Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-394
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԿԻՈՏՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 նոյեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1997 թվականի դեկտեմբերի 11-ին Կիոտոյում ստորագրված` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Այվազյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Արձանագրության ստորագրմամբ կողմերը նպատակ են հետապնդել ՄԱԿ-ի շրջանակներում 1992թ. մայիսի 9-ին Նյու Յորքում ընդունված` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի վերջնական նպատակին հասնելու, ինչպես նաև միջազգային-իրավական այլ պարտավորություններով նախատեսված բնապահպանական խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար զարգացնել միջպետական համագործակցությունը, որը նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական բնագավառներում.

- էներգիայի սպառման արդյունավետության բարձրացում,

- ջերմոցային գազերի կլանման և կուտակման, վնասակար այլ նյութերի արտանետումների սահմանափակման ու կրճատման, անտառային տնտեսության վարման, անտառապատման և անտառվերականգնման գործընթացների արդյունավետության բարձրացում,

- գյուղատնտեսության կայուն ձևերի խրախուսում,

- էներգիայի նոր և վերականգնվող ձևերի ուղղությամբ հետազոտական աշխատանքների իրականացում, նոր տեխնոլոգիաների ներդրում,

- բնապահպանական խնդիրների լուծման բնագավառում շուկայական կարգավորիչ միջոցների կիրառման արդյունավետության բարձրացում,

- բնապահպանական խնդիրների լուծման բնագավառում միջազգային փորձի տարածում և տեղեկատվության փոխանակում:

2. Արձանագրությամբ կարևորված է այն սկզբունքը, համաձայն որի` միջազգային համագործակցության վերոհիշյալ բնագավառներում նվազագույնի պետք է հասցվեն սոցիալական, բնապահպանական ոլորտներում հնարավոր բացասական հետևանքները զարգացող և անցումային տնտեսությունների, անբարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող պետությունների, ինչպես նաև` միջազգային առևտրի բնականոն ընթացքի համար, որն իրական պայմաններ է ապահովում Հայաստանի Հանրապետության համար երաշխավորված կերպով իրականացնել Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված` շրջակա միջավայրի պահպանությունն ու վերարտադրությունը, ինչպես նաև բնական պաշարների բանական օգտագործումն ապահովելու սահմանադրաիրավական սկզբունքը:

3. Որպես նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող նախապայման` կողմերը պարտավորվել են, արձանագրության բաղկացուցիչ մասը կազմող «Ա» և «Բ» հավելվածներին համապատասխան, տնտեսական գործունեության նախատեսված բնագավառներում, 1990թ. համեմատ` մինչև 2008-2012թթ., իրականացնել արտանետումների քանակական կրճատումներ` առնվազն 5 տոկոսի չափով, այն պայմաններով, որոնք մանրամասնված են արձանագրության 3 և հետագա հոդվածներում:

4. Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայով, ինչպես նաև սույն արձանագրությամբ նախատեսված միջոցառումների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով, կողմերի համար սահմանված է մարդածին ներպետական արտանետումների քանակական և որակական ընթացիկ և հեռանկարային վերլուծություն և ազգային զեկույցների ձևով դրանց` Կողմերի խորհրդակցության քննարկմանը ներկայացում, նկատի ունենալով նաև շուկայական տնտեսության անցման փուլում գտնվող կողմերի համար որոշակի արտոնյալ պայմանների նախատեսման անհրաժեշտությունը` կապված տնտեսական զարգացման կայունության ապահովման հիմնախնդիրների հետ, որը նաև կայուն բնապահպանական պայմաններ է երաշխավորում Հայաստանի Հանրապետության համար` երաշխավորելով ՀՀ Սահմանադրության 8 հոդվածում ամրագրված տնտեսական ներպետական գործունեության իրականացման սահմանադրաիրավական սկզբունքների անխախտելիության ապահովումը:

5. Որպես արձանագրության շրջանակներում համագործակցության և կողմերի ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարումն ապահովող երաշխիք, նախատեսված է, որ Կողմերի խորհրդակցությունը` որպես արձանագրությամբ նախանշված համագործակցությունը ղեկավարող մարմին, քննության է առնում փորձագիտական խմբերի ներկայացրած զեկույցը` արձանագրության իրականացման բոլոր պայմանների մանրակրկիտ և համապարփակ վերլուծությամբ, գնահատելու համար կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման վրա ազդող ցանկացած հիմնահարց և գործոն, ինչպես նաև իրականացնում է արձանագրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

6. Արձանագրությամբ ամրագրված է նաև բնապահպանական խնդիրներում կողմերի ներպետական, տարածաշրջանային և համընդհանուր շահերի զուգորդման սկզբունքը, համաձայն որի, այն կողմերը, որոնք Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով և սույն արձանագրությամբ ստանձնել են մարդածին արտանետումների կրճատման հիմնական պարտավորությունները, ազգային զեկույցների համար ընդունված ղեկավար սկզբունքների համաձայն, ծրագրում և համապատասխան ծախսումներով իրականացնում են արտանետումների բացասական հետևանքները մեղմող տարածաշրջանային ծրագրեր` հաշվի առնելով արձանագրության մասնակից կողմ հանդիսացող զարգացող պետությունների տնտեսական գործունեության անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրը, մասնավորապես նաև ֆինանսական լրացուցիչ այնպիսի միջոցներ տրամադրելու մասով, որն անհրաժեշտ կլինի զարգացող պետություններին, այդ թվում նաև` Հայաստանի Հանրապետությանը, փոխհատուցել կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների վերացման նպատակով նախկինում կատարած նպատակային ծախսումները, ինչպես նաև ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներով միջպետական համագործակցության իրականացման համար:

7. Արձանագրությամբ մանրամասնված են Կողմերի խորհրդակցության և օժանդակ մարմինների գործառույթները, դրանց իրականացման կարգը և պայմանները: Նախատեսված են նաև արձանագրության շրջանակներում տնտեսական համագործակցության տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցության պայմանները և կարգը: Միաժամանակ, արձանագրության հիմնական դրույթներն իրենց բնույթով ոչ միայն չեն խոչընդոտում բնապահպանական ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորությունների կատարմանը, այլև պայմաններ են ստեղծում այդ բնագավառում միջպետական համագործակցության զարգացման համար:

8. Արձանագրությամբ նախատեսված են նաև դրանում ուղղումներ և վերապահումներ կատարելու, վավերացման, ուժի մեջ մտնելու, արձանագրությունից դուրս գալու ընթացակարգային պայմանները: Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. 1997 թվականի դեկտեմբերի 11-ին Կիոտոյում ստորագրված` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


19 նոյեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-394