Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-488
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.04.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2004/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

20 ապրիլի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի հոկտեմբերի 31-ին Բաքվում ստորագրված` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Քննության առարկա արձանագրությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (այսուհետև` ՍԾՏՀ) անդամ պետությունների կողմից ստորագրվել է 2003 թվականի հոկտեմբերի 31-ին` Բաքվում: Արձանագրության նպատակն է, Սևծովյան տնտեսական համագործակցության սկզբունքներին և նպատակներին համապատասխան, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի գործառույթների արդյունավետ իրականացման ապահովումը:

Արձանագրությունը հիմնվում է ՍԾՏՀ կազմակերպության 1998 թ. հունիսի 5-ին Յալթայում ընդունված կանոնադրության, 1992 թ. հունիսի 25-ին Ստամբուլում ընդունված ՍԾՏՀ-ի գագաթաժողովի հռչակագրի սկզբունքների, ինչպես նաև 1993 թ. փետրվարի 26-ին Ստամբուլում ընդունված «Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման մասին» հռչակագրի վրա:

2. ՍԾՏՀ ԽՎ-ն, նրա սեփականությունը և ակտիվները, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում և ով է տնօրինում դրանք, օգտվում են անձեռնմխելիությունից, բոլոր տեսակի իրավական գործընթացներից, բացառությամբ այն դեպքի, երբ խորհուրդն իր որոշմամբ թույլատրում է այդ անձեռնմխելիությունից հրաժարում:

Կողմերը պարտավորվում են արձանագրությամբ նախատեսված անձեռնմխելիություններ և արտոնություններ տրամադրել ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներին ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հանդիպումների ընթացքում իրենց գործառույթների իրականացման և դեպի այդ հանդիպումների վայրն ուղևորվելու և այդ վայրից վերադառնալու ժամանակ:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է մաքսային և տարադրամի փոխանակման վերահսկողության հարցերում ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչներին տրամադրել ժամանակավոր պաշտոնական պարտականություններ կատարելու նպատակով արտասահման մեկնող ՀՀ գլխավոր պաշտոնյաներին հավասար հնարավորություններ: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձաբար, ՍԾՏՀ կազմակերպության մյուս անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներին վերը նշված դեպքերում տրամադրում է օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներին հավասար հնարավորություններ:

Արձանագրությամբ նախատեսված անձեռնմխելիություններն ու արտոնությունները տրամադրվում են նաև ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության անձնակազմին:

3. Արձանագրությամբ նախատեսված անձեռնմխելիություններն ու արտոնությունները ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներին տրամադրվում են ոչ թե անձնական շահի, այլ ի շահ նրանց գործառույթների անկախ իրականացման: Հետևաբար, արձանագրությունը նախատեսում է դրանում սահմանված դեպքերում ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների կողմից իրենց խորհրդարանների ներկայացուցիչների արտոնություններից և անձեռնմխելիություններից հրաժարվելու հնարավորություն:

4. Քննարկվող արձանագրության մեկնաբանման կամ կիրառման հետ կապված` անդամ պետությունների միջև ծագած բոլոր տարաձայնությունները կարգավորվում են խորհրդակցությունների ճանապարհով և համաձայնության չհասնելու դեպքում համապատասխան կողմերը պետք է տարաձայնությունները ներկայացնեն խորհրդին` քննարկման և միջազգային իրավունքին համապատասխան անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար:

5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ անհրաժեշտ է արձանագրության հայերեն տեքստի 5 և 8 հոդվածները համապատասխանեցվեն անգլերեն բնագրին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. 2003 թ. հոկտեմբերի 31-ին Բաքվում ստորագրված` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


20 ապրիլի 2004 թվականի
ՍԴՈ-488