ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
14 հունվարի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1948 թ. հունիսի 17-ին` միավորման ազատությունը և կազմակերպելու իրավունքն ապահովելու նպատակով:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1954 թ. հուլիսի 4-ին:
Կոնվենցիան հիմնվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության նախաբանում հռչակված` միավորման ազատության սկզբունքի վրա:
2. Կոնվենցիայով Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ապահովել.
- աշխատողների և գործատուների` իրենց ընտրությամբ կազմակերպություններ ստեղծելու և այդ կազմակերպություններին անդամակցելու իրավունքը,
- աշխատողների և գործատուների կազմակերպությունների` իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը մշակելու, իրենց ներկայացուցիչներին ազատորեն ընտրելու և իրենց ծրագրերը կազմելու իրավունքը,
- աշխատողների և գործատուների կազմակերպությունների` դաշնություններ և համադաշնություններ ստեղծելու իրավունքը:
Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` աշխատողների և գործատուների կազմակերպելու իրավունքի ազատ իրականացումը երաշխավորելու նպատակով:
3. Կոնվենցիան արգելում է աշխատողների և գործատուների կազմակերպությունների լուծարումը կամ ժամանակավորապես արգելումը վարչական մարմնի կողմից:
Զինված ուժերի և ոստիկանության նկատմամբ կոնվենցիայով նախատեսված երաշխիքների կիրառելիությունը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ որոշում է իր ներպետական օրենսդրությամբ:
4. Կոնվենցիան լրացուցիչ իրավական երաշխիքներ է ստեղծում ՀՀ Սահմանադրության 25 հոդվածում ամրագրված` միավորման ազատության իրացման համար: Կոնվենցիայի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության ստանձնած այլ միջազգային պարտավորություններին, մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11 հոդվածի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թ. միջազգային դաշնագրի 22 հոդվածի պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|