ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 մարտի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 2003 թ. հոկտեմբերի 31-ին` Նյու Դելիում: Կոնվենցիայի նպատակն է Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների կրկնակի հարկումը բացառելը, այդ անձանց կողմից հարկումից խուսափումը կանխելը:
2. Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ: Կոնվենցիայով սահմանված են այն հարկատեսակները, որոնց նկատմամբ կիրառելի են կոնվենցիայի դրույթները: Հայաստանի Հանրապետության դեպքում այդպիսիք են` շահութահարկը, եկամտահարկը և հողի հարկը, Հնդկաստանի Հանրապետության դեպքում` եկամտահարկը, ներառյալ` վերջինիս հետ կապված ցանկացած լրացուցիչ գանձում:
Նախատեսված է կիրառել նաև նշված հարկատեսակների հետ նույնական կամ ըստ էության համանման այնպիսի հարկատեսակներ, որոնք Պայմանավորվող կողմերը կսահմանեն կոնվենցիայի ստորագրումից հետո:
3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքի հիման վրա, պարտավորվում է.
- ձեռնպահ մնալ մյուս Կողմի կամ երկու Կողմերի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտները հարկելուց, որոնց հարկման իրավունքը կոնվենցիայով վերապահված է մյուս Պայմանավորվող կողմին,
- կոնվենցիայով սահմանված` կրկնակի հարկումը բացառելու մեթոդներին համապատասխան ՀՀ ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում հարկվող եկամուտ ստանալիս թույլատրել այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում մյուս Պայմանավորվող պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով,
- անխտրականության սկզբունքին համապատասխան` մյուս Կողմի քաղաքացիների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց համար ապահովել իր ազգային անձանց համեմատ հարկման ոչ պակաս նպաստավոր պայմաններ,
- ապահովել, որպեսզի երկու Կողմերի իրավասու մարմինները փոխանակեն այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է գանձվող ցանկացած տեսակի և բնույթի հարկերի առնչությամբ կոնվենցիայի կամ ներքին օրենքների դրույթների կատարման համար, այնքանով, որքանով այդ օրենքների սահմանած հարկումը չի հակասում կոնվենցիային,
- օգնություն ցուցաբերել մյուս Պայմանավորվող պետությանը եկամտային հայցերի հավաքման գործում,
- ճանաչել մի Պայմանավորվող պետությունում եկամուտ ստացող մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի իրավունքը` օգտվելու կոնվենցիայով սահմանված արտոնություններից, որոնք տրամադրվում են առաջին Պայմանավորվող պետության ռեզիդենտներին` որպես «որակավորված անձ»:
4. Կոնվենցիայի դրույթները որևէ կերպ չեն խոչընդոտում դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների ներկայացուցիչներին` օգտվելու միջազգային իրավունքի համընդհանուր նորմերով և հատուկ համաձայնագրերով իրենց տրամադրված հարկային արտոնություններից:
Կոնվենցիան մանրամասնում է դրանում գործածված հասկացությունների բովանդակությունը:
5. Կոնվենցիայում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են ՀՀ Սահմանադրության 8 և 9 հոդվածներին, քանի որ նպաստում են տնտեսական գործունեության ազատությանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ապահովում են պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. հոկտեմբերի 31-ին Նյու Դելիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|