Գլխավոր տեղեկություն
Համար
N 198
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.04.1993-17.07.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
29.04.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 1993 թվականի N 198

 

քաղ. Երևան

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հանրապետության ներկա տնտեսական իրավիճակի հետևանքով գործազրկության աճի տեմպերից, ինչպես նաև անընդհատ կրկնվող շրջափակումների պատճառով հարկադիր պարապուրդում գտնվող անձանց ժամանակավորապես զանգվածային կարգով վարձատրվող հասարակական աշխատանքներում (բարեկարգման, ծառատնկման, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներում) ներգրավելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` զբաղվածության ծառայության պետական մարմինների հետ համատեղ կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքներ:

2. Վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտներ համարել`

ա) շրջանի (քաղաքի) տարածքի, ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, եզրաքարերի, սիզամարգերի բարեկարգումը և ծառատնկումը.

բ) սոցիալական ոլորտի օբյեկտների շինարարությունն ու շինվերանորոգումը.

գ) գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը.

դ) ծերերի և հաշմանդամների խնամքը:

3. Վարձատրվող հասարակական աշխատանքներում քաղաքացիների մասնակցությունն իրականացնել նրանց համաձայնությամբ, առաջնությունը տալով նաև` գործազուրկներին, հետո` փախստականներին, ապա` ուսանողներին:

4. Վարձատրվող հասարակական աշխատանքների մասնակիցների հետ զբաղվածության ծառայության պետական մարմինները կնքում են ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև 2 ամիս ժամանակով, որը կարող է հետագայում կողմերի համաձայնությամբ երկարացվել: Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող գործազուրկների հետ չի կարող կնքվել 3 ամսից ավելի ժամանակով ժամկետային պայմանագիր (ձևը կցվում է):

Աշխատողի` մշտական աշխատանքի տեղավորվելու դեպքում նշված ժամկետային պայմանագիրը լուծվում է:

5. «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի համաձայն վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող գործազուրկներին նպաստի վճարումը կասեցվում է:

6. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող քաղաքացիների աշխատանքի վարձատրության ամսական չափը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող քաղաքացիների վարձատրությունը կատարվում է զբաղվածության ծառայության պետական մարմինների կողմից` գործատուների միջոցների հաշվին:

Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքների գործատուներ կարող են լինել միայն հանրապետական կամ տեղական բյուջեի հաշվին ֆինանսավորվող հիմնարկներն ու կազմակերպությունները:

8. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքների ֆինանսավորման ու կազմակերպման բոլոր հարցերը կարգավորվում են զբաղվածության ծառայության պետական մարմինների և գործատուների միջև կնքվող պայմանագրերով:

Թույլատրել գործատուներին` վարձատրվող հասարակական աշխատանքներ կազմակերպելու նպատակով պայմանագրեր կնքել ոչ իրենց շրջանի տարածքում գտնվող զբաղվածության ծառայության պետական մարմինների հետ միայն այն դեպքում, եթե տվյալ շրջանի զբաղվածության ծառայության պետական մարմինը հնարավորություն չունի ապահովելու համապատասխան աշխատուժով:

Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար զբաղվածության ծառայության պետական մարմիններում ստեղծել ժամկետային աշխատողների հաստիքներ:

9. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող քաղաքացիների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը, այդ թվում` վարձու աշխատողների համար սահմանված բոլոր սոցիալական իրավունքներն ու երաշխիքները:

10. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցելու գործուղում տրվում է զբաղվածության ծառայության պետական մարմինների կողմից:

11. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին` զբաղվածության ծառայության պետական մարմինների հետ համատեղ`

ա) որոշել իրենց բնագավառում (ճյուղում), շրջանի (քաղաքի) տարածքում անհրաժեշտ վարձատրվող աշխատանքների տեսակներն ու ծավալները.

բ) պետական բյուջեի հաշվին պահվող, իրենց ենթակա հիմնարկներում և կազմակերպություններում (տարածքներում, օբյեկտներում) ստեղծել հատուկ աշխատանքներ` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար:

12. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` զբաղվածության ծառայության պետական մարմինների միջոցով կազմակերպել աշխատուժի հավաքագրում, ըստ ոլորտների, վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկելու համար, սույն որոշման 7-րդ կետով սահմանված գործատուներից այդ աշխատանքների ծավալների ու կատարման ժամկետների մասին ստացված հայտերի համաձայն:

13. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է հանրապետական կամ տեղական բյուջեների և բյուջետային հիմնարկներին հատկացված միջոցների հաշվին:

14. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` պարբերաբար քարոզչական աշխատանքներ տանել վարձատրվող հասարակական աշխատանքներում քաղաքացիներին ընդգրկելու ուղղությամբ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_12124