«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 1998 թվականի N 61
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 99 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրերն իրականացնող գրասենյակները (եթե վերջիններս Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցված են որպես պետական ձեռնարկություններ) պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և համապատասխան ճյուղային նախարարություններին կամ գերատեսչություններին:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրերն իրականացնող պետական բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրությունը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրերն իրականացնող պետական բաժնետիրական ընկերությունների կանոնադրական հիմնադրամների ձևավորումը որպես հիմնադիրներ իրականացնում են`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` 50 տոկոս.
բ) Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղային նախարարությունը կամ գերատեսչությունը` 50 տոկոս:
4. Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղային նախարարություններին և գերատեսչություններին` ձեռնարկել միջոցներ մինչև 1998 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրերն իրականացնող գրասենյակները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու և դրանց պետական գրանցման ուղղությամբ:
5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` ապահովել վերակազմավորված պետական բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրերն իրականացնող պետական բաժնետիրական ընկերությունների
I. Ընդհանուր դրույթներ
1. «____» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` ընկերություն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ընկերություն է, որի կանոնադրական հիմնադրամը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստող որոշակի թվով բաժնետոմսերի:
Ընկերությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 199 թվականի _____ N ___ և Հայաստանի Հանրապետության _____ նախարարի 199 թվականի _____ N ___ հրամանների համաձայն _____ պետական ձեռնարկության վերակազմավորելու միջոցով:
2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության ու (նշվում է համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու ֆինանսական կազմակերպության անվանումը) միջև ստորագրված ___________ ծրագրի վերաբերյալ վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
3. Հիմնադրի և ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են սույն կանոնադրությամբ:
4. Ընկերության ֆիրմային անվանումն է`
հայերեն լրիվ անվանումը «____» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերություն
անգլերեն լրիվ անվանումը «___________»
հայերեն կրճատ անվանումը «___________» ՓԲԸ
անգլերեն կրճատ անվանումը «___________»
5. Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային) հասցեն է` ____________
__________________:
II. Ընկերության գործունեության ոլորտներն ու նպատակները
6. Ընկերության գործունեության հիմնական նպատակը ___________ (նշվում է համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու ֆինանսական կազմակերպության անվանումը) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված _______ վարկային ծրագրի աշխատանքների իրականացումն է:
7. Ընկերության խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «____» ծրագրում նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.
բ) ծրագրում ընդգրկված գործունեության շրջանակներում պլանի և բյուջեի կազմումը.
գ) մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.
դ) ծրագրի իրականացման հետ կապված բոլոր տեսակի պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը.
ե) ծրագրի լրիվ իրականացման մոնիտորինգը, ներառյալ ________ (նշվում է համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու ֆինանսական կազմակերպության անվանումը) համար ընդունելի ձևով հաշվետվությունները պատրաստելը և ներկայացնելը.
զ) ծրագրով նախատեսված աշխատանքների վերահսկումը.
է) վարկային ծրագրով նախատեսված սարքավորումների գնումը և խորհրդատվական ծառայությունների մատուցումը.
ը) վարկային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումները նախապատրաստելը և ներկայացնելը.
թ) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը կամ իրականացումը.
ժ) վարկային ծրագրով պահանջվող ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը:
III. Ընկերության իրավունքները
8. Ընկերությունը համարվում է սույն կանոնադրության II բաժնում նշված ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ) և որպես այդպիսին օգտվում է միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից:
9. Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբանական անձ ընկերության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
10. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում, ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ` արտարժույթով:
11. Ընկերությունն ունի հայերեն և անգլերեն գրառումներով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր ֆիրմային անվանմամբ կլոր կնիք, դրոշմներ ու բլանկներ:
12. Ընկերությունն իր պարտավորություններով պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:
Ընկերությունը պատասխանատու չէ իր հիմնադիրների պարտավորությունների համար:
Հիմնադիրները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար:
13. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունների համար:
14. Ընկերությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:
15. Ընկերությունը պարտավոր է`
ա) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն.
բ) ապահովել ընկերության փաստաթղթերի (ընկերության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, ընկերության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:
IV. Ընկերության կանոնադրական հիմնադրամը
16. Ընկերության կանոնադրական հիմնադրամը ________ դրամ է, որը կազմում է 2 (երկու) սովորական անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը ________ դրամ է:
2 սովորական բաժնետոմսը տեղաբաշխված է և պատկանում է հիմնադիրներին:
Ընկերության բոլոր բաժնետոմսերը սովորական են:
17. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը կարող է փոխվել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցելու պահից:
V. Բաժնետոմսեր ԵՎ այլ արժեթղթեր
18. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխելու միայն սովորական բաժնետոմսեր:
Ընկերության թողարկած սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը:
Բաժնետոմսն անբաժանելի է:
19. Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման ձևով:
20. Ընկերության պետական գրանցումն իրականացնելուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո ընկերությունը իր հիմնադիրներին տալիս է բաժնետոմսերի հավաստագիր (սերտիֆիկատ):
Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի օրենքով սահմանված ռեկվիզիտներ:
Հավաստագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:
21. Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով և այլ գույքով:
Ընկերության բաժնետոմսերի, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, ձեռքբերման ժամանակ վճարում են լրիվ արժեքով:
Ընկերության հիմնադրման ժամանակ հիմնադիրների կողմից բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանում են հիմնադիրները:
VI. Հիմնադիրների իրավունքները ԵՎ պարտավորությունները
22. Ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը տալիս է միևնույն իրավունքները:
Սովորական բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերն իրավունք ունի`
մասնակցելու ընկերության կառավարմանը.
ստանալու ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալու հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.
ընկերության հիմնադիր և ընդհանուր ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար նշանակելու ներկայացուցիչներ.
ընկերության լուծարման դեպքում ստանալու ընկերության գույքի իր հասանելիք մասը.
օգտվելու ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
23. Հիմնադիրները պարտավոր են`
մասնակցել ընկերության ընդհանուր ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.
կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և գույքային ներդրումներ.
չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկություններ:
VII. Ընկերության կառավարման մարմինները
24. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով` բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից երկու ամիս հետո` մեկ ամսվա ընթացքում:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովից բացի գումարվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար:
Ընկերության ինչպես տարեկան, այնպես էլ արտահերթ ընդհանուր ժողովները գումարում են հիմնադիրները (բացառությամբ օրենքի 77 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի), որոնք որոշում են`
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը:
Յուրաքանչյուր հիմնադիր նշանակում է երեքական ներկայացուցիչ, յուրաքանչյուրը մեկ ձայնի իրավունքով: Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում նախագահում է հիմնադիրների ներկայացուցիչների կողմից ընտրված անձը:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավասու է, եթե դրան ներկա է հիմնադիրների ներկայացուցիչների կեսից ավելին:
25. Համաձայն օրենքի 86 հոդվածի, ընկերությունում չի ստեղծվում խորհուրդ, և դրա իրավասություններն իրականացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:
26. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`
ա) ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.
բ) ընկերության վերակազմավորումը.
գ) ընկերության լուծարումը, լուծարքային հանձնաժողովի նշանակումը, լուծարքային հաշվեկշիռների հաստատումը.
դ) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.
ե) ընկերության հսկիչի ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
զ) ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
է) ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, վնասների հաշվի, վնասների բաշխման հաստատումը.
ը) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացումը և փոքրացումը.
թ) ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը.
ժ) ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը.
ժա) ընկերության գործադիր տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, վարչության ձևավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
ժբ) ղեկավար պաշտոնատար անձանց, աուդիտն իրականացնող անձի աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը.
ժգ) ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.
ժդ) ընկերության տարեկան ծախսերի նախահաշվի հաստատումը.
ժե) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
ժզ) այլ հարցեր, որոնք օրենքով սահմանված են որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ ընկերության խորհրդի իրավասության հարցեր:
27. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություններն իրականացնում են հիմնադիրների կողմից լիազորված անձինք` հիմնադիրների սահմանած լիազորությունների շրջանակում:
Հիմնադիր լիազոր ներկայացուցիչ կարող են նշանակվել միայն պետական կառավարման մարմինների ապարատի պատասխանատու աշխատողները:
28. Սույն կանոնադրության 26-րդ կետի «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից գործադիր տնօրենի ներկայացմամբ:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ սույն կանոնադրության 26-րդ կետի «ա», «բ», «գ», «ժ» ենթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են ձայների երեք քառորդով:
29. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն ընկերության գործադիր տնօրենը, հսկիչը և աուդիտն իրականացնող անձը:
30. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր տնօրենը:
Ընկերության գործադիր տնօրենը`
ա) տնօրինում է ընկերության գույքը (այդ թվում ֆինանսական միջոցները), գործարքներ է կատարում ընկերության անունից.
բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.
գ) գործում է առանց լիազորագրի.
դ) տալիս է լիազորագրեր.
ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
զ) բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.
է) ընկերության ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը.
ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ընկերության աշխատողներին.
ժ) աշխատողի նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
VIII. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը
31. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար ընդունելության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընտրում է ընկերության վերահսկիչ հանձնաժողով (հսկիչ):
Վերահսկիչ հանձնաժողովը հետևում է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում ընկերության փաստաթղթերի համապատասխանությունն օրենքներին, այլ իրավական ակտերին և ընկերության կանոնադրությանը:
Վերահսկիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող ներքին փաստաթղթերով վերահսկիչ հանձնաժողովի կանոնակարգով:
Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի իրականացնելու ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, ստուգելու ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև հիմնադիրներից մեկի պահանջով:
Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի պահանջելու ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարում:
Վերահսկիչ հանձնաժողովի պահանջով նրան պետք է ներկայացվեն ընկերության, դրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:
Վերահսկիչ հանձնաժողովն ընտրվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով:
Վերահսկիչ հանձնաժողովը հաշվետու է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին:
Վերահսկիչ հանձնաժողովի վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
Վերահսկիչ հանձնաժողովի անդամ կարող են լինել ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ֆիզիկական անձինք:
32. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով ընկերությունը կարող է ներգրավել արտաքին աուդիտորների (կազմակերպության կամ ֆիզիկական անձի)` նրանց հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:
Ընկերության աուդիտն իրականացնող անձն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն: Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքում է ընկերության գործադիր տնօրենը, իսկ աուդիտն իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է բաժնետերերի ընդհանուր ժողովը:
IX. Ընկերության մասնաճյուղերը ԵՎ ներկայացուցչությունները
33. Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
X. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելը
34. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետերերի ձայների երեք քառորդով, իսկ կանոնադրական հիմնադրամի չափի մեծացման հետ կապված դեպքերում` ձայների մեծամասնությամբ:
35. Մասնաճյուղի և (կամ) ներկայացուցչության ստեղծման կամ դրա գործունեության դադարեցման հետ կապված տեղեկությունները մտցվում են ընկերության կանոնադրության մեջ: Այդ տեղեկությունների փոփոխությունների հետ կապված կանոնադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պետական գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու պահից:
36. Ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը երրորդ անձի համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում պետական գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու պահից:
XI. Ընկերության վերակազմավորումը ԵՎ լուծարումը
37. Ընկերությունը կարող է վերակազմավորվել օրենքով սահմանված կարգով միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերափոխման միջոցով:
Ընկերությունը կարող է վերափոխվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, փակ կամ բաց բաժնետիրական ընկերության` պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը և ապապետականացումը կարգավորող օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Ընկերությունը վերակազմավորված է համարվում (բացառությամբ միացման միջոցով վերակազմավորման դեպքերի) վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից: Ընկերությունն այլ ընկերության միացման միջոցով վերակազմավորման դեպքում առաջինը վերակազմավորված է համարվում ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից այդ ընկերության գործունեության դադարեցման մասին գրառումը կատարելու պահից:
Վերակազմավորման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումը և վերակազմավորման արդյունքում իրենց գործունեությունը դադարեցրած ընկերությունների գործունեության դադարեցման մասին գրառումը կատարվում է օրենքով սահմանված կարգով` ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից:
38. Ընկերության ոչ պետական կամ պետական մասնակցությամբ ընկերությունների վերակազմավորումն իրականացվում է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը և ապապետականացումը կարգավորող օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Ընկերության ոչ պետական ընկերություններին միացումը կամ միաձուլումը համարվում է ընկերության ապապետականացում և իրականացվում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը և ապապետականացումը կարգավորող օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
39. Բացառությամբ սույն կանոնադրության 38-րդ կետում նշված դեպքերի, ընկերությունը կարող է վերակազմավորվել միայն պետական կամ տեղական ինքնակառավարման փակ բաժնետիրական ընկերության:
40. Ընկերության լուծարումը հանգեցնում է ընկերության գործունեության դադարեցման` առանց ընկերության իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցման:
41. Ընկերության լուծարման հիմքերն են`
ա) դատարանի կողմից ընկերության պետական գրանցումն անվավեր ճանաչելը.
բ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության առանց իրավահաջորդի լուծարման մասին որոշում ընդունելը.
գ) ընկերությունը սնանկ հայտարարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը.
դ) ընկերությունը լուծարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը.
ե) ընկերության կողմից իրականացվող ծրագրի իրականացման ավարտը.
զ) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Ընկերության լուծարման և լուծարքային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում ընդունում են հիմնադիրները: Լուծարքային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն հիմնադիրների ներկայացուցիչները: Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը նախքան լուծարման մասին որոշում ընդունելը պետք է հաստատի գործադիր տնօրենի ներկայացրած ամփոփիչ հաշվեկշիռն ու ընկերության լուծարման նախագիծը:
Լուծարումն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ գոյությունը` գործունեությունը դադարած` ձեռնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու պահից: