Գլխավոր տեղեկություն
Համար
N 196
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.04.1994-13.09.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
22.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1994 թվականի N 196

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 4-րդ կետի և 39-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
ապրիլի 22-ի N 196 որոշմամբ

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳ

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է աճուրդի կազմակերպման և անցկացման, աճուրդային հանձնաժողով կազմելու կարգերը, աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ պայմանները, աճուրդի հաղթողին որոշելու, աճուրդը չկայացած համարելու կարգերը, աճուրդով սեփականաշնորհման դեպքում` հաղթողին սեփականության, իսկ ապապետականացման դեպքում` վարձակալության հանձնման կարգերը:

2. Աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, եթե գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում (բացի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք) նշված աշխատավորական կոլեկտիվի շահերից և ձեռնարկության արտադրական պրոֆիլի պահպանման հետ կապված պայմաններից):

Աճուրդով վարձակալության հանձնվում է այն դեպքում, եթե վարձակալից չի պահանջվում կատարել որևէ պայման (բացի օրենքով նշված աշխատավորական կոլեկտիվի շահերից և ձեռնարկության արտադրական պրոֆիլի պահպանման հետ կապված պայմաններից):

3. Աճուրդով սեփականաշնորհման դեպքում աճուրդի առարկա է հանդիսանում ձեռնարկության գինը (լուծարված ձեռնարկությունների դեպքում` գույքի գինը): Սեփականության իրավունքը տրամադրվում է աճուրդի այն մասնակցին, որն աճուրդի ընթացքում առաջարկում է առավելագույն գին: Աճուրդով վարձակալության հանձնելու դեպքում աճուրդի առարկա է հանդիսանում վարձակալական վճարի չափը: Վարձակալությունը հանձնվում է աճուրդի այն մասնակցին, որն աճուրդի ընթացքում առաջարկում է առավելագույն վարձակալական վճար:

4. Աճուրդի անցկացման ձևերը (բաց կամ փակ) և եղանակները (դասական կամ հոլանդական) սահմանվում են աճուրդով օբյեկտների սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

5. Աճուրդով վաճառքին կամ ապապետականացմանն իրավունք ունեն մասնակցելու սեփականաշնորհման կամ ապապետականացման սուբյեկտները:

6. Աճուրդով վաճառքն իրականացնում և կազմակերպում է աճուրդային հանձնաժողովը, որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից (այսուհետև` վարչություն), բացառությամբ անավարտ շինարարության օբյեկտների աճուրդային հանձնաժողովների:

Աճուրդով առանց գնման իրավունքի վարձակալության հանձնումն իրականացնում և կազմակերպում է աճուրդային հանձնաժողովը, որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից:

 

II. ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Պետական ձեռնարկությունների, «փոքր» օբյեկտների, լուծարված ձեռնարկությունների գույքի աճուրդային վաճառքն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աճուրդի մասին որոշման ընդունումից հետո, վարչությունը ստեղծում է 5 անդամից ոչ պակաս կազմով աճուրդային հանձնաժողով:

8. Անավարտ շինարարության օբյեկտների աճուրդային վաճառքն իրականացնելու համար հանձնաժողովը ստեղծում է 5 անդամից ոչ պակաս կազմով աճուրդային հանձնաժողով:

9. Պետական ձեռնարկություններն աճուրդով առանց գնման իրավունքի վարձակալության հանձնելու համար այդ ձեռնարկությունների համապատասխան վերադաս` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների կամ պետական կառավարման տեղական մարմինների որոշմամբ ստեղծվում են 5 անդամից ոչ պակաս կազմով աճուրդային հանձնաժողովներ:

10. Աճուրդային հանձնաժողովը կազմում է տեղեկատվություն, որը պետք է ընդգրկի.

ա) ընդհանուր տեղեկություններ`

սեփականաշնորհվող կամ ապապետականացվող օբյեկտի անվանումը, հասցեն (տեղը).

վաճառքի մեկնարկային գինը (մեկնարկային վարձակալական վճարի չափը).

վարձակալական գույքը վարձակալի կողմից գնելու հնարավորությունները (բացի անավարտ շինարարության օբյեկտներից).

վճարումների ձևը և կարգը.

աճուրդի մասնակցության հայտերի (պարտադիր փաստաթղթերի) ընդունման վերջին ժամկետը, կարգը և ընդունող իրավասու պետական մարմնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը.

աճուրդի անցկացման ձևը, եղանակը, տարեթիվը, ժամը և վայրը.

աճուրդային հանձնաժողովի հեռախոսահամարները.

աճուրդի մասնակցին ներկայացվող պայմաններն ըստ օրենքի ու պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի (այսուհետև` ծրագիր).

աճուրդի մասնակցության վճարի չափը, հաշվարկային հաշվի համարը, որին պետք է փոխանցվի այդ գումարը.

աճուրդի տոմսի գինը.

բ) ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների համար նաև օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տվյալները.

գ) միջազգային աճուրդով վաճառվող պետական ձեռնարկությունների կամ անավարտ շինարարության օբյեկտների համար տրվող տեղեկատվությունը, որն ընդգրկում է նաև`

աշխատավորական կոլեկտիվի կողմից գնված կամ նրան վերապահվող բաժնեմասի չափը.

գույքի ընդհանուր գումարի այն մասը, որը նախատեսված է վաճառել (կամ արդեն վաճառված է) բաժնետոմսերի ձևով.

օրենսդրությամբ նախատեսված դեպքում` տարադրամի փոխանակման հատուկ հաշվարկային արժեքը.

դ) բաժնետոմսերի կամ բաժնեմասերի վաճառքի դեպքում բաժնետիրական ընկերության կանոնադիր ֆոնդի մեծությունը, մեկ բաժնետոմսի անվանական և մեկնարկային արժեքները, վաճառվող բաժնետոմսերի ընդհանուր քանակը (մեկ փաթեթում) կամ բաժնեմասի մեծությունը.

ե) «փոքր» օբյեկտների աճուրդով սեփականաշնորհման դեպքում «ա» ենթակետում նշված ընդհանուր տեղեկությունների հետ միասին հրապարակվող`

զբաղեցրած տարածքի մակերեսը, այդ թվում` օժանդակ շինությունների մակերեսը.

ընդհանուր օգտագործման մակերեսների առկայությունը.

օբյեկտի ոչ նյութական ակտիվները.

ձեռնարկության պարտավորությունները, որոնք անցնելու են իրավահաջորդին.

զ) անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով սեփականաշնորհման դեպքում` «ա» ենթակետում նշված ընդհանուր տեղեկությունների հետ միասին հրապարակվող`

հողհատկացման որոշման մասին տեղեկատվությունը.

հողատարածքի չափը.

նախահաշվային արժեքը, իրականացված ծախսերը, այդ թվում շինմոնտաժային աշխատանքների ծավալը.

տեղակայված և չտեղակայված սարքավորումները:

11. Աճուրդային հանձնաժողովն աճուրդով սեփականաշնորհման և ապապետականացման հանվող օբյեկտների մասին կազմում է տեղեկատվական հաղորդագրություն և աճուրդից առնվազն մեկ ամիս առաջ կազմակերպում դրանց հրապարակումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

 

 III. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12. Աճուրդին մասնակցելու իրավունք են ձեռք բերում սեփականաշնորհման կամ ապապետականացման այն սուբյեկտները, որոնք սահմանված ժամկետներում ներկայացրել են հայտեր և պահանջվող փաստաթղթեր:

13. Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում են.

ա) աճուրդի մասնակցության հայտը, համաձայն թիվ 1 հավելվածի` բաց դասական և փակ աճուրդի համար, և համաձայն թիվ 2 հավելվածի` հոլանդական աճուրդի համար.

բ) ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

գ) աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը:

14. Սեփականաշնորհման և ապապետականացման այն սուբյեկտները, որոնց թույլատրվում է մասնակցելու աճուրդին, գնում են աճուրդի մասնակցի տոմս, որում նշված համարով նրանք հանդես են գալիս աճուրդում:

Բաց աճուրդի դեպքում աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար վաճառվում են մուտքի տոմսեր:

Աճուրդի մասնակցի և մուտքի տոմսերը տպագրվում են ու համապատասխան գները որոշվում են աճուրդը կազմակերպողի կողմից, իսկ վաճառքից գոյացած եկամուտները մուտքագրվում են նրա հաշվին` աճուրդի անցկացման հետ կապված ծախսերը ծածկելու համար:

15. Բաց դասական և փակ աճուրդի մասնակցության վճարը սահմանվում է վարչության կողմից` տվյալ աճուրդի ներկայացված սեփականաշնորհվող օբյեկտների միջին մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն մեկնարկային գին ունեցող օբյեկտի արժեքը, իսկ ապապետականացման դեպքում` միջին վարձակալական վճարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն վարձակալական վճարի չափը:

Հոլանդական աճուրդի մասնակցության վճարը սահմանվում է օբյեկտի մեկնարկային գնի (վարձակալական վճարի) 5 տոկոսի չափով:

Աճուրդին մասնակցած և հաղթող չճանաչված մասնակիցների մասնակցության վճարը հետ է վերադարձվում սեփականաշնորհման հաշվին մուտք լինելուց հետո, ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

Աճուրդում հաղթողին աճուրդի մասնակցության վճարը հետ չի վերադարձվում և ընդգրկվում է վերջինիս կողմից վճարման ենթակա գումարի մեջ:

Աճուրդի մասնակցության վճարը հետ չի վերադարձվում աճուրդի այն մասնակիցներին, որոնք աճուրդում հաղթող են ճանաչվել, սակայն հրաժարվել են սեփականության կամ վարձակալության իրավունքի ձեռքբերումից կամ չեն կատարել վճարումները սահմանված ժամկետներում: Նշված գումարը փոխանցվում է սեփականաշնորհման հատուկ հաշվին:

16. Աճուրդի մասնակցության հայտերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրից երեք օր առաջ, իսկ մուտքի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

17. Աճուրդի մասնակցության հայտեր ներկայացրած սեփականաշնորհման և ապապետականացման սուբյեկտների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

18. Աճուրդի մասնակցության հայտ ներկայացնողին չի թույլատրվում մասնակցել աճուրդին, եթե`

ա) հայտ ներկայացնողը, ըստ օրենքի կամ ծրագրի, չի կարող ճանաչվել որպես սեփականաշնորհման կամ ապապետականացման սուբյեկտ.

բ) հայտ ներկայացնողը ժամանակին չի ներկայացրել սույն կարգով նախատեսված պարտադիր փաստաթղթերը:

19. Աճուրդային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) անձանց աճուրդին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ օրենքում, ծրագրում կամ սույն կարգում:

20. Աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են սեփականաշնորհումը կամ ապապետականացումն իրականացնող պետական լիազորված մարմնին:

21. Աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացրած սեփականաշնորհման կամ ապապետականացման սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք, համաձայն թիվ 3 և թիվ 4 հավելվածների:

 

 IV. ԲԱՑ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ.

 

22. Աճուրդն անց է կացնում աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող կամ ապապետականացվող օբյեկտը բնութագրող ցուցանիշները, օբյեկտի մեկնարկային (նվազագույն) գինը կամ մեկնարկային (նվազագույն) վարձակալական վճարի չափը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է օբյեկտի մեկնարկային գնի (վարձակալական վճարի) 5 տոկոսի չափով:

23. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով օբյեկտը ձեռք բերելու կամ վարձակալելու մասին:

24. Աճուրդավարը շարունակում է օբյեկտի աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին կամ վարձակալական վճար առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

25. Այն դեպքում, երբ հաստատված գնով կամ վարձակալական վճարով օբյեկտը ձեռք բերելու կամ վարձակալելու համաձայնություն չի լինում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Օբյեկտը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

26. Օբյեկտի առավելագույն արժեքը (վարձակալական վճարը) առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից 3-րդ անգամ առաջարկված գինը հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող և պարտավոր է 30 րոպեի ընթացքում աճուրդային հանձնաժողովին ներկայացնել մասնակցի իր տոմսը:

27. Եթե աճուրդում շահողը հրաժարվում է օբյեկտը ձեռք բերելուց կամ վարձակալելուց, ապա նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից և դուրս է հրավիրվում դահլիճից: Այդ դեպքում օբյեկտի աճուրդը շարունակվում է մեկնարկային գնից:

28. Աճուրդին ընդամենը մեկ մասնակցի ներկայությունը հիմք չի տալիս աճուրդը չկայացած համարելու:

 

ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

 

29. Աճուրդն անց է կացնում աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող օբյեկտը բնութագրող ցուցանիշները, օբյեկտի մեկնարկային (առավելագույն) գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է օբյեկտի մեկնարկային գնի 2 տոկոսի չափով:

30. Նշված քայլերով մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը բարձրացնելով իր տոմսին համապատասխանող համարը, տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով օբյեկտը ձեռք բերելու մասին: Աճուրդի ժամանակ վաճառքի գինը չի կարող իջնել մեկնարկային գնի 50 տոկոսից:

31. Աճուրդի հաղթող է համարվում այն մասնակիցը, որն առաջինն է տալիս իր համաձայնությունը հայտարարված գնով օբյեկտի գնման մասին:

32. Աճուրդը համարվում է չկայացած` մեկնարկային գինը 50 տոկոսի չափով նվազեցնելու պայմաններում գնորդների բացակայության կամ աճուրդին միայն մեկ մասնակցի առկայության դեպքում:

33. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պարտավոր է 30 րոպեի ընթացքում աճուրդային հանձնաժողովին ներկայացնել մասնակցի իր տոմսը:

34. Եթե աճուրդում շահողը հրաժարվում է օբյեկտը ձեռք բերելուց, ապա նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից և դուրս է հրավիրվում դահլիճից: Այդ դեպքում օբյեկտի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:

 

V. ՓԱԿ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Աճուրդային հանձնաժողովը փակ աճուրդով օբյեկտների սեփականաշնորհման կամ ապապետականացման նախապատրաստական և եզրափակիչ փուլերում ղեկավարվում է սույն կարգի II, III, IV, V, VII գլուխներով:

36. Փակ աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող սեփականաշնորհման կամ ապապետականացման սուբյեկտներն աճուրդային հանձնաժողովի հասցեով պատվիրված նամակով ուղարկում են կամ անձամբ ներկայացնում անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը`

հայտ (համաձայն թիվ 1 հավելվածի) *)

(* - հավելվածները չեն բերվում)

ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

աճուրդի մասնակցության վճարի մուծման անդորրագիրը.

մասնակցի գրավոր առաջարկություններն իրեն հետաքրքրող օբյեկտի վերաբերյալ` առանձին փակ ծրարով: Ծրարի վրա կատարվում է հատուկ նշում`

«199 թ. կայանալիք փակ աճուրդի առաջարկություններ»:

Առաջարկության մեջ աճուրդի մասնակցի կողմից նշվում են`

իրեն հետաքրքրող օբյեկտի անվանումը և հասցեն.

առաջարկվող գինը.

հայտարարության մեջ ներկայացված պահանջները կատարելու համաձայնությունը:

Մասնակցի գրավոր առաջարկություններ պարունակող ծրարը բացվում է աճուրդային հանձնաժողովի կողմից` միայն աճուրդի անցկացման ժամանակ:

37. Փոստով ուղարկված հայտի ներկայացման տարեթիվ է ընդունվում փոստային ծառայության կողմից աճուրդային հանձնաժողովին պատվիրված նամակի փաստացի հանձնման օրը:

38. Հայտերի ընդունման վերջին ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան աճուրդի անցկացումից 3 օր առաջ:

Փակ աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին (վարձակալական վճար) առաջարկած մասնակիցը:

39. Այն դեպքում, երբ փակ աճուրդի երկու կամ ավելի մասնակիցներ առաջարկել են միևնույն առավելագույն արժեքը, ապա հաղթողը որոշվում է վիճակահանությամբ, որի արդյունքների մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

40. Եթե փակ աճուրդի հաղթողը հրաժարվում է օբյեկտը ձեռք բերելուց կամ վարձակալելուց, ապա փակ աճուրդը համարվում է չկայացած, իսկ մասնակցության վճարը հետ չի վերադարձվում:

41. Միայն մեկ հայտի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ փակ աճուրդի չկայացման համար: 42. Փակ աճուրդն անց է կացվում մասնակիցների կամ նրանց կողմից լիազորված անձանց պարտադիր մասնակցությամբ: Եթե հայտատուն կամ նրա կողմից լիազորված անձը բացակայում է, ապա ծրարը չի բացվում, և նրա կողմից ներկայացված առաջարկությունները քննության չեն առնվում:

 

VI. ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

 

 43. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

ա) աճուրդի հաղթողը հրաժարվել է օբյեկտը ձեռք բերելուց կամ վարձակալելուց.

բ) աճուրդին ներկա է մեկ մասնակից (հոլանդական աճուրդ):

Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, համաձայն թիվ 5 հավելվածի:

 

VII. ԱՃՈՒՐԴԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

44. Աճուրդային հանձնաժողովը մինչև աճուրդի անցկացումը կազմում է աճուրդի հանվող յուրաքանչյուր օբյեկտի համար աճուրդով սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին արձանագրություն, համաձայն թիվ 6 հավելվածի, որը աճուրդի կայացումից հետո ստորագրվում է գնորդի (վարձակալի) և (վարձատուի) կողմից:

45. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին հանձնաժողովը դուրս է գրում վճարման անդորրագիր, երկու օրինակից, որոնցից մեկը մնում է հանձնաժողովի մոտ: Վճարման անդորրագրում նշվում է սահմանված ժամկետում գնորդի կողմից մուծման ենթակա գումարն ամբողջությամբ կամ ըստ տարաժամկետ վճարման համապատասխան սանդղակի` առաջին մուծման գումարը:

46. Հաղթող մասնակիցը տեղում ստորագրում է աճուրդային մատյանում և աճուրդային արձանագրության մեջ, համաձայն թիվ 6 հավելվածի:

47. Աճուրդային հանձնաժողովի որոշումն աճուրդի արդյունքների վերաբերյալ իրավաբանական ուժ է ստանում աճուրդային հանձնաժողով ստեղծող պետական լիազորված մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո և հիմք է հանդիսանում վարչությանը նոր սեփականատիրոջ հետ սեփականաշնորհման պայմանագիր կնքելու համար, իսկ համապատասխան նախարարությանը, գերատեսչությանը կամ պետական կառավարման տեղական մարմնին` վարձակալական պայմանագիր կնքելու համար:

48. Անցկացված աճուրդի արդյունքներով աճուրդային հանձնաժողովը կազմում է արձանագրություն, համաձայն թիվ 7 հավելվածի, որն աճուրդն իրականացնող պետական լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո աճուրդային արձանագրությունների (հավելված թիվ 6) հետ միասին ներկայացվում է հանձնաժողովին:

49. Սեփականության իրավունքի փոխանցումը կատարվում է ըստ սեփականաշնորհման պայմանագրի: Վարձակալության հանձնումը կարգավորվում է ըստ վարձակալության պայմանագրի:

Աճուրդում հաղթողը պարտավոր է 10 օրվա ընթացքում ստորագրել սեփականաշնորհման կամ վարձակալության պայմանագիրը և մուծել առաջին վճարը:

Հաղթող մասնակիցը սեփականության կամ վարձակալության իրավունք է ձեռք բերում պայմանագրի կնքման պահից: