ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1981 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «Ի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի` ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 մայիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված` «Ի փոփոխություն 1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 1981 թ. փետրվարի 12-ին Բրյուսելում` վերին օդային տարածքում ընդհանուր օդային փոխադրումների համատեղ հսկողության համար անդամ պետությունների կողմից եվրոպական համակարգի ստեղծումն ապահովելու նպատակով:
Արձանագրությամբ վերանայվում է 1960 թ. դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիան (այսուհետև` Կոնվենցիա)` 1970 թ. հուլիսի 6-ին և 1978 թ. նոյեմբերի 21-ին Բրյուսելում ստորագրված արձանագրություններով կատարված փոփոխություններով: Կոնվենցիան և քննության առարկա արձանագրությունը կազմում են միասնական փաստաթուղթ, որն անվանվում է «1981 թ. Բրյուսելում փոփոխված` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ միջազգային կոնվենցիա («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»)»:
2. Արձանագրությամբ փոփոխվում են Օդանավագնացության անվտանգության համար եվրոպական կազմակերպության (այսուհետև` Կազմակերպություն) խնդիրները, Կոնվենցիայի կիրառման շրջանակը, Օդանավագնացության անվտանգության համար մշտական հանձնաժողովի կազմն ու իրավասությունները, այդ հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման ընթացակարգը:
Արձանագրությունն ունի 3 հավելված` հավելված 1. «Օդանավագնացության անվտանգության գործակալության կանոնադրությունը», հավելված 2. «Թռիչքների տեղեկատվական շրջանները», հավելված 3. «Անցումային դրույթներ»:
3. Արձանագրությամբ Պայմանավորվող կողմերը համաձայնում են ամրապնդել իրենց համագործակցությունը և զարգացնել իրենց համատեղ գործողություններն օդանավագնացության ոլորտում` պատշաճ ուշադրություն դարձնելով պաշտպանական կարիքների վրա և ապահովելով առավելագույն ազատություն օդային տարածքից օգտվողների համար:
Արձանագրության 2-րդ հոդվածը սահմանում է այն միջոցառումները, որոնք Պայմանավորվող կողմերը համաձայնում են իրականացնել այդ համագործակցության շրջանակներում:
4. Արձանագրությամբ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են Կազմակերպության անձնակազմի անդամներին ազատել մաքսային տուրքերից և գանձումներից, նրանց բոլոր փաստաթղթերին տրամադրել անձեռնմխելիություն: Անձեռնմխելիություն է տրամադրվում նաև Կազմակերպության շինություններին, Օդանավագնացության անվտանգության գործակալության գլխավոր տնօրենին, Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներին` իրենց գործառույթներն իրականացնելիս և հանդիպման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ընթացքում:
Պայմանավորվող կողմերը Կազմակերպությանը, Գլխավոր տնօրենին և Կազմակերպության անձնակազմին ազատում են սոցիալական ապահովության ներպետական մարմիններին պարտադիր մուծումներ կատարելուց:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1981 թ. փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված` «Ի փոփոխություն 1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|