Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-590
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.07.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

8 հուլիսի 2005 թ.


 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի փետրվարի 23-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի (այսուհետև` Հիմնադրամ) միջև ստորագրվել է 2005 թ. փետրվարի 23-ին` Վիեննայում: Համաձայնագրի նպատակն է սահմանել ներդրումների հստակ պայմաններ, ինչը կնպաստի տնտեսական միջոցների արդյունավետ օգտագործմանը և կենսապայմանների բարելավմանը:

2. Հայաստանի Հանրապետությունը` որպես Հյուրընկալող պետություն, Հիմնադրամի կողմից իր տարածքում կատարվող ներդրումներին տրամադրում է առավելագույն բարենպաստման ռեժիմ: Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Հիմնադրամի ներդրումների նկատմամբ ցուցաբերել արդարացի և անաչառ վերաբերմունք, ապահովել դրանց լիարժեք պաշտպանվածությունն ու անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև Հիմնադրամը, նրա ակտիվները, գույքը, գործառնությունները, նրա պաշտոնյաներին, գործակալներին և այլ ներկայացուցիչների ազատել շահաբաժիններից կամ վճարումներից կամ փոխանցումներից ՀՀ տարածքում գանձման ենթակա հարկերից: Այս արտոնությունը, սակայն, չի վերաբերում ՀՀ քաղաքացիներին և ՀՀ տարածքում բնակվող երրորդ անձանց:

3. Համաձայնագրի 4-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետությունում Հիմնադրամի կատարած ներդրումների հարկադիր օտարումը կամ ազգայնացումը թույլատրում է միայն հանրության կարիքի համար, առանց խտրական վերաբերմունքի, նախնական, արագ և համարժեք փոխհատուցմամբ և օրենքով սահմանված կարգին համապատասխան: Համաձայնագրի այս հոդվածում ամրագրված դրույթները բավարարում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածի 2-րդ մասով սահմանված` սեփականության հարկադիր օտարմանը ներկայացվող պահանջները:

4. Ըստ քննության առարկա համաձայնագրի` եթե ՀՀ ներպետական օրենսդրությունը և ՀՀ ստանձնած այլ միջազգային պարտավորությունները նախատեսում են ներդրումների համար ավելի բարենպաստ պայմաններ, ապա գործում են այդ օրենսդրության դրույթները և համապատասխան միջազգային պարտավորությունները:

Համաձայնագիրը նախատեսում է դրա մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերն արբիտրաժի միջոցով լուծելու կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թվականի փետրվարի 23-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


8 հուլիսի 2005 թվականի
ՍԴՈ-590

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան