ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1993 թվականի N 659
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից), անհատ ձեռներեցները, ինչպես նաև աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող քաղաքացիները պարտավոր են`
ա) մեկամսյա ժամկետում գրանցվել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդում որպես ապահովադիրներ.
բ) սահմանված ժամկետներում հաշվարկել ու Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ փոխանցել (մուծել) պետական սոցիալական ապահովագրության մուծումները և ներկայացնել սահմանված ձևի հաշվետվություններ, իսկ անհատ ձեռներեցները և աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող քաղաքացիները` հայտարարագրեր:
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` ձեռնարկությունների վերակազմավորման, ինչպես նաև գործունեության դադարեցման դեպքում ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին:
3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` աջակցել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմիններին` գյուղացիական տնտեսությունները որպես ապահովադիրներ ֆոնդում գրանցելու համար:
4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` պետական սոցիալական ապահովագրության մուծումների վճարման օրինականության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ու նրա տեղական մարմիններին անհրաժեշտության դեպքում աջակցել ոչ պետական ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների, աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող քաղաքացիների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և եկամուտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված և ներկայացված հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի մեջ արտացոլված տեղեկություններից օգտվելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.08.1998, N 493 | 13.09.1998, N 659 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|