Գլխավոր տեղեկություն
Համար
N 123
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.1995-05.06.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
07.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 1995 թվականի N 123

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպաների զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությունը (կցվում է):

2. Սահմանել, որ քաղաքացիական նախարարություններ, պետական վարչություններ, գերատեսչություններ և հիմնարկներ գործուղվող ենթասպաները, մնալով ժամկետային զինվորական ծառայության մեջ, օգտվում են սույն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպաների զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից ու արտոնություններից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995թ.
մարտի 7-ի N 123 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին ծառայության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության ենթասպաների զինվորական ծառայություն անցնելու կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպաներ են համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց սահմանված կարգով շնորհվել են ենթասպայի և ավագ ենթասպայի կոչումներ:

2. Ենթասպաները սպայական կազմի անմիջական օգնականներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վրա դրված խնդիրների լուծման գործում:

3. Ենթասպաների զինվորական ծառայությունը բաղկացած է ՀՀ զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայությունից և պահեստային զինվորական ծառայությունից:

Ենթասպաները կարող են ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվել մինչև 45 տարեկան դառնալը: Նրանց համաձայնությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարով:

Սահմանված տարիքից անց ժամկետային զինվորական ծառայության թողնված ենթասպաները սույն կանոնադրության 43-րդ կետին համապատասխան կարող են զինվորական ծառայությունից արձակվել մինչև ծառայության մեջ թողնված ժամկետը լրանալը:

Զինվորական ծառայությունից արձակված ենթասպաները ՀՀ զինված ուժերի պահեստազորում են գտնվում մինչև 55 տարին լրանալը:

4. Որպես ենթասպա ժամկետային զինվորական ծառայության սկիզբը համարվում է`

ա) ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող շարքայինների, սերժանտների և ավագների համար` «ենթասպա» զինվորական կոչում շնորհելու մասին հրամանի ստորագրման օրը.

բ) պահեստազորից զորակոչված շարքայինների, սերժանտների ու ավագների համար` «ենթասպա» զինվորական կոչում շնորհելու մասին հրամանի ստորագրման օրը, բայց զինվորական կոմիսարիատի կարգադրագրում նշված ծառայության վայր մեկնելու օրվանից ոչ շուտ.

գ) պահեստազորից ժամկետային զինվորական ծառայության ընդունված ենթասպաների համար` զինվորական կոմիսարիատի կարգադրագրում նշված ծառայության վայր մեկնելու օրը կամ համապատասխան հրամանատարի (պետի) հրամանում նշված պաշտոնին նշանակելու օրը:

 

II. ԵՆԹԱՍՊԱՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

 

5. Որպես ենթասպա ժամկետային զինվորական ծառայության են ընդունվում 35-ից ոչ բարձր տարիք ունեցող, բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կամ միջնակարգ կրթությամբ, զինվորական ծառայության մեջ կամ արտադրությունում իրենց կարգապահ, բարոյապես կայուն, դրականորեն դրսևորած և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու անհրաժեշտ պահանջներին համապատասխանող անձինք:

Ենթասպաներով փոխարինման ենթակա պաշտոնները համալրում են`

ա) ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող այն շարքայինները, սերժանտները և ավագները, ովքեր ավարտել են ենթասպաների դպրոցը կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության ծրագրով գործող տեխնիկների դպրոցը և ոչ պակաս, քան մեկ տարի գտնվել են ժամկետային զինվորական ծառայության մեջ.

բ) շարքայինները, սերժանտներն ու ավագները, ովքեր ունեն միջնակարգ մասնագիտական կրթություն, զինվորական մասնագիտության բնույթին (պրոֆիլին) մոտ պատրաստություն և մինչև 6 ամիս գտնվել են ժամկետային զինվորական ծառայության մեջ.

գ) պահեստազորի շարքայինները, սերժանտները և ավագները, ովքեր ունեն զինվորական մասնագիտության բնույթին (պրոֆիլին) մոտ միջնակարգ մասնագիտական կրթություն.

դ) պահեստազորի ենթասպաները.

ե) համապատասխան բարձրագույն մասնագիտական պատրաստություն ունեցող կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ կանայք:

Ենթասպաների այն պաշտոնների ցանկը, որոնք կարող են զբաղեցնել կանայք, ինչպես նաև այդ պաշտոններն այլ անձանցով համալրելու կարգը սահմանվում են համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի, ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի հրամաններով:

Որպես ենթասպա ժամկետային զինվորական ծառայության մեջ անձանց ընդունումը կատարվում է կամավորության սկզբունքով` 3 տարի ժամկետով:

6. Որպես ենթասպա ժամկետային զինվորական ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել կամավորության սկզբունքով` ամեն անգամ 3 տարով: Որպես ենթասպա ժամկետային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգված է համարվում, եթե պարտավորության հիմնական ժամկետի լրանալուց առաջ` երկու շաբաթվա ընթացքում, զինվորական ծառայությունից արձակվելու մասին զեկուցագիր չի տրվել:

Որպես ենթասպա ժամկետային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվում է գնդերի հրամանատարների, նրանց հավասար և բարձր հրամանատարների (պետերի) կողմից:

7. Որպես ենթասպա ժամկետային զինվորական ծառայության մեջ ընդունումը, սահմանված տարիքից բարձր ժամկետային զինվորական ծառայության մեջ թողնելն իրականացվում է գնդերի, բրիգադների (առանձին բրիգադների) հրամանատարների, նրանց հավասար և բարձր հրամանատարների (պետերի) կողմից:

8. Ենթասպաների դպրոցներում ենթասպաների պատրաստման կարգն ու ժամկետները, ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակաշրջանում, զորակոչվելուց հետո մեկ տարուց ոչ շուտ զինծառայողներին այդ դպրոցներ ուսման ուղարկելը, ինչպես նաև ենթասպաների վերապատրաստման ու որակավորման բարձրացման կարգն ու ժամկետները սահմանվում են համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի կողմից:

Ենթասպաների պատրաստման ժամկետները, ուսումնական պլաններն ու ծրագրերը սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարի կողմից` ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարի հետ համաձայնեցնելով:

ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության զինծառայողներին ենթասպաների դպրոց ուսման ուղարկելու կարգն ու ժամկետները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

 

III. ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

9. Ենթասպայի զինվորական կոչում է շնորհվում զինծառայողներին և զինապարտներին, հաշվի առնելով նրանց զինվորական և մասնագիտական պատրաստվածությունը, զբաղեցրած պաշտոնը, գործարար ու բարոյական հատկանիշները և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պայմաններ:

10. Սույն կանոնադրության 5-րդ կետի «ա» , «բ» և «դ» ենթակետերին համապատասխան որպես ենթասպա ժամկետային զինվորական ծառայության ընդունված անձանց շնորհվում է «ենթասպա» կոչում:

11. «Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են 5 և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին` ավագ ենթասպաներով կամ սպաներով համալրման ենթակա պաշտոններում` ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի հրամաններով հաստատված պաշտոնների ցանկին համապատասխան:

«Ավագ ենթասպա» զինվորական կոչում կարող է շնորհվել նաև ենթասպաներին`

ՀՀ պաշտպանության ժամանակ դրսևորած բարոյամարտական հատկանիշների համար` անկախ որպես ենթասպա ծառայելու ժամկետից և զբաղեցրած պաշտոնից.

որպես ենթասպա 10 և ավելի տարի անընդհատ անբասիր ծառայության համար` անկախ զբաղեցրած պաշտոնից.

մարտական հերթապահություն (մարտական ծառայություն) կատարելու համար` սպայական կազմի անձանց զբաղեցրած պաշտոնում հաստիքով նախատեսվածից մեկ աստիճան բարձր զինվորական կոչում շնորհելու սահմանված կարգին համապատասխան:

12. Ենթասպաների զինվորական կոչումները շնորհվում են գնդերի, բրիգադների (առանձին բրիգադների) հրամանատարների, նրանց հավասար և բարձր հրամանատարների (պետերի) հրամաններով:

13. Ենթասպաները զինվորական կոչումից կարող են զրկվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքով նախատեսված կարգով, ինչպես նաև դատարանի դատավճռով` ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում:

14. Ժամկետային զինվորական ծառայության սահմանված ժամկետը լրիվ չծառայած ենթասպաները մինչև որպես ենթասպա ժամկետային զինվորական ծառայության մեջ ընդունվելը զինվորական կոչումից զրկվելու դեպքում փոխադրվում են շարքայինի աստիճանի և պահեստազոր են արձակվում իրենց հասակակիցների զորացրման հետ միաժամանակ:

15. «Ենթասպա» զինվորական կոչումից զրկված անձանց, ովքեր իրենց հետագայում դրսևորում են ըստ արժանվույն` ենթասպաների պաշտոնները համալրելու համար, «ենթասպա» զինվորական կոչում կարող է շնորհվել սույն կանոնադրության 12-րդ կետում նշված պաշտոնատար անձանց հրամաններով:

Անօրինական դատապարտման պատճառով «ենթասպա» զինվորական կոչումից զրկված անձանց նախկին զինվորական կոչումը վերականգնվում է վերը նշված պաշտոնատար անձանց կողմից:

16. Ավագ ենթասպաների զինվորական կոչման` մեկ աստիճանով իջեցումը կարող է կատարվել որպես կարգապահական տույժ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքին համապատասխան:

Այն ենթասպաները, որոնց զինվորական կոչումն իջեցվել է, կարող են իրենց զինվորական կոչումը վերականգնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո:

17. Համապատասխան զինվորական մասնագիտության պատրաստման բնույթին (պրոֆիլին) մոտ բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող միջնակարգ քաղաքացիական կրթություն ունեցող ենթասպաներին կարող է զորամասի հրամանատարի կողմից հնարավորություն ընձեռնվել սովորելու առանց ծառայությունից կտրվելու (հեռակա): Բարձրագույն ուսումնական հաստատությունը հաջող ավարտելուց հետո, դրական ատեստացիայի և սպայական պաշտոնում ծառայություն անցնելու դեպքում համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի հրամաններով ենթասպային շնորհվում է առաջին սպայական կոչում:

Ենթասպաներին սպայական կոչում շնորհվում է ՀՀ զինված ուժերի սպայական կազմի ծառայություն անցնելու մասին կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

IV. ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

18. Ենթասպաներով համալրման ենթակա պաշտոնները և այդ պաշտոններին համապատասխանող զինվորական կոչումները սահմանվում են համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի հրամաններով հաստատվող հաստիքային ցուցակով:

19. Ենթասպաների պաշտոնի նշանակումը կատարվում է գնդերի բրիգադների (առանձին բրիգադների) հրամանատարների, նրանց հավասար և բարձր հրամանատարների (պետերի) կողմից:

20. Ելնելով ծառայության շահերից, բացառիկ դեպքերում սպայական թափուր պաշտոններում համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի հրամաններով կարող են նշանակվել ատեստացիայի արդյունքներով դրականորեն բնութագրված ենթասպաները:

Այդ պաշտոնները զբաղեցնելու համար սպաների ժամանման դեպքում և այլ թափուր սպայական պաշտոնների բացակայության դեպքում` սպայական պաշտոն զբաղեցնող ենթասպաները փոխադրվում են ենթասպայի պաշտոնի:

21. Ենթասպաների մի զորամասից մյուսը փոխադրումը կատարվում է`

ա) ենթասպաների հիմնավորված միջնորդությամբ` հարգելի պատճառների առկայության դեպքում.

բ) առողջական վիճակի պատճառով, եթե ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն ենթասպայի զբաղեցրած պաշտոնում կամ ծառայությունը կրելու վայրում ծառայական պարտականությունների կատարումը նրա համար հակացուցված է.

գ) ընտանեկան հանգամանքների բերումով, երբ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն ենթասպայի ծառայության վայրում նրա ընտանիքի անդամների բնակվելը հակացուցված է.

դ) հաստիքների կրճատման պատճառով.

ե) կազմակերպական միջոցառումների անցկացման կապակցությամբ, երբ ծառայության վայրում չկան ենթասպաների մասնագիտությանը, պատրաստվածության աստիճանին կամ աշխատանքի փորձին համապատասխանող թափուր պաշտոններ:

Զորամասերի կազմավորման, ծավալման, վերատեղաբաշխման կապակցությամբ և ծառայական անհրաժեշտության այլ դեպքերում ենթասպաների փոխադրումը կատարվում է համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալի և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի տեղակալի ու բարձր պաշտոնատար անձանց կողմից (կին ենթասպաները փոխադրվում են իրենց գրավոր համաձայնությամբ):

Ենթասպաներն իրենց համաձայնությամբ կարող են վերագործուղվել զինվորական ծառայություն անցնելու համար`

ՀՀ պաշտպանության նախարարությունից` ՀՀ ազգային անվտանգության պետական վարչություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչություն.

ՀՀ ազգային անվտանգության պետական վարչությունից, ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությունից` ՀՀ պաշտպանության նախարարություն.

ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությունից` ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչություն.

ՀՀ ներքին գործերի նախարարությունից` ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչություն, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչություն:

Սույն կետի համաձայն ենթասպաների մի զորամասից մյուսը փոխադրումը կատարվում է համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի, ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի հրամաններով:

22. Ենթասպաների փոխադրումը ցածր պաշտոնի կատարվում է`

ա) հաստիքների կրճատման դեպքում.

բ) առողջական վիճակի պատճառով` համաձայն ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության.

գ) ծառայական անհամապատասխանության պատճառով.

դ) որպես կարգապահական տույժ` համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի, կամ ենթասպաների պատվի ընկերական դատարանի միջնորդությամբ.

ե) տարիքի պատճառով.

զ) ընտանեկան հանգամանքների բերումով:

Նշված դեպքերում ենթասպաների` ցածր պաշտոնի փոխադրումը կատարվում է գնդերի, բրիգադների (առանձին բրիգադների) հրամանատարների, նրանց հավասար և բարձր հրամանատարների (պետերի) կողմից: Որպես կարգապահական տույժ ենթասպաների` ցածր պաշտոնի նշանակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքով այդպիսի իրավունք ունեցող պետերի կողմից: Ենթասպաների պատվի ընկերական դատարանի միջնորդությամբ և ծառայական անհամապատասխանության կապակցությամբ ենթասպաների պաշտոնի իջեցումը նույնպես կատարվում է այդ պետերի կողմից:

Ենթասպաներին ցածր պաշտոնի փոխադրելու մասին անձնակազմի վերաբերյալ հրամանում նշվում են սույն կետում նախատեսված հիմքերը:

Ցածր պաշտոնի փոխադրված ենթասպաները հետագայում կարող են նշանակվել նախկինում զբաղեցրած կամ դրանց հավասար պաշտոնների` հաշվի առնելով նրանց աշխատանքի փորձը, բարոյական ու գործարար հատկանիշները և առողջական վիճակը:

Ենթասպաների ատեստավորումն անցկացվում է 3 տարին մեկ անգամ` նրանց անմիջական պետերի կողմից, որոնք անձնական պատասխանատվություն են կրում ատեստավորման օբյեկտիվության և ատեստացիոն թերթիկում գրառված եզրակացությունների ու հանձնարարականների հիմնավորվածության համար:

 Ենթասպաները պարտավոր են վերացնել ատեստացիոն թերթիկում նշված թերությունները: Նրանց ուղղակի և անմիջական պետերը պարտավոր են պահանջել և օգնել վերացնելու ատեստացիոն թերթիկում նշված թերությունները:

 Ենթասպաների ատեստավորման կարգը սահմանվում է համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի հրամաններով:

 

V. ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ

 

23. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող ենթասպաներին տրվում է արձակուրդ`

ա) հերթական (տարեկան).

բ) լրացուցիչ տարեկան (կարճաժամկետ).

գ) հիվանդության.

դ) ուսումնական.

ե) լրացուցիչ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված.

զ) կին ենթասպաներին, բացի դրանցից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի համար:

24. Ենթասպաներին հերթական արձակուրդ տրվում է յուրաքանչյուր օրացուցային տարում` հետևյալ տևողությամբ.

ա) զինված ուժերում մինչև 15 օրացուցային տարի ծառայած անձանց` 30 օր.

բ) զինված ուժերում 15-25 օրացուցային տարի ծառայած անձանց` 40 օր.

գ) զինված ուժերում 25 և ավելի տարի ծառայած անձանց` 45 օր.

դ) թռիչքային աշխատանք իրականացնող, սահմանապահ զորամասերում ծառայություն անցնող, ինչպես նաև հատուկ բարդ պայմաններում մարտական (մարտական ծառայության) հերթապահություն կատարող անձանց տրվում է լրացուցիչ 10 օր:

Հատուկ պայմաններում ծառայություն անցնող կամ վնասակար աշխատանքներում զբաղված ենթասպաներին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկի, տրվում է 10 օր տևողությամբ լրացուցիչ տարեկան արձակուրդ:

Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով հրամանատարի (պետի) հրամանով ենթասպաներին կարող է տրվել մինչև 10 օր տևողությամբ լրացուցիչ տարեկան (կարճաժամկետ) արձակուրդ:

25. Անհարգելի պատճառներով մինչև 10 օր ծառայության չներկայանալու կամ արձակուրդից հետո ծառայության չանցնելու համար ենթասպաների հերթական արձակուրդը կրճատվում է բացակա օրերի չափով, անկախ նրանց նկատմամբ այդ արարքի համար կարգապահական տույժի կիրառումից: Արձակուրդի կրճատման մասին հրամանը տալիս է արձակուրդ տալու իրավունքով օժտված հրամանատարը (պետը):

Յուրաքանչյուր ենթասպային հերթական արձակուրդը պետք է տրվի օրացուցային տարվա ընթացքում:

26. Որպես ենթասպա ժամկետային զինվորական ծառայության ընդունված անձանց հերթական արձակուրդի տևողությունը հաշվարկվում է զինծառայության ընդունված տարվա ընդունման օրվանից մինչև տարեվերջը` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր:

10 օրվանից պակաս տևողությամբ արձակուրդը ենթասպայի ցանկությամբ կարող է տրվել հաջորդ տարվա հերթական արձակուրդի հետ միաժամանակ:

Տարիքի կամ հիվանդության պատճառով ժամկետային զինվորական ծառայությունից արձակված ենթասպաներին ազատման տարում հերթական արձակուրդ է տրվում սույն կանոնադրության 24-րդ կետին համապատասխան, իսկ այն ենթասպաներին, ովքեր զինծառայությունից արձակվում են այլ հիմքերով, հերթական արձակուրդը հաշվարկվում է արձակման տարում յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր:

27. Հերթական արձակուրդի ժամանակ հիվանդացած ենթասպաների արձակուրդն առողջանալուց հետո երկարացվում է չօգտագործած օրերի չափով: Այդ դեպքում արձակուրդը երկարացվում է արձակուրդ տվող հրամանատարի (պետի) կողմից` բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) կողմից հաստատված համապատասխան տեղեկանքի հիման վրա:

Ուսման մեկնող կամ ծառայության նոր վայր տեղափոխվող ենթասպաները հերթական արձակուրդ, որպես կանոն, ստանում են ուսման վայր և նոր ծառայության վայր մեկնելուց առաջ` արձակուրդն ամբողջությամբ օգտագործելու հաշվով:

Հերթական արձակուրդից ենթասպային ետ կանչելը թույլատրվում է միայն ծառայական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և միայն այն զորամասի հրամանատարի (պետի) հրամանով, որտեղ նա ծառայում է:

Հերթական արձակուրդից ետ կանչելու դեպքում արձակուրդի չօգտագործված մասը, որպես կանոն, տրվում է ընթացիկ տարում: Ընդ որում, եթե արձակուրդի չօգտագործված մասը կազմում է 10 և ավելի օր, ապա նրանց վճարվում է արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի արժեքը և տրվում են լրացուցիչ օրեր` արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու ժամանակամիջոցի չափով:

28. Ենթասպաներին տրվում է հիվանդության արձակուրդ` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Հիվանդության արձակուրդի տևողությունը որոշվում է հիվանդության բնույթով: Բուժհիմնարկներում գտնվելու և հիվանդության պատճառով արձակուրդում եղած ժամանակը խաղաղ պայմաններում չպետք է գերազանցի չորս ամիսը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործող օրենսդրությամբ նախատեսված է առանձին հիվանդությունների համար բուժման մեջ գտնվելու ավելի տևական ժամանակահատված:

Այդ ժամկետը ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է երկարացվել մինչև երկու ամիս` համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալների, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալների, ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի տեղակալների և մյուս բարձր պաշտոնատար անձանց կողմից:

Զինծառայողի անընդհատ բուժման կամ հիվանդության պատճառով արձակուրդի մեջ գտնվելու սահմանված ժամկետի (հաշվի առնելով այդ ժամկետի երկարացումը) լրանալուց հետո ենթասպաները ենթակա են ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ստուգման` զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշելու նպատակով:

Հիվանդության արձակուրդը հերթական արձակուրդի մեջ չի մտցվում: Ենթասպաներին ժամկետային զինվորական ծառայությունից արձակելիս հիվանդության արձակուրդ չի տրվում:

29. Ուսումնական հաստատություններում սովորող ենթասպաներին ուսումնական արձակուրդ է տրվում ուսումնական պլաններով սահմանված պարապմունքների ընդմիջումների ժամանակամիջոցի համար:

Ուսումնական արձակուրդը հերթական արձակուրդի մեջ չի մտցվում:

30. Կին ենթասպաներին հղիության և ծննդաբերության արձակուրդ է տրվում դրամական և նյութական բավարարման պահպանմամբ` գործող օրենսդրությամբ սահմանված տևողությամբ ու կարգով:

Այդ արձակուրդների ժամանակը մտցվում է անընդհատ ծառայության ստաժի մեջ` պաշտոնային դրույքաչափը սահմանելու, երկարամյա ծառայության տարիների մեջ` սահմանամերձ և բարձրլեռնային տեղանքում անընդմեջ ծառայության համար հավելավճարի վճարման, միանվագ դրամական պարգևատրման, ինչպես նաև կենսաթոշակի հաշվարկման ու զինվորական կոչում շնորհելու համար:

Հղիության ու ծննդաբերության արձակուրդը հերթական արձակուրդի մեջ չի մտցվում: Հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ դրանից անմիջապես հետո կին ենթասպաներին տրվում է ընթացիկ տարվա հերթական արձակուրդ:

Երեխայի խնամքի համար տրված արձակուրդն ավարտվելու տարում հասանելիք հերթական արձակուրդը հաշվարկվում է երեխայի խնամքի համար տրված արձակուրդն ավարտվելու օրվանից համամասնաբար մինչև օրացուցային տարվա վերջը` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր:

Կին ենթասպաները հիվանդ երեխային խնամելու համար ծառայական պարտականությունները կատարելուց ազատվում են գործող օրենսդրությամբ սահմանված տևողությամբ ու կարգով:

 

VI. ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Ենթասպաներն ամբողջությամբ օգտվում են ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված սոցիալական, տնտեսական, քաղաքական ու անձնական իրավունքներից ու ազատություններից և կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ սահմանադրությամբ սահմանված բոլոր պարտականությունները:

Զինվորական ծառայության պայմաններից բխող ենթասպաների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, զինվորական երդմամբ, զինվորական կանոնագրքերով, ՀՀ այլ օրենսդրական ակտերով և սույն կանոնադրությամբ:

32. Ենթասպաները պարտավոր են`

անձնվիրաբար ծառայել հայրենիքին` Հայաստանի Հանրապետությանը, արիաբար տանել զինվորական ծառայության դժվարություններն ու զրկանքները.

բարեխղճորեն ուսումնասիրել ռազմական գործը, տիրապետել և հմտորեն կիրառել իրեն վստահված զենքը, մարտական տեխնիկան, դրանք պահել սարքին վիճակում, պահպանել զինվորական կանոնագրքերով սահմանված կարգը.

մշտական հոգատարություն ցուցաբերել ենթակաների առողջության պահպանման, նրանց նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի, նյութական ու կենցաղային բնականոն պայմանների ապահովման համար, հարգել նրանց արժանապատվությունը.

բարձր պահել ՀՀ զինված ուժերի այն զինվորական ստորաբաժանման պատիվը, որտեղ ծառայում է, պահպանել սեփական զինվորական կոչման պատիվն ու արժանապատվությունը, խստորեն կատարել օրենքների, զինվորական երդման ու զինվորական կանոնագրքերի և ընդունված բարոյական նորմերի պահանջները, պահպանել պետական ու հասարակական գույքը.

լինել աչալուրջ, խստիվ պահպանել զինվորական ու պետական գաղտնիքը.

անվերապահորեն կատարել հրամանատարների և պետերի հրամաններն ու կարգադրությունները:

Ենթասպաների կողմից իրենց ծառայական պարտականությունների բարեխիղճ կատարումը և հանձնարարված տեղամասերում արդյունքների հասնելը կարող են հրամանատարության կողմից նշվել բարոյական ու նյութական խրախուսման միջոցներով:

Զինվորական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության և ՀՀ զինված ուժերին ու պետությանը մատուցած այլ ծառայությունների համար ենթասպաները կարող են ներկայացվել ՀՀ պետական պարգևների:

33. Ենթասպաները պետության հաշվին դրամական ու նյութական բավարարում են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմերով:

34. Ենթասպաները և նրանց ընտանիքների անդամներն օգտվում են արտոնություններից երկաթուղային, ավտոմոբիլային և օդային տրանսպորտով ուղևորությունների ժամանակ, ինչպես նաև առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության և այլ բնագավառներում` ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

35. Ենթասպաներն ու նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով և դրա համար մուծում են վարձ` գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նրանց վճարվում է բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում:

Պահեստազոր արձակված կամ պաշտոնաթող եղած ենթասպաներին բնակտարածություն է հատկացվում պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

36. Ենթասպաները կարող են սովորել միջնակարգ հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև բնույթով (պրոֆիլով) իրենց զինվորական մասնագիտությանը մոտ կամ բնույթով իրենց կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող քաղաքացիական հեռակա բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Ենթասպաներին ուսման համար անհատական թույլտվություն տալիս են նրանց ուղղակի պետերը` սկսած զորամասի հրամանատարից` նրան հավասար և բարձր հրամանատարից:

37. Ենթասպաների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովումն իրականացվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու պայմաններով:

38. Ծառայական անհամապատասխանության, զինծառայողի կոչումն արատավորող արարք կատարելու կամ հանցագործության համար դատապարտվելու կապակցությամբ (առանց զինվորական կոչումից զրկելու) ժամկետային զինվորական ծառայությունից արձակվող ենթասպաների նկատմամբ կիրառվում է նյութական ապահովման և արտոնությունների սահմանափակում` գործող օրենսդրությանը համապատասխան:

39. Հայաստանի Հանրապետության բարձրլեռնային ու սահմանամերձ շրջաններում գտնվող զորամասերից, հիմնարկներից պահեստազոր արձակված և պաշտոնաթող եղած և նույն շրջաններում երեք ամսից ոչ ուշ աշխատանքի ընդունված ենթասպաների համար նշված շրջաններում ու վայրերում ծառայած ժամանակաշրջանը հաշվվում է նրանց անընդհատ աշխատանքային ստաժի մեջ` տվյալ շրջանում ու վայրում աշխատած բանվոր-ծառայողների համար սահմանված` աշխատավարձին հավելումներ և այլ արտոնություններ ստանալու նպատակով:

40. ՀՀ զինված ուժերում վարժական հավաքների կանչված պահեստազորի ենթասպաները ՀՀ պաշտպանության նախարարությունից ստանում են օրապահիկ:

Վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ պահեստազորի ենթասպաները կրում են զինվորական համազգեստ:

41. Ենթասպաները պատասխանատվություն են կրում` զինվորական կարգապահության և հասարակական կարգի խախտման համար` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքին համապատասխան.

հանցագործություն կատարելու համար` գործող օրենսդրությանը համապատասխան` քրեական պատասխանատվություն.

նյութական վնաս պատճառելու համար` զինծառայողի կողմից պետությանը հասցված վնասի համար նյութական պատասխանատվության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VII. ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՈՒՄԸ

 

42. Ենթասպաները ժամկետային զինվորական ծառայությունից արձակվում են`

ա) ժամկետային զինվորական ծառայության համար սահմանված ժամկետի ծառայությունն ավարտվելուց հետո, եթե ենթասպան չի ցանկանա շարունակել ծառայությունը.

բ) տարիքի պատճառով` ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանված տարիքի հասնելու դեպքում.

գ) հաստիքների կրճատման կապակցությամբ.

դ) հիվանդության պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվածները (պատերազմական ժամանակ` 2-րդ աստիճանի սահմանափակ պիտանի) կամ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվածները, որոնք ենթակա են զինվորական հաշվառումից հանման.

ե) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից շարային պատրաստականությունից դուրս պիտանի ճանաչվածները (պատերազմական ժամանակ` 1-ին աստիճանի սահմանափակ պիտանի) համապատասխան թափուր տեղերի բացակայության կապակցությամբ ժամկետային զինվորական ծառայության մեջ օգտագործման անհնարինության դեպքում.

զ) ծառայական անհամապատասխանության պատճառով.

է) զինծառայողի կոչումը վարկաբեկող զանցանքների համար.

ը) հանցագործություն կատարելու համար դատապարտվելու կապակցությամբ.

թ) ընտանեկան հանգամանքների պատճառով` կին ենթասպաները զինվորական ծառայության պարտականությունների կատարմանը խոչընդոտող առանձնապես հարգելի պատճառների առկայության դեպքում (եթե չկան արձակման այլ հիմքեր): Այս նույն հիմքով` երեխայի ծնվելու կապակցությամբ զբաղեցրած պաշտոնում ծառայական պարտականությունների կատարումը շարունակելու անհնարինության դեպքում կին ենթասպաները կարող են իրենց խնդրանքով վաղաժամկետ ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից:

43. Ժամկետային զինվորական ծառայությունից ենթասպաների արձակումը կատարվում է գնդերի, բրիգադների (առանձին բրիգադների) հրամանատարների, նրանց հավասար և բարձր հրամանատարների կողմից` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա:

44. Այն ենթասպաները, որոնց նկատմամբ քննություն է կատարվում կամ որոնց վերաբերյալ քրեական գործը քննվում է դատարանում, զինվորական ծառայությունից արձակման ենթակա չեն մինչև գործի վերջնական լուծումը:

45. Այն ենթասպաները, որոնք դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատժի, համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի հրամաններով կարող են թողնվել ժամկետային զինվորական ծառայության մեջ:

Անօրինական դատապարտման կապակցությամբ արձակված կամ անօրինական քրեական պատասխանատվության ենթարկման հետ կապված` պաշտոնից ազատված ենթասպաները սահմանված կարգով վերականգնվում են ժամկետային զինվորական ծառայության մեջ` նախկինում զբաղեցրած կամ հավասար պաշտոնում:

46. Սույն կանոնադրության 42-րդ կետի «ա» , «է» և «թ» ենթակետերով նախատեսված հիմքերով ենթասպաները ժամկետային զինվորական ծառայությունից արձակվում են`

ա) պահեստազոր` եթե նրանք պահեստազորում գտնվելու սահմանված տարիքի չեն հասել և առողջական վիճակով խաղաղ կամ պատերազմական ժամանակ պիտանի են զինվորական ծառայության համար.

բ) պաշտոնաթողության, եթե նրանք հասել են պահեստազորում գտնվելու սահմանված տարիքի կամ առողջական վիճակի պատճառով ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի` զինվորական հաշվառումից հանումով:

Կատարած հանցագործության համար ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված, այդ թվում այն դատապարտյալների, որոնց վերաբերյալ դատավճռի կատարումը հետաձգված է, կամ պայմանական դատապարտված, ինչպես նաև ազատազրկման դատապարտված, բայց պատիժը կրելուց ներմամբ ազատված ենթասպաների ժամկետային զինվորական ծառայությունից պահեստազոր կամ պաշտոնաթողության արձակումը կատարվում է սույն կանոնադրության 42-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված դեպքում:

47. Զինվորական ծառայության մեջ 25 և ավելի տարի անբասիր ծառայած (արտոնյալ հաշվարկներով), իսկ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հանդեպ հատուկ ծառայություններ ունեցող ենթասպաներին, անկախ ծառայած տարիներից, պահեստազոր կամ պաշտոնաթողության արձակելիս համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալների, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալների և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի տեղակալների հրամաններով կարող է վերապահվել համազգեստ կրելու իրավունք, բացի այն անձանցից, ովքեր ժամկետային զինվորական ծառայությունից արձակվել են սույն կանոնադրության 42-րդ կետի «գ» , «է» «ը» ենթակետերին համապատասխան:

48. Ծառայական անհամապատասխանության և զինծառայողի կոչումն արատավորող զանցանքների համար ենթասպաների զինվորական ծառայությունից արձակումը կատարվում է նրանց գիտելիքների, փորձի, գործարար ու բարոյական հատկանիշների համակողմանի գնահատումից, նրանց զանցանքի պատճառների մանրազնին ուսումնասիրումից հետո, եթե նրանց նկատմամբ ձեռնարկված դաստիարակչական ու կարգապահական ներգործության միջոցները դրական արդյունք չեն տվել:

49. Ժամկետային զինվորական ծառայությունից ենթասպաների արձակման օր է համարվում անձնակազմի ցուցակներից նրանց հանելու վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանում նշված արձակման օրը:

50. Զորամասի տեղաբաշխման վայրի փոփոխությունը չի կարող ենթասպայի ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակման, ինչպես նաև այլ զորամաս փոխադրման հիմք ծառայել:

51. Պահեստազոր արձակված ենթասպաները պահեստազորում ծառայությունն անցնում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

525. Պատերազմական գործողությունների հետևանքով մահացած, զոհված, անհայտ բացակայող, ինչպես նաև անհայտ կորած ենթասպաները ՀՀ զինված ուժերի անձնակազմի ցուցակներից հանվում են համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետերի կողմից սահմանված կարգով:

 

VIII. ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

53. Ենթասպաները պատերազմական ժամանակ զինվորական ծառայությունն անցնում են սույն ենթավերնագրի ներքո նախատեսված առանձնահատկությունների և պատերազմական ժամանակի համար ընդունված այլ օրենսդրական ակտերի հիման վրա:

54. Զորահավաքի հայտարարման դեպքում`

ա) ՀՀ զինված ուժերի շարքերում գտնվող ենթասպաները, այդ թվում նաև վարժական հավաքների կանչված զինապարտները, թողնվում են տեղում` մինչև հատուկ կարգադրություն ստանալը, պահպանելով դրամական ու բնամթերային բավարարման ապահովումը` ըստ նրանց համար սահմանված նորմերի:

Զորամասի անձնակազմի ցուցակներից չհանված ենթասպաների` ժամկետային զինվորական ծառայությունից արձակման մասին հրամանները, որոնցով նրանք զորամասի անձնակազմի ցուցակներից դեռևս չեն հանվել, ենթակա են վերացման, բացի հիվանդության պատճառով պաշտոնաթողության արձակման հրամաններից: Այդ զինծառայողներն իրենց պարտականությունների կատարմանն են անցնում նախկին պաշտոններում, իսկ պաշտոններն այլ զինծառայողների կողմից զբաղեցված լինելու դեպքում` անցնում են ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրության տակ` մինչև նոր պաշտոնի նշանակվելը.

բ) բոլոր արձակուրդները, բացառությամբ հիվանդության, հղիության և ծննդաբերության արձակուրդների, դադարեցվում են, իսկ արձակուրդում գտնվող ենթասպաները պարտավոր են անհապաղ վերադառնալ ծառայության վայրը.

գ) պահեստազորի ենթասպաները հավաքակետեր են ներկայանում իրենց զորահավաքային կարգադրագրերում, ծանուցագրերում կամ շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարների հրամաններում նշված ժամկետներում:

Անհարգելի պատճառով արձակուրդից իրենց ծառայության վայրը չվերադարձած կամ զորահավաքով իրենց համար նշված կետերը ժամանակին չներկայացած ենթասպաները պատասխանատվություն են կրում պատերազմական ժամանակի օրենքներով:

55. Զորահավաքով պահեստազորի ենթասպաների զորակոչը և պատերազմական ժամանակ հետագա զորակոչերն իրականացնում են զինվորական կոմիսարիատները` ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա տրված ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններին համապատասխան:

56. Պատերազմական ժամանակ ենթասպաների կազմը համալրվում է այն անձանցով, ովքեր զինվորական կոչումը ստացել են սույն կանոնադրության 58-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով ՀՀ զինված ուժերում ենթասպաների եղած պահանջմունքը, առանց ծառայության ժամկետի սահմանման:

57. Պատերազմական ժամանակ ,,ենթասպա,, զինվորական կոչում շնորհվում է`

ա) այն զինվորներին, սերժանտներին ու ավագներին, ովքեր ունեն իրենց նախապատրաստության բնույթով (պրոֆիլով) զինվորական մասնագիտությանը մոտ և ենթասպայի նշանակմանը համապատասխանող միջնակարգ մասնագիտական կրթություն.

բ) այն սերժանտներին ու ավագներին, ովքեր ենթասպայի պաշտոնի են նշանակվել և այդ պաշտոնում առնվազն երեք ամիս հաջողությամբ կատարել են իրենց պարտականությունները, իսկ գործող բանակում` անկախ պարտականությունների կատարման ժամկետից.

գ) մասնագիտական համապատասխան պատրաստություն ունեցող կանանց, որոնք ունեն միջնակարգ կրթություն, գտնվում են ժամկետային զինվորական ծառայության մեջ և նշանակվել են ենթասպայի պաշտոնի:

Պատերազմական ժամանակ «ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է այն ենթասպաներին, որոնք երեք ամսից ոչ պակաս ծառայել են ավագ ենթասպաներով կամ սպաներով համալրման ենթակա պաշտոններում, իսկ գործող բանակում` անկախ այդ պաշտոնում ծառայելու ժամկետից:

58. Պատերազմական ժամանակ ենթասպաներին զինվորական կոչումը շնորհվում է զորամասի հրամանատարի, նրան հավասար և բարձր հրամանատարների (պետերի) հրամաններով:

59. Պատերազմական ժամանակ ենթասպայի զինվորական կոչումից զրկված զինծառայողներն իջեցվում են շարքայինի աստիճանի:

60. Ենթասպայի զինվորական կոչումից զրկված անձանց, ովքեր հետագայում իրենց ըստ արժանվույն են դրսևորել ենթասպայի պաշտոն զբաղեցնելու համար, պատերազմական ժամանակ կարող են ենթասպայի զինվորական կոչումներ շնորհվել զորամասի հրամանատարի կամ նրան հավասար և բարձր հրամանատարների (պետերի) հրամաններով:

61. Պատերազմական ժամանակ ենթասպաների` մի զորամասից մյուսը փոխադրումը կատարվում է` ելնելով մյուս զորամասերի համալրման անհրաժեշտությունից կամ նրանց ավելի նպատակահարմար օգտագործելու նպատակով:

62. Պատերազմական ժամանակ ենթասպաների ատեստավորումը կատարվում է միայն նրանց սպայական կոչման շնորհման ներկայացնելիս:

63. Պատերազմական ժամանակ ենթասպաներին, անհրաժեշտության դեպքում, կարող է տրվել մինչև 10 օր արձակուրդ` զորամասի հրամանատարի, նրան հավասար և բարձր հրամանատարների կողմից, չհատկացնելով արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար անհրաժեշտ օրեր:

64. Պատերազմական ժամանակ ենթասպաների բուժումը պետք է ավարտվի բուժհիմնարկներում: Բացառիկ դեպքերում ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա զորամասի հրամանատարը (զորամասի անձնակազմի ցուցակներից հանելու դեպքում)` զինբուժհիմնարկի պետը) կարող է տրամադրել հիվանդության արձակուրդ` 30 օր: Այդ ժամկետը լրանալուն պես, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ հիվանդության արձակուրդը կարող է երկարացվել նույնքան ժամանակով, իսկ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում` դարձյալ նույն չափով: Ընդհանուր հաշվով հիվանդության արձակուրդը չպետք է գերազանցի 3 ամիսը: Արձակուրդն ավարտվելուց հետո ռազմաբժշկական հանձնաժողովը կայացնում է զինվորական ծառայության համար զինծառայողի պիտանիության աստիճանի մասին որոշում:

65. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող ենթասպաները, որոնք պատերազմական ժամանակ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի` զինվորական հաշվառումից հանումով, հիվանդության պատճառով արձակվում են պաշտոնաթողության, իսկ 6 ամիս կամ 12 ամիս հետո վերազննման արդյունքով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվածները հիվանդության պատճառով արձակվում են պահեստազոր, արձակման մասին հրամանում նշելով այդ ժամկետները լրանալուց հետո վերազննման մասին:

Պատերազմական ժամանակ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված` զինվորական հաշվառումից հանումով, կամ 6 ամիս կամ 12 ամիս հետո վերազննումով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված ենթասպաների ժամկետային զինվորական ծառայությունից արձակումը կատարվում է գնդի հրամանատարի, նրան հավասար և բարձր հրամանատարների (պետերի) կողմից:

66. Զորահավաքի կարգով զորակոչված պահեստազորի ենթասպաները և պատերազմական ժամանակ ենթասպայի զինվորական կոչում ստացած անձինք, ովքեր նշանակվել են ենթասպայի կամ սպայական կազմի պաշտոնի, ապահովվում են դրամական ու բնամթերային բավարարմամբ` ենթասպաների համար սահմանված նորմերով, իսկ սերժանտի և ավագի պաշտոնների նշանակվածները` ժամկետային ծառայության սերժանտների և ավագների համար սահմանված նորմերով, ենթասպայի զինվորական կոչմանը համապատասխան դրույքի վճարմամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.05.2003, N 522-Ն ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան