Գլխավոր տեղեկություն
Համար
N 230
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
26 հուլիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 1996 թվականի N 230

քաղ. Երևան

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՓՈՍՏԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական փոստի առաքման ու ստացման գործի արդյունավետ կազմակերպման նպատակով և, հաշվի առնելով 1961 թվականի ապրիլի 18-ի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» ու 1963 թվականի ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիաների պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական փոստը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և միսիաների, ինչպես նաև անմիջականորեն այդ ներկայացուցչությունների միջև պաշտոնական թղթակցություններով ու առարկաներով հաղորդակցման կապի հիմնական միջոցն է:

2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական փոստը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս առաքում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որը միաժամանակ հանդիսանում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և միսիաների կողմից Հայաստանի Հանրապետություն առաքվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական փոստի ստացողը:

3. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս առաքվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական փոստի ստացողներ են հանդիսանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և միսիաները, որոնք միաժամանակ հանդիսանում են օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն դիվանագիտական փոստի առաքողներ:

4. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական փոստի առաքողներ և ստացողներ են հանդիսանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և միսիաները` միմյանց հետ պաշտոնական թղթակցություններով հաղորդակցվելու և կապ պահպանելու դեպքերում:

5. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական փոստի գաղտնիությունն ապահովում են դիվանագիտական փոստի հետ առնչվողները:

6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական փոստի միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ մտնող պետական կառավարման հանրապետական մարմիններից, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, միջազգային և նմանօրինակ կարգավիճակ ունեցող այլ ներկայացուցչություններից ստացված կամ դրանց կողմից առաքված ու արտաքին հարաբերությունների հարցերի հետ առնչվող պաշտոնական թղթակցությունները, ծառայողական օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը և առարկաները:

7. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական փոստն առաքվում և ստացողներին է հանձնվում դիվանագիտական սուրհանդակի միջոցով, որը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված և իր կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշվում է նաև դիվանագիտական փոստի տեղերի քանակը:

8. Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության հյուպատոսական փոստի վրա այն առանձնահատկություններով, որոնք նախատեսված են 1963 թվականի ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով:

9. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական, միջազգային ու նմանօրինակ կարգավիճակ ունեցող այլ ներկայացուցչությունների հյուպատոսական փոստը ենթակա չէ ոչ բացման, ոչ ուշացման:

1963 թվականի ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի 35 հոդվածի 3-րդ կետի համաձայն, եթե Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները լուրջ հիմքեր ունեն ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական, միջազգային ու նմանօրինակ կարգավիճակ ունեցող այլ ներկայացուցչությունների հյուպատոսական փոստի մեջ, բացի գրագրությունից, փաստաթղթերից կամ բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսվող առարկաներից, պարունակվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող ինչ-որ այլ բան, ապա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կարող է գրավոր պահանջ ներկայացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության լիազոր ներկայացուցչի կողմից այդ երկրի հյուպատոսական փոստը բացվի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լիազոր ներկայացուցչի պարտադիր ներկայությամբ:

Եթե հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության լիազոր ներկայացուցիչը հրաժարվի կատարել սույն կետում նշված պահանջը, ապա հյուպատոսական փոստը վերստին վերադարձվում է առաքման տեղը:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական փոստի նախապատրաստման ու առաքման, հանձնման, ստացման, դրանից օգտվողների ցանկի և օգտվելու կարգի ու պայմանների մասին:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան