Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (21.11.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.15/42(316)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.11.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 նոյեմբերի 2006 թ. թիվ 3

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը, քննարկելով «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության դիմումը և հաշվի առնելով «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պարզաբանման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն՝ բանկերը կարող են ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի սպասարկումը և վարումը ինքնուրույն լիցենզավորման ենթակա գործունեություն չէ, բանկերը կարող են այդ գործառնության կատարումը պայմանագրով հանձնել այլ անձի, մասնավորապես, անձանց վարկարժանության տեղեկատվական համակարգ վարող և սպասարկող կազմակերպության (այսուհետ՝ վարկային բյուրո): Սույն պարբերության մեջ նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները պատշաճ կերպով կատարելու համար վարկային բյուրոյին անհրաժեշտ է լինելու բանկից ստանալ բանկի հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, մշակել դրանք և պատրաստել վարկային պատմությունների զեկույցներ:

Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը ընդունում է այն հանգամանքը, որ վարկային բյուրոն չի կարող վարել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, այսինքն՝ պատշաճ կերպով կատարել պայմանագրով նախատեսված աշխատանքները՝ առանց հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ բանկից ստանալու:

«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ բանկին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ բանկի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ բանկի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից՝ բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:

Այն դեպքում, երբ բանկի և վարկային բյուրոյի միջև կնքվել է պայմանագիր, որով վարկային բյուրոն բանկի համար կատարում է բանկի հաճախորդների վարկարժանության համակարգի վարման և սպասարկման աշխատանքներ, և այդ պայմանագրի շրջանակներում բանկը վարկային բյուրոյին է տրամադրում բանկի հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, ապա նման տեղեկությունների տրամադրումը, համաձայն  «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում, պայմանով, որ վարկային բյուրոն պարտավոր է ձեռնպահ մնալ նույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. նոյեմբերի 27
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան