ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 սեպտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի փետրվարի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև բրիտանական տեխնիկական աջակցության մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Փոխըմբռնման հուշագիրը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև ստորագրվել է 2004 թ. փետրվարի 16-ին, նպատակ է հետապնդում ընդլայնելու տեխնիկական համագործակցությունը` ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական, սոցիալական, քաղաքական և վարչական բարեփոխումների:
2. Հուշագրում նախանշված են տեխնիկական աջակցության տրամադրման սկզբունքները և ձևերը, մասնավորապես.
- յուրաքանչյուր դեպքում աջակցություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ,
- Կողմերի միջև կարող են քննարկվել առաջարկություններ նոր նախաձեռնությունների վերաբերյալ,
- ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական, սոցիալական և քաղաքական բարեփոխումների, կարող է տրամադրվել ինչպես տեխնիկական, այնպես էլ մասնագիտական աջակցություն, որի շրջանակներում կարող են իրականացվել տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, փորձագետների վերապատրաստում և խորհրդատվություն, ինչպես նաև համապատասխան սարքավորումների տրամադրում,
- աջակցության ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է Երևանում հիմնել ներկայացուցչություն:
3. Հուշագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- հուշագրի 6 հոդվածում թվարկված սուբյեկտներին, անձանց նույն հոդվածում նախանշված պայմաններով ազատել եկամտահարկից,
- ծրագրի իրականացման հետ կապված սարքավորումներից չգանձել ներմուծման և արտահանման տուրքեր, մաքսավճարներ, ազատել դրանք որևէ ծախսից` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
- հուշագրի 6 հոդվածի «գ» կետում թվարկված անձանց ծրագրի իրականացման շրջանակներում ազատել բոլոր տեսակի տուրքերից, հարկերից և պարտադիր այլ վճարներից,
- կիրառել վիզաների տրամադրման անվճար և դյուրին ընթացակարգեր,
- կադրերի վերապատրաստման շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացված կրթաթոշակներն ազատել պարտադիր որևէ վճարից,
- ծրագրի իրականացման շրջանակներում տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական պայմաններ:
4. Հուշագրի 6 հոդվածի «զ» կետի համաձայն` ծրագրի իրականացման շրջանակներում գործող կազմակերպությունները չեն համարվի առևտրային կազմակերպություններ, իսկ ծավալվող գործունեությունը` ձեռնարկատիրական:
5. Հուշագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված` պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի փետրվարի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև բրիտանական տեխնիկական աջակցության մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|