայով`

հաշվանցման համար էլեկտրացանցային պետական ձեռնարկություններն իրենց սպասարկող բանկային բաժանմունքներից ստանում են անտոկոս վարկ` փաստացի ձևակերպված և ներկայացված հաշվետվությանը համապատասխան գումարի չափով.

էլեկտրացանցային պետական ձեռնարկությունների վարկի ձևով ստացված գումարն ամբողջությամբ վճարում են «Հայէներգո» ՊՁ-ին.

«Հայէներգո» ՊՁ-ն էլեկտրացանցային պետական ձեռնարկություններից ստացված գումարն ամբողջությամբ վճարում է «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ-ին.

«Հրազդանի ՋԷԿ» ՊՁ-ն «Հայէներգո» ՊՁ-ից ստացված գումարն ամբողջությամբ վճարում է «Հայգազարդ» ՊԿ-ին.

«Հայգազարդ» ՊԿ-ն «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ-ից ստացված գումարն ամբողջությամբ մուծում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես մարդասիրական օգնության կարգով ստացված բնական գազից արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց ստացած համարժեք գումար.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Հայգազարդ» ՊԿ-ից ստացված գումարն ամբողջությամբ վճարվում է համապատասխան մարզային և Երևանի քաղաքային էլեկտրացանցային պետական ձեռնարկություններին, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած ցուցակներում ընդգրկված 200 հազ. սոցիալապես անապահով ընտանիքների օգտագործած էլեկտրաէներգիայի համարժեք գումարի չափով վերցված վարկի մարում:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված վճարումների հաշվանցման սխեման հետևյալն է`

Վարկատու բանկ - էլեկտրացանցային պետական ձեռնարկություններ - «Հայէներգո» ՊՁ - «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ - «Հայգազարդ» ՊԿ - Հայաստանի Հանրապետության պետական բյուջե - էլեկտրացանցային պետական ձեռնարկություններ - վարկատու բանկ:

 

ՀՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան