Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-578
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.06.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1970 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

7 հունիսի 2005 թ.


 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1970 թվականի հունիսի 24-ին Ժնևում ստորագրված` Վճարովի արձակուրդների մասին վերանայված կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1970 թ. հունիսի 24-ին` աշխատողների համար վճարովի արձակուրդ երաշխավորելու նպատակով:

Կոնվենցիան կիրառվում է բոլոր աշխատողների նկատմամբ` բացառությամբ նավաստիների: Կոնվենցիան Պայմանավորվող կողմերին թույլատրում է անհրաժեշտության դեպքում կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառել այն աշխատողների սահմանափակ կատեգորիաները, որոնց աշխատանքի կապակցությամբ կարող են ծագել օրենսդրական կամ սահմանադրական հարցերին առնչվող էական խնդիրներ: Նման բացառում կիրառող մասնակից պետությունը դրա պատճառների մասին պետք է նշի կոնվենցիայի կիրառման մասին առաջին զեկույցում:

2. Կոնվենցիայի մասնակից պետությունները յուրաքանչյուրի համար, ում նկատմամբ կոնվենցիան կիրառելի է, երաշխավորում են ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք` սահմանված նվազագույն տևողությամբ: Ամենամյա վճարովի արձակուրդը չպետք է պակաս լինի աշխատանքային երեք շաբաթից: Ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի իրացման համար կարող է պահանջվել աշխատանքի նվազագույն ժամանակաշրջան, որը սահմանում է մասնակից պետության շահագրգիռ մարմինը: Աշխատողից անկախ պատճառներով աշխատանքից բացակայությունը, ինչպիսիք են հիվանդությունը, խեղումը կամ մայրությունը, պետք է հաշվարկվի որպես աշխատանքային ժամանակահատվածի մաս:

Կոնվենցիայի մասնակից պետություններն արձակուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար երաշխավորում են տվյալ աշխատողի առնվազն հիմնական կամ միջին վարձատրությունը:

Մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել արդյունավետ միջոցներ վճարովի արձակուրդի վերաբերյալ դրույթների պատշաճ կատարումն ապահովելու համար:

Կոնվենցիան արգելում է վճարովի արձակուրդի իրավունքից հրաժարվելու կամ արձակուրդը չօգտագործելու վերաբերյալ համաձայնությունը:

3. Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը 28 օր է:

4. Կոնվենցիայով ստանձնված պարտավորություններն ստեղծում են միջազգային իրավական երաշխիք` ՀՀ Սահմանադրության 30 հոդվածում ամրագրված հանգստի իրավունքի իրացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1970 թ. հունիսի 24-ին Ժնևում ստորագրված` Վճարովի արձակուրդների մասին վերանայված կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


7 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ-578

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան