Գլխավոր տեղեկություն
Համար
N 533
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
17.11.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 1994 թվականի N 533

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել, որ պետական սահմանի պահպանման ոլորտում պետական կառավարման մարմիններին վերապահվում են հետևյալ իրավասությունները`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը`

պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինների որոշումների հիման վրա բանակցություններ է վարում պետական սահմանի որոշման և ամրապնդման, պետական սահմանի ռեժիմի սահմանման վերաբերյալ, մասնակցում է համապատասխան միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախապատրաստմանը.

իրականացնում է պետական սահմանի պահպանման արտաքին քաղաքական և միջազգային-իրավական ապահովումը.

«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, իր իրավասության սահմաններում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տալիս է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու համապատասխան փաստաթղթեր.

մասնակցում է պետական սահմանում առաջացած միջադեպերի կարգավորմանը.

բ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությունը`

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում, միջազգային հաղորդակցուղիներում իրականացնում է քաղաքական, սոցիալ-տնտեսական, քրեածին իրավիճակների, ինչպես նաև սահմանակից պետություններում ծագած, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող իրավիճակների վերլուծությունն ու կանխատեսումը, այդ նպատակներով համապատասխան տեղեկություններ ստանալը.

կազմակերպում է պետական սահմանում օտարերկրյա հատուկ ծառայությունների, հանցագործ խմբերի և առանձին անձանց կողմից իրականացվող ապօրինի գործունեության բացահայտման, նախազգուշացման, կանխման և խափանման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանք.

պետական սահմանի պահպանման նպատակով համագործակցում և անհրաժեշտ կապեր է հաստատում այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ.

սահմանամերձ շրջաններում տեղական և միջազգային բնույթի զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ մասնակցում է պետական սահմանի անվտանգության ապահովմանը.

իրականացնում է սահմանապահ զորքերի ղեկավարումը.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

պատասխանատվություն է կրում պետական սահմանի պահպանման համար.

սահմանված կարգով ապահովում է զինված ուժերի մասնակցությունը ցամաքում, օդային տարածքում, գետերում, ջրային ավազաններում պետական սահմանի պահպանմանը.

իր իրավասության սահմաններում մասնակցում է սահմանային այն միջադեպերի կարգավորմանը, որոնց հետևանքով խախտվել է պետական սահմանի պահպանման ռեժիմը.

աջակցություն է ցույց տալիս սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանման համար զենքով, զինամթերքով, տեխնիկայով ու հետախուզական տվյալներով ապահովելու գործում.

դ) պետական սահմանի վրա մաքսային, սանիտարահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ հսկողություն իրականացնող նախարարությունները, պետական վարչություններն ու գերատեսչությունները`

իրենց իրավասության սահմաններում հրապարակում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կատարման համար պարտադիր նորմատիվ ակտեր.

անհրաժեշտության դեպքում պետական սահմանի անցակետերում ստեղծում են հսկողական ծառայություններ և կազմակերպում դրանց աշխատանքը. սահմանում են հսկողության ձևերն ու եղանակները` «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի պահանջներին համապատասխան.

պետական սահմանի պահպանման ոլորտում համագործակցում են միմյանց, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ պետությունների համապատասխան մարմինների հետ.

ե) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը`

համագործակցում է սահմանապահ զորքերի հետ` պետական սահմանի պահպանմանն ուղղված միջոցառումների անցկացման ժամանակ պետական սահմանում ապօրինի գործունեության դեմ պայքարի ծավալման, պետական սահմանը խախտող անձանց հետախուզման, առանձին անձանց կողմից պետական սահմանի խախտման հանգամանքների պարզման և բացահայտման ուղղությամբ գործողություններ իրականացնելիս.

սահմանապահ զորքերին տեղեկացնում է սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի մասին.

սահմանապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ապահովում է ներքին գործերի մարմինների մասնակցությունը սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցակետերի ռեժիմի պահպանման ու հսկողության իրականացմանը.

սահմանապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ սահմանափակում կամ արգելում է քաղաքացիների մուտքը պետական սահմանին հարող առանձին տեղամասեր կամ օբյեկտներ` պետական սահմանը խախտողների որոնման, Հայաստանի Հանրապետության տարածք զինված ներխուժումների կամ սահմանակից պետությունների քաղաքացիների զանգվածային անցումների կանխման ժամանակ.

պետական սահմանում և սահմանամերձ շրջաններում տեղական կամ միջազգային բնույթի զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ ապահովում է հասարակական կարգի պահպանությունը.

սահմանամերձ շրջաններում արտակարգ իրավիճակների ծագման, արտակարգ դրության հայտարարման դեպքում ապահովում է հասարակական կարգի պահպանությունը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան