Գլխավոր տեղեկություն
Համար
N 562
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.12.1994-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
06.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 1994 թվականի N 562

քաղ. Երևան

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ (ՔԼԻՐԻՆԳԻ) ՄԱՍԻՆ

 

Միջպետական փոխկապակցված առաքումների ընթացքում ձևավորված տնտեսական հարաբերությունների կարգավորման և 1995 թվականի այդ առաքումների նախապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, նյութական ռեսուրսների նախարարության, էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ, և 1995 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների վերաբերյալ նախապատրաստվող պայմանագրերում նախատեսել Հայաստանի Հանրապետություն հետևյալ էներգակիրների ներմուծումը.

անշարժ նավթ` 200 հազ. տոննա

հնոցային մազութ` 200 հազ. տոննա

բնական գազ` 2200 մլն խոր. մ

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում որոշել միջպետական փոխկապակցված առաքումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող էներգակիրների դիմաց Հայաստանի Հանրապետությունից 1995 թվականի արտահանման ենթակա արտադրատեսակների ցանկը և ծավալները` համապատասխան միջպետական համաձայնագրերում դրանք ընդգրկելու համար:

3. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության «Հայթուրթրեյդ» դուստր ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ենթակայությանը` քլիրինգային հաշվի թուրքմենական քլիրինգի ենթահաշվի բոլոր պարտավորություններով, և հնգօրյա ժամկետում ավարտել «Հայթուրթրեյդ» դուստր ձեռնարկության գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` «Հայթուրթրեյդ» դուստր ձեռնարկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել պետական ձեռնարկության:

Սահմանել, որ 1995 թվականի Թուրքմենստանի հետ միջպետական փոխկապակցված առաքումները կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ` Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությունը:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայնավթամթերք» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության ենթակայությանը և մեկամսյա ժամկետում ավարտել «Հայնավթամթերք» հատուկ նշանակության պետական ձեռնարկության գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները (բացառությամբ Արթիկի նավթի բազայից):

5. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում հաշվեգրել «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության քլիրինգային հաշվի պարտավորությունները, ըստ թուրքմենական և ռուսական քլիրինգների ենթահաշիվների:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության ու էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ համատեղ մինչև 1994 թվականի դեկտեմբերի 5-ը հաշվեգրել բյուջեի հաշվին ֆինանսավորվող և բյուջեից դոտացիա ստացող ձեռնարկությունների, կազմակերպությունների 1994 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ միջպետական փոխկապակցված առաքումներով ներմուծված նավթամթերքների, օգտագործված բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց գոյացած պարտքերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հետ համատեղ մինչև 1994 թվականի դեկտեմբերի 5-ը հաշվեգրել 1993/94 թվականի ձմռան ընթացքում բյուջետային հիմնարկների և բնակֆոնդի (դոտացիայի մասով) ջեռուցման, ինչպես նաև 1994 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների խմելու ջրի օգտագործման դիմաց գոյացած պարտքերը.

գ) մինչև 1994 թվականի դեկտեմբերի 5-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն կետի «ա» և «բ» ենթակետերով հաշվեգրված պարտքերի մարմանն ուղղված միջոցառումների ծրագիր:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, նյութական ռեսուրսների նախարարության ու էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ համատեղ մինչև 1994 թվականի դեկտեմբերի 25-ը սահմանել միջպետական փոխկապակցված առաքումների արդյունքում գոյացած պարտքերի մարման կարգը և ժամկետները:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, նյութական ռեսուրսների նախարարության ու էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել 1995 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների (քլիրինգի) կազմակերպման և իրականացման կարգը:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ համատեղ մինչև 1994 թվականի դեկտեմբերի 15-ը քննության առնել էներգետիկայի և վառելիքի նախարարության տարիֆային քաղաքականության հետևանքով գոյացած պարտքի հարցը ու ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ