Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-581
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.06.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1921 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ՀԱՆԳՍՏԻ ՄԱՍԻՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ) ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

7 հունիսի 2005 թ.


 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1921 թվականի նոյեմբերի 11-ին Ժնևում ստորագրված` Ամենշաբաթյա հանգստի մասին (արդյունաբերության ոլորտում) կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է Ժնևում 1921 թ. հոկտեմբերի 25-ին հրավիրված իր երրորդ նստաշրջանում` արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների համար ամենշաբաթյա հանգիստ երաշխավորելու նպատակով:

2. Կոնվենցիան ճշգրտում է արդյունաբերական ձեռնարկության հասկացության բովանդակությունը: Կոնվենցիան կիրառելի է բոլոր արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ` անկախ դրանց սեփականության ձևից:

Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող ողջ անձնակազմի համար յուրաքանչյուր յոթնօրյա ժամանակահատվածի ընթացքում երաշխավորել քսանչորսժամյա անընդմեջ հանգիստ:

Կոնվենցիան նախատեսում է այս պարտավորությունից որոշակի բացառությունների հնարավորություն: Այդ բացառությունների մասին տվյալ մասնակից պետությունը ծանուցում է Աշխատանքի միջազգային բյուրոյին:

Մասնակից պետություններն ապահովում են, որ յուրաքանչյուր գործատու, տնօրեն կամ ղեկավար անձնակազմին տեղեկացնի հանգստի օրվա մասին:

3. Հայաստանի Հանրապետությունը կից հայտարարությամբ ծանուցում է, որ ՀՀ-ում աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից, ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից:

4. Կոնվենցիայով ստանձնված պարտավորությունները նպատակաուղղված են ՀՀ Սահմանադրության 30 հոդվածով երաշխավորված հանգստի իրավունքի իրացմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1921 թ. նոյեմբերի 11-ին Ժնևում ստորագրված` Ամենշաբաթյա հանգստի մասին (արդյունաբերության ոլորտում) կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


7 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ-581