Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-465
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.01.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2004/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.01.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

7 հունվարի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի սեպտեմբերի 8-ին Սոֆիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև հյուպատոսական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև հյուպատոսական կոնվենցիան ստորագրվել է 2003 թ. սեպտեմբերի 8-ին Սոֆիայում` Կողմերի միջև փոխադարձ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և փոխշահավետ համագործակցության խորացմանը նպաստելու, իրենց քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի ավելի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու ձգտումով փոխադարձ հյուպատոսական հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու նպատակով:

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է փոխադարձ պարտավորություններ, որոնք վերաբերում են` ա) արարողակարգային խնդիրներին (հհ. 2-10), բ) աշխատանքային պայմանների ապահովման, իրավունքների և արտոնությունների ոլորտին (հհ. 11-32), գ) գործառույթներին և դրանց իրականացման հետ կապված հարցերին (հհ. 33-56):

Առաջին խմբի դրույթները վերաբերում են հյուպատոսական հիմնարկների բացման, ղեկավարի և անձնակազմի աշխատակիցների նշանակման, նրանց ժամանելու և մեկնելու, քաղաքացիության հետ կապված հարցերին, ինչպես նաև persona non grata կամ անցանկալի անձ հայտարարելու, հյուպատոսական և բնակելի շինություններ ձեռք բերելու խնդիրներին (հհ. 2-10):

Երկրորդ խմբում ներկայացված են նորմեր, որոնք վերաբերում են հյուպատոսական հիմնարկների և աշխատակիցների պաշտպանությանը, նրանց անձնական անձեռնմխելիությանը, հյուպատոսական շինությունների և պաշտոնատար անձանց բնակարանների, հյուպատոսական արխիվի և փաստաթղթերի անձեռնմխելիությանը, հարկային, մաքսային և այլ արտոնությունների ու պարտավորությունների, ինչպես նաև արտոնություններից ու անձեռնմխելիությունից հրաժարվելու հարցերին (հհ. 11-32):

Երրորդ խմբի հոդվածներով սահմանվում են բուն հյուպատոսական գործառույթները, որոնք առնչվում են տեղեկատվությանը, անձնագրերի և արտոնագրերի տրամադրմանը, Ներկայացվող պետության քաղաքացիների ձերբակալման ու կալանավորման դեպքերի հետ կապված խնդիրներին, ժառանգության, խնամակալության և հոգաբարձության հարցերին, քաղաքացիական կացության և այլ ոլորտներին: Այս նույն խմբում են արծարծված նաև դատական և այլ փաստաթղթերի փոխանցման հարցերը, Ներկայացվող պետության նավերին և օդանավերին, դրանց անձնակազմի անդամներին օգնություն ցուցաբերելու խնդիրները (հհ. 33-56):

3. Կոնվենցիան հարազատ է մնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտավորությանը` իր արտաքին քաղաքականությունն իրականացնել միջազգային նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով (ՀՀ Սահմանադրության հ. 9), ինչպես նաև Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի (1963 թ. 24 ապրիլի) դրույթներին, որին Հայաստանը միացել է 1992 թվականին, և որով, փաստորեն, Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ պարտավորվել է տրամադրել հյուպատոսական հիմնարկներին և դրանց ղեկավարներին և աշխատակազմին բոլոր այն արտոնությունները, որոնք նախատեսված են քննվող կոնվենցիայով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2003 թ. սեպտեմբերի 8-ին Սոֆիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև հյուպատոսական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


7 հունվարի 2004 թվականի
ՍԴՈ-465

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան