Գլխավոր տեղեկություն
Համար
N 247
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.08.1996-09.06.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
12 օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 1996 թվականի N 247

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 Թվականի
օգոստոսի 12-Ի N 247 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ Ա Պ Ա Հ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի

 

Սույն կանոնադրությունը սահմանում է զինվորական կարգապահության էությունը, զինծառայողների պարտականությունները կարգապահության նորմերի պահպանման գործում, խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները, հրամանատարների (պետերի) իրավունքները դրանց կիրառման ուղղությամբ, ինչպես նաև առաջարկությունների, դիմումների ու բողոքների (գանգատների) ներկայացման և քննարկման կարգը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերի, շտաբների, վարչությունների, հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ռազմաուսումնական հաստատությունների բոլոր զինծառայողները, անկախ զինվորական կոչումից, ծառայողական դիրքից ու ծառայություններից, պետք է խստորեն ղեկավարվեն սույն կանոնադրությամբ:

Կանոնադրության դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորքերի և այլ նախարարությունների զինծառայողների վրա, ինչպես նաև այն անձանց վրա, ովքեր արձակված են զինվորական ծառայությունից` զինվորական համազգեստ կրելու իրավունքով, եթե նրանք կրում են զինվորական համազգեստ:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Զինվորական կարգապահությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով, զինվորական կանոնադրություններով և հրամանատարների (պետերի) հրամաններով սահմանված կարգուկանոնի խստիվ ու ճշգրիտ պահպանումն է բոլոր զինծառայողների կողմից:

Դրա նպատակը մարդու իրավունքները սահմանափակելը և բացառելը չէ, այլ զինծառայողների համախմբվածությունը, մարտական պատրաստությունն ապահովելն է` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առջև ծառացած խնդիրները կատարելու համար:

2. Զինվորական կարգապահությունը հիմնվում է յուրաքանչյուր զինծառայողի կողմից հայրենիքի պաշտպանության գործում իր զինվորական պարտքի և անձնական պատասխանատվության գիտակցման վրա:

Զինծառայողների մեջ բարձր կարգապահության դաստիարակման հիմնական մեթոդը համոզելն է: Սակայն համոզելը չի բացառում հարկադրանքի միջոցների կիրառումը նրանց նկատմամբ, ովքեր անբարեխղճորեն են վերաբերվում իրենց զինվորական պարտքի կատարմանը:

3. Զինվորական կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր զինծառայողի`

հավատարիմ լինել զինվորական երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները.

իր զինվորական պարտքը կատարել հմտորեն և արիաբար, բարեխղճորեն ուսումնասիրել ռազմական գործը, պահպանել ռազմական ու պետական գույքը.

աննկուն կրել զինվորական ծառայության դժվարությունները, չխնայել սեփական կյանքը` զինվորական պարտքը կատարելու համար.

լինել զգոն, խստորեն պահպանել ռազմական ու պետական գաղտնիքները.

պահպանել զինծառայողների միջև փոխհարաբերությունների` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնները, ամրապնդել զորային ընկերասիրությունը.

հարգել հրամանատարներին (պետերին) ու միմյանց, պահպանել զինվորական քաղաքավարության և ողջույնի կանոնները.

իրեն արժանապատվությամբ պահել հասարակական վայրերում, թույլ չտալ անվայել արարք ու նույնը պահանջել ուրիշներից, աջակցել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանմանը:

4. Զինվորական բարձր կարգապահությունը ձեռք է բերվում`

զինծառայողների մեջ բարոյահոգեբանական ու մարտական վսեմ հատկանիշներ դաստիարակելով, հրամանատարներին (պետերին) գիտակցաբար ենթարկվելով.

իր պարտականությունների և զինվորական կանոնադրությունների պահանջների կատարման համար յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատասխանատվությամբ.

զորամասում (ստորաբաժանումում) ներքին կարգուկանոնի պահպանմամբ.

մարտական պատրաստության հստակ կազմակերպմամբ և այդ գործում անձնակազմի լրիվ ընդգրկմամբ.

ենթակաների նկատմամբ հրամանատարների (պետերի) ամենօրյա խստապահանջությամբ, նրանց արժանապատվության հարգմամբ, նրանց հանդեպ մշտական հոգատարությամբ, համոզման, հարկադրանքի և կոլեկտիվի հասարակական ներգործության միջոցների հմուտ զուգորդմամբ ու ճիշտ կիրառմամբ.

զորամասում (ստորաբաժանումում) անհրաժեշտ նյութական-կենցաղային պայմանների ստեղծմամբ:

5. Զորամասում (ստորաբաժանումում) կարգապահության վիճակի համար պատասխանատու են հրամանատարն ու անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով նրա տեղակալը, ովքեր պետք է մշտապես պահպանեն զինվորական բարձր կարգապահությունը և նույնը պահանջեն ենթականերից, խրախուսեն արժանիներին, խստությամբ, բայց արդարացիորեն պատժեն կարգազանցներին:

6. Զորամասում (ստորաբաժանումում) զինվորական բարձր կարգապահության պահպանման նպատակով հրամանատարը պարտավոր է`

ուսումնասիրել ենթակաների անձնական հատկանիշները, աջակցել զինծառայողների միջև փոխհարաբերությունների` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնների պահպանմանը, համախմբել զինվորական կոլեկտիվը, ամրապնդել բարեկամությունը տարբեր ազգերի զինծառայողների միջև.

իմանալ զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, հասնել ենթակա հրամանատարների (պետերի) կողմից զինվորական, կարգապահության ամրապնդման պահանջների, խնդիրների ու եղանակների միասնական ըմբռնման.

ղեկավարել ենթակա հրամանատարների (պետերի) գործունեությունը զինվորական կարգապահության ամրապնդման և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման ուղղությամբ, նրանց սովորեցնել խրախուսանքների և կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան.

անհապաղ վերացնել ծառայության կատարման կանոնների բացահայտված խախտումները և վճռականորեն կանխել զորամասի (ստորաբաժանման) մարտունակությանը վնասող յուրաքանչյուր գործողություն, կազմակերպել իրավական քարոզչություն ու աշխատանք տանել հանցագործությունների, պատահարների և զանցանքների կանխման ուղղությամբ.

Ենթականերին դաստիարակել զինվորական կարգապահության պահանջների անշեղ կատարման ոգով, նրանց մեջ զարգացնել և պահպանել սեփական արժանապատվության զգացում, զինվորական պարտքի ու պատվի գիտակցում, զորամասում (ստորաբաժանումում) անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել զինվորական կարգապահության, հատկապես զինծառայողների փոխհարաբերության կանոնադրական պահանջների խախտումների, սոցիալական անարդարության փաստերի նկատմամբ` լայնորեն օգտագործելով հրապարակայնությունը.

հետևողականորեն վերլուծել ենթակաների զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական վիճակը, այդ մասին ժամանակին և օբյեկտիվորեն զեկուցել վերադաս հրամանատարներին (պետերին), իսկ հանցագործությունների ու պատահարների մասին զեկուցել անհապաղ:

Զինծառայողների նկատմամբ հարգանքը, նրանց սոցիալական և իրավական պաշտպանվածության հանդեպ հոգատարությունը հրամանատարի (պետի) կարևորագույն պարտականություններն են: Զինվորական կարգապահության խախտումները, հանցագործություններն ու պատահարները կոծկող հրամանատարը (պետը) ենթարկվում է պատասխանատվության:

7. Հրամանատարը (պետը) պետք է մոտ կանգնած լինի ենթականերին, իմանա նրանց կարիքներն ու պահանջները, ձգտի բավարարել դրանք, կոպտորեն չվերաբերվի ու չնվաստացնի ենթակաների արժանապատվությունը, մշտապես օրենքների, զինվորական կանոնադրությունների ու հրամանների պահպանման, բարոյական մաքրության, ազնվության, համեստության ու արդարության օրինակ ծառայի նրանց համար:

Յուրաքանչյուր զինծառայող պետք է համոզված լինի, որ պաշտպանված են իր իրավունքներն ու օրինական շահերը, զգա հրամանատարի (պետի) հոգատարությունն իր անձի անձեռնմխելիության, նրա հարգանքը իր պատվի ու արժանապատվության նկատմամբ:

8. Զինվորական կարգապահության պահպանման ուղղությամբ հրամանատարի (պետի) գործունեությունը գնահատվում է ոչ թե կարգապահական տույժեր տալու քանակով, այլ օրենքների և զինվորական կանոնադրությունների ճշգրիտ պահպանմամբ, իր կարգապահական իրավունքների լիակատար օգտագործմամբ, կարգուկանոն հաստատելու նպատակով իր պարտականությունների կատարմամբ ու զինվորական կարգապահության խախտումները ժամանակին կանխելով: Զինվորական կարգապահությունը խախտող ոչ մի զինծառայող պատասխանատվությունից չպետք է խուսափի, բայց և չպետք է պատժվի ոչ մի անմեղ մարդ:

Կանոնադրական կարգը և զինվորական կարգապահության պահանջները պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ չապահովող, դրանք վերականգնելու նպատակով միջոցներ չձեռնարկող հրամանատարը (պետը) ենթակա է պատասխանատվության:

Հրամանատարը (պետը) պատասխանատվություն չի կրում ենթակաների այն հանցագործությունների, պատահարների ու զանցանքների համար, որոնք հրամանատարի (պետի) գործունեության կամ դրանք կանխելու միջոցներ չձեռնարկելու անմիջական հետևանք չեն

Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է աջակցել հրամանատարին (պետին)` վերականգնել կարգուկանոնն ու կարգապահությունը: Հրամանատարին (պետին) աջակցելուց խուսափելու համար զինծառայողը կրում է պատասխանատվություն:

9. Հրամանատարի (պետի) հրաման արձակելու իրավունքը և ենթակա զինծառայողի անառարկելիորեն հնազանդվելու պարտականությունը միանձնյա ղեկավարման հիմնական սկզբունքներն են:

Ենթակայի բացահայտ անհնազանդության կամ դիմադրության դեպքում հրամանատարը (պետը) պարտավոր է կարգուկանոնն ու կարգապահությունը վերականգնելու նպատակով ձեռնարկել օրենքներով ու զինվորական կանոնադրություններով սահմանված հարկադրանքի բոլոր միջոցները, ընդհուպ մինչև մեղավորին մեկուսացնելն ու քրեական գործ հարուցելը: Ընդ որում, զենք կարող է գործադրվել միայն մարտական իրադրության մեջ, իսկ խաղաղ պայմաններում` բացառիկ, անհետաձգելի դեպքերում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրության պահանջներին համապատասխան:

10. Խրախուսանքի միջոցներ կիրառել ու կարգապահական տույժ տալ կարող են միայն անմիջական պետերը և այն պետերը, ովքեր նշված են սույն կանոնադրության «Հատուկ դեպքերում կարգապահական տույժ տալը» բաժնում (գլուխ 3):

Կրտսեր պետերին տրված կարգապահական իրավունքը միշտ պատկանում է նաև ավագ պետերին:

11. Այն հրամանատարները (պետերը), որոնց պաշտոնները նշված չեն սույն կանոնադրության մեջ (թիվ 1 հավելված), ենթակաների նկատմամբ օգտվում են իրենց զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված զինվորական կոչմանը համապատասխան կարգապահական իրավունքից`

ա) կրտսեր սերժանտը, սերժանտը` ջոկի հրամանատարի.

բ) ավագ սերժանտը` դասակի հրամանատարի տեղակալի.

գ) ավագը, ենթասպան, ավագ ենթասպան` վաշտի (անձնախմբի) ավագի.

դ) կրտսեր լեյտենանտը, լեյտենանտը, ավագ լեյտենանտը` դասակի (խմբի) հրամանատարի.

ե) կապիտանը` վաշտի հրամանատարի.

զ) մայորը, փոխգնդապետը` գումարտակի հրամանատարի.

է) գնդապետը` գնդի, բրիգադի հրամանատարի.

ը) գեներալ-մայորը` դիվիզիայի հրամանատարի.

թ) գեներալ-լեյտենանտը` կորպուսի հրամանատարի.

ժ) գեներալ-գնդապետը` բանակի հրամանատարի:

Այն հրամանատարները (պետերը), որոնց պաշտոնների համար հաստիքով նախատեսված է երկու զինվորական կոչում, օգտվում են բարձր զինվորական կոչմանը համապատասխան կարգապահական իրավունքից:

12. Ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների հրամանատարների տեղակալները ենթակաների նկատմամբ օգտվում են իրենց անմիջական պետերին տրված իրավունքներից մեկ աստիճանով ցածր կարգապահական իրավունքից:

13. Պաշտոնի ժամանակավոր կատարման դեպքում, եթե այդ մասին հայտարարված է հրամանով, հրամանատարը (պետը) օգտվում է պաշտոնի ժամանակավոր կատարման կարգապահական իրավունքից:

14. Գնդի հրամանատարի տեղակալը և ավելի ցածր պաշտոնի սպաները` ստորաբաժանումների կամ անձնախմբերի հետ` որպես դրանց պետեր, գործուղման ժամանակ, ինչպես նաև զորամասի հրամանատարի հրամանով զորամասի տեղաբաշխման վայրից դուրս ինքնուրույն առաջադրանք կատարելիս օգտվում են զբաղեցրած պաշտոնով նախատեսված իրավունքներից մեկ աստիճանով բարձր կարգապահական իրավունքից:

Անձնախմբերի պետեր նշանակված զինծառայողները վերը նշված դեպքերում օգտվում են հետևյալ կարգապահական իրավունքից`

զինվորները, սերժանտները և ավագները` վաշտի (անձնախմբի) ավագի.

ավագի և ենթասպայի զինվորական կոչում ունեցողները`

դասակի (խմբի) հրամանատարի. դասակի (խմբի) հրամանատարի պաշտոն զբաղեցնող ենթասպան` վաշտի հրամանատարի:

15. Ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիրներից և ուսանողներից կազմված ստորաբաժանումների սպա հրամանատարներն իրենց ենթակաների նկատմամբ օգտվում են զբաղեցրած պաշտոնով նախատեսված իրավունքներից մեկ աստիճանով բարձր կարգապահական իրավունքից:

16. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարչությունների պետերն իրենց ենթակա զինծառայողների նկատմամբ օգտվում են առանձին բրիգադի, դիվիզիայի հրամանատարին տրված կարգապահական իրավունքից:

17. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանրապետության զինված ուժերի զինծառայողների նկատմամբ կարգապահական իրավունքից օգտվում է սույն կանոնադրության ամբողջ ծավալով:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալներն օգտվում են պաշտոնեական հաստիքով նախատեսված զինվորական կոչմանը համապատասխան կարգապահական իրավունքից` համաձայն սույն կանոնադրության 11-րդ կետի: Հայաստանի

Հանրապետության զինված ուժերի քաղաքացիական անձնակազմի անդամները զինծառայողների նկատմամբ օգտվում են պաշտոնեական հաստիքով նախատեսված զինվորական կոչմանը համապատասխան կարգապահական իրավունքից:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

Խրախուսանք

 

18. Խրախուսանքը զինծառայողների դաստիարակման և զինվորական կարգապահության ամրապնդման կարևոր միջոց է:

Յուրաքանչյուր հրամանատար (պետ) սույն կանոնադրությամբ իրեն տրված իրավունքների սահմաններում պարտավոր է խրախուսել ենթակա զինծառայողներին` սխրագործության, խելացի նախաձեռնության, ջանասիրության ու ծառայության մեջ աչքի ընկնելու համար:

Այն դեպքում, երբ հրամանատարը (պետը) իրեն տրված իրավունքն անբավարար է համարում, կարող է միջնորդել ավագ հրամանատարին (պետին) խրախուսելու աչքի ընկած զինծառայողին:

19. Զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության ու խիզախության, զորքերի օրինակելի ղեկավարման և Հայաստանի Հանրապետությանն ու նրա զինված ուժերին մատուցած ակնառու այլ ծառայությունների համար, մարտական պատրաստության գործում դրսևորած բարձր ցուցանիշների, մարտական տեխնիկայի և սպառազինության նոր նմուշների գերազանց յուրացման համար գնդի հրամանատարը, նրան հավասար ու բարձր հրամանատարները, առանձին գումարտակների, ինչպես նաև առանձին զորամասերի հրամանատարները, ովքեր սույն կանոնադրության 11-րդ կետին համապատասխան օգտվում են գումարտակի հրամանատարի կարգապահական իրավունքից, կարող են միջնորդել ենթակա զինծառայողին ներկայացնելու պետական պարգևներով պարգևատրման:

 

Զինվորների, սերժանտների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

 

20. Զինվորների, սերժանտների նկատմամբ կիրառվում են հետևյալ խրախուսանքի միջոցները`

ա) նախկինում տրված կարգապահական տույժի հանում.

բ) շնորհակալության հայտնում.

գ) ժամկետային ծառայության զինծառայողի կողմից զինվորական պարտքի օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին նրա բնակության կամ նախկին աշխատանքի (ուսման վայր հայտնում.

դ) պատվոգրերով, արժեքավոր նվերներով կամ դրամով պարգևատրում.

ե) պարգևատրում զինծառայողի անձնական լուսանկարով` նկարված զորամասի բացված մարտական դրոշի մոտ.

զ) զինվորներին եֆրեյտորի զինվորական կոչման շնորհում.

է) սերժանտներին պաշտոնեական հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում.

ը) գերազանցիկի կրծքանշանով պարգևատրում.

թ) զորամասի պատվո գրքում (թիվ 2 հավելված) զինվորների, սերժանտների ազգանունների գրանցում.

ժ) ժամկետային ծառայության զինծառայողների (բացառությամբ ռազմաուսումնական հաստատությունների ուսանողների) հիմնական արձակուրդի ժամկետին 5 օր ավելացում:

21. Պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների, սերժանտների, ինչպես նաև որպես զինվոր, սերժանտ զինծառայության անցած կանանց նկատմամբ կիրառվում են սույն կանոնադրության 20-րդ կետում նշված բոլոր խրախուսանքի միջոցները, բացառությամբ «գ» և «ժ», ենթակետերի:

 

Հրամանատարների (պետերի)` ենթակա զինվորների, սերժանտների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու իրավունքները

 

22. Ջոկի հրամանատարը, դասակի հրամանատարի տեղակալը, վաշտի ավագը և դասակի (խմբի) հրամանատարն իրավունք ունեն`

ա) հանելու նախկինում իրենց տված կարգապահական տույժերը.

բ) շնորհակալություն հայտնելու:

23. Վաշտի հրամանատարն իրավունք ունի`

ա) հանելու նախկինում իր տված կարգապահական տույժերը.

բ) շնորհակալություն հայտնելու.

գ) ժամկետային ծառայության զինծառայողի բնակության կամ նախկին աշխատանքի (ուսման) վայր հայտնելու նրա կողմից զինվորական պարտքի օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին:

24. Գումարտակի հրամանատարն իրավունք ունի`

ա) հանելու նախկինում իր տված կարգապահական տույժերը.

բ) շնորհակալություն հայտնելու.

գ) ժամկետային ծառայության զինծառայողի բնակության կամ նախկին աշխատանքի (ուսման) վայր հայտնելու նրա կողմից զինվորական պարտքի օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին:

25. Առանձին գումարտակի հրամանատարը, ինչպես նաև առանձին զորամասի հրամանատարը, ովքեր սույն կանոնադրության 11-րդ կետին համապատասխան օգտվում են գումարտակի հրամանատարի կարգապահական իրավունքից, կարող են նաև կիրառել սույն կանոնադրության 26-րդ կետի «դ»-«ժ» ենթակետերում նշված խրախուսանքի միջոցները:

26. Առանձին և ոչ առանձին գնդի, բրիգադի հրամանատարներն իրավունք ունեն`

ա) հանելու նախկինում իրենց տված կարգապահական տույժերը.

բ) շնորհակալություն հայտնելու.

գ) ժամկետային ծառայության զինծառայողի բնակության կամ նախկին աշխատանքի (ուսման) վայր հայտնելու նրա կողմից զինվորական պարտքի օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին.

դ) պարգևատրելու պատվոգրերով, արժեքավոր նվերներով կամ դրամով.

ե) պարգևատրելու զինծառայողի անձնական լուսանկարով` նկարված զորամասի բացված մարտական դրոշի մոտ.

զ) շնորհելու եֆրեյտորի զինվորական կոչում.

է) սերժանտներին, մինչև ավագ սերժանտը ներառյալ, շնորհելու պաշտոնեական հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչում.

ը) պարգևատրելու գերազանցիկի կրծքանշանով.

թ) զորամասի պատվո գրքում գրանցելու զինվորների, սերժանտների ազգանունները.

ժ) ժամկետային ծառայության զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետին ավելացնելու 5 օր:

27. Առանձին բրիգադի, դիվիզիայի, կորպուսի, ուղղության զորախմբի, բանակի հրամանատարները, ենթակա զինվորների, սերժանտների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու իրավունքից օգտվում են սույն կանոնադրության ամբողջ ծավալով:

 

Ենթասպաների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

 

28. Ենթասպաների նկատմամբ կիրառվում են խրախուսանքի հետևյալ միջոցները`

ա) նախկինում տրված կարգապահական տույժերի հանում.

բ) շնորհակալության հայտնում.

գ) պատվոգրերով, արժեքավոր նվերներով կամ դրամով պարգևատրում.

դ) զորամասի պատվո գրքում ենթասպաների ազգանունների գրանցում.

ե) ենթասպաներին ժամկետից շուտ ավագ ենթասպայի զինվորական կոչման շնորհում:

 

Հրամանատարների (պետերի)` ենթակա ենթասպաների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու իրավունքները

 

29. Դասակի (խմբի), վաշտի, գումարտակի հրամանատարներն իրավունք ունեն`

ա) հանելու նախկինում իրենց տված կարգապահական տույժերը.

բ) շնորհակալություն հայտնելու:

30. Առանձին գումարտակի, ինչպես նաև առանձին զորամասի հրամանատարները, ովքեր սույն կանոնադրության 11-րդ կետին համապատասխան օգտվում են գումարտակի հրամանատարի կարգապահական իրավունքից, և գնդի, բրիգադի, դիվիզիայի, կորպուսի, ուղղության զորախմբի հրամանատարներն իրավունք ունեն նաև կիրառելու սույն կանոնադրության 28-րդ կետի «գ», «դ» ենթակետերում նշված խրախուսանքի միջոցները:

31. Բանակի հրամանատարը և նրան հավասար հրամանատարներն իրենց ենթակա ենթասպաների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու իրավունքից օգտվում են սույն կանոնադրության ամբողջ ծավալով:

 

Սպաների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

 

32. Սպաների նկատմամբ կիրառվում են խրախուսանքի հետևյալ միջոցները`

ա) նախկինում տրված կարգապահական տույժերի հանում.

բ) շնորհակալության հայտնում.

գ) պատվոգրերով, արժեքավոր (այդ թվում` անվանական) նվերներով կամ դրամով պարգևատրում.

դ) զորամասի պատվո գրքում սպաների ազգանունների գրանցում.

ե) ժամկետից շուտ հերթական զինվորական կոչման շնորհում.

զ) մինչև մայորը ներառյալ պաշտոնեական հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում. է) անվանական սառը զենքով ու հրազենով պարգևատրում:

33. Ռազմաուսումնական հաստատություններում, բացի սույն կանոնադրության 32-րդ կետով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում է նաև ռազմաուսումնական հաստատությունը ոսկե մեդալով ավարտած կամ միջնակարգ ռազմաուսումնական հաստատությունը գերազանցության դիպլոմով ավարտած ունկնդիրների և ուսանողների ազգանունները պատվո տախտակի վրա գրանցելու խրախուսանքի միջոցը:

 

Հրամանատարների (պետերի)` ենթակա սպաների նկատմամբ խրախուսանքի միջոցները կիրառելու իրավունքները

 

34. Վաշտի և գումարտակի հրամանատարներն իրավունք ունեն`

ա) հանելու նախկինում իրենց տված կարգապահական տույժերը.

բ) շնորհակալություն հայտնելու:

Առանձին գումարտակի, ինչպես նաև առանձին զորամասի հրամանատարները, ովքեր սույն կանոնադրության 11-րդ կետին համապատասխան օգտվում են գումարտակի հրամանատարի կարգապահական իրավունքից, կարող են նաև կիրառել սույն կանոնադրության 35-րդ կետի «գ» ենթակետում նշված խրախուսանքի միջոցը:

35. Գնդի, առանձին ու ոչ առանձին բրիգադի, դիվիզիայի, կորպուսի, ուղղության զորախմբի և բանակի հրամանատարներն իրավունք ունեն`

ա) հանելու նախկինում իրենց տված կարգապահական տույժերը.

բ) շնորհակալություն հայտնելու.

գ) պարգևատրելու պատվոգրերով, արժեքավոր (այդ թվում` անվանական) նվերներով կամ դրամով.

դ) զորամասի պատվո գրքում գրանցելու սպաների ազգանունները:

36. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալներն իրենց ենթակա զինծառայողներին խրախուսելու իրավունք ունեն պաշտոնեական հաստիքով նախատեսված զինվորական կոչմանը համապատասխան` համաձայն սույն կանոնադրության 11-րդ կետի:

 

Խրախուսանքի միջոցներ կիրառելու կարգը

 

37. Հրամանատարները (պետերը) կարող են խրախուսանքի միջոցներ կիրառել ինչպես առանձին զինծառայողի, այնպես էլ ստորաբաժանման, զորամասի ամբողջ անձնակազմի նկատմամբ:

Միևնույն ծառայության համար զինծառայողին կարելի է հայտարարել միայն մեկ խրախուսանք:

Խրախուսանքի միջոցը որոշելիս հաշվի են առնվում զինծառայողի աչքի ընկնելու կամ ծառայության բնույթը, ինչպես նաև զինծառայության նկատմամբ նրա նախկին վերաբերմունքը:

38. Կարգապահական տույժ ունեցող զինծառայողը խրախուսվում է նախկինում տրված տույժի հանումով: Կարգապահական տույժը հանելու իրավունք ունի տույժը տված հրամանատարը (պետը), ինչպես նաև նրանից ոչ պակաս կարգապահական իրավունք ունեցող անմիջական պետերը:

Զինծառայողից միաժամանակ չի կարող հանվել մեկից ավելի կարգապահական տույժ:

Հրամանատարը (պետը) կարգապահական տույժը հանելու իրավունք ունի միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ այն կատարել է իր դաստիարակչական դերը, և զինծառայողն ուղղվել է` զինվորական պարտքի օրինակելի կատարմամբ:

39. Զինծառայողներին զինվորական կոչումից զրկելու, զինվորական կոչումը (պաշտոնը) իջեցնելու կարգապահական տույժերը կարող են հանվել`

ժամկետային ծառայության սերժանտներից` կոչումից զրկելու, զինվորական կոչումը (պաշտոնը) իջեցնելու օրվանից հաշված ոչ շուտ, քան երեք ամիս հետո, իսկ պայմանագրով զինվորական ծառայության ընդունված սերժանտներից և կին զինծառայողներից` ոչ շուտ, քան վեց ամիս հետո.

ենթասպաներից ու սպաներից` զինվորական կոչումը (պաշտոնը) իջեցնելու օրվանից հաշված ոչ շուտ, քան մեկ տարի հետո, իսկ պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող սպաներից` ոչ շուտ, քան կոչումն իջեցնելուց երեք տարի հետո:

Զինվորական կոչումն իջեցված սպաների, սերժանտների, ինչպես նաև սերժանտի կոչումից զրկված ժամկետային ծառայության սերժանտների նախկին զինվորական կոչումը վերականգնում են տույժի վերացման հետ միաժամանակ` անկախ զբաղեցրած պաշտոնից:

Պաշտոնն իջեցնելու կարգապահական տույժը կարող է հանվել` զինծառայողին միաժամանակ չվերականգնելով նախկին պաշտոնում:

40. Շնորհակալություն հայտնելու խրախուսանքի միջոցը կիրառվում է առանձին զինծառայողի, ինչպես նաև ստորաբաժանման, զորամասի ամբողջ անձնակազմի նկատմամբ:

41. Զինվորական պարտքի օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի բնակության կամ նախկին աշխատանքի (ուսման) վայր հայտնելու խրախուսանքի միջոցը կիրառվում է ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ, ընդ որում, բնակության կամ նախկին աշխատանքի (ուսման) վայր է ուղարկվում նրա կողմից զինվորական պարտքի բարեխիղճ կատարման և ստացած խրախուսանքների մասին գովասանագիր:

42. Պատվոգրերով, արժեքավոր նվերներով կամ դրամով պարգևատրելու խրախուսանքի միջոցը կիրառվում է բոլոր զինծառայողների նկատմամբ և կարող է կիրառվել միաժամանակ շնորհակալություն հայտնելով, ընդ որում, պատվոգրով պարգևատրվում են ինչպես առանձին զինծառայողներ, այնպես էլ ստորաբաժանման, զորամասի ամբողջ անձնակազմը, որպես կանոն, ուսուցման (ուսումնական տարվա) վերջում` պահեստազոր (պաշտոնաթողություն) արձակելիս, ինչպես նաև մրցումների արդյունքներն ամփոփելիս:

43. Զինծառայողին զորամասի բացված մարտական դրոշի մոտ նկարած անձնական լուսանկարով պարգևատրելու խրախուսանքի միջոցը կիրառվում է զինվորների, սերժանտների նկատմամբ: Զինծառայողները լուսանկարվում են գլխարկով և զենքով:

Այդ խրախուսանքին արժանացած յուրաքանչյուր զինծառայողի տրվում է երկու լուսանկար, որոնց հակառակ կողմում նշվում է, թե ում է տրվում և ինչի համար:

44. Եֆրեյտորի զինվորական կոչում շնորհելու, ժամկետից շուտ և պաշտոնեական հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր` մինչև մայորը ներառյալ, զինվորական կոչում շնորհելու խրախուսանքի միջոցները կիրառվում են այն զինծառայողների նկատմամբ, ովքեր բարոյական-մարտական օրինակելի հատկանիշներ են դրսևորել հայրենիքը պաշտպանելու, մարտական հերթապահության (մարտական ծառայության) կամ զինվորական ծառայության այլ պարտականությունների կատարման ժամանակ, գերազանց ցուցանիշների են հասել մարտական պատրաստության ու զինվորական կարգապահության ամրապնդման գործում:

45. Գերազանցիկի կրծքանշանով պարգևատրվում են միայն այն զինվորները, սերժանտները, ովքեր գերազանցիկ են համարվում ուսուցման մեկ փուլում, իսկ ռազմական ուսումնարանների ուսանողները` ուսումնական տարվա ընթացքում:

46. Զորամասի պատվո գրքում գրանցելու խրախուսանքի միջոցը կիրառվում է`

ուսուցման վերջին շրջանի ժամկետային ծառայության զինվորների, սերժանտների նկատմամբ, ովքեր գերազանց ցուցանիշների են հասել մարտական պատրաստության գործում, անբասիր կարգապահություն և բարձր գիտակցականություն են դրսևորել ծառայության ընթացքում, պահեստազոր արձակելուց առաջ (ռազմաուսումնական հաստատությունների ուսանողներին և ունկնդիրներին` ուսումն ավարտելիս).

պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների, սերժանտների և կին զինծառայողների նկատմամբ` զինված ուժերում անբասիր ծառայության համար, ինչպես նաև զինվորական պարտքը կատարելիս առանձնապես աչքի ընկած ենթասպաների ու սպաների նկատմամբ` զինվորական ծառայության ամբողջ ժամանակաշրջանում:

Զորամասի պատվո գրքում գրանցելու խրախուսանքը հայտարարելիս զինծառայողին գովասանագիր է հանձնվում զորամասի հրամանատարի ստորագրությամբ, իսկ ժամկետային ծառայության զինծառայողի ազգանունը զորամասի պատվո գրքում գրանցելու խրախուսանքի դեպքում այդ մասին հաղորդվում է նաև բնակության կամ նախկին աշխատանքի (ուսման) վայր:

47. Որպես խրախուսանքի միջոց, ժամկետային ծառայության այն զինծառայողների (բացառությամբ ռազմաուսումնական հաստատությունների ուսանողների), ովքեր լավ ու գերազանց ցուցանիշներ ունեն մարտական պատրաստության գործում և ծառայության մեջ աչքի են ընկնում ջանասիրությամբ, հիմնական արձակուրդի ժամկետն ավելացվում է մինչև հինգ օր:

48. Անվանական սառը զենքով ու հրազենով պարգևատրումը պատվավոր պարգև է առանձնապես աչքի ընկած սպաներին` զինվորական սխրանքի և Հայաստանի Հանրապետությանն ու նրա զինված ուժերին մատուցած ծառայությունների համար:

Անվանական զենք կարող է լինել սուսերը, դաշույնը, ատրճանակը կամ որսորդական հրացանը:

Անվանական զենքի վրա համապատասխան մակագրությունից բացի նշվում են պարգևատրվածի զինվորական կոչումը, անվան, հայրանվան առաջին տառերը և ազգանունը: Մակագրությունն արվում է անմիջապես զենքի կամ պատյանին ամրացված թիթեղի վրա:

49. Խրախուսանքները հայտարարվում են զինծառայողների շարքի առջև, ժողովում (խորհրդակցությունում)` հրամանով կամ անձամբ:

Խրախուսանքների մասին հրամանների հայտարարումը, ինչպես նաև աչքի ընկած զինծառայողներին պարգևների հանձնումը սովորաբար կատարվում է հանդիսավոր պայմաններում:

Զինծառայողին խրախուսելու հրամանի հայտարարման հետ միաժամանակ, որպես կանոն, հանձնվում են պատվոգրերը, արժեքավոր նվերները կամ դրամը, զորամասի բացված մարտական դրոշի մոտ նկարած անձնական լուսանկարը, գերազանցիկի կրծքանշանը, ինչպես նաև ընթերցվում է զինվորական պարտքի օրինակելի կատարման մասին բնակության կամ նախկին աշխատանքի (ուսման) վայր հաղորդվելիք տեքստը:

50. Զինծառայողը համարվում է կարգապահական տույժ չունեցող` համապատասխան հրամանատարի (պետի) կողմից այդ տույժը հանելուց կամ վերջին տույժից մեկ տարի անցնելուց հետո, եթե այդ ընթացքում նա այլ զանցանք չի կատարել (բացառությամբ սույն կանոնադրության 39-րդ, 107-րդ կետերում նշված դեպքերի):

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

Կարգապահական տույժեր

 

51. Զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման համար զինծառայողն անձամբ կրում է կարգապահական պատասխանատվություն:

Զինծառայողի կողմից զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման դեպքում հրամանատարը (պետը) կարող է բավարարվել նրա պարտականություններն ու զինվորական պարտքը հիշեցնելով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կարգապահական տույժ տալ: Ընդ որում, նա պետք է հաշվի առնի, որ տույժը, որպես զինծառայողի կարգապահության ամրապնդման ու դաստիարակման միջոց, պետք է համապատասխանի զանցանքի ծանրությանը և մեղքի աստիճանին, որը քննությամբ որոշում է հրամանատարը (պետը):

52. Զինծառայողի զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտումները (զանցանքները) հրամանատարի (պետի) որոշմամբ կարող են քննարկվել`

զինվորներինը` անձնակազմի ժողովներում.

սերժանտներինը` սերժանտների ժողովներում.

ենթասպաներինը` ենթասպաների ժողովներում.

կին զինծառայողներինը` նրանց զինվորական կոչումից (պաշտոնից) ոչ ցածր զինվորական կոչում (պաշտոն) ունեցող կին զինծառայողների ժողովներում.

սպաներինը` սպայական պատվի ժողովներում:

Սպաների, ենթասպաների զանցանքները սպայական պատվի ժողովներում քննարկելու մասին որոշում կայացնելը և միաժամանակ նույն զանցանքի համար կարգապահական տույժ տալն արգելվում է:

Սպայական պատվի ժողովի միջնորդությամբ պաշտոնը կամ զինվորական կոչումն իջեցնելու, ռազմաուսումնական հաստատությունից հեռացնելու և զինվորական ծառայությունից զորացրելու որոշումը, միջնորդությունը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ընդունում է այն հրամանատարը (պետը), ում վերապահված է նման իրավունք:

53. Ծայրահեղ, անհետաձգելի դեպքերում զինծառայողներին կարելի է ազատել պաշտոնից:

Զինծառայողներին պաշտոնից ազատել կարող են այն հրամանատարները (պետերը), ովքեր իրավունք ունեն նրանց նշանակել այդ պաշտոնում:

Որպես բացառություն սպաներին պաշտոնից ազատել կարող են գնդի, բրիգադի, դիվիզիայի, կորպուսի, ուղղության զորախմբի և բանակի հրամանատարները:

Ենթակային պաշտոնից ազատող հրամանատարը (պետը) պարտավոր է մեկ օրվա ընթացքում այդ մասին անհապաղ գրավոր զեկուցել ըստ ենթակայության (անմիջական պետին` մանրամասն շարադրելով պաշտոնից ազատելու պատճառներն ու հանգամանքները:

Ենթակային առանց բավարար հիմքերի պաշտոնից ազատող հրամանատարը (պետը) ենթակա է պատասխանատվության:

 

Զինվորներին, սերժանտներին տրվող կարգապահական տույժեր

 

54. Զինվորներին կարող են տրվել հետևյալ տույժերը`

ա) նկատողություն.

բ) խիստ նկատողություն.

գ) ժամկետային ծառայության զինվորներին զորամասի տարածքից հերթական արձակումից զրկում.

դ) ժամկետային ծառայության զինվորներին արտահերթ վերակարգում աշխատանքի նշանակում` մինչև հինգ վերակարգ.

ե) ժամկետային ծառայության զինվորների մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում` մինչև տասն օր, իսկ պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորներին` մինչև յոթ օր.

զ) գերազանցիկի կրծքանշանից զրկում.

է) պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորներին ժամկետից շուտ պահեստազոր արձակում:

55. Ժամկետային ծառայության սերժանտներին կարող են տրվել հետևյալ տույժերը`

ա) նկատողություն.

բ) խիստ նկատողություն.

գ) զորամասի տարածքից հերթական արձակումից զրկում.

դ) մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում` մինչև տասն օր.

ե) գերազանցիկի կրծքանշանից զրկում.

զ) պաշտոնի իջեցում.

է) զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում.

ը) զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում` փոխադրելով ավելի ցածր պաշտոնի.

թ) սերժանտներին զինվորական կոչումից զրկում, այդ թվում` փոխադրելով ավելի ցածր պաշտոնի:

56. Պայմանագրով զինվորական ծառայության ընդունված սերժանտներին կարող են տրվել հետևյալ տույժերը`

ա) նկատողություն.

բ) խիստ նկատողություն.

գ) մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում` մինչև յոթ օր.

դ) գերազանցիկի կրծքանշանից զրկում.

ե) պաշտոնի իջեցում.

զ) զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում, այդ թվում` փոխադրելով ավելի ցածր պաշտոնի.

է) ժամկետից շուտ պահեստազոր արձակում.

ը) սերժանտի կոչումից զրկում` խաղաղ ժամանակ արձակելով պահեստազոր:

57. Կին զինծառայողներին կարող են տրվել հետևյալ տույժերը`

ա) նկատողություն.

բ) խիստ նկատողություն.

գ) պաշտոնի իջեցում.

դ) սերժանտների զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում, այդ թվում` փոխադրելով ավելի ցածր պաշտոնի.

ե) գերազանցիկի կրծքանշանից զրկում.

զ) սերժանտի կոչումից զրկում` փոխադրելով ավելի ցածր պաշտոնի.

է) ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակում:

 

Հրամանատարների (պետերի)` ենթակա զինվորներին, սերժանտներին կարգապահական տույժեր տալու իրավունքները

 

58. Ջոկի հրամանատարն իրավունք ունի`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) ժամկետային ծառայության զինվորներին զրկելու զորամասի տարածքից հերթական արձակումից:

59. Դասակի հրամանատարի տեղակալն իրավունք ունի`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին զրկելու զորամասի տարածքից հերթական արձակումից.

գ) ժամկետային ծառայության զինվորներին աշխատանքի նշանակելու արտահերթ վերակարգում` մեկ վերակարգ:

60. Վաշտի (անձնախմբի) ավագն իրավունք ունի`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) ժամկետային ծառայության զինվորներին, սերժանտներին զրկելու զորամասի տարածքից հերթական արձակումից.

գ) ժամկետային ծառայության զինվորներին աշխատանքի նշանակելու արտահերթ վերակարգում` մինչև երկու վերակարգ:

61. Դասակի (խմբի հրամանատարն իրավունք ունի`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին զրկելու զորամասի տարածքից հերթական արձակումից.

գ) ժամկետային ծառայության զինվորներին աշխատանքի նշանակելու արտահերթ վերակարգում` մինչև երեք վերակարգ:

62. Վաշտի հրամանատարն իրավունք ունի`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) ժամկետային ծառայության զինվորներին, սերժանտներին զրկելու զորամասի տարածքից հերթական արձակումից.

գ) ժամկետային ծառայության զինվորներին աշխատանքի նշանակելու արտահերթ վերակարգում` մինչև չորս վերակարգ.

դ) զինվորներին, սերժանտներին` պահելու կարգապահական մեկուսարանում` մինչև երեք օր:

63. Գումարտակի հրամանատարն իրավունք ունի`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) ժամկետային ծառայության զինվորներին, սերժանտներին զրկելու զորամասի տարածքից հերթական արձակումից.

գ) ժամկետային ծառայության զինվորներին աշխատանքի նշանակելու արտահերթ վերակարգում` մինչև հինգ վերակարգ.

դ) ժամկետային ծառայության զինվորներին, սերժանտներին մեկուսացնելու և պահելու կարգապահական մեկուսարանում` մինչև հինգ օր, իսկ պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորներին, սերժանտներին` մինչև երեք օր:

Առանձին գումարտակի, ինչպես նաև առանձին զորամասի հրամանատարները, ովքեր սույն կանոնադրության 11-րդ կետին համապատասխան օգտվում են գումարտակի հրամանատարի կարգապահական իրավունքից, կարող են նաև տալ սույն կանոնադրության 64-րդ կետի «դ»-«է» ենթակետերում նշված տույժերը:

64. Գնդի և բրիգադի հրամանատարներն իրավունք ունեն`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) ժամկետային ծառայության զինվորներին, սերժանտներին զրկելու զորամասի տարածքից հերթական արձակումից.

գ) ժամկետային ծառայության զինվորներին աշխատանքի նշանակելու արտահերթ վերակարգում` մինչև հինգ վերակարգ.

դ) ժամկետային ծառայության զինվորներին, սերժանտներին պահելու կարգապահական մեկուսարանում` մինչև տասն օր, իսկ պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորներին, սերժանտներին` մինչև յոթ օր.

ե) զրկելու գերազանցիկի կրծքանշանից.

զ) իջեցնելու սերժանտների պաշտոնը.

է) ժամկետային ծառայության սերժանտների զինվորական կոչումն իջեցնելու մեկ աստիճանով, սկսած ավագ սերժանտից` փոխադրելով ավելի ցածր պաշտոնի.

ը) ժամկետային ծառայության սերժանտներին զրկելու զինվորական կոչումից` սկսած ավագ սերժանտից և ցածր կոչում ունեցողները, այդ թվում` փոխադրելով ավելի ցածր պաշտոնի.

թ) պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորներին, սերժանտներին ինչպես նաև կին զինծառայողներին ժամկետից շուտ արձակելու զինվորական ծառայությունից:

65. Առանձին բրիգադի և դիվիզիայի հրամանատարները, բացի գնդի և բրիգադի հրամանատարներին տրված իրավունքից, կարող են`

ա) սերժանտների զինվորական կոչումն իջեցնել մեկ աստիճանով, սկսած ավագից` փոխադրելով ավելի ցածր պաշտոնի.

բ) սերժանտներին զրկել զինվորական կոչումից` սկսած ավագից, այդ թվում` փոխադրելով ավելի ցածր պաշտոնի, իսկ պայմանագրով զինվորական ծառայության ընդունված սերժանտներին` նաև խաղաղ ժամանակ արձակելով պահեստազոր:

66. Կորպուսի, ուղղության զորախմբի և բանակի հրամանատարներն իրենց ենթակա զինվորներին, սերժանտներին կարգապահական տույժ տալու իրավունքից օգտվում են սույն կանոնադրության ամբողջ ծավալով:

 

Ենթասպաներին տրվող կարգապահական տույժերը

 

67. Ենթասպաներին կարող են տրվել հետևյալ տույժերը`

ա) նկատողություն.

բ) խիստ նկատողություն.

գ) մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում մինչև յոթ օր.

դ) նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին.

ե) պաշտոնի իջեցում.

զ) ավագ ենթասպայի զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում.

է) ավագ ենթասպայի զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում` նրան փոխադրելով ավելի ցածր պաշտոնի.

ը) ժամկետից շուտ պահեստազոր արձակում.

թ) ենթասպայի, ավագ ենթասպայի զինվորական կոչումից զրկում` խաղաղ ժամանակ արձակելով պահեստազոր: Զինվորական ծառայության կին ենթասպաներին սույն կետի «գ» ենթակետում նշված տույժը չի տրվում:

 

Հրամանատարների (պետերի)` ենթակա ենթասպաներին կարգապահական տույժեր տալու իրավունքները

 

68. Դասակի (խմբի) և վաշտի հրամանատարներն իրավունք ունեն հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն:

69. Գումարտակի հրամանատարն իրավունք ունի`

հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն:

Առանձին գումարտակի, ինչպես նաև առանձին զորամասի հրամանատարները, ովքեր սույն կանոնադրության 11-րդ կետին համապատասխան օգտվում են գումարտակի հրամանատարի կարգապահական իրավունքից, կարող են նաև տալ սույն կանոնադրության 70-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված տույժերը:

70. Գնդի և բրիգադի հրամանատարներն իրավունք ունեն`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) մեկուսացնելու և պահելու կարգապահական մեկուսարանում` մինչև երեք օր.

գ) նախազգուշացնելու ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին:

71. Առանձին բրիգադի և դիվիզիայի հրամանատարներն իրավունք ունեն`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) մեկուսացնելու և պահելու կարգապահական մեկուսարանում` մինչև հինգ օր.

գ) նախազգուշացնելու ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին.

դ) իջեցնելու պաշտոնը:

72. Կորպուսի և ուղղության զորախմբի հրամանատարներն իրավունք ունեն`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) մեկուսացնելու և պահելու կարգապահական մեկուսարանում` մինչև յոթ օր.

գ) նախազգուշացնելու ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին.

դ) իջեցնելու պաշտոնը.

ե) ավագ ենթասպայի զինվորական կոչումն իջեցնելու մեկ աստիճանով.

զ) ավագ ենթասպայի զինվորական կոչումն իջեցնելու մեկ աստիճանով` նրան փոխադրելով ավելի ցածր պաշտոնի.

է) ժամկետից շուտ արձակելու պահեստազոր:

73. Բանակի հրամանատարը, բացի կորպուսի և ուղղության զորախմբի հրամանատարներին տրված իրավունքներից, իրավունք ունի ենթասպային և ավագ ենթասպային զրկելու զինվորական կոչումից` խաղաղ ժամանակ արձակելով պահեստազոր:

 

Սպաներին տրվող կարգապահական տույժերը

 

74. Սպաներին (բացի բարձրագույն սպայական կազմի սպաներից) կարող են տրվել հետևյալ տույժերը`

ա) նկատողություն.

բ) խիստ նկատողություն.

գ) մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում` մինչև հինգ օր (գնդի և բրիգադի հրամանատարները, գնդապետի կոչումով ավագ սպաները մեկուսացման ենթակա չեն).

դ) նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին.

ե) պաշտոնի իջեցում.

զ) զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում, սկսած փոխգնդապետից ու ցածր կոչում ունեցողները.

է) ժամկետից շուտ պահեստազոր արձակում` սկսած գնդի, բրիգադի հրամանատարների տեղակալներից, նրանց հավասար և նրանցից ավելի ցածր պաշտոն ունեցող անձանցից:

75. Բարձրագույն սպայական կազմի սպաներին կարող են տրվել հետևյալ տույժերը`

ա) նկատողություն.

բ) խիստ նկատողություն.

գ) նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին.

դ) պաշտոնի իջեցում:

 

Հրամանատարների (պետերի)` ենթակա սպաներին կարգապահական տույժ տալու իրավունքները

 

76. Վաշտի և գումարտակի հրամանատարներն իրավունք ունեն հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն:

Առանձին գումարտակի, ինչպես նաև առանձին զորամասի հրամանատարները, ովքեր սույն կանոնադրության 11-րդ կետին համապատասխան օգտվում են գումարտակի հրամանատարների կարգապահական իրավունքից, կարող են նաև սպաներին նախազգուշացնել ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին:

77. Գնդի և բրիգադի հրամանատարներն իրավունք ունեն`

ա) հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

բ) նախազգուշացնելու ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին.

գ) կրտսեր սպայական կազմի սպաներին մեկուսացնելու և պահելու կարգապահական մեկուսարանում` մինչև երեք օր:

78. Առանձին բրիգադի, դիվիզիայի, կորպուսի և ուղղության զորախմբի հրամանատարներն իրավունք ունեն`

ա) սպաներին (բացի բարձրագույն սպայական կազմի սպաներից)`

հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

նախազգուշացնելու ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին.

կրտսեր սպայական կազմի սպաներին մեկուսացնելու և պահելու կարգապահական մեկուսարանում` մինչև չորս օր.

բ) կորպուսի և ուղղության զորախմբի հրամանատարներն իրավունք ունեն բարձրագույն սպայական կազմի սպաներին հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն:

79. Բանակի հրամանատարն իրավունք ունի`

ա) սպաներին (բացի բարձրագույն սպայական կազմի սպաներից)`

հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

նախազգուշացնելու ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին.

կրտսեր սպայական կազմի սպաներին մեկուսացնելու և պահելու կարգապահական մեկուսարանում` մինչև հինգ օր.

իջեցնելու սպաների` սկսած գումարտակի հրամանատարից մինչև նրան հավասար և նրանից ավելի ցածր հրամանատարների պաշտոնը.

բ) բարձրագույն սպայական կազմի սպաներին` հայտարարելու նկատողություն և խիստ նկատողություն.

նախազգուշացնելու ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին:

80. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալներն իրենց ենթակա զինծառայողներին կարգապահական տույժ տալու իրավունք ունեն պաշտոնեական հաստիքով նախատեսված զինվորական կոչմանը համապատասխան` համաձայն սույն կանոնադրության 11-րդ կետի:

 

Հատուկ դեպքերում կարգապահական տույժ տալը

 

81. Կայազորի պետը և զինվորական պարետն իրավունք ունեն կայազորի զինծառայողներին կամ ժամանակավորապես կայազորում գտնվողներին կարգապահական տույժ տալու հետևյալ դեպքերում, երբ`

ա) զանցանքը վերաբերում է կայազորային կամ պահակային ծառայությունների անցկացման կանոնների խախտումներին.

բ) զինվորական կարգապահությունը կամ հասարակական կարգը խախտվել է զորամասի տարածքից դուրս.

գ) զանցանքը կատարվել է արձակուրդում, գործուղման ժամանակ կամ կայազորի կարգապահական մեկուսարանում:

Հաղորդակցության ճանապարհին գտնվելիս զինվորական պարետներն իրավունք ունեն հաղորդակցության ճանապարհներին կատարած զանցանքի համար զինծառայողներին կարգապահական տույժ տալու:

82. Սույն կանոնադրության 81-րդ կետում նշված դեպքերում զանցանք կատարած զինծառայողների նկատմամբ պետերն օգտվում են հետևյալ կարգապահական իրավունքներից`

կայազորի պետը` իր հիմնական պաշտոնեական հաստիքով տրված իրավունքից.

կայազորի զինվորական պարետը և հաղորդակցության ճանապարհների բոլոր տեսակի զինվորական պարետները` զբաղեցրած պաշտոնեական հաստիքով նախատեսված զինվորական կոչմանը համապատասխան իրենց տրված իրավունքներից մեկ աստիճանով բարձր իրավունքից.

կայազորի արտահաստիքային զինվորական պարետը` հիմնական պաշտոնեական հաստիքով նախատեսված զինվորական կոչմանը համապատասխան իրեն տրված իրավունքներից մեկ աստիճանով բարձր իրավունքից:

83. Սույն կանոնադրության 81-րդ և 82-րդ կետերի համաձայն տույժ տված պետերն այդ մասին հաղորդում են այն զորամասերի հրամանատարներին, որտեղ ծառայում են զանցանք կատարած զինծառայողները` համապատասխան նշումներ անելով նրանց արձակուրդային և գործուղման թերթիկներում կամ կարգադրագրում:

Մշտական ծառայության վայր ժամանելով` զինծառայողը պարտավոր է անմիջական պետին զեկուցել իր կարգապահական տույժի մասին:

Իր ստացած տույժերի մասին չզեկուցող զինծառայողը ենթակա է կարգապահական պատասխանատվության:

84. Պահեստազորում և պաշտոնաթողության մեջ գտնվող, բայց զինվորական համազգեստ կրող ենթասպաներին ու սպաներին զինվորական կարգապահությունը, հասարակական կարգը խախտելու կամ զինվորական պատիվն ու զինվորական կոչումն արատավորող զանցանք կատարելու դեպքում կարող են տրվել հետևյալ կարգապահական տույժերը`

ա) ենթասպաներին`

նկատողություն և խիստ նկատողություն.

ավագ ենթասպաների զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում.

զինվորական կոչումից զրկում.

բ) սպաներին (բացի բարձրագույն սպայական կազմի սպաներից)`

նկատողություն և խիստ նկատողություն.

զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում.

գ) բարձրագույն սպայական կազմի սպաներին` նկատողություն և խիստ նկատողություն:

85. Պահեստազորում և պաշտոնաթողության մեջ գտնվող զինծառայողներին կարգապահական տույժ տալու (84-րդ կետ) իրավունք ունեն`

ա) ենթասպաներին ու կրտսեր սպայական կազմի սպաներին` կայազորների պետերը, բոլոր տեսակի զինվորական պարետները և համապատասխան զինվորական կոմիսարները, ովքեր օգտվում են գումարտակի հրամանատարի իրավունքից.

բ) ավագ սպայական կազմի սպաներին` կայազորների պետերը, բոլոր տեսակի զինվորական պարետները, համապատասխան զինվորական կոմիսարները, ովքեր օգտվում են գնդի հրամանատարի իրավունքից.

գ) բարձրագույն սպայական կազմի սպաներին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալները:

Պահեստազորում գտնվող ավագ ենթասպաները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի իրավունքով կարող են իջեցվել զինվորական կոչման մեկ աստիճանով կամ զրկվել ավագ ենթասպայի զինվորական կոչումից, իսկ ենթասպաները` զրկվել ենթասպայի զինվորական կոչումից:

Պահեստազորում և պաշտոնաթողության մեջ գտնվող կրտսեր և ավագ սպայական կազմի սպաների զինվորական կոչումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի իրավունքով կարող է իջեցվել մեկ աստիճանով:

86. Պահեստազորում և պաշտոնաթողության մեջ գտնվող զինծառայողները զինվորական պատիվն ու զինվորական կոչումն արատավորող զանցանք կատարելու դեպքում կարող են զրկվել համազգեստ կրելու իրավունքից`

ենթասպաներն ու կրտսեր սպայական կազմի սպաները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալների իրավունքով.

ավագ և բարձրագույն սպայական կազմի սպաները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի իրավունքով:

87. Զինծառայողների միջև ենթակայական հարաբերությունների բացակայության դեպքում, երբ նրանց ծառայողական փոխհարաբերությունները որոշված չեն հրամանատարների (պետերի) կողմից համատեղ ծառայություն կատարելիս, պաշտոնով բարձրը, իսկ հավասար պաշտոնների դեպքում` զինվորական կոչումով ավագը, համարվում է պետ և օգտվում զբաղեցրած պաշտոնին համապատասխան կարգապահական իրավունքից:

88. Ավագ հրամանատարի (պետի) ներկայությամբ կրտսերի կողմից զինվորական կարգապահության կամ զինվորական ողջույնի կանոնների խախտման համար ավագ հրամանատարը (պետը) պարտավոր է նախազգուշացնել կրտսերին, իսկ եթե դա չօգնի, կարող է ձեռնարկել զինվորական կանոնադրություններով սահմանված այլ միջոցներ` ընդհուպ մինչև մեկուսացումը:

Նման դեպքերում մեկուսացնելու իրավունք ունեն`

ենթասպաներին` բարձրագույն և ավագ սպայական կազմի սպաները.

զինվորներին, սերժանտներին` բոլոր սպաները:

Անհետաձգելի դեպքերում մեկուսացումն ի կատար ածելու կարգը սահմանված է սույն կանոնադրության N 5 հավելվածի 8-րդ կետում:

89. Ավագ հրամանատարի (պետի) մեկուսացնելու պահանջները չկատարողները (88-րդ կետ) ենթակա են պատասխանատվության` որպես պետի հրամանը չկատարողներ:

 

Կարգապահական տույժ տալու կարգը

 

90. Զինվորական կարգապահությունը կամ հասարակական կարգը խախտած զինծառայողներին կարող են տրվել սույն կանոնադրությամբ սահմանված միայն այն կարգապահական տույժերը, որոնք համապատասխանում են զինծառայողի զինվորական կոչմանը և նրա` կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնող հրամանատարի (պետի) կարգապահական իրավունքին:

91. Հրամանատարի (պետի) կողմից ենթակային կարգապահական տույժ տալու որոշմանը պետք է նախորդի քննությունը, որը կատարվում է մեղավորներին հայտնաբերելու և զանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու նպատակով:

Քննության ընթացքում հրամանատարը (պետը) պարզում է, թե կատարվել է արդյոք զանցանք` երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է` մեղքի առկայությունը կոնկրետ անձանց գործողություններում կամ անգործության մեջ, յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, եթե զանցանքը կատարել են մի քանի անձինք, զանցանքի հետևանքները, մեղավորի պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, զանցանքի կատարման պատճառներն ու պայմանները:

Եթե քննությամբ պարզվում է, որ զինծառայողի զանցանքը պարունակում է հանցակազմի հատկանիշներ, ապա զորամասի հրամանատարը տեղյակ է պահում կայազորի զինվորական դատախազին, անհրաժեշտության դեպքում քրեական գործ է հարուցում և նշանակում հետաքննություն:

92. Մեղքի աստիճանը և կարգապահական տույժի միջոցը որոշելիս հաշվի են առնվում զանցանքի բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, մեղավորի նախկին վարքը, ինչպես նաև նրա զինվորական ծառայության տևողությունն ու ծառայության անցկացման կարգի իմացության աստիճանը:

Առաջին զանցանքի համար զինծառայողը պատժվում է որոշ ներողամտությամբ, խախտումը կրկնելու դեպքում` ավելի խստությամբ, հետագա խախտում թույլ տալիս` առանց որևէ ներողամտության:

Կարգապահական տույժը խստացվում է, եթե զանցանքը կատարվել է մարտական հերթապահության (մարտական ծառայության) և ծառայողական այլ պարտականություններ կատարելու ժամանակ, հարբած վիճակում կամ այն դեպքում, երբ զանցանքի հետևանքով տեղի է ունեցել կարգուկանոնի էական խախտում:

93. Զինծառայողին կարգապահական տույժը, որպես կանոն, պետք է տրվի զանցանքի կատարման պահից մեկ օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան զանցանքի մասին հրամանատարին (պետին) հայտնի դառնալու պահից 10 օր հետո: Կարգապահական տույժ տալիս հրամանատարը (պետը) չպետք է նվաստացնի ենթակայի անձնական արժանապատվությունը և կոպտություն թույլ տա:

Ծառայության մեջ բացթողումների համար հրամանատարի (պետի) նախազգուշացումը, դիտողությունն ու խիստ ցուցումը կարգապահական տույժ չեն համարվում:

Եթե զինծառայողն իրեն անմեղ է համարում, իրավունք ունի կարգապահական տույժ տալու պահից 10 օրվա ընթացքում բողոքարկել այն:

94. Օրվա վերակարգում (մարտական հերթապահությունում) գտնվելու ընթացքում կատարած զանցանքների համար զինծառայողին կարգապահական տույժ կարող է տրվել վերակարգի (մարտական հերթապահության) հերթափոխից կամ նրան այլ զինծառայողով փոխարինելուց հետո, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:

95. Անսթափ վիճակում գտնվող զինծառայողին կարգապահական տույժ տալը, ինչպես նաև նրանից որևէ բացատրություն ստանալը հետաձգվում է մինչև նրա սթափվելը: Նման դեպքերում նա, ըստ անհրաժեշտության, կարող է մեկ օր պահվել կարգապահական մեկուսարանում, որից հետո որոշում է կայացվում նրա պատասխանատվության մասին:

96. Արգելվում է միևնույն զանցանքի համար մի քանի կարգապահական տույժ տալը կամ մի տույժը մյուսին միացնելը, անմիջական մեղավորին պատժելու փոխարեն ստորաբաժանման ամբողջ անձնակազմին տույժ տալը, ինչպես նաև որպես կարգապահական տույժ` կարգապահական մեկուսարանում պահելը` առանց մեկուսացման ժամկետը որոշելու:

97. Եթե ենթակայի կատարած զանցանքի ծանրության համեմատ հրամանատարը (պետը) իրեն տրված կարգապահական իրավունքը համարում է ոչ բավարար, ապա միջնորդություն է հարուցում ավելի բարձր հրամանատարի (պետի) առջև` մեղավորին տույժ տալու համար:

Իրեն տրված կարգապահական իրավունքը գերազանցելու համար հրամանատարը (պետը) ենթակա է պատասխանատվության:

98. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք չունի փոխելու կամ նվազեցնելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե վերջինս չի գերազանցել իրեն տրված իրավունքը:

Ավագ հրամանատարը (պետը) իրավունք ունի փոխելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե գտնի, որ այդ տույժը չի համապատասխանում զանցանքի ծանրությանը և կարող է ավելի խիստ տույժ տալ:

99. Հանցագործության համար կարգապահական տույժ ստացած և պետությանը նյութական վնաս հասցրած զինծառայողը չի ազատվում քրեական ու նյութական պատասխանատվությունից:

 

Կարգապահական տույժերն ի կատար ածելու կարգը

 

100. Կարգապահական տույժը, որպես կանոն, ի կատար է ածվում անհապաղ, իսկ բացառիկ դեպքերում` տրվելու օրվանից մեկ ամսից ոչ ուշ: Ամիսը լրանալուց հետո տույժը ենթակա չէ կատարման, բայց ծառայողական քարտում գրանցումը պահպանվում է: Նման դեպքում պատասխանատվություն է կրում այն անձը, որի մեղքով տույժն ի կատար չի ածվել:

Բողոքարկման դեպքում կարգապահական տույժի ի կատար ածումը չի կասեցվում, քանի դեռ չի ստացվել այն հանելու մասին ավագ հրամանատարի (պետի) հրամանը:

101. Կարգապահական տույժը, եթե դրա կիրառման կարգը նշված չէ սույն կանոնադրության մեջ, հայտարարվում է`

զինվորներին` անձամբ կամ շարքի առջև.

սերժանտներին և ավագներին` անձամբ, սերժանտների խորհրդակցությունում կամ շարքի առջև.

ենթասպաներին` անձամբ, ենթասպաների խորհրդակցությունում, ինչպես նաև ենթասպաների ու սպաների խորհրդակցությունում.

սպաներին` անձամբ, կարգադրագրով կամ խորհրդակցությունում (ավագ սպաներին` ավագ սպաների ներկայությամբ, բարձրագույն սպայական կազմին` բարձրագույն սպայական կազմի սպաների ներկայությամբ):

Բացի դրանից, կարգապահական տույժերը կարող են հայտարարվել հրամանով:

Հրամանատարներին (պետերին) իրենց ենթակաների ներկայությամբ կարգապահական տույժ հայտարարելն արգելվում է:

Զինծառայողին կարգապահական տույժը հայտարարելիս նշվում են զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման էությունը և տույժ տալու պատճառը:

102. Նկատողությունը համարվում է առաջին կարգապահական տույժ և զինծառայողին հայտարարվում է սույն կանոնադրության 101-րդ կետում նշված կարգով:

Խիստ նկատողությունը հայտարարվում է միայն շարքի առջև, խորհրդակցությունում կամ հրամանով:

103. Զորամասի տարածքից հերթական արձակումից զրկել նշանակում է ժամկետային ծառայության զինծառայողին մինչև յոթ օր արգելել առանց ծառայողական անհրաժեշտության դուրս գալ զորամասի տարածքից, այդ թվում` մասնակցել զինվորական ավանից դուրս մշակութային ժամանցի ու հանգստի վայրեր կոլեկտիվ (ստորաբաժանման կազմում) հաճախումներին:

104. Արտահերթ վերակարգում աշխատանքի նշանակելու կարգապահական տույժն ի կատար է ածում վաշտի (անձնախմբի) ավագը կամ դասակի հրամանատարի տեղակալը:

Արտահերթ վերակարգում աշխատանքի նշանակված ժամկետային ծառայության զինվորները, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները (բացառությամբ ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների) աշխատանքի են ներգրավվում իրենց ստորաբաժանումում կամ զորամասում շաբաթվա ցանկացած օրերին, պարապմունքներից ազատ ժամանակ: Աշխատանքի մեկ վերակարգի տևողությունը օրական չորս ժամից ավելի չպետք է լինի: Աշխատանքը կատարվում է մինչև ավարտի ազդանշանը:

105. Գերազանցիկի կրծքանշանից զրկելու կարգապահական տույժը հայտարարվում է համապատասխան կարգապահական իրավունք ունեցող հրամանատարի (պետի) գրավոր հրամանով և ի կատար է ածվում`

զինվորների նկատմամբ` զորամասի շարքի առջև.

սերժանտների նկատմամբ` սերժանտների շարքի առջև:

106. Կարգապահական մեկուսարանում պահելը ներգործության ծայրահեղ միջոցներից մեկն է և կիրառվում է կարգապահական կոպիտ զանցանքներ կատարելու կամ այն դեպքում, երբ հրամանատարի (պետի) ձեռնարկած մյուս միջոցներն անարդյունավետ են: Զինվորական երդում չտված զինծառայողներին կարգապահական մեկուսարանում պահելու տույժ չի տրվում:

Զինծառայողների կարգապահական կոպիտ զանցանքների ցանկը և նրանց կարգապահական մեկուսարանում պահելու տույժն ի կատար ածելու կարգը սահմանված է սույն կանոնադրության N 5 հավելվածի 1-6-րդ կետերում:

107. Ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին նախազգուշացնելու կարգապահական տույժը կիրառվում է մեկ անգամ, ենթասպայի կամ սպայի զբաղեցրած հաստիքային պաշտոնում գտնվելու ամբողջ ընթացքում:

Եթե այդ տույժից հետո մեկ տարվա ընթացքում ենթասպան կամ սպան չի ուղղվել զինվորական պարտքի օրինակելի կատարմամբ, և տույժը չի կատարել իր դաստիարակչական դերը, ապա նա սահմանված կարգով ներկայացվում է պաշտոնի իջեցման:

108. Սերժանտների զինվորական կոչումն իջեցնելու, նրանց զինվորական կոչումից զրկելու, այդ թվում` ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կարգապահական տույժերը կիրառվում են ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ և հայտարարվում են համապատասխան կարգապահական իրավունք ունեցող հրամանատարի (պետի) հրամանով: Զինվորական կոչումը մեկ աստիճանով իջեցնելու (սերժանտի կոչումից զրկելու) կարգապահական տույժ տալիս որոշվում է նաև համապատասխան տարբերանշանները փոխելու ժամանակը: Արգելվում է ուսադիրներ պոկելը, ուսաթել կտրելը կամ այլ այնպիսի գործողություններ, որոնք նվաստացնում են զինծառայողի անձը:

109. Զինվորական ծառայությունից ժամկետից շուտ արձակելու կարգապահական տույժը պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինծառայողների նկատմամբ կիրառվում է պայմանագրի պահանջները չկատարելու, զինծառայողի պատիվն արատավորող զանցանքի համար և այն դեպքերում, երբ զինծառայողը դադարել է համապատասխանել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն ներկայացվող պահանջներին:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

Խրախուսանքների ԵՎ կարգապահական տույժերի հաշվառումը

 

110. Խրախուսանքների և կարգապահական տույժերի մասին անմիջական պետերը պետք է զեկուցեն հրամանատարությանը`

ա) ժամկետային ծառայության զինվորների, սերժանտների տույժերի մասին` վաշտերի և նրանց հավասար հրամանատարներին` ամեն օր.

բ) պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների, սերժանտների, ինչպես նաև կին զինծառայողների, ենթասպաների ու սպաների (բացի բարձրագույն սպայական կազմի սպաներից) տույժերի մասին` զորամասերի հրամանատարներին` շաբաթը մեկ անգամ.

գ) զորամասերի հրամանատարների, ինչպես նաև բարձրագույն սպայական կազմի սպաների տույժերի մասին` վերադաս շտաբ` ամիսը մեկ անգամ:

111. Խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը կատարվում է բոլոր ստորաբաժանումներում և զորամասերում:

112. Սույն կանոնադրությամբ նախատեսված բոլոր խրախուսանքները և կարգապահական տույժերը, այդ թվում` հրամանատարի (պետի) կողմից ստորաբաժանման (անձնախմբի), զորամասի ամբողջ անձնակազմին տրված խրախուսանքները գրանցվում են ծառայողական քարտում (N 3 հավելված) ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

Զինծառայողից կարգապահական տույժը հանելիս ծառայողական քարտի «Տույժեր» բաժնի համապատասխան սյունակում նշվում է, թե երբ և ում կողմից է հանվել տույժը:

Եթե զինծառայողի կարգապահական տույժը, բացի սույն կանոնադրության 39-րդ և 107-րդ կետերում նշված դեպքերից, մեկ տարում չի հանվել, և նա այդ ընթացքում այլ զանցանք չի կատարել, ապա ծառայողական քարտի «Տույժեր» բաժնի համապատասխան սյունակում նշվում է, որ ժամկետը լրանալու պատճառով տույժը հանված է: Ծառայողական քարտերը կազմում են`

ա) վաշտում` ժամկետային ծառայության զինվորների ու սերժանտների համար.

բ) զորամասի շտաբում` պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների, սերժանտների և ավագների, կին զինծառայողների, ինչպես նաև ենթասպաների ու սպաների համար:

Զորամասերի և զորամիավորումների հրամանատարների, ինչպես նաև բարձրագույն սպայական կազմի սպաների համար ծառայողական քարտեր կազմվում են վերադաս շտաբում:

113. Ժամկետային ծառայության զինվորների, սերժանտների ծառայողական քարտում յուրաքանչյուր գրառում պետք է հաստատվի վաշտի (համապատասխան ստորաբաժանման) հրամանատարի կողմից:

Պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների, սերժանտների, ինչպես նաև կին զինծառայողների, ենթասպաների ու սպաների ծառայողական քարտում յուրաքանչյուր գրառում հաստատվում է զորամասի շտաբի պետի, իսկ զորամասերի և զորամիավորումների հրամանատարների և բարձրագույն սպայական կազմի սպաների ծառայողական քարտում` վերադաս շտաբի պետի կողմից:

114. Գումարտակի, գնդի և նրանց հավասար հրամանատարները պարտավոր են պարբերաբար զննել ծառայողական քարտերը` խրախուսանքի և կարգապահական տույժերի կիրառման ճշտությունը ստուգելու նպատակով: Յուրաքանչյուր զինծառայող տարին մեկ անգամ, ինչպես նաև ծառայության նոր վայր փոխադրվելիս կամ տեղափոխվելիս պետք է ծանոթանա իր ծառայողական քարտին և ստորագրի այն:

Զինծառայողի փոխադրման կամ տեղափոխման դեպքում ծառայողական քարտն ուղարկվում է ծառայության նոր վայր:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

Առաջարկությունների, դիմումների ԵՎ բողոքների (գանգատների) մասին

 

115. Եթե զինծառայողը հայտնաբերում է ռազմական գույքի հափշտակման կամ փչացման, դրամական միջոցների անօրինական ծախսման, զորքերի մատակարարման գործում չարաշահումների, սպառազինության ու ռազմական գույքի պահպանման հետ կապված թերությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնող այլ փաստեր, պարտավոր է այդ մասին զեկուցել անմիջական պետին, ինչպես նաև գրավոր առաջարկություններ անել այդ թերությունները վերացնելու ուղղությամբ կամ դիմում ներկայացնել ավագ պետին, ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, ինչպես նաև պետական իշխանության ու իրավապահ մարմիններին: Զինծառայողն իրավունք ունի նաև բողոք (գանգատ) ներկայացնելու դատարան` պետական մարմինների, պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների վերաբերյալ:

116. Յուրաքանչյուր զինծառայող իրավունք ունի անձամբ կամ իր կողմից լիազորված անձի միջոցով բողոքելու (գանգատվելու) հրամանատարի (պետի) կամ այլ զինծառայողների` իր նկատմամբ կատարած անօրինական գործողությունների, օրենքով սահմանված իր իրավունքների և արտոնությունների սահմանափակման համար:

Բողոքը (գանգատը) տրվում է այն անձի անմիջական պետին, որի գործողությունները բողոքարկվում (գանգատարկվում) են, իսկ եթե բողոքողը (գանգատվողը) չգիտի, թե ում մեղքով են խախտվել իր իրավունքները, ապա բողոքը (գանգատը) ուղարկվում է վերադաս հրամանատարությանը: Արգելվում է ներկայացնել խմբային բողոքներ (գանգատներ):

117. Բողոքող (գանգատվող) զինծառայողն իրավունք ունի`

իր փաստարկներն անձամբ շարադրելու բողոքը (գանգատը) ստուգողին.

ծանոթանալու բողոքի (գանգատի) ստուգման նյութերին.

ներկայացնելու լրացուցիչ նյութեր կամ միջնորդելու հրամանատարի (պետի) կամ բողոքը (գանգատը) քննարկող մարմնի կողմից այդպիսի նյութեր պահանջելու համար.

օրենքով սահմանված կարգով պահանջելու վնասի հատուցում:

118. Բողոք (գանգատ) ներկայացրած զինծառայողը չի ազատվում հրամանները և ծառայողական պարտականությունները կատարելուց:

Արգելվում է բողոք (գանգատ) ներկայացնել մարտական հերթապահության, շարքում եղած ժամանակ (բացառությամբ զինծառայողների հարցման ժամանակ տրված բողոքների (գանգատների), պահակախմբում, ինչպես նաև օրվա վերակարգում ու պարապմունքներում գտնվելու ժամանակ:

119. Արգելվում է խոչընդոտել զինծառայողների բողոք (գանգատ) ներկայացնելուն, դրա համար նրանց պատժել, հետապնդել կամ ծառայության ժամանակ ճնշել:

Այդ հարցում մեղավոր հրամանատարը (պետը), ինչպես նաև ակնհայտ անհիմն դիմում (բողոք, գանգատ) ներկայացնող զինծառայողը ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

120. Զինծառայողի հարցման ժամանակ բողոքը (գանգատը) բանավոր կամ գրավոր կարելի է անմիջականորեն ներկայացնել հարցաքննող անձին:

Որևէ պատճառով հարցումից բացակայող զինծառայողը կարող է բողոքը (գանգատը) ներկայացնել գրավոր` անմիջականորեն հարցում կատարող հրամանատարի (պետի) անունով:

121. Առաջարկությունը (դիմումը, բողոքը) կարող է շարադրվել բանավոր կամ գրավոր: Գրավոր շարադրելու դեպքում զինծառայողը ստորագրության հետ միասին պետք է նշի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության կամ ծառայության (ուսման) վայրը: Այս տվյալների բացակայության դեպքում առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) համարվում է անանուն և քննարկման ենթակա չէ:

122. Հրամանատարը (պետը) պետք է ուշադիր վերաբերվի առաջարկություններին, դիմումներին և բողոքներին (գանգատներին): Նա անձամբ պատասխանատու է դրանք ժամանակին քննարկելու և միջոցներ ձեռնարկելու համար:

Հրամանատարը (պետը) պարտավոր է ստացած առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) քննարկել եռօրյա ժամկետում և, եթե առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) ճիշտ լինի, անհապաղ միջոցներ ձեռնարկել առաջարկությունը կատարելու կամ խնդրանքը բավարարելու համար, ինչպես նաև բացահայտել և վերացնել այն պատճառները, որոնք առաջացրել են զինծառայողների և այլ քաղաքացիների հիմնավոր բողոքը (գանգատը), լիովին օգտագործել դրանցում եղած տեղեկությունները` ստորաբաժանումներում գործերի վիճակն ուսումնասիրելու նպատակով:

Եթե առաջարկություն (դիմում, բողոք, գանգատ) ստացած հրամանատարը (պետը) բավարար իրավունքներ չունի առաջարկությունը կատարելու կամ դիմողի (բողոքողի, գանգատվողի) խնդրանքը բավարարելու համար, ապա ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) ուղարկում է հրամանատարությանը կամ համապատասխան հիմնարկներ (ռազմաուսումնական հաստատություններ):

123. Այն դեպքերում, երբ զինծառայողի առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) տվյալներ չեն պարունակում, թե լուծում տալու համար ուր ուղարկել դրանք, կամ երբ լրացուցիչ տվյալներ և այլ տեղեկություններ են հարկավոր դրանք հրամանատարությանը կամ համապատասխան հիմնարկին (ռազմաուսումնական հաստատությանը) հանձնելու համար, առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները)` համապատասխան պարզաբանումներով անհապաղ վերադարձվում են զինծառայողին: Արգելվում է դիմումները և բողոքները (գանգատները) քննարկման ուղարկել այն անձանց, որոնց գործողությունները բողոքարկվում (գանգատարկվում) են:

Առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) այլ հիմնարկներ (շտաբ, վարչություն) ուղարկելու դեպքում առաջարկություն (դիմում, բողոք, գանգատ) ներկայացրած զինծառայողն անպայման ծանուցվում է:

124. Առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) համարվում են լուծված, եթե քննարկվել են դրանցում առաջադրված բոլոր հարցերը, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ և տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սպառիչ պատասխան:

 Առաջարկություններում (դիմումներում, բողոքներում, գանգատներում) շարադրված պահանջները մերժելու դեպքում այդ մասին գրավոր հայտնվում է դրանք ներկայացրած զինծառայողին` վկայակոչելով օրենքը կամ զինվորական կանոնադրությունները, նշելով մերժման պատճառները, ինչպես նաև պարզաբանելով որոշումը բողոքարկելու (գանգատարկելու) կարգը:

125. Զինծառայողի առաջարկությունների, բողոքների (գանգատների) և դիմումների վերաբերյալ որոշումներն ընդունվում են`

զորամասերում` անհետաձգելիորեն, բայց ստացման պահից ոչ ուշ, քան յոթ օրում.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարչություններում` ստացման պահից 15-օրյա ժամկետում:

Այն դեպքում, երբ առաջարկության (դիմումի, բողոքի, գանգատի) լուծման համար անհրաժեշտ է անցկացնել հատուկ ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր և ձեռնարկել այլ միջոցներ, առաջարկության (դիմումի, բողոքի, գանգատի) լուծման ժամկետները բացառության կարգով կարող են երկարացվել զորամասի հրամանատարի կողմից, բայց 15 օրից ոչ ավելի` այդ մասին հայտնելով առաջարկություն (դիմում, բողոք, գանգատ) ներկայացնող զինծառայողին:

126. Առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) քննարկելիս հրամանատարին (պետին) կամ քննարկմանը մասնակցող մյուս անձանց չի թույլատրվում զինծառայողի անձնական կյանքի մասին տվյալներ հրապարակել առանց նրա համաձայնության:

127. Զորամասերի և զորամիավորումների հրամանատարները պարտավոր են առնվազն եռամսյակը մեկ անգամ անցկացնել առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) քննարկման ու լուծման աշխատանքների վիճակի ներքին ստուգում, որի համար կազմվում է հանձնաժողով: Ստուգման արդյունքների մասին կազմվում է ակտ:

128. Բոլոր առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) ստացման օրը գրանցվում են զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գրքում (N 4 հավելված), որը պահվում է յուրաքանչյուր զորամասում:

Տեսչական ստուգման ժամանակ զինծառայողների հարցման ընթացքում տրված բողոքները զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գրքում չեն գրանցվում:

129. Զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գրքում գրառվում են յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, բողոքի (գանգատի) վերաբերյալ ընդունված որոշումները

 Որոշումների ժամանակին ու ճիշտ կատարումը ստուգելու համար զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գիրքը ներկայացվում է զորամասի հրամանատարին ամեն ամիս, իսկ տեսչական ստուգողներին` ըստ պահանջի:

130. Զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գիրքը պետք է լինի համարակալված, քուղակապված, կնքված և զորամասի հրամանատարի կողմից հաստատված:

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի կարգապահական
կանոնադրության

 

Հ Ա Մ Ե Մ Ա Տ Ա Կ Ա Ն  Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կարգապահական իրավունքների

 

թ.թ.
ը/կ.

Տիպային պաշտոնները

Զինվորական կոչումները

1. Ջոկի, անձնակազմի (հաշվարկի) հրամանատար կրտսեր սերժանտ, սերժանտ
2. Դասակի հրամանատարի տեղակալ ավագ սերժանտ
3. Վաշտի, մարտկոցի, ավիաէսկադրիլիայի և անձնախմբի ավագ ավագ, ենթասպա, ավագ ենթասպա
4. Դասակի խմբի հրամանատար կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, ավագ լեյտենանտ
5. Վաշտի, մարտկոցի, ավիաօղակի, առանձին դասակի հրամանատար կապիտան
6. Գումարտակի, դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի  առանձին վաշտի (մարտկոցի) հրամանատար մայոր
7. Առանձին գումարտակի (դիվիզիոնի,  ավիաէսկադրիլիայի) հրամանատար փոխգնդապետ
8. Առանձին և ոչ առանձին բրիգադի, առանձին  և ոչ առանձին գնդի հրամանատար գնդապետ
9. Դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր
10. Կորպուսի, ուղղության զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ
11. Բանակի հրամանատար գեներալ-գնդապետ

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի կարգապահական
կանոնադրության

 

ԶՈՐԱՄԱՍԻ ՊԱՏՎՈ ԳԻՐՔ

 

1. Պատվո գիրքը պահվում է բոլոր բրիգադներում, գնդերում, առանձին զորամասերում:

2. Զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը պատվո գրքում գրանցվում են խրախուսման կարգով` սույն կանոնադրության պահանջներին համապատասխան:

Պատվո գրքում գրանցումը կատարվում է զորամասի հրամանատարի հրամանով: Պատվո գրքում զետեղվում է զինծառայողի լուսանկարը և շարադրվում նրա նվաճումների ու սխրագործության համառոտ բովանդակությունը:

3. Պատվո գրքի պահելու տեղը որոշում է զորամասի հրամանատարը` հաշվի առնելով, որ այն համապատասխանի իր նշանակությանը և ամբողջ անձնակազմի համար ապահովի դրա հետ ծանոթանալու հնարավորությունը:

 

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի կարգապահական
կանոնադրության

 

Դիմային կողմ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ

 

Ներմուծեք նկարագրությունը_13961

 

ԽՐԱԽՈՒՍԱՆՔ

 

Ինչի համար է
տրվել

Խրախուսանքի
տեսակը

Երբ է տրվել (հրամանի
ամսաթիվն ու համարը)

Ով է խրախուսել

 

N 3 հավելվածի շարունակությունը

 

Դարձերես

 

ՏՈՒՅԺԵՐ

 

Ինչի համար է
տրվել

Երբ է
կատարվել
զանցանքը

 Տույժի
տեսակը

Երբ է
կիրառվել
(հրամանի
ամսաթիվն ու համարը)
Ով է տվել
տույժը
Երբ է
հանվել (ում
կողմից կամ
ժամկետը
լրանալու
կապակցությամբ)

 

Ծանոթացա _____________________
   (ստորագրությունը)

 

Ծանոթագրություն.

1. Զինծառայողին ենթասպայի զինվորական կոչում, առաջին սպայական կոչում, ինչպես նաև ավագ կամ բարձրագույն սպայական կազմի սպայի առաջին կոչում շնորհելիս լրացվում է նոր ծառայողական քարտ: Զինծառայողին նախկինում տրված կարգապահական տույժերը նոր ծառայողական քարտում չեն գրանցվում, գրանցվում են միայն խրախուսանքները, բացի տույժը հանելու խրախուսանքից: Նախկին ծառայողական քարտը ոչնչացվում է:

2. Բոլոր կարգապահական տույժերը, բացի ենթասպայի և ավագ ենթասպայի զինվորական կոչումից զրկելու, ինչպես նաև ավագ ենթասպաների ու սպաների զինվորական կոչումներն իջեցնելու տույժերից, որ տրվել են զինծառայողներին և չեն հանվել մինչև նրանց պահեստազոր ու պաշտոնաթողության ուղարկելը, դրանցից մեկ տարի հետո կորցնում են ուժը, եթե այդ ընթացքում նրանք նոր տույժ չեն ստացել:

 

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի կարգապահական
կանոնադրության

 

ԶՈՐԱՄԱՍԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ (ԳԱՆԳԱՏՆԵՐԻ) ԳԻՐՔ

 

թ.թ.
ը/կ.
Ստացման
տարեթիվը,
ամիսը,
օրը
Առաջարկություն
(դիմում, բողոք)
տվող
զինծառայողի
անունը,
հայրանունը,
ազգանունը և
առնչությունը
զինվորական
ծառայությանը
Առաջարկության,
դիմումի,
բողոքի
համառոտ
բովանդա-
կությունը
Ում, երբ
է տրվել,
կատարման
և կատարողի
ստորագրությունը
Կատարման
ժամկետը
 Երբ և
ինչ
որոշում է
ընդունվել
 Որ գործի
մեջ են
կարված
փաստա-
թըղթերը

 

 

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի կարգապահական
կանոնադրության

             

Զինծառայողների կարգապահական կոպիտ զանցանքների ցանկը ԵՎ նրանց կարգապահական մեկուսացումն ի կատար ածելու կարգը

 

1. Զինծառայողների կարգապահական կոպիտ զանցանքներն են`

ինքնակամ բացակայությունը.

արձակուրդից, գործուղումից և բուժհիմնարկից ժամկետին ծառայության չներկայանալը.

ծառայությունից ուշանալը կամ ինքնակամ հեռանալը.

պահակային, ներքին ծառայությունների և մարտական հերթապահության կատարման կանոնների խախտումը.

ալկոհոլի, թմրանյութերի կամ թունանյութերի օգտագործման հետևանքով անսթափ վիճակում ծառայողական պարտականությունների կատարումը.

անվտանգության պահանջների խախտումը, որը հանգեցրել է աշխատունակության կորստի.

զինծառայողների փոխհարաբերությունների կանոնադրական կանոնների խախտումը.

ռազմական գույքի վատնումը կամ կորուստը.

զանցանքները հասարակական վայրերում` ծառայությունից դուրս:

2. Մեկուսացման և կարգապահական մեկուսարանում պահելու տույժի ի կատար ածումը հանձնարարվում է`

զինվորների, սերժանտների նկատմամբ` վաշտի (անձնախմբի) ավագին.

ենթասպաների ու սպաների նկատմամբ` զորամասի հերթապահին:

Վարչություններում (հիմնարկներում և ռազմաուսումնական հաստատություններում) զինծառայողների մեկուսացումն ի կատար է ածվում այդ տույժը տված պետի կամ վարչության (հիմնարկի, ռազմաուսումնական հաստատության) պետի նշած անձի միջոցով: Այդ դեպքում ենթասպաներին կարգապահական մեկուսարանում պահելը հանձնարարվում է հավասար կամ բարձր կոչում ունեցող ենթասպաներին, ինչպես նաև սպաներին:

3. Զինվորների, սերժանտների մեկուսացման գրությունը ստորագրվում է վաշտի (համապատասխան ստորաբաժանման) հրամանատարի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում` վաշտի (համապատասխան ստորաբաժանման) սպաներից մեկի կողմից և հաստատվում է զորամասի դրոշմակնիքով:

Մեկուսացումը կիրառող պետը պարտավոր է նշել, իսկ վաշտի հրամանատարը` մեկուսացման գրության մեջ գրանցել, թե որ խցում (մենախուց, ընդհանուր խուց) պահել մեկուսացված զինծառայողին:

Ենթասպայի մեկուսացման գրությունը ստորագրվում է զորամասի հրամանատարի կամ շտաբի պետի կողմից և հաստատվում զորամասի դրոշմակնիքով:

4. Այն անձինք, որոնց վրա դրված է մեկուսացումն ի կատար ածելը, պարտավոր են նախօրոք տեղեկանալ կարգապահական մեկուսարանում ազատ տեղերի առկայության մասին և անհրաժեշտության դեպքում ուղեկցորդներ պահանջել:

5. Կարգապահական մեկուսարան տանելուց առաջ մեկուսացումն ի կատար ածող անձինք մեկուսացված բոլոր զինծառայողներից վերցնում են զենքն ու զինամթերքը, իսկ ժամկետային ծառայության զինվորներից, սերժանտներից` ցուցակագրելուց հետո նաև դրամն ու իրերը, որոնք արգելվում է պահել մեկուսարանում:

Շքանշանները, մեդալները, շքանշանի ժապավեններով շերտաձողիկները, ինչպես նաև կրծքանշանները մեկուսացված զինծառայողներն ի պահ են հանձնում զորամասի շտաբ կամ կայազորի զինվորական պարետատուն:

Պայմանագրով զինվորական ծառայության ընդունված ենթասպաները, ինչպես նաև զինվորները, սերժանտները կարգապահական մեկուսացման ենթարկվելու դեպքում կարգապահական մեկուսարան ուղարկվելիս պետք է հագնեն ամենօրյա շարային համազգեստ, իսկ ժամկետային ծառայության զինվորները, սերժանտները` աշխատանքային համազգեստ և իրենց մոտ ունենան շինել: Բացի դրանից, յուրաքանչյուր մեկուսացված պետք է ունենա սրբիչ, թաշկինակներ, լրացուցիչ մաքուր ենթաօձիքներ և սափրվելու պարագաներ, իսկ եթե զինծառայողը մեկուսացվել է յոթ օրից ավելի ժամանակով` նաև մաքուր սպիտակեղենի փոխնորդ: Այլ իրեր, ինչպես նաև լուցկի և ծխելու պարագաներ ունենալն արգելվում է:

Կարգապահական մեկուսարան տարվելուց առաջ բոլոր մեկուսացվածներն ենթարկվում են բժշկական քննության, իսկ անհրաժեշտության դեպքում` սանիտարական մշակման (բաղնիքում լողանալը) և հագուստի ախտահանման, ինչի մասին բժիշկը նշումներ է անում մեկուսացման գրության մեջ:

6. Կարգապահական կարգով մեկուսացված զինվորները զորային կամ կայազորային մեկուսարան են տարվում պահակախմբի, իսկ սերժանտները` սերժանտների ուղեկցությամբ:

Մեկուսացված ենթասպաները և սպաները կայազորի կարգապահական մեկուսարան են գնում ինքնուրույնաբար:

7. Մեկուսացվածներին կարգապահական մեկուսարան ուղարկելու, հանձնելու, ընդունելու, այնտեղ պահելու և ազատելու կարգը շարադրված է կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությունում:

8. Զինծառայողին 88-րդ կետի պահանջներով նախատեսված կարգով մեկուսացնելիս ավագը պարտավոր է նրան ուղարկել կայազորի զինվորական պարետի մոտ կամ հրամայել, որ նա անձամբ ներկայանա կայազորի զինվորական պարետին: Մեկուսացվածը պարտավոր է կայազորի զինվորական պարետին զեկուցել, թե ում կողմից և ինչի համար է մեկուսացվել: Մեկուսացվող անձը պարտավոր է նույն օրը կայազորի զինվորական պարետին տեղեկացնել մեկուսացման պատճառի մասին: Կայազորի զինվորական պարետն իր հերթին պարտավոր է այդ մասին տեղեկացնել մեկուսացվածի հրամանատարին (պետին):

Մեկուսացման ժամկետը որոշում է կայազորի զինվորական պարետը կամ մեկուսացվողի հրամանատարը (պետը):

 

Դիմային կողմ

 

ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ

 

_____ _________________ 199 թ.

Ներմուծեք նկարագրությունը_13964

 

Զորամասի

 

Կ.Տ.

 

Մեկուսարանի պետի (զորամասի հերթապահի) նշումները

 

Ներմուծեք նկարագրությունը_13965