Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-195-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ.662
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1999 թվականի հուլիսի 22-ին Կիև քաղաքում ստորագրված «Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին» Հովանոցային համաձայնագիրը՝ Ադրբեջանի Հանրապետության վերապահման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առարկությամբ (կցվում է)։

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


24 մայիսի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-195-3

     

Հայաստանի Հանրապետության առարկությունը

Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին Հովանոցային համաձայնագրի դրույթներին Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման վերաբերյալ


Հայաստանի Հանրապետությունն առարկում է Ադրբեջանի Հանրապետության կողմից Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին Հովանոցային համաձայնագրի նկատմամբ կատարված վերապահման դեմ։

Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահումը, լինելով ընդհանուր բնույթի և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ, անհնարին է դարձրել նշված Համաձայնագրի՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կիրառումը, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար համաձայնագիրը դարձրել է անիրագործելի։ Համաձայնագրի նպատակներից մեկն է նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգի արդյունավետ շահագործումն ապահովող միասնական կանոնների և մեխանիզմների սահմանումը, նավթի և գազի տեղափոխման ճյուղի զարգացմանն ուղղված պատշաճ քայլերի ձեռնարկումը, որոնք արդեն իսկ խախտվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահմամբ։

Ադրբեջանի Հանրապետությունը վերապահում է կատարում նաև համաձայնագրի՝ հետագայում ներկայացվելիք արձանագրությունների դեմ։ Այլ խոսքերով՝ վերապահում է կատարվում այնպիսի դրույթների նկատմամբ, որոնք դեռևս գոյություն չունեն։

Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին Հովանոցային համաձայնագրի նկատմամբ կատարված վերապահումը հակասում է համաձայնագրի առարկային և նպատակին, ինչն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից։

Հայաստանի Հանրապետությունը ընդգծում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահումը չի համապատասխանում 1969 թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի՝ վերապահումներին ներկայացվող պահանջներին, հետևաբար հակասում է Կոնվենցիայի դրույթներին։ Մասնավորապես, համաձայն այդ Կոնվենցիայի, պետությունը վերապահմամբ կարող է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը դրանք իր նկատմամբ կիրառելիս։ Սակայն Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես երևում է վերապահման տեքստից, չի նշում որևէ որոշակի դրույթ, որի գործողությունը կցանկանար բացառել կամ փոփոխել դրա իրավական ուժը, ուստի, կատարելով նման վերապահում, խախտում է Վիեննայի Կոնվենցիայի դրույթները։

Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է համաձայնագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը նշված հանգամանքների վրա և առաջարկում է համաձայնագրի Ավանդապահին հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայել իր՝ Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին Հովանոցային համաձայնագրի նկատմամբ կատարած վերապահումը: