Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.01.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.01.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 1993 թվականի N 9

 

քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում ներքին զորքեր ստեղծելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թվականի
15 հունվարի N 9 որոշմամբ

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԳՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ 
 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ներքին զորքերը (այսուհետև` ներքին զորքեր) կոչված են Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական կարգի, հատուկ նշանակության օբյեկտների պահպանմանը, բեռնափոխադրումների և հաղորդակցության ճանապարհների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև աղետների դեպքում փրկարար աշխատանքներ կատարելուն:

2. Ներքին զորքերը մտնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի մեջ և իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ու կարգադրություններով, զինվորական կանոնագրքով, սույն ժամանակավոր կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամաններով ու հրահանգներով:

3. Ներքին զորքերի ղեկավարումն իրագործում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և ներքին զորքերի վարչությունը:

4. Ներքին զորքերը համալրվում են ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զորակոչիկներով:

Ներքին զորքերը կարող են համալրվել նաև պայմանագրային զինծառայության զինծառայողներով:

5. Այն դեպքում, երբ ներքին զորքերը ներգրավվում են հասարակական կարգի պահպանությանը, նրանց զինծառայողների վրա տարածվում է ներքին գործերի մարմինների աշխատակիցների կարգավիճակը:

6. Ներքին զորքերի անձնակազմում ծառայությունը հավասարեցվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությանը:

7. Ներքին զորքերի ֆինանսավորումը, զորանոցային շենքերի հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Ներքին զորքերի վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Ներքին զորքերի ծառայական և մարտական հիմնական խնդիրներն են`

ա) հատուկ նշանակության օբյեկտների պահպանումն ու պաշտպանությունը (հատուկ նշանակության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).

բ) արժեքավոր և հատուկ կարևորություն ներկայացնող բեռների ուղեկցումն ու պաշտպանությունը.

գ) հաղորդակցության ճանապարհների պահպանումն ու պաշտպանությունը.

դ) զինված խմբերի և անձանց զինաթափումը.

ե) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խախտողներին ձերբակալելու ժամանակ սահմանապահ զորքերին օգնություն ցույց տալը.

զ) ռազմագերիների և հատուկ քանակակազմի (կոնտինգենտի) ուղեկցումն ու պահպանումը.

է) ուղղիչ-աշխատանքային հիմնարկների և այդ հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալների պահպանությունը:

Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ներքին զորքերը կարող են ներգրավվել հասարակական կարգի պահպանությանը:

 

III. ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Ներքին զորքերը`

ա) իրականացնում են պարեկապահակային ծառայություն.

բ) զանգվածային միջոցառումների, հակահամաճարակային, կարանտինի միջոցառումների իրականացման ժամանակ, ինչպես նաև հրդեհների և տարերային աղետների դեպքում մասնակցում են հասարակական կարգի պահպանությանը.

գ) մասնակցում են հասարակական կարգի խմբակային խախտումների կանխման և խափանման միջոցառումներին, երբ դրանք իրական սպառնալիք են ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, կազմալուծում են ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատանքը կամ ուղղված են պետական, կոլեկտիվ և քաղաքացիների գույքի ոչնչացմանը.

դ) անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում դատապարտյալների խմբակային անհնազանդություններն ու մասսայական անկարգությունները կանխելու համար:

11. Ներքին զորքերն իրենց ծառայական և մարտական խնդիրներն իրականացնելիս համագործակցում են ներքին գործերի, ազգային անվտանգության մարմինների, պահպանվող օբյեկտների վարչակազմի և ծառայությունների հետ:

12. Հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելիս ներքին զորքերն ապահովվում են անհրաժեշտ հատուկ միջոցներով, զենքով, մարտական տեխնիկայով:

 

IY. ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

13. Հասարակական կարգի պահպանության` իրենց վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով ներքին զորքերն օժտվում են հետևյալ իրավունքներով`

ա) ստուգել քաղաքացիների ինքնությունը հաստատող փաստաթղթերը, եթե նրանք կասկածվում են հանցագործություններ կատարելու մեջ, ներքին գործերի բաժին բերման ենթարկել իրավախախտումներ և հանցագործություններ կատարած անձանց.

բ) հանցագործություն կատարած անձանց հետապնդելիս մտնել ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ, բնակելի շենքեր.

գ) անհրաժեշտության դեպքում անվճար օգտվել ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին պատկանող տրանսպորտից, կապի միջոցներից.

դ) շրջափակել տեղանքը, առանձին շինություններ և օբյեկտներ:

14. Հասարակական կարգի պահպանման պարտականությունները կատարելիս ներքին զորքերը հատուկ միջոցներ ու զենք են գործադրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 9
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան