Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (30.01.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.02.15/5(279)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.01.2008
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հունվարի 2008 թ.
ք. Երևան

  թիվ 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքն անհրաժեշտության դեպքում կարող է կանոնակարգվել կառավարության հաստատած կանոններով:

2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ Օրենքի 6-րդ հոդվածի յոթերորդ մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» կետերում նշված իրերի:

Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե Օրենքով պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը չի համապատասխանում նույն օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման, հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը` իր հաշվին:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներով պաշտոնապես պարզաբանում ենք.

1. Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված են թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի հիմնական կանոնները և նույն հոդվածի 1-ին մասով միաժամանակ իրավասություն է վերապահվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը անհրաժեշտության դեպքում սահմանել թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի լրացուցիչ կանոններ: Ուստի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի լրացուցիչ կանոններ դեռևս սահմանված չլինելու հանգամանքը թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձանց իրավունք չի վերապահում չպահպանել Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի հիմնական կանոնները: Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձինք պարտավոր են պահպանել Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի հիմնական կանոնները և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի լրացուցիչ կանոնները:

2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ նույն օրենքի 6-րդ հոդվածի յոթերորդ մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» կետերում նշված իրերի: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե նույն օրենքով պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը չի համապատասխանում նույն օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման, հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը` իր հաշվին:

Օրենքը ընդունվել է 2006 թվականի մայիսի 23-ին և Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո: Օրենքը հրապարակվել է 2006 թվականի հունիսի 28-ի Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի N 33 (488) համարում, հետևաբար, ուժի մեջ է մտել 2006 թվականի դեկտեմբերի 28-ին: Ընդ որում, Օրենքով սահմանված չէ, որ դրա գործողությունը չի տարածվում նախքան Օրենքն ուժի մեջ մտնելն արտադրված, ներմուծված կամ այլ կերպ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձանց մոտ գտնվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա: Այսինքն, Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա Օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքում:

Օրենքով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձանց համար սահմանվել են նոր պարտականություններ, որի կապակցությամբ էլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, ընդունելով Օրենքը, սահմանել է, որ Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռելով իրենց կողմից իրացվող թանկարժեք մետաղները, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը համապատասխանեցնել Օրենքի պահանջներին: Հետևաբար, ինչպես նախկինում արտադրված, այնպես էլ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արտադրված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ենթակա իրերը պետք է համապատասխանեցվեն Օրենքի պահանջներին:

 

Նախարար

Վ. Խաչատրյան